Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Աշոտ Ստեփանյան

09.12.2024

Ardi.am-ի զրուցակիցը գրող, լուսանկարիչ Աշոտ Ստեփանյանն է։

-Աշոտ, ինչպե՞ս ես ընտրում պահը, որ պետք է լուսանկարես։ Ճի՞շտ եմ նկատել, որ հիմնականում անծանոթ մարդիկ են դառնում լուսանկարներիդ հերոսները։

-Սպասում եմ… լուսանկարչության մեջ ամենակարևոր պահին, երբ ինքը քեզ նկատում է, իսկ դու սեխմում ես կոճակը, վերջ, կադրը ստացել ես, էլ ոչ մի բանի մասին չես մտածում: Եթե նայում է քեզ ու ժպտում, ուրեմն կարելի է, եթե գլուխը թեքում է ու գնում, ուրեմն վատ է զգում, որ նկարեցիր: Անծանոթ մարդիկ այնպես են, ինչպես կան, չեն փորձում լավը երևալ, չեն փորձում խաղալ, չեն փորձում այլ թվալ: Այն են, ինչ կան: Դրա համար էլ նրանց նկարելը ինձ հաճելի է: Ուզում եմ տեսնել՝ ինչ ունեն հայացքի մեջ: Սպասող հայացքի, ամեն ինչի մեջ պատմություն եմ դնում: Անծանոթ մարդկանց նկարելը փորձություն է, որ պետք է հաղթահարես: Շատերը չեն սիրում նման նկարներ, ասում են՝ չի կարելի նկարել, ճիշտ չի: Դե բայց արվեստը հո մենակ սիրուն բաների մասին չէ, մոդելների մասին չէ, արվեստը նախ սովորական մարդու մասին է, որ կանգնած կանգառում սպասում է ավտոբուսի գալուն, երկար է սպասում, հոգու խորքում մտածելով, որ վերջինը չի անցել, որ էլի գալու է, ես էդ պահն եմ սիրում բռնել: Էդ պահը անմահացնել: Անծանոթ մարդիկ ամենահետաքրքիրն են ինձ համար:


-Մարդը լուսանկարում և իրականում․․․ կարո՞ղ ես նշել մի քանի տարբերություն։ Խոսքն, իհարկե, լավ լուսանկարի մասին է։

-Լուսանկարը  սուբյեկտիվ երևույթ է, նայած թե որ կողմից ես  ներկայացնում: Լուսանկարով մարդուն կարող ես հա՛մ վերևում ցույց տալ, հա՛մ էլ ներքևում: Լուսանկարը պահի մասին է, ոնց է զգում մարդը էդ պահին: Իրականությունն ու լուսանկարչությունը կողք կողքի գնում են, իհարկե ես չեմ խոսում ֆեյշն կամ շատ սարքած նկարների մասին, այլ իրական հերոսներով մարդկանց, որոնք չեն կեղծում: Եթե խոսեմ իմ դիմանկարների ու դրանց տարբերության ու նմանության մասին, կասեմ, որ երկուսում էլ իրական են: Որովհետև նկարում եմ հենց մարդուն, նրա հույզերն ու ապրումները:


-Ինքնանկարը ինքնաբացահայտո՞ւմ է։ Ինքդ քեզ նկարո՞ւմ ես։

-Այո: Մի ինքնակար ունեմ, որ շատ հավանում եմ: Ինքդ քեզ տեսնելը մեկ-մեկ կարող է քո մասին ավելին պատմի, քան ուրիշի տեսածը: Բայց շատ դժվար է ստանալ լավ ինքնանկար, չգիտեմ…

-Զավեշտալի կամ հետաքրքիր դեմք հիշո՞ւմ ես կապված լուսանկարի հետ, լուսանկարելու ․․․

-Ահա, մի դեպք եմ հիշում․ լուսանկարում էի մի քնած տատիի, հետևում նստած կինն այս ու այն կողմ էր շարժվում․ մտածում էր՝ իրեն եմ նկարում: Ձեռքը բարձրացրեց վրաս էն պահին, երբ նկարեցի: Ասաց՝ հլը կանգնի տեղդ, ինձ ես նկարում: Ասեցի` չէ, ես մենակ խորը մարդկանց եմ նկարում ու իջա ավտոբուսից: Բախտս բերեց, որ իմ կանգառն էր (Ծիծաղում է- Ա․ Ս․):


-Ո՞ր լուսանկարը կամ լուսանկարների շարքն է ամենաշատը դիտվել, սիրվել։

-Երևի թե հենց սթրիթ նկարները, որտեղ բազմազան մարդիկ են, շատ դեպքերում՝ մեծահասակ: Չգիտեմ ինչի` չեմ կարողանում երիտասարդներին նկարել: Ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում նրանց մեջ: Հագուստի, մտածմունքների, շարժուձևի: Չեն քաշում մի տեսակ ինձ: Առանձին հրավիրում եմ էն երիտասարդներին, որոնք արվեստի բնագավառում են: Օրինակ` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, երևի թե հոգեհարազատ են, երևի թե իմ մի մասն են, դրա համար էլ սիրում եմ նրանց լուսանկարել:


-Ինքդ ո՞ր նկարդ ես արժևորում։

-Չնայած, որ չեմ սիրում իմ ստեղծածը, բայց բոլորն էլ մի բանի մասին են: Երևի լուսանկարում եմ, որ չմոռանամ: Մոռացության դեմ պայքարը լավագույնս մշակել եմ: Ես, երևի թե չպետք է արժևորեմ, այլ էն մարդիկ, որոնք նայում են լուսանկարներս։

-Ցուցահանդեսներ ունեցե՞լ ես կամ  նախատեսո՞ւմ ես։

-Չեմ ունեցել, չնայած շատ են ասում, որ անեմ: Չգիտեմ, չեմ կարողանում էդ փուլը հաղթահարել ու ասել, որ իբրև պրոֆեսիոնալ կերպով եմ զբաղվում  լուսանկարչությամբ, չէ, սիրով եմ զբաղվում: Ինձ օգնում է, որ գրելը մեկ-մեկ փոխարինեմ: Կուզեմ մի օր մարդկանց շարք անեմ, որտեղ կներկայացնեմ անծանոթներին, որտեղ կխոսեմ մարդու մասին նենց, ոնց որ գիտեմ նրան, բայց գիտեմ մենակ լուսանկարից: Վերջ:


-Նաև գրում ես․․․  լուսանկարներդ պատմություն են հիշեցնում, գուցե նաև բանաստեղծությո՞ւն են։

-Գուցե, չեմ ժխտում: Ինձ պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ համարում, ասում են` մարդը էն ժամանակ է պրոֆեսիոնալ, երբ գումար է աշխատում իր գործով, իսկ ես չեմ աշխատում, չնայած, ավելի ճիշտ կլինի ասել` չեմ ուզում, որովհետև էդ ժամանակ մի բան կկոտրվի: Մի մոգական աշխարհը կվերանա: Գիտեք, փողն ամեն ինչ փչացնում է: Ծեծված խոսքեր են, բայց վստահ եմ, որ այդպես է: Ավելի շատ ինձ գրող եմ համարում։ Ինչպես վերևում նշեցի, ամեն լուսանկարի մասին կարելի է մի պատմություն հորինել: Երևի լուսանկարում եմ, որ մեկ-մեկ նայեմ ու գրեմ:


-«Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն միա՞կն է, կա՞ ուրվագիծ նոր գրքի։

-Դեռ միակն է, բայց շուտով նոր վեպ է սպասվում: Առաջին ընթերցողը Գուրգեն Խանջյանն է եղել: Զանգեց ու ասաց, որ զիլ գործ է։ Հատված էի ուղարկել: Ասաց` ամբողջ վե՞պն ա սենց, պատասխանեցի` այո, ասաց` այ քեզ բա՜ն: Երևի թե հերիք էր «այ քեզ բան»-ը, որ հասկանայի, թե ինչ եմ ստեղծել:

Մասնագիտությամբ․․․


-Բիզնես կառավարիչ եմ, բայց բացի ինձնից դեռ ոչ մի բան չեմ կառավարել․․․ (ժպտում է- Ա․ Ս․) Հիմա նոր մասնագիտություն ունեմ` մանկավարժ, երեխաների հետ եմ աշխատում, սովորեցնում եմ ստեղծագործել:

-Է՞լ ինչ ես անում հիմա։

-Ապրում եմ Կողբում, աշխատում եմ Թումոյում, գրում եմ: Լուսանկարում եմ: Մի նախագիծ ունեմ, որ հետագայում ուզում եմ կյանքի կոչվի․ երկար տարիների աշխատանք է, կապված է լուսանկարչության հետ: Ուզում եմ բոլոր Հայաստանի գյուղերը նկարել, ապրող մարդկանց նկարել: Գրել նրանց մասին, պատմել, որ հետո հաջորդ սերունդները բացեն ու տեսնեն էդ լքված գյուղերում ինչքան մարդ է ապրել:


-Ժամանակը կա՞նգ է առնում, թե՞ շարունակում է ապրել լուսանկարում։

-Կանգ է առնում ու շարունակվում: Մի ուրիշ իրականության մեջ մենք ապրում ենք լուսանկարներում, կուզեի աշխարհի բոլոր մարդկանց նկարել, ու մի քանի վայրկյանում ցույց տալ բոլորին:

-Մեկ բառով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։

-Պահ։

Զրուցեց Արմինե Սարգսյանը