Արցախ Գարմար ԳրաԴաշտ

Ոզնու բախտը

20.11.2020

Արջը մի մեծ անտառ ուներ ու, դեռ քիչ չի՝ տեր  ու տիրականն էր այդ անտառի, ամեն անտառ իրենն էր համարում։ Ոզնին ու կզաքիսն էլ իրենց բաժին անտառն ունեին ու մի օր հաշտ էին, երկու օր՝ իրար բուն էին քանդում։ Աղվեսը սրանց բոլորին բարեկամ էր ձևանում, բայց հատկապես ատում էր ոզնուն։  Հայտնի չէ, թե ինչը դուր չէր գալիս աղվեսին՝ ոզնու փշե՞րը, թե՞ համառությունը, բայց երբ ոզնին մոտ էր, աղվեսը վրա էր պրծնում,որ պատառ-պատառ անի։ Ոզնին կամ կուչ էր գալիս, կամ պատսպարվում էր, կամ էլ աղվեսի դունչը ծակելով՝ փրկում կյանքը։

Աղվեսն էլ թանկ գոհար, էլ համեղ պատառ էր ընծա բերում արջին, նրանից հետ չէր մնում կզաքիսը․ արջի բարեկամությունը շահելով՝ իրենց մանր որսն էին անում։ Ոզնին ոչ մեծ անտառ ուներ, ոչ էլ հասցնում էր մի կուշտ ուտել, որ մի բան էլ արջին բաժին հաներ։ Այսպես էլ ապրում էր՝ մի օր լավ, երկու օր եղանակի պես։

Աղվեսն ու կզաքիսը եղբայր էին համարվում, սա նրա ճաշիցն էր ուտում,  նա սրա դունչն էր լպստում։ Ինչպես եղավ, աղվեսն ու կզաքիսը խելք խելքի տվին ու որոշեցին ոզնու բունն ու տեղը քանդել։ Դունչ դնչի տված եկան ու եկան, դեռ քիչ չէր,  մանր ու խոշոր անասուններին էլ առաջն արած բերին։ Ոզնին մենակ, սրանք` շատվորով։ Ոզնին կծիկ դառավ, սրա դունչը ծակեց, կզաքսի ականջիցը կծեց, բայց ուժերը սպառվում էին, ոզնու ցեղակիցներն էլ իրար հետ վիճում էին մի չիր դառած մսացվի համար ու կարգին չօգնեցին միմյանց։

Ոզնին հարայ կանչեց, ձայնը արջին հասավ, արջը թե` իմ անտառումը իրար հետ հաշտ ապրե՛ք, թե չէ, որ եկել եմ, երկու թաթով երեք հարված կտամ։

Աղվեսն ասաց՝ ես չեմ, արջ ախպեր։ Կզաքիսն ասաց` թող իմ որսը ոզնին ետ տա։ Ոզնին շնչասպառ աղվեսի դնչի տակիցը ասաց` աղվեսին մի դենը տարեք, ես կզաքսիցը որսի միս կսարքեմ։

Արջը սրան էլ լսեց, նրանց էլ ու թաթը թաթի առաջը դնելով՝ եկավ ու մտավ ոզնու անտառը։

Ոզնին փրկվեց, աղվեսը պոչը քաշեց, կզաքիսը մի պատառ միս առավ ու գոհացավ , ոզնին մնաց շիվար։

Արջի հետ բարեկամությունը ամենքի բանը չի, ով տալու ոչինչ չունի՝ ոզնիաբար է ապրում, մի օր լավ, երկու օր եղանակի պես…

Կարեն Մարդանյան (Գարմար)

No Comments

Leave a Reply