Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման օրերին արվեստագետները ներկայացնում են իրենց աշխատանքները: Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանը այս օրերին ստեղծել է մանրանկարչական աշխատանքների շարք, որում ընդգրկված են հայկական այբուբենը, Աստվածաշնչյան թեմատիկայով արված «Ավետում», «Դժոխք իջնելը», «Մուտք Երուսաղեմ», «Խորան» և այլ աշխատանքներ:
Շարքում ոճով առանձնանում է «Օմար Խայամը իր սիրուհու հետ» պարսկական թեմատիկ մանրանկարը: Նկարչուհու խոսքով՝ «Այբուբենը» հայկական մանրանկարչական զարդատառերի հավաքական պատկեր է: Այստեղ օգտագործված են միջնադարյան Հայաստանի տարբեր ձեռագիր մատյանների զարդարուն սկզբնատառերը: «Ավետումը», «Դժոխք իջնելը» պատկանում են կիլիկյան մանրանկարչության դպրոցին (Ավետարան 1287թ.): «Մուտք Երուսաղեմը» ևս կրկնօրինակն է կիլիկյան մանրանկարչության դպրոցի:
«Քանի որ մանրանկարչությունը, բացի կերպարվերվեստի տեսակ լինելուց, նաև գիտություն է, ուստի այն անվերջ կարելի է ուսումնասիրել: Մի կողմից մանրանկարչական դպրոցների ծագման և զարգացման ուսումնասիրություններն են, հուշարձան-ավետարանների ուսումնասիրությունը, ծաղկողների ստեղծագործական գործունեությունները, հոգևոր պատկերների թեմաների մեկնաբանումը, մյուս կողմից կերպարվեստի տեխնիկական մշակումներն են, որոնք խիստ տարբերվում են ակադեմիական նկարչությունից: Պատմական Հայաստանի մանրանկարչական դպրոցների, կիլիկյան դպրոցների և գաղթօջախների մանրանկարչական պատկերների գունապնակները իրարից տարբեր են, բայց յուրովի գերում են դիտողին: Ինձ համար մանրանկարչությունը ապրելաոճ է»,- ասում է Լուսինե Ազատյանը, նշելով, որ իր ժամանակի զգալի մասը տրամադրում է մանրանկարչությանը:
Պատրաստեց Տաթև Խաչատրյանը
No Comments