ՄարզաԴիտակ Մարինե Թաթոյան

Աշխարհին հազար թելերով կապված Ահնիձորը

05.07.2025

Երկնքի ու երկրի շարունակվող պտույտը մերթ արշալույս է, մերթ` մայրամուտ։ Եվ տարանջատելն էլ բարդ է մայրամուտի և արևածագի, քանի որ երկու դեպքում էլ մութը լույսին է քսվում, մութը շաղոտում է լույսի երեսը։ Իմ Ահնիձորն է` հազար թելերով, հազար ձևերով կապված աշխարհին և, միևնույն ժամանակ, մեկուսի և ուրույն։

Վերջին ժամանակներս աշխարհը կարծես չի հանդուրժում Ահնիձորի ուրույն լինելը և մի կողմ է քաշվում։  Ու գնալով պակասում է գյուղի բնակչությունը։  Գյուղի օջախը վառ պահողը դպրոցն է։ Մինչդեռ, ըստ ԿԳՄՍ նախարարության ծրագրի և հատուկ մշակված պլանի` շուտով կդադարի գործել նաև Ահնիձորի զարկերակը` դպրոցը, այնպես, ինչպես դադարելու են գործել շատ ու շատ նման փոքր դպրոցներ։ Գուցե վերանայվի այս տխուր ծրագիրը, գուցե հրաշքի նման մի լույսի նշույլ շողա, և գյուղը չդադարի շնչել։ 

Այս տխուր իրականությանը զուգահեռ՝ Ահնիձորը արդեն մեծ աշխարհին կապող ասֆալտե բարեկարգված ճանապարհ կա։ Ահնիձորի յուրահատկություններից առաջնայինը Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրը լինելն է։ 

Վերջերս գրողի տունը ստացավ տուն-թանգարանի կարգավիճակ։ Ահնիձորը նախկինում ևս բնակատեղի է եղել։ Այդ մասին են վկայում հին վանքատեղին, գերեզմանոցը և խաչքարերը։

Հետաքրքիր է ահնիձորցիների կոլորիտային մթնոլորտը, որը ամեն մի հյուրի ողողում է միայն Ահնիձորին հարիր բարությամբ և իմաստնությամբ։ Գյուղը դրախտի նման է` իր անձեռակերտ բնության հրաշալիքներով և մաքուր, թթվածնով հարուստ օդով, պաղպաջուն, սառնորակ գետով և ամենուր ծվարած բազմաթիվ աղբյուրներով։ 

Ահնիձորում անցյալ տարվա ամռանը  բացվեց «Ահնիձոր» հյուրատունը։ Նախկինում գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի ահնիձորյսն բնակարանը երիտասարդ ամուսիններ Արամ Մաթևոսյանի և Լենա Հարությունյանի ջանքերի և նվիրումի շնորհիվ վերածվել է մեծ ու գեղեցիկ «Ահնիձոր» հյուրատան։

Հյուրատունը մի կողմից կատարում է Խաչիկ Ղարաբեկյանի գործը շարունակելու գործառույթ, մյուս կողմից՝ ապահովում  հյուրերի կապը Ահնիձորի հետ։ Գեղանկարչի տան հիմքի վրա կառուցված, քոթեջներով ամբողջացված հյուրատան ամեն մի անկյունը ուրույն արվեստ է, ամբողջովին ձեռքի աշխատանքներից բաղկացած։ «Միասին մտածում ենք, իսկ Արամը մեր մտքերը իրագործում է»,- ասում է Լենան։


Հյուրատան ամեն մի անկյունը յուրովի ձեռագիր է. փայտից պատրաստված իրեր, նկարակալներ, աթոռներ, սեղաններ, մահճակալներ, տնակներ։ Ուշագրավն այն է, որ բոլորը սեփականատիրոջ` Արամի ձեռքի աշխատանքներն են։ Ամուսինները հյուրատան բակը սոճիների պուրակի են վերածել, ուր գարնանը հյուրերը կարող են վայելել նաև ծառերի փոշոտումը։ Հյուրատունը, լինելով գեղանկարչի բնակարանը, նաև առանձնահատուկ պայմաններ ունի նկարիչների համար։ Առանձին սրահում ցուցադրված են վանաձորցի նկարիչների գործերը, կան նաև նկարակալներ, կտավներ, ներկեր և վրձիններ նկարչաթերապիայով զբաղվելու համար։

Շնորհիվ հյուրատան՝ այսօր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Ահնիձոր։ Հյուրերը արվեստագետներ են, մտավորականներ, բնության սիրահարներ, մաթևոսյանասերներ և Ղարաբեկյանի արվեստի սիրահարներ։ Զբոսաշրջությունը նորովի և նոր կողմերից է բացահայտում Ահնիձորը և նորովի ուղղվածությամբ է ընտելացնում հյուրասեր և ազնիվ ահնիձորցուն։

Երկնքի ու երկրի շարունակվող պտույտը մերթ արշալույս է, մերթ` մայրամուտ։ Եվ տարանջատելն էլ բարդ է մայրամուտի և արևածագի, քանի որ երկու դեպքում էլ մութը լույսին է քսվում, մութը շաղոտում է լույսի երեսը…

Մարինե Թաթոյան