ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան

ԳրաՀայտ` Միշոյի հետ

17.11.2019

ԳրաՀայտ նախագիծը ներկայացնում է գրական ստեղծագործություններ՝ տարբեր ոլորտների մասնագետների հայացքով


Եթե այն քաղաքում, որտեղ Դուք ապրում եք, բացի Ձեզնից Ձեզ էլի ինչ-որ մեկը ճանաչում է, հավատացե՛ք՝ դա արդեն բավարար առիթ է այդ քաղաքը այրելու համար:

Արամ Ավետիս, Ճար­տա­րա­պե­տա­կան մու­տա­ցիա, «Ակտուալ արվեստ» հրատարակչություն, 2019


Միքայել Աբրահամյան,
նույն ինքը՝ Միշո: Ծնվել է 1984-ին։ Սովորել է ԵՊԲՀ-֊ում։ Աշխատել՝ բժշկական հաստատություններում ու բեմում։ Ներկայումս բժշկական կրթությունը շարունակում է արտերկրում:
Կարդալու նախընտրելի ժանր չունի, միակ պայմանն այն է, որ գիրքը չլինի գերհաստ։
Կյանքը փոխած գիրքը երեխա ժամանակ կարդացած Գրիմ Եղբայրների հեքիաթների ժողովաքածուն է, իսկ սեղանի գիրքն այս պահին՝ Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը»:
Նախասիրությունները շատ են, բայց առաջնահերթ են ստեղծագործելը, ճանապարհորդելը, սպորտը (հիմնականում՝ բասկետբոլ), այկիդոն և այլն: Կյանքում կիրառում է հետևյալ բանաձևը՝միշտ պատրաստ լինել ամենավատին, որ ամեն ինչ թեթև ու ուրախ անցնի։ Չի ընդունում (չնայած հասկանում է) նվնվոցը՝ իր բոլոր դրսևորումներով։

Միշո. Գիրքը գրված է միստիկ մելանխոլիայի, սիրո, ցինիզմի ու գեղեցիկ ատելության գույներով

Ճար­տա­րա­պե­տա­կան մու­տա­ցիա» վե­պը քա­ղա­քի մասին է: Կարծում եք՝ «Ճար­տա­րա­պե­տա­կան մու­տա­ցիան» ավելի շատ քաղաքի բնակիչների վրա՞ է անդրադարձել, քաղաքային մթնոլորտի՞, թե՞ քաղաքի տեսքի:

-Բնականաբար՝ բոլոր երեք ասպեկտների, բայց բնակիչներն ու մթնոլորտը դարձելի են, իսկ տեսքը վերականգնելը՝ անգերազանցելի թանկ հաճույք։

-Ի՞նչ տրամադրություններ, մտքեր է ծնում Արամի գիրքը:


-Գիրքը գրված է միստիկ մելանխոլիայի, սիրո, ցինիզմի ու գեղեցիկ ատելության գույներով, որոնք անսպասելի հարազատ են։

-Կարծում եք ՝ Արամը չի սիրում քաղաքը, քաղաքն էլ՝ Արամի՞ն:

-Եթե Արամը չսիրեր քաղաքը, չէր գրի թե՛ էս, թե՛ մնացած գրքերը։ Ոնց ինքն է խոստովանում՝ իրեն միշտ ատելության որոշակի քանակ է պետք, ցավոք, էդ քանակը ուզածից շատ է տրված մեզ, իսկ ատելության բեռը թեթևացնելու միակ էֆեկտիվ տարբերակն այն արտահայտելն է, թէ չէ՝ խեղդելով ատելությունը, միայն սնում ես այն։ Իրականում Արամը սիրով նկարագրում է ատելությունը, կամ հակառակը՝ ատելությամբ պատմում է սիրո մասին։

-Արամի քաղաքային պատկերները միայն մեր քաղաքի՞ն են վերաբերում, թե՞ կարող էին բնորոշել յուրաքանչյուր քաղաքի, որի բնականոն զարգացումը խաթարված է:

-Որոշ դեպքերում երևի բոլոր քաղաքներին բնորոշ տողեր կան, բայց մեր քաղաքը՝ վաղաժամ կեսարյան արած ու վրայից էլ, ոչ բժիշկների ձեռքերով, մի շարք անհաջող վիրահատությունների ենթարկված մի մարմին է, որին Արամի նմաններն ուզում են օգնել։

-Զուգահեռներ կարո՞ղ եք տանել ձեր արվեստի ու գրականության միջև, տվյալ դեպքում՝ Ձեր ներկայացրած արվեստի ու Արամի գրականության…

 -Իմ ու Արամի արածը իրականում նույնն է, մի տարբերությամբ, որ Արամի դեպքում երևակայական ռիթմ է, իսկ ինձ մոտ՝ մատուցվող։

-Արամի «քաղաքում» ի՞նչ եք տեսնում՝ ինքներդ Ձե՞զ, Ձեր շրջապատի մարդկա՞նց, թե՞ հենց Արամին:

-Արամի քաղաքում ինձ ամեն ինչ հարազատ ու ծանոթ էր։

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply