Ardi.am-ը ներկայացնում է Կաբալայի միջազգային ակադեմիայի հիմնադիր, դոկտոր Միխայել Լայտմանի այլընտրանքային հայացքը կորոնավիրուսի համավարակին: Գիտնականի մտքերից արված այս ծաղկաքաղը, կարծում ենք, կօգնի ոչ միայն կարճել ինքնամեկուսացման ժամերը, այլև անել համապատասխան եզրահանգումներ:
Մարդն ստեղծված չէ վազքի համար, նա պիտի նստի: Ինչպիսի՞ն կարող էր լինել մեր իսկ ձեռքերով մեր գլխին սարքած կյանքը՝ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած: Կա նաև կյանքի մեկ այլ հարթություն, երբ սկսում ես հասկանալ՝ ինչի համար ես ապրում, հանուն ինչի: Թե չէ անվերջ վազում ենք, վազում, մինչև կընկնենք-կմեռնենք:
Մենք չգիտենք, թե որտեղից է եկել այդ կորոնավիրուսը, և դա կարևոր էլ չէ: Բայց այն մեզ ասում է. «Կա՛նգ առեք, մարդի՛կ, երկրացինե՛ր, տեսե՛ք՝ ինչ եք արել երկրագնդի հետ: Դուք ոչնչացնում եք այն, ինչի վրա ապրում եք: Դուք արդեն սպանում եք այն բնությունը, որը ձեզ ստեղծել է, աճեցրել, դաստիարակել: Որի մեջ դուք կաք»:
Մեր երկրագունդը գնում էր դեպի համաշխարհային պատերազմ: Կյանքում կան այնպիսի իրավիճակներ, որոնցից ելքն արդեն անհնարին է: Մենք հենց այդ վիճակում էինք: Եթե չլիներ այս վիրուսը, մենք ուղղակի կսկսեինք պատերազմել: Մենք էգոիստ ենք, և ստեղծում ենք այնպիսի իրադրություն, երբ միայն պատերազմը կարող է հարց լուծել, երբ պիտի ավերենք ամեն բան, որպեսզի հետո վերստեղծենք: Սրանով ենք ահա զբաղված:
Վիրուսն այս լայնամասշտաբ է, որ նույնպես զարմանալի է: Տեսեք, թե բնությունը, արարիչն ինչպիսի պահուստներ ունեն: Մենք պիտի ըմբռնենք այդ վիրուսի հատուկ առաքելությունը: Մենք պիտի խոսենք մեր, ոչ թե վիրուսի մասին: Եվ ոչ այն մասին, թե ինչպես պաշտպանվել նրանից, այլ թե ինչպես նրա օգնությամբ վերափոխվել: Մարդը նստած է տանը՝ կնոջ, երեխաների հետ, որոնց «չի հանդիպել» վերջին տասը տարվա ընթացքում: Նա հանկարծ հիշում է երեխայի անունը, զարմանում. «Հա՞, դու արդեն 5-րդ դասարանո՞ւմ ես»: Սկսում ես տեսնել երեխաներիդ, կողակցիդ, քեզ: Վիրուսներ միշտ են եղել, և մարդիկ են մահացել: Մենք պարզապես սովորել էինք, որ ամեն տարի որոշակի թվով մարդիկ էին մահանում: Հիմա էլ մահացության տոկոսը մեծ չէ: Մենք խուճապ ենք հրահրում միանգամայն օրինաչափ իրավիճակում:
Այս վիրուսը գործում է մեր ուղեղներում և սրտերում: Այս պատճառով էլ մենք նրան առանձնահատուկ ենք վերաբերվում: Սկսած բարձրագույն ղեկավարներից, նախագահներից մինչև ուղղակի փողոց մաքրողները խոնարհվում են այս վիրուսի առաջ: Եվ ոչ այն պատճառով, որ վիրուսը որևէ մեկին վարակել է կամ մահացրել: Այս վիրուսը մարդկությանը մի լավ ցնցելու համար է: Որպեսզի մարդու միջից դուրս հանի տխմարությունը, որպեսզի մարդը սթափվի, կարողանա լսել, մտածել, այլ վարք դրսևորել: Մենք երջանիկ ենք, որովհետև աշխարհ ենք եկել երկրագնդի համար ճակատագրական ժամանակներում. կատարվում է չափազանց լուրջ վերակառուցում: Եվ հույս ունեմ, որ կլինի գաղափարական վերակառուցում, ոչ թե, ասենք, ֆինանսական: Սա իսկապես հոգևոր վերակառուցում է: Երկրագունդն սկսում է մտածել, թե մենք ինչո՞ւ առհասարակ գոյություն ունենք: Մենք պիտի հասկանանք, որ սա ոչ էլ վիրուս է: Սա ի վերուստ տրված պարգև է, բարեգթություն, որը հասկացնում է, թե ինչ ահավոր ենք դարձրել աշխարհը մենք և թե ինչպես ենք, ըստ էության, տառապում նրանում: Մենք այնքան ենք բթացել, որ ստրուկի ենք վերածվել: Առավոտյան վազում ենք դեպի մեքենան, միացնում շարժիչը, խցանումների միջով երկու ժամում հասնում աշխատանքի, աշխատում, որպեսզի վառելիքով լիցքավորենք այդ նույն մեքենան, գանք տուն, հասցնենք ինչ-որ տխմար հեռուստահաղորդում դիտել, իսկ առավոտյան ամեն բան սկսել նորից: Ու մարդը տեղյակ չէ՝ ուր է իր կինը, ուր են երեխաները: Նրանք ինչ-որ խմբակներում են, որոնց համար մենք վճարում ենք, որպեսզի աշխատենք և աշխատում ենք, որպեսզի վճարենք: Սա ուղղակի սարսափելի է: Իսկ հիպոտեքնե՞րը… Մենք մեզ համար հատուկ հորինել ենք այսպիսի աշխարհ:
Ուրեմն եկեք այնուամենայնիվ հասկանաք, թե ինչպե՞ս այն փոխենք: Վիրուսը մեզ կօգնի այս հարցում: Թող որ օգնի: Վախերի կարիք չկա: Միայն մի հարցում պիտի ուշադիր լինենք՝ կարողանանք ճիշտ օգտվել ներկա պահից: Եկեք մտածենք՝ ինչի համար ենք մենք ապրում: Մենք կարող ենք մեր կյանքն այլ կերպ կառուցել, ի վերջո: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ չարաբաստիկ վիրուս կարող է մեզ վերածել խաղաղ մարդու: Մենք կնստենք տանը, չենք ջղաձգվի: Մեզ պետք չեն միլիարդներ: Չէ՞ որ մենք ենք հորինել այդ ամեն ինչը՝ փողը, հարստությունը, մնացածը, որպեսզի մեր անսահման էգոիզմով ցուցադրվենք մեկս մյուսի առաջ: Հիմա եկեք այլ կերպ մտածենք, մեզ այլ կերպ դիրքավորենք: Ա՛յ, եթե վիրուսը մի քիչ երկար ձգվեր, բացահայտեր բոլորիս էությունը…
Տեսնո՞ւմ եք, ինքնաթիռները կպած են գետնին, նավերը կառամատույցում են, առևտուր չկա և պետք էլ չէ: Ապահովիր քեզ այն ամենով, ինչն իսկապես անհրաժեշտ է, և վերջ: Կհանգստանան բոլորը: Մենք լրջորեն պիտի ուղեղի լվացում անենք և մեզ նորմալ տեսքի բերենք: Մենք պիտի հասկանաք, որ հարկավոր է ապրել հանուն մեզ: Այսինքն՝ գտնվել այն վիճակում, որում մարդը կարող է գոյություն ունենալ հավերժ: Այս կյանքի ընթացքում մենք միայն այն ենք արել, որ խույս ենք տվել մահից: Վիրուսը մեզ հիմա դնում է այլ իրավիճակում. դու մահից մի՛ փախիր, միևնույն է, չես կարողանալու:
Եկեք այնպես անենք, որ հաղթահարենք մահվան այդ ենթադրյալ սահմանագիծը: Մենք դա կարող ենք անել, հնարավոր է անմահ լինել: Եվ այս հարցում վիրուսը մեզ կօգնի:
Պետք է վեր կանգնել սեփական էգոիզմից, վիրուսը մեզ անդորր է բերում: Այդ էգոիզմը միայն այն չէ, որ մենք ուզում ենք մեկմեկու առաջ ցուցադրվել, լինել մեկս մեկից խելացի, ուժեղ… Այդ էգոիզմը սահմանափակում է մեզ, տալիս է աշխարհընկալման զգացողությունը միայն մեր մարմնի միջով: Եկեք ընկալենք աշխարհը մեր ներքին զգացողությունների միջով, մեր հոգու միջով: Այդ ժամանակ աշխարհը բոլորովին այլ կերպ կտեսնենք՝ անվախճան, հավերժական, կատարյալ: Սա ոչ մի կապ չունի կրոնական ուսմունքների հետ: Ուղղակի եկեք զգանք մեր ներսով, թե որքանով ենք մենք ապրում կատարյալ և հավերժական աշխարհում:
Կաբալայի ուսմունքն այդ մասին ասում է. այն չի մարտնչում որևէ հավատքի հետ, բնա՛վ: Այն ուղղակի զարգացնում է մարդու հոգին, և դրա շնորհիվ մենք կարող ենք իսկապես երջանիկ դառնալ: Իսկ այդ բոլոր միլիարդները, միևնույն է, կչքվեն, և մարդուն ոչինչ ավելին հարկավոր չի լինի, քան նորմալ, առողջ սնունդը, նորմալ հագուստը, նորմալ ընտանիքը: Սա շատ հեշտ է իրականում: Միայն չպիտի աշխատենք, որպեսզի թափենք: Աշխատում ենք, որպեսզի դուրս նետեք: Դուրս նետենք, որովհետև հարևանն արդեն նորն ունի, իսկ իմը դեռ հին է: Այս ամենը պետք է վերացնենք: Կարծում եմ՝ մարդիկ կհասկանան, որ կարելի է հասնել այս վիճակին: Բնությունն էլ իր հերթին կօգնի մեզ այդ հարցում: Որովհետև հակառակ դեպքում մենք մեզ կհասցնենք ոչնչացման:
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=uT5uluzF9KQ&app=desktop
Ռուսերենից փոխադրեց Տաթև Խաչատրյանը
No Comments