Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեցին Կոմիտասի՝ Գերմանիայում գրած վոկալ ստեղծագործությունները, որոնք երբևէ չեն ներկայացվել ունկնդրին: Համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին: «Անհայտ էջերից» բացի, երաժշտասերները հնարավորություն ունեցան վայելելու նաև կոմիտասյան հանրահայտ, սիրված ստեղծագործությունները:
Համերգի նախօրեին զրուցեցինք «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի հետ:
-Ինչո՞վ են առանձնանում ստեղծագործությունները, որ ներկայացնելու եք համերգի առաջին բաժնում:
-Գերմանիայում ուսանելու տարիներին գրված ստեղծագործություններն են, որոնք մեծամասամբ, լայն առումով, մեր հասարակությանը քիչ են ծանոթ: Երևի թե միայն երգերից են հնչել: Այսօր պարզեցի, որ երգերից մեկը (բայց ոչ այն մեկը, որ մենք ներկայացնելու ենք այսօր) Բարսեղ Թումանյանը երգել է: Ուրախալի է, որ անդրադարձներ կան: Գերմանական շրջանի ստեղծագործությունները՝ թե՛ դաշնամուրային պիեսները, թե՛ վոկալ գործերը, լարային քառյակները, շատ հետաքրքիր են: Այսօր գոնե ես (կամ շատ երաժիշտներ) չգիտեի, որ Կոմիտասը հեղինակել է լարային քառյակներ: Կարելի է համարել, որ դրանք եղել են ուսանողական տարիների առաջադրանքների կատարումներ, բայց այնպիսի՜ վարպետությամբ արված… Ոչ մի (եվրոպական իմաստով կլինի, թե հայկական) կոմպոզիտորական դպրոց չանցած ուսանողը հայտնվում է գերմանական խիստ կարգապահական պրոֆեսիոնալ շրջանակի մեջ ու երեք տարում հասցնում է ահռելի աշխատանք անել՝ խորությամբ ուսումնասիրել գերմանական երաժշտարվեստը և ոչ միայն՝ գերմանականը, սկսած միջնադարից՝ մինչև իր օրեր յուրացնել յուրաքանչյուրի ոճը, գրելաձևը, տիրապետել գերմաներենին այն աստիճան, որ կարողանա ընտրել պոետների խոսքեր՝ երգերի, երգչախմբային գործերի համար: Թվարակած ժանրերի այս կորիզը մենք պետք է ներկայացնենք այսօր: Համերգի առաջին բաժինը բաղկացած է երկու մասից՝ մեծ գերմանական հատված և վաղամեռիկ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի սոնատը՝ նվիրված Կոմիտասին:
-Գերմանական գործերը փորձ արվե՞լ է շրջանառել Գերմանիայում:
-Գերմանիայի հետ կապ ունեցող մեր երաժիշտներից լսել եմ, որ այդ ստեղծագործությունները, բնականաբար, հայկական շրջանակներում փորձում են մատուցել, բայց լայն համարում, չեմ կարծում, որ ունենան դրանք, որովհետև եղած աղբյուրներն այդ մասին ոչինչ չեն ասում մեզ:
-Որքան գիտեմ, Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունների ուսումնասիրությամբ զբաղվել է Տիրան Լօքմագյոզյանը:
-Այո, այսօրվա համերգի համար շնորհակալ եմ Տիրան Լօքմագյոզյանին: Շատ պատահականորեն իր խմբագրած գիրքը ունեցա, և մտորելու տեղիք տվեց: Նախապես ծրագրված էր, որ այս օրը Կոմիտասին նվիրված համերգ պետք է տայինք, բայց ծրագրային առումով փոփոխություն եղավ, որովհետև ձեռքիս տակ այնպիսի նյութեր հայտնվեցին, որ համարեցի՝ հանրությանը այս ստեղծագործությունները պետք է ճանչելի դարձնենք:
-Այսինքն՝ «անհայտ» գործերը չե՞ն սահմանափակվի այս համերգով:
-Ես կարծում եմ, որ սրանք այնպիսի բարձրակարգ աշխատանքներ են, որ շատ ափսոս է, և սխալ կլինի ներփակվել մեկ համերգի շրջանակում: Կոչ կանեի, որ երաժիշտները, խմբավարները, դիրիժորները անդրադառնան դրանց: Մենք չենք կարող այսօր ներկայացնել, բայց ասեմ, որ Կոմիտասն ունի նաև սիմֆոնիկ կտոր՝ ավարտուն սիմֆոնիկ ստեղծագործություն, որի պարտիտուրան կա:
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments