ՄշակութաԳիծ Շուշանիկ Թամրազյան

Շուշանիկ Թամրազյան/ Բաց նամակ ուսանողներիս

20.12.2020

Ծննդյան տոների նախօրեին ընդունված է բարեմաղթանքներ հղել, բարձրաձայն երազել՝ ակամա դրան հաղորդակից դարձնելով հարազատ և անծանոթ մարդկանց: Ավաղ, դեկտեմբերյան մշուշների միջով դանդաղ դեպի Ամանոր լողացող մեր քաղաքում բոլորովին այլ մտորումներ են ինձ ստիպում դիմել ձեզ: 

Սոսկալի ծանր էին վերջին շաբաթները: Ծանրը ոչ միայն «պարտությունն» էր, որովհետև ի վերջո թե՛ «հաղթանակը», թե՛ «պարտությունը» հարաբերական հասկացություններ են մերօրյա իրականության մեջ, երբ հաշված վայրկյաններում, ընդամենը ձեռքի մի հպումով կարելի է հողին հավասարեցնել ամբողջ քաղաքակրթություններ, անհետ ջնջել մարդկային հիշողությունը… ծանր էր այն, որ ոմանց թվաց, թե դարերի պատմություն ունեցող երկիրն այնքան թեթևորեն աճուրդի հանող գաղտագողի մի «փաստաթղթով» կարելի է ծիծաղել մի ամբողջ ժողովրդի վրա, որ կարելի է ծիծաղել Հայրենիքի՝ սերնդեսերունդ հյուսված անուրջի վրա, որ ոչ միայն կարելի է հեգնել, ծանակել «մեր կարոտները հրկեզ», որոնց ներքին ճառագումը դարերի ընթացքում վերածվել էր ճշմարտության, շոշափելի իրողության՝ Հայրենիքի, այլև հավակնել, որ բյուրավոր կյանքերի գնով գրված դարավոր պատմությունը հաշված ժամերում կարելի է հավասարեցնել հողին և ճկունորեն, հայացքը սահուն, վիրտուալ հորիզոններին՝ անցնել առաջ: Երբևէ, մինչև իսկ՝ խորհրդային տարիներին մեր երկրում ներքին կողոպուտը չի հասել նման աղետալի չափումների, ամենապարզ բառերը լցրել անհաղթահարելի մի լռությամբ:

Երբևէ ներգրավված չեմ եղել քաղաքական, հասարակական կյանքի անցուդարձում, և քաղաքացիական հասարակության բարձր ամբիոնները բացարձակապես խորթ են ինձ համար: Ազատության պահանջը, թանկ գաղափարները, հայրենիքի երազն ինձ ստիպել են փողոց դուրս գալ ընդամենը երեք անգամ. 80-ականների ավարտին, որ Հայաստանի պատմության ամենապայծառ տարիներն էին իմ և հարազատներիս համար. տեղի էին տվել բարձր ամբարտակները անդիմադրելի մի զարթոնքի առջև, որ սերունդների պայքարի, երազների բյուրեղացումն էր, 2008 թ. մարտի 1-ին, երբ վտանգված էր հարյուրավոր ազնիվ մարդկանց, հարյուրավոր ուսանողների կյանքը, և այսօր, երբ ուժերի գերմարդկային լարման գնով 45 օր տևած հերոսական պայքարից հետո մարդկանցից պահանջվում է սոսկահար, թերահավատ հայացքներով հետևել ու արձանագրել մասշտաբներն ու քարտեզներն այն շուրջկալի, որ սեփական կառավարությունն է հեղինակել կամ, համենայն դեպս, համահեղինակել իրենց դեմ, իրենց համար: 

Քաղաքականությունն ու կուսակցական գաղափարախոսությունները երբևէ չեն հետաքրքրել ինձ: Բայց վերջին երկու տարիներին խոր տխրությամբ, երբեմն էլ զայրույթով եմ արձանագրել՝ ինչպես է ուռճանում «Նոր Հայաստանի» արհեստածին գաղափարի վրա խարսխված մի ամբողջ «խորհրդաբանություն»: Խորհրդաբանություն, որ չբավարարվեց քաղաքական դաշտով՝ անբացատրելի մի համառությամբ, պիոներական խանդավառությամբ ու տարաբնույթ «նորարարական» ձևաչափերով փորձելով գրոհել, կազմալուծել այն ամենն, ինչ դասական էր և ակադեմիական: Հին աշխարհի և հների «անփառունակ անկումը» տոնող այդ Նորի թիվ մեկ թիրախը երիտասարդներն էին. համենայն դեպս, այդ իրողությունն էր ինձ պարտադրում համալսարանական իմ առօրյան: Քաղաքականացված, պաստառային այդ «Նորը», որն իր լեզվով և մտածողությամբ, պերֆորմանսներով և գեղագիտությամբ ներթափանցել էր լսարաններ ու համալսարանական միջանցքներ: Եվ տխրությամբ եմ մտածում, որ այսօր էլ «տարածաշրջանային նոր մարտահրավերների և տեսլականների» առաջամարտիկների խաղադրույքը կարող են դառնալ ճկուն և առաջադեմ երիտասարդներ, որոնց հեշտ է, օրինակ, համոզել, որ կորովը չափվում է փողոցային բղավոցի ուժգնությամբ, քաղաքական հասունությունը և լիդերությունը՝ խորհրդարանական և էստրադային ամբիոններից արտաբերվող հասցեական ծաղրի և սրախոսությունների ցինիզմով, որ սգո երթն ու հարգանքի տուրքը նահատակներին, ըստ անհրաժեշտության, կարելի է համեմել խրոխտ զրահաանձրևանոցների բալետով և ուժի ցուցադրությամբ, որ կարելի է խռովել նահատակված տղաների պայծառ ու խաղաղ քունը՝ ինչ-որ մեկի վարչապետ լինելը հիշեցնող վանկարկումներով, այսինքն՝ որ կարելի է ուղղակի ոչինչ չհասկանալ… Իհարկե, այս պատմությունը չի սկսվում «դուխով» գլխարկներով, այն սկսվել է շատ ավելի վաղ, երբ, օրինակ, նախկին վարչակարգի օրոք հայրենասիրության չափանիշը բազեությունն էր, Համալսարանի գերքաղաքականացված ուսխորհուրդը բանում էր գիշերուզօր, մշակում էր սցենարներ: Բայց դա պարզ էր և տեսանելի: Իսկ, ահա, եկան «նորերը» ու ոչինչ չարեցին՝ Համալսարանում որևէ բան հիմնովին փոխելու համար, իսկ պատվաստները բազմապատկվեցին: Եվ ուսխորհուրդը հառնեց իր մոխիրներից, գրեթե նույն՝ անփոփոխ կազմով: 

Ինչևէ, խոսքն այսօր այդ մասին չէ, պարզապես հընթացս ուզում եմ արձանագրել, որ այդ և մի շարք այլ պատճառներով «ուսանողի կողքին լինել» արտահայտությունն ինձ համար 2008 թ.-ից հետո դարձել է անհնարին, վերջին անգամ այն կարողացել եմ օգտագործել մարտի 1-ին հետևած ամիսներին: Իսկ «հեղափոխությունը» ոչ միայն ոչինչ չշտկեց, այլև ամենը հասցրեց աղետալի մի եզրի՝ շոուների և պերֆորմանսների իր ոգեխոսներով:

   Ինչո՞ւ եմ այս ամենը գրում այսօր… Անկախ հանգամանքներից, անկախ պարտադրված ձևաչափերից և դրանց հետ ունեցած իմ տարաձայնություններից՝ ինձ համար դասը մշտապես եղել է մշակութային եզերքներ կամրջող, օդեղեն քարտեզներ գծող մտավոր, ստեղծագործ տիրույթ, որ փորձել եմ զերծ պահել քաղաքական, քաղաքացիական ուղերձներից: Իհարկե, երբեք չեմ թաքցրել իմ դիրքորոշումը, բայց և դասը չեմ վերածել քաղաքական, հասարակական քննարկումների. դա պարզապես դեմ է մասնագիտական իմ սկզբունքներին: 

Այսօր մեր «լսարանային» հանդիպումները մոտեցան ավարտին: Եվ, ահա, ձեզ գրում եմ՝ որպես մեկը, որ պարզապես կյանքի ավելի մեծ փորձ ունի, որպես մեկը հազարավոր այն մարդկանցից, որ պատանի հասակում ականատես է եղել անկախության նվաճման այնքան դժվար ու անասելի պայծառ տարիներին, երբ հորիզոնը դողում էր մեր երազներից, որ վերածվում էին իրականության, սահմանները ջնջվում էին, տեղի էին տալիս: Գրում եմ՝ որպես մեկը, որի մեջ ամեն օր ավելի ու ավելի է արմատանում այն զգացումը, ոչ չնայած հազարավոր հայերի ու հայուհիների անդավաճան տոկունությանը դեռևս մի քանի շաբաթ առաջ, չնայած հազարավոր երիտասարդների հոգու սխրանքին՝ այն ամենը, ինչ թանկ է ինձ համար, այն ամենը, ինչին հավատացել ենք, հանուն ինչի ապրել, ստեղծել ու երազել ենք ես և ծնողներս, ծնողներիս ծնողները, ամբողջ սերունդներ, ոչ միայն վտանգված է այսօր, այլև դարձել է անընդունելի մի տուրևառության, անթույլատրելի մի աճուրդի առարկա: Զգացում, որ չի լքի ինձ, քանի դեռ վերոհիշյալ աճուրդի համահեղինակ կառավարությունը շարունակում է կեղեքել իր երկիրն ու քաղաքացիներին՝ երազում և հարթմնի, շարունակում է անարգել որդեկորույս մայրերին և հայրերին, որոնք ստիպված են ժամեր շարունակ սպասել՝ ճաղաշարերի հետևում՝ առավել «լուսանցքային», քան երբևէ՞… Գերեվարված զինվորների վերադարձը վերածում է անհասկանալի մի փոխանակման՝ հընթացս ու թեթևորեն վշտահար ծնողներից կորզելով տասնվեցամյա պատանու կյանքը խլած դիվերսանտներին թշնամուն վերադարձնելու համաձայնությունը, մինչ անբացատրելի հանգամանքներում թշնամու ծուղակում է հայտնվում հայ գերիների հերթական խմբաքանակը, իր հողը պաշտպանող դիրքապահ մշակին ստիպում է իջնել իր հայրենի բարձունքից: Զգացում, որով շատ դժվար, գրեթե անհնար է շարունակել ապրել, աշխատել ինձ համար, որ պատմություն և հիշողություն ունեմ այս երկրում: Կամ ստիպված եմ ամեն օր ինքս ինձ համոզել, որ հնարավոր է ապրել ոչ մի տեղ: 

Անշուշտ, վերջին երկու տարիներին, համառող մի կրկներգի նման, մեզ անվերջ հիշեցրել են, որ երիտասարդներն այսօր բոլորովին այլ հայացքով են ընկալում ամեն ինչ,  որ այսօր ուսանողը ուսանողակենտրոն մեր Համալսարանում… նայում է առաջ և… Վճիտ հայացքներով հազարավոր տղաներ մեզ ապացուցերին, որ դա այդպես չէ, որ անզոր են եղել արհեստածին կարգախոսները: Եվ անձամբ ինձ համար ամեն օր ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այդ «առաջ նայելը» գրեթե անհնար է ներկա վարչակազմի ուղղորդումներով, կառավարական և խորհրդարանային մեծ և փոքր ներկայացումների  համատեքստում: 

Ինձ կարևոր էր թվում դա ձեզ ասել: 

17.12.2020  
ԵՊՀ դասախոս՝    
Շուշանիկ Թամրազյան
                                                                                             

                                                                                         

No Comments

Leave a Reply