ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Երբ արևն արդեն աստված չէր (ուղեգրություն)

09.07.2025

Կարմիր ծովի լուրթ կապույտ ջրերը ողողում են Մսրա հինավուրց երկրի ափերն ու ալիքվելով բախվում զբոսանավի մետաղյա պատերին, որի երկրորդ հարկում իրենց հանգիստն  ու տրոպիկական մրգերն են վայելում մի խումբ զբոսաշրջիկներ՝ քրիստոնյա ու մուսուլման, պաղեստինցի ու ռուս, սև ու սպիտակ, մեր ու մանուկ, մարդ ու կնիկ, որոնք մի նպատակ են հետապնդում՝ հանգիստ ու վայելք: Այնինչ, ծովի թափանցիկ ջրերի խորքում ձկները վտառներով այսուայնկողմ են արագ անցնում` չկարողանալով վայելել իրենց հանգիստը. մարդ արարածը, օգտվելով նրանց համր վիճակից, բառիս ամենաուղիղ իմաստով՝ գլուխը խոթում է ջրերի մեջ` խաթարելով կապույտի ներդաշնակ լռությունը. տարբերվող հաճույք է տենչում… Կարմիր ծովի կապույտ ջրերում, ինչպես ամենուր, մարդը հաստատել է իր իշխանությունը, դարձել արարածոց արքա՝ վերականգնելով ի սկզբանե իրեն տրված սահմանադրական իրավունքը։ Եվ դարձել է կիսաստված-կեսկենդանի, նման հսկա Սֆինքսին, որ մեկնվել ու հայացքը հառել է դեպի անորոշ ապագան, դեպի հեռուները… 

Հեռվում Կարմիր ծովի Միջերկրականն է՝ սպիտակ ու փափուկ ավազով երկարաձիգ մի լողափ, որ շրջապատում է փոքրիկ կղզին՝ նման Պինոքիոյի հայտնի տիկնիկների կղզուն. անվերջ թվացող հաճույքներ, անհոգություն… և այնտեղից էշացած վերադառնում ես իրականություն ու անցնում անդադրում աշխատանքի: 

Նավապետը շչակի սուլոցով ազդարարեց, որ պետք է պատրաստվել՝ ցամաքը մոտ է: Կղզին «գրոհող» խառնամբոխի մեջ պակասում էր մեկը, որ կարող էր իրեն ենթարկել ջրերը, մակընթացություններ առաջացնել ու փոթորկել բոլոր հանգստացողների առնվազն աչքերը:

Անունը Սուսիկ էր։ Հայախեղդ ինքնաթիռից միակն էր, որ հանգրվանեց նույն հյուրանոցում, որտեղ պետք է անցկացնեի թերևս միայն գիշերները։ Բայց նա այս պատմության հետ կապ չունի այնքան, ինչքան ոչ մի առնչություն չէին կարող ունենալ Սուսիկն ու Մսրը` բացառությամբ  Իսմիլ  խաթունի, այն էլ Մհերին վերջինիս մատուցած  հայտնի ծառայության տեսքով։ 

Եվ սա, եթե կուզես իմանալ, ոչ թե սկիզբ ու ավարտ ունեցող հանգուցալուծվող պատմություն է, այլ մեկի ուղեգրական հուշերը, որը դպրոցում աշակերտելու հինգերորդ տարում «Հին աշխարհի պատմության» դասագրքի կազմին տեսել էր հռչակավոր բուրգերն ու մտքով էլ չէր անցկացրել, որ մի օր դրանցից մեկի ներսում կհայտնվի։ Իրապես տեսածն ու շոշափածը, թերևս, «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթի համբուրգերանոցինն էր, որի համը այդպես էլ չսիրեց… 

Ինչևէ, Այգուպտոս ժամանելուց մեկ ժամ էլ չէր անցել, երբ Սուսիկը, անբռնազբոս շորորալով, կուրծքը, բառիս գրեթե բուն իմաստով՝ դուրս գցած, մոտեցավ եռահարկ հյուրանոցի բակում կառուցված լողավազանին, արևային ակնոցի տակից զննեց անծանոթ տարածքն ու, գտնելով ազատ տեղ, այն էլ` ինձնից մեկ մետր հեռավորության վրա, սրբիչը փռեց թախտի հենակին, իրենով արեց ու մտավ լողալու, ավելի ճիշտ` ջրի մեջ քայլելու և անասելի տապից ցամաքած բջիջները լիցքավորելու. ջրի տաքությունը, հավանաբար, սաունաների գոլորշու պես դեպի անառաստաղ երկինք հառնող հիշողություններ արթնացրեց մտքում։ Դեպրեսիա ուներ, պետք է սփոփվեր և որոշել էր մենակ մեկնել Մսրա տաք ու իր բոլոր ծանոթների աչքից հեռու հանգստավայր։ Հյուրանոց գալու ճանապարհին ակնթարթ տևող խոսակցություններից մեկի ընթացքում փարթամ մարմնին անհամապատասխան ծղրտուն ձայնով ասել էր, որ սպասարկման ոլորտում էր աշխատում։ Բայց փող չուներ, կցել-կցմցել էր ու եկել…

Լողավազանի շուրջը շուտով, մեկը մյուսին հերթ չտալով, հայտնվեցին էքսկուրսիաներ վաճառողները, որոնք իրենց երկրի տեսարժան վայրերն էին ցույց տալիս պատկերազարդ ալբոմում, իսկ Սուսիկի սիրտը նավով կրուիզ էր ուզում… նրա կիսաբաց, սարավանդ տեսարժան վայրերն ի բնե էին, էքսկուրսիա վաճառողի առաջարկածը` քարակերտ ու մարդակերտ։

Քար լռություն էր լողավազանի շուրջն ու ջրերում։ Մի պահ բոլորի` էն «փչացած եվրոպացիքի» ու ավանդապահ մուսուլմանների հայացքները իմ վրա սևեռվեցին ու սառեցին. դեռ չէի հասցրել սևանալ, Սուսիկի սպիտակաթույր մաշկն էլ հուշում էր, որ, ո՜նց էլ չլինի, նույն տեղից ենք, առավել ևս, որ նրա՝ բարձրաձայն ծղրտոցով արտաբերած մի քանի հարցերին պատասխանել էի շատերին անծանոթ բառերով։ Սևանալուց առաջ նախ կարմրում ես. սկզբում կարմրեց դեմքս… անակնկալի բերած շփոթմունքը թոթափելուց հետո ձեռուոտով հասկացրի, որ կապ չունեմ նրա հետ։ Եվ այդ ինտերնացիոնալ շարժումների լեզվով նշանները բավական էին, որ գլխով անեին, մտքում ասես վանկարկեին. «Հա՜, լավ, ներո՜ղ, ախպե՜րս»,  ու շրջվելով շարունակեին իրենց հանգիստը։

Իսկ Սուսիկը հանգիստ, անհաղորդ թիկնել էր թախտին ու մարմնի մակերեսին տարածում էր արևապաշտպան քսայուղը։ Մի քանի րոպե տևած դադարից հետո, երևի  մտքում գցել-բռնելով անսպասելի աժիոտաժի պատճառները, թեքվեց իմ կողմն ու ասաց. «Չեմ ջոկում, սրանք քյա՞լ են, ասում եմ՝ փող չունեմ, շարունակում են առաջարկել։ Աչքիս ուզում են կպցնեն»… Այս գերճշգրիտ եզրակացությունից հետո վեր կացավ ու նորից քայլեց լողավազանի կողմը` չմոռանալով ակնոցի տակ թաքցրած հայացքը մե՛կ աջ, մե՛կ ձախ անել…

Օրը մթնում էր. ծովից փչող զով քամու ներքո անվճար ու անվերջանալի թվացող ուտեստներով լի ռեստորանների սպիտակազգեստ, բայց սև մաշկով խոհարարները սկսեցին հանգստացողներին հրավիրել ընթրիքի, իսկ պարահրապարակի միացված լույսերը հուշում էին սպասվող հետաքրքիր երեկոյի մասին։

Առավոտյան նախաճաշին Սուսիկը բացակայում էր, լողավազանի մոտակայքում նույնպես չերևաց։ Ինչպես պարզվեց հետո, ծեգին մեկնել էր նավով կրուիզի։ Բայց հիշեք, որ այս պատմությունը նրա մասին չէ, ավելին, սա պատմություն չէ, այլ ուղեգրական մի հուշ։

***

Արևն անշտապ բարձրանում էր ավազաբլուրների թիկունքից` վառ դեղին սկավառակից արձակվող հրե ցոլքերով շիկացնելով Մսրա հինավուրց երկրի կավահողը։ 

Ճամփեզրի լցակայանի սրճարանում վաղ առավոտյան տաք սուրճի կումերը, ազանի` ծորացող ու անհասկանալի ելևէջների ներքո այրելով շուրթերն ու կոկորդը, ականջներով հոսում էին դեպի ստամոքսի դատարկ տարածությունները։ 

Կիլոմետրեր ձգվող անբնակ հողեր ու անապատ… մեքենան ասֆալտապատ հարթ ճանապարհով սլանում էր դեպի անծանոթ հեռուներ։ 

Եվ ձգվում է ճանապարհը անդադար, անվերջ, Նեղոսի հոսանքով վեր, և  զգում ես, որ տասնաբանյա պատվիրանները հենց այս լեռներում` արևին այնքան մոտ, մարդկանցից հեռու պիտի տրվեին հենց նույն մարդկանց համար։ Հենց այս վայրերով Մովսեսը դուրս եկավ Միցրայիմից ու գնաց կաթ ու մեղրի երկիր, որտեղ, սակայն, ոչինչ էլ չէր բխում։

Այս երկրում արկած չկա, բայց կա ծով ու պատմություն` պահպանված, խնամքով փայփայած, այնքան շատ կա, որ աշխարհի բոլոր մեծագույն թանգարաններում իրենց մասին կիմանաս ու նրանցից առնվազն մի բան կտեսնես. այս երկրի փառապանծ ու հզոր անցյալը փրկում է ոչինչ չասող ներկան. աշխարհի ամենահին` Կահիրեի Եգիպտական թանգարանը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէր, թեպետ առավելագույնս խիստ էր հսկվում։ Գիդը, որ պլանային էքսպրես տուրն էր իրականացնում և էքսպրոմտ կիսաֆանտաստիկ պատմություններով լցնում խմբի անդամների ուղեղները, ասաց, որ բախտներս բերել է, շուտով այս մեկը փակվելու է, որ նորն ու ժամանակակիցը նոր տեղում կբացվի։ Ժամանակին հզորներից մեկն ուզում էր թանգարանում մի հայի ցուցանմուշ թողնել, բայց, լավագույն դեպքում, եգիպտական մումիա ունեցավ. իսկ հայը, ի հեճուկս նմանների, շարունակում է ապրել, բայց քիչ բազմանալ. իսկ այստեղ բազմանալը արկած չէ, այլ գիտակցված և ապագային միտված իրականություն։ Շատ են, չափազանց շատ են, բայց… 

Նրանք չեն հավատում, որ աղավնին խաղաղության խորհրդանիշ է. փողոցներում, երկնքում աղավնիներ չես տեսնի, նրանք ուտում են աղավնիներին, հավանաբար կարևորելով ներքին, ավելի ճիշտ` ներսի խաղաղությունը… իսկ Արդահանի փողոցներում աղունիկները քայլում էին անգամ մարդկանց ոտքերի տակով ու արանքներով. շատ էին, բայց սև…

Թեպետ… սա մեկ այլ, արդեն պատմված պատմություն է։

Ինըմիլիոնանոց Կահիրեում ժամանակների եռամաս բաժանումից առնվազն անցյալն ու ներկան զուգահեռ են հոսում, ինչպես  նեղլիկ փողոցներում կողք կողքի երթևեկող էշը, ձին, էլեկտրոմոբիլն ու ավտոբուսը, ինչպես  19-րդ դարի գեղեցիկ ճարտարապետությամբ շենքերի պատշգամբներից կախված ու փոշոտ օդում ծածանվող լվացքները, փողոցների անկյուններում և խանութների դիմաց կանդորան հագներին նարգիլե ծխողներն ու աշխատանքի շտապող կոստյումավորները։

***

Ավազամշուշ հորիզոնում վեհորեն խոյանում են դարերի փորձությունն ու անապատի քամիների մաշող ապտակների ցավը հաղթահարած, պատմության դրոշմն իրենց վրա կրող երկնամուխ հրաշալիք բուրգերը. որքան մոտենում ես տոննանոց քարերով կառուցված հավերժի ճամփի այդ հանգրվաններին, այնքան սուր է զգացվում ֆայտոններին լծված ու առանձնյակ ուղտերի թրքահոտը, որոնցով անգետ տուրիստներին վճարի դիմաց տանում են իբրև թե արգելված մի վայր, որտեղից լավ լուսանկարներ կարելի է անել, այնինչ ոչ մի արգելք էլ չկա։ Անգամ խոշոր թաթերն առաջ պարզած սֆինքսը ոչինչ չի արգելում վաղուց, ոչ մի հանելուկ լուծելու հարկ էլ չկա բուրգի ներսը մտնելու համար, քանզի սա ոչ թե Թեբեն է, այլ Գիզան, և ընդամենը տասը դոլարով հնարավոր է մտնել առեղծվածների այդ գաղտնարանը։

Եվ մտա. այդքան գումար ունեի, բայց անգամ այն չէր կարող օգնել ուզածիդ պես բուրգի ներսում ճեմելուն։ Սողեսող, կռացած, ասես գերեվարված մի հայ ստրուկ, որ օտարազգի բախտակիցների հետ նույն ճամփան է անցնում նեղ ու ցածր առաստաղով միջանցքներով՝ խոնարհվելու համար «արևորդի» փարավոնին։ Սակայն դատարկ էր այն սրահը, որտեղ ժամանակին գուցե նա պառկած էր տիեզերական լռության մեջ։ Կապ չունի, իրական արքաների առջև պետք է խոնարհվել. գոնե հիշատակին…

Նույն կռացած վիճակով, հպվելով և կառչելով հազարամյակների պատմությունն իրենցում ամփոփող ողորկ քարերին, դուրս եկա լույս աշխարհ ու քայլեցի բավականին հեռու, որտեղ, հավանաբար, դարեր առաջ կանգնել էր Նապոլեոնը անհասկանալի կառույցների ահռելի տեսքից զարմանք կտրած իր զորքի առջև, և որտեղ, հավանաբար, հենց Կահիրեի շեյխ Ալ-Բեքրին նվիրեց նրան հայ ստրուկ Ռուստամ Ռազային…

***

Լուքսոր հասանք, երբ արևն արդեն զենիթում էր։

Եվ սկսեցին դիմացս հառնել դարերն ու անցքերը` խոյակերպ սֆինքսների ճեմուղուց մինչև հզոր ու բարձրուղեշ սյուներն ու օբելիսկները, որոնց արանքներում չդադարող տուրիստական եռուզեռ է։ Պետք է նայես վերև։ Ստիպված նայում ես վեր, որ մի բան տեսնես։ Փարավոնները փորձել են Երկինքը հնարավորինս իջեցնել երկիր, աստվածներին ավելի մոտեցնել մահկանացուներին, որոնց կյանքը անապատներում քամու տակ դեգերող ավազահատիկից էլ կարճ է տևում… իրենց հռչակել էին անմահ աստվածներ` ապրում էին երկու աշխարհներում, առնվազն` մարդկանց աչքերում և պատմության համար։

Եվ այս տաճարը, որի սյունազարդ սրահները արևի լույսին անհաղորդ էին եղել ժամանակին, որտեղով ճեմում էին հենց արևի մարմնավորում փարավոնները, նվիրված էր արևի աստված Ամոն Ռային։

Երբ արևը աստված էր… անգամ կինն էր փարավոն…

Իսկ ժամանակակից կանայք յոթ կամ ինը շրջան են անում սուրբ սկարաբեյի` աղբաբզեզի քարե արձանիկի շուրջը` մտքում ցանկություն պահելով ու հավատալով այդ քարի բերած հաջողությանը։

Բայց տաճարի դիմացի առևտրականները չեն հավատում բախտին, նրանք վստահ են ստի վրա հիմնված իրենց համոզելու հմտությանը։ Իսկ վաճառածը հիմնականում աղբ է` մեկդոլարանոց կեղծ պապիրուսներից մինչև գիպսե տձև արձանիկներ։ Եվ հաջողակ պիտի լինես, բախտդ պիտի բերի, որ կարողանաս անցնել նրանց միջով ու ոչինչ չգնել, հատկապես` տասը դոլարով վաճառվող մեկդոլարանոց իրեր։

Կանանց բախտն ավելի քիչ է բերում` արևից ու տապից ընդարմացած առանց այն էլ նրանց նուրբ հոգիներն ու ականջները դժվարությամբ են դիմանում արաբական քաղցրալեզու հաճոյախոսություններին…

***

Եթե առնվազն երեք հազար տարի առաջ բջջային հեռախոսը նկարելու պահին ինքն իրեն անջատվեր, ապա կմտածեի, թե աստվածների անեծքն է կամ էլ ինչ-որ կախարդանք, բայց սա ընդամենը Արքաների հովիտն է` սարսափելի շոգ, որից աչքերիդ առջև միրաժ է հառնում` ոչ չարենցյան, իրական միրաժ` ճակատից դեպի կոպեր հոսող քրտինքը կուրացնելու չափ ցավեցնում է աչքերդ, մշուշով պատում անասելի ջերմության տակ լողացող տեսադաշտդ։

Եվ այստեղ, իհարկե, երեք հազար տարի առաջ չկար բջջային հեռախոս, բայց կային անեծքներ` սրբությունները պղծողների և արքաների հավիտենական քունը խանգարողների համար նախատեսված։ Երեք հազար տարի առաջ այստեղ չկային նաև հայեր. գոնե մեր տվյալներով։ Բայց այստեղ էր իր վերջին հանգրվանը գտել երիտասարդ Թութանհամոնը, որը մահացել էր… անմահ փարավոնը մահացել էր… դաժան է, ինչ խոսք, ընդամենը տասնինը տարեկանում մահանալ ոտքի կոտրվածքի պատճառով, երբ շատ առաջնորդների հասուն կամ ծերացած տարիքում անգամ ամենավտանգավոր հիվանդությունները չեն տեղափոխում այնկողմյան աշխարհ` մարդկանցից ու երկրից հեռու։

Ինչևէ… հիերոգլիֆներով, աստղազարդ երկնքի տեսարաններով պատված արքայական դամբարանները, իհարկե, վաղուց դատարկ են, բայց սա այն դեպքն էր, երբ դատարկությունը սարսափազդու գեղեցիկ է. Թութանհամոնի դեմքը մահից հետո ծածկված էր դիմակով, տասը կիլոգրամից ավելի կշռող ոսկեզօծ ու թանկարժեք քարերով պատված դիմակով, որը Կահիրեի Եգիպտական թանգարանում է պահվում. այցելուները դիմակը պատռելու կարիքը չունեն նրա իրական դեմքը տեսնելու համար, այն ճիշտ և ճիշտ արտացոլում է երիտասարդ փարավոնի երբեմնի գեղեցկությունը  (թեպետ դեմ չէին լինի գողանալուն), քանզի հին ու ոչ այնքան բարի ժամանակներում այն օգնում էր հանգուցյալի հոգուն` ճանաչել մարմինը հետմահու կյանքում, և ոչ թե թաքնվել դրա հետևում…

***

Օ՜, Հաթշեփսութ, եթե իմանայիր, որ աշխարհիս երեսին սուսիկակերպ կանայք են լինելու, արդյոք ժայռերը ճեղքել կտայի՞ր` քեզ համար տաճար կառուցելու և պատմության մեջ կնոջ ուժը հավերժացնելու համար։ Օ՜, Ամոն-Ռայի դուստր, որ դեռ Նեֆերտիտիից հարյուր տարի առաջ այնքան վեհացրիր կնոջ դիրքը, որ խորթ որդիդ` Թութմոս 3-րդը, անունդ ջնջել տվեց քարերի վրայից` քո փառքից ազատվելու համար, ի՜նչ իմանայիր, որ կինը երբևէ կարող է ինքնակամ հարբել ու ջնջխվել` թավալվելով Մսրա այն ավազների մեջ, որտեղ դոփել են քո հաղթական հեծելազորի ձիերը…

Դու, որ առևտրային արշավանքներ էիր անում ու երկիրդ լցնում թանկարժեք ու ազնվական ոսկով ու քարերով, ի՜նչ իմանայիր, որ մի օր վաճառականներդ Չինաստանից բերած էժանագին բիժուներ են վաճառելու, իսկ Սուսիկը ինչ-որ կապտավուն ապակուց, երևանյան անցումներում լցրած հինգհարյուրդրամանոց թևնոց է գնելու և հպարտորեն քստքստացնելով հողաթափերը` քայլելու է լողավազանի շուրջը հազվադեպ զով երեկոներից մեկի ընթացքում և ինձ հանդիպելիս սարավանդները վերածելով լեռնալանջերի` ասելու է.

-Տե՜ս, ընկերոջս համար տասը դոլարով մաքուր բնական քարից թզբեհ եմ առել,- և այն մի քանի շրջան պտտելով հաստլիկ, շիլակած երկար եղունգներով մատների վրա` մոտենալու է բարին ու խմելու հերթական անվճար հյութը։

Չէ՜, Հաթշեփսութ, շոգ է քեզ մոտ. զարմանում եմ` ո՞նց ձեր մտքով չի անցել թողնել հեռանալ, արտագաղթել այս երկրից, չէ՞ որ միշտ էլ կարելի է պատճառներ գտնել` արդարացնելու համար սխալը կամ անմիտ քայլերը…

Հասկանո՞ւմ ես, Հաթշեփսութ, անգամ Սուսիկը ընկեր ունի, իսկ դու միայնակ էիր կառավարում մի ամբողջ Քեմեթ…

***

Հանգստի վերջին օրն է, ավելի ճիշտ` երեկոն։ Օվալաձև լողավազանի կողքի փոքրիկ սրճարանում նստած` դատարկում եմ Հոկտեմբերյանի ջրի պես չհագեցնող եգիպտական գարեջրի հերթական բաժակը։ Բազմազգ վերջին ընթրիքից հետո, որը նույնպես չհագեցնող էր, բայց գինի ու բաղարջ հացի նմանությամբ էյշ բալլադի էր մատուցվում, դուրս եկա մաքուր, բայց տոթ ու խոնավ օդ շնչելու։ Լողավազանը, որում կողք կողքի լողում էին հիջաբով ու սեքսուալ լողազգեստով կանայք, երեկոյան ժամերին մեղմ սառնություն է փչում ու լիալուսնի ներքո մտովի տրամադրում արաբական անմոռանալի գիշերներին։ Շուրջբոլորը օտարերկրացիներ են, բայց առավել հաճախ` ֆիլիպինցիներ ու եգիպտացի երիտասարդ տղաներ…

Հոգնելով դեղնավուն հեղուկից` անցնում եմ եգիպտական, արաբական կամ էլ  թուրքական սուրճին. պետք կգա, գիշերն արթուն եմ մնալու, օդանավում քնել չի հաջողվում, երկնքում ո՞նց քնես, քունը երկրի վրա ապրողների համար է, իսկ դու երկնքում ես` ամպերից վեր. երկինքը երկրի տիրապետությունից ու օրենքներից, ժամ-պատարագից դուրս է…

-Կարո՞ղ եմ վերցնել այս աթոռը,- մտորումներիցս հանկարծ կտրեց մի գեղեցիկ, անգլերեն հնչող ձայն։

-Իհարկե,- միանգամից պատասխանեցի և ուշքի գալով` նայեցի գանգրահեր անծանոթուհու աչքերի մեջ, որը պատասխանս լսելուց հետո վերցրեց աթոռն ու իսկույն հեռանալով` միացավ իր սեղանակիցներին։

«Հայ էր, գրողը տանի»,- մտածում եմ ինքս ինձ ու թեքվելով նրանց կողմը` սկսում եմ ականջ դնել։

«Թուրքեր են… բայց սրա հերն եմ անիծել, էս ի՞նչ նման ա հայի,- շարունակում եմ մտածել։- Հաստատ հայ ա, գեների մեջ հայի արյուն կա»,- խոսում է ներսիս չհանձնվող հայը։ Բայց լռում եմ, հավանաբար չեմ էլ հարցնի…

Վստահաբար, չհարցրի էլ, միայն թե մտքիս եկան Արդահանի սև աղավնիները, որոնք թեպետ մարդամոտ էին, բայց ամենևին էլ խաղաղություն չէին խորհրդանշում…

***

Հյուրանոցի ճեմասրահում սպասում էր Օլյան (իսկ թե ինչու էր սպասում ինձ՝ իր մեկ օրվա ծանոթին, միայն ինքը գիտեր: Բայց նա այս պատմության հետ կապ չունի այնքան, ինչքան ոչ մի առնչություն չէինք կարող ունենալ ես ու Սուսիկը)` այս օրերին տեսածս միակ ռուսը, որը ոչ թե Գերմանիայից էր, այլ հենց Ռուսաստանից, ավելին` հեռավոր ինչ-որ գյուղից, որտեղ սեփական փափլիկ ձեռքերով հող էր մշակում, քաղհան անում ու բերքը հավաքում։ Այդ նույն ձեռքերով էլ տնից հանել էր արդեն նախկին դավաճան ամուսնուն։ Չէր ապտակել, չէր հարվածել, պարզապես ուսին թփթփացրել էր ու ասել. «Եթե իմ կողքին ուրիշով ես տարված, գնա նրա մոտ…»: Ինքն էլ եկել էր Եգիպտոս՝ դեպրեսիայից դուրս գալու և ծնունդը գոնե մի անգամ այլ կերպ անցկացնելու: Բազմիցս հանդիպող սցենար, որի վերջաբանը նույնպես կանխատեսելի է. «Մի անգամ ենք ապրում, պետք է վայելել կյանքը, իսկ ծովը բուժում է ոչ միայն մարմինը, այլև հոգին…»:

Հյուրանոցի սպասասրահի բազմոցներից մեկին՝ մեջքով դեպի սրահը, կծկված մի կին էր անշարժ պառկած: Ընդունարանի արդեն ծանոթ աշխատակիցը, ի պատասխան իրեն ուղղված հարցական հայացքիս, ցուցամատը իմ ուղղությամբ պարզեց, ապա երկու ձեռքով, ասես մնջախաղի մեջ, փորձեց կանացի փքուն մարմնի մասեր պատկերել: Ապա նորից մատը տնկեց իմ ուղղությամբ, և շուրթերի լռելյայն շարժումների մեջ կարդացի՝ «արմանի…»:

Սուսիկն էր: Տուրիստական ընկերությունում չէին զգուշացրել, որ կեսօրին պետք է սենյակը հանձնի. մնացել էր դրսում՝ սպասելով կեսգիշերն անց դեպի Հայաստան թռիչքին…

Հ.Գ.

Քրոնիկոն

Օր առաջին

-Արմենիան 

 -Յես, յես…

-Ֆոր յու ուան դոլար

Օր չորրորդ (արդեն սևացած)

 -Սալամ ալեյքում։

-Ալեյքում սալամ։ Եգիպիա՞ն: Ֆորյու ուան դոլար։

Վերջին օր ու վերջին մեկ դոլար

-Ի՞նչ արժե այս արձանիկը (անգլերեն):

-Թուրքի՞շ, ֆոր յու ուան դոլար…- ժպիտը դեմքին խոնարհվելով` պատասխանեց վաճառողը։

Դավիթ Սամվելյան