Սկզիբը՝ այստեղ
Որպես մի անգո,
Ցնոր գոյություն՝
Մարտահրավեր ողջ տիեզերքին,
Ես մոռանում եմ քեզ, ով մարդկություն,
Ես մոռանում եմ քեզ ու մարմինն իմ․․․
Սիկաու, Հատ․ 12-րդ գիրք
27 նոյեմբերի։ Երեկո։
Բազում փոթորիկներ անցած «Թայն» շոգենավը կարող է ընկղմվել դիմավորողների ու ծաղկեփնջերի առատությունից։ Լեփ-լեցուն նավահանգստում ժխոր է։ Դենը ձեռքերի վրա իջնում է նավահանգիստ։ Նա երկրպագուներին խնդրում է թույլ տալ ոտքը դնել այդ մայրցամաքի հողին։ Նրա իջնելու փորձն արգելվում է։ Պայծառ «սիրիուսները» ծակում են Դենի աչքերը, ու նա կարոտով ձգտում է դեպի ջունգլիների խաղաղ կիսախավարը։
28 նոյեմբերի։ Կեսօր։
Ճառը հյուրանոցի պատշգամբից մեծ հաջողություն ունեցավ, չնայած՝ քչերը կարողացան լսել։
29 նոյեմբերի։
Լրագրերն առանց դիտավորության գլխի են գցում Դենին, որ ամբողջ աղմուկը իր բաց նամակի համար է։ «Ճշմարտության ջատագովը թքում է իր կառավարության որոշումների վրա…»:
«Անկեղծությունն էլ՝ որպես քաղաքական ակտ» երևույթին վերնագիր է դնում Դենը և բանկետում հարբեցրած գլուխը վերջին անգամ դնում հյուրանոցի քաղաքակիրթ բարձին։
30 նոյեմբերի։ Առավոտ։
Փողային նվագախմբից խլացած Դենը փախչում է կառավարության տրամադրած շոգենավի խցիկը։
10 դեկտեմբերի։ Առավոտ։
Շոգենավը Դենին հասցնում է Մեծ գետի գետաբերանը։ Հրաժեշտ տալով գարշելի նավապետին ու համակրելի օգնականին՝ Դենը տեղափոխվում է փոքրիկ կատերը։
14 դեկտմբերի։ Առավոտ։
Գետը զգալիորեն նեղացել է, ափերի բնակավայրերը հազվադեպ են դարձել։
19 դեկտեմբերի։ Երեկո։
Վերջին գյուղում Դենն ուղեցույցներ է ճարում՝ երկու կարմրամորթ որսորդների։ Գյուղի հրապարակում թնդում են թմբուկները, և ծաղկազարդ աղջիկներ են պարում։
20 դեկտեմբերի։ Առավոտ։
Դենը հրաժեշտ է տալիս կատերավարներին ու փորած ծառից նավակով ուղևորվում գետակով վեր։
28 դեկտեմբերի։
Ափերին անծայր, անթափանց ջունգլիներն են՝ առանց բնակության նշույլի։ Այդ տեսարանն արդեն ձանձրացրել է Դենին, և նվազել է ջունգլիները մխրճվելու բուռն ցանկությունը։ Չորս հնդկացիները, որոնք նավակը պիտի հետ տանեն և որոնք պիտի ուղեկցեն Դենին՝ ըստ հանդիսավոր խոստման, մինչև վերջ շարունակում են վախենալ վիթխարի սենբերնարից, որը շատ է բարի՝ նրանց վնասելու համար։
30 դեկտեմբերի։
Նավակը քսվում է հատակին ու կանգ առնում։ Ահագին կոկորդիլոսն ու Սենը զարմացած զննում են իրար։ Դենը ցատկում է ափ ու առանց հրաժեշտի՝ սուզվում անտառում։ Երկու ուղեցույցները հետևում են նրան։ Սենը մի վերջին գռմռոց է արձակում կոկորդիլոսի հասցեին ու նույնպես անհետանում խիտ թավուտի մեջ։
31 դեկտմբերի։ Երեկո։ 11-12 ժամ։
Դենը մի կանաչ ճյուղ է խրում խարույկի մեջ, երկու կոճակ ու մի կտոր բամբակ է կախում վրան և ուսապարկից դուրս քաշելով վիսկիի միակ շիշը՝ հյուրասիրում է կարմրամորթներին, ինքն էլ խմում է ու երգում մանկատանը սովորած տոնածառի երգը։ Վայրկյանաչափից իմանալով ժամը՝ նա այնպիսի բարձրագոչ ուռա է արձակում, որ Սենը ցատկում է տեղից ու քնաթաթախ հաչում նրա վրա։ Վիսկին հաճելիորեն տաքացնում է կարմրամորթների ստամոքսները, և նրանք անտարբեր նայում են սպիտակ մարդու տարօրինակ արարքներին։ Պարզ է, կախարդում է՝ ճանապարհի հաջողության համար։
Դենը երանության մեջ է։
Նա ջունգլիներում է։
1 հունվարի։
Կարմրամորթները Դենի տոնածառից մի-մի ճյուղ կոճակ են խրում ականջներում ու քթերում բացված անցքերը ու զարմացած նայում Դենին, երբ սա հռհռում է։
10 հունվարի։
Պարզվում է, որ այնքան էլ դժվար չէ ջունգլին կտրել։ Սենը նապաստակներով է զբաղված։ Դրանք, իհարկե, նապաստակներ չեն, բայց Դենը նրանց այդպես է կոչում։ Իսկ Սենի համար միևնույն է։ Հետաքրքիր է զրուցել կարմրամորթների հետ։ Պարզվում է, որ նրանք անխելք չեն։ Դենն արդեն խոսում է նրանց բարբառով, որը քիչ է նման նրա ուսումնասիրած «Կարմրամորթ լեզուներին», թեև նույն ընտանիքին է պատկանում։
20 հունվարի։
Ջունգլին խտանում է։ Ճանապարհը՝ դժվարանում։ Անթիվ միջատները հանգիստ չեն տալիս։ Դժոխքն արդեն հետ է քաշում դիմակը։
25 հունվարի։
Երկու կամրամորթները սկսել են հետևից քայլել։ Կարծես վախենում են։
27 հունվարի։
Դենը խոսում է ուղեցույցների հետ։ Ինչ-որ անորոշ բաներ են մռթմռթում չար ոգիների մասին։
28 հունվարի։
Դողացնում է։ Ահա նա՝ վաղուց սպասված տենդը։
30 հունվարի։ Առավոտ։
Արթնանում է ու փնտրում ժամացույցը։ Չկա։ Տենդի նոպան չի հապաղում վրա հասնել։
Կեսօր։
Երկու նոպաների արանքում հասկանում է, որ կատարվել է այն, ինչին սպասում էր․ երկու կարմրամորթները, լքելով նրան, փախել են և հետները տարել ժամացույցը, կողմնացույցը, լայնաբերան դանակը։
Ինչքա՞ն ժամանակ է՝ թափառում է ջունգլիներում․․․
Ջունգլին խտացել է, օրվա ու գիշերվա հաջորդականությունը չի նկատվում։ Արև չկա։
Տասն օ՞ր է անցել, թե՝ տասն ամիս․․․
Առջևում վերջին կայծակից հրդեհված բացատն է և հովազի հետ կռվում վիրավորված շունը։ Վերջին ուժերը հավաքելով՝ սկսում է հյուղակ կառուցել։
Շարունակելի
No Comments