Հայաստանյան հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող կորեական պատմական հեռուստասերիալները մեծ պահանջարկ են վայելում։ Ըստ այդմ՝ հետաքրքրության են արժանանում նաև կորեական մշակույթը, սովորույթները, լեզուն, երաժշտությունը, անգամ՝ դիմահարդարման միջոցները։ Հայաստանում ավելանում են նաև կորեերենի մասնագետները։
Մեր զրուցակիցը Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, կորեագետ Հասմիկ Քաբաբյանն է, որը դասավանդել է նաև Երևանում գործող Սեջոնգի դպրոցում։ Համաշխարհային համբավ ունեցող այս դպրոցի մասնաճյուղերն ամենուր են։ Դասավանդում են կորեերեն՝ սկսնակ մակարդակից մինչև ամենաբարձ մակարդակ, ծանոթանում նաև կորեական մշակույթին։ Դպրոցի շրջանավարտներին տրվում է հավաստագիր, որ ճանաչվում է Կորեայում, դեր ունի նաև Կորեայի մուտքի արտոնագիր ստանալու համար (խոսքը Հարավային Կորեայի մասին է)։
Հայաստանում Սեջոնգի դպրոցի և դրա շրջանակներում կազմակերպվող դասընթացների մեկնարկը տրվել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Դիմորդները 100-ից ավելի են եղել։ Դպրոցի տնօրենը Փակ Հի Սուն է։ Հասմիկ Քաբաբյանն ընդգծում է, որ ծրագիրը փորձնական է, տևել է մեկ կիսամյակ (հինգ ամիս). դեռ հստակ չէ՝ կշարունակվի համագործակցությունը, թե՝ ոչ։ Երևանում բացված կորեական դպրոցով հետաքրքրվել են ամենատարբեր տարիքի մարդիկ։ Հասմիկ Քաբաբյանը նկատում է, որ երիտասարդներին գրավում էին կորեական ռոմանտիկ դրամաները, պատմական ֆիլմերի հայաստանյան հաղթարշավը պատճառ էր դարձել, որ մեծահասակներն էլ հետաքրքրվեն Կորեայի մշակույթով։ Այսպիսով, ֆիլմարվեստի շնորհիվ կորեացիներին հաջողվեց ճանաչելի ու հարազատ դարձնել իրենց երկիրը։ Ավելին՝ շատ երիտասարդներ ուզում են գնալ-տեսնել Կորեան, սովորել նրանց լեզուն, կրթություն ստանալ։ Հետաքրքրությունը մեծ է նաև ԲՊԼՀ դիմորդների շրջանում։ 2020-2021 ուսումնական տարում «Թարգմանչական գործ» կորեերեն-հայերեն մասնագիտության գծով 20-ից ավելի դիմորդներ են եղել։
Մեր զրուցակցին խնդրեցինք պատմել ինչ-ինչ մանրամասներ կորեական ճաշատեսակների, սովորույթների, կեցութաձևի մասին։
****
Կորեական խոհանոց
Սեջոնգի դպրոցում կորեական ուտեստներ պատրաստելու առանձին դասընթացներ կան։ Կորեական ուտեստների բաղադրիչները երբեմն դժվար է ձեռք բերել, բայց հնարավոր է փոխարինել դրանք։ Կորեացիների խոհանոցում գերակշռում են կծու ուտեստները, մասնավորապես՝ կարմիր պղպեղով պատրաստված սոուսները։ Դեղին բողկ մեզ մոտ չկա, չինական կաղամբը շուկայում կարելի է գտնել կամ չգտնել՝ կախված սեզոնից։ Հայկական ու կորեական խոհանոցները շատ տարբեր են։ Բայց, այնուամենայնիվ, հայտնաբերել են ճաշատեսակ՝ սոլոնգթանգ, որ շատ նման է հայկական խաշին։ Պարզապես չորացրած լավաշի փոխարեն խաշի արգանակի մեջ լցնում են լապշա, ճաշակում սխտորով ու կաղամբից պատրաստած կծու սոուսով։
Ավանդականը՝ ժամանակակից Կորեայում
Թեև կորեացիները շատ ժամանակակից են, առաջադեմ, բայց կան ավանդույթներ, որոնց հետևում են մինչ օրս։ Օրինակ՝ երիտասարդները, հատկապես՝ աղջիկները, մինչ ամուսնանալը ապրում են ծնողների հետ։ Ընտանիքը կարևորագույն արժեք է այստեղ։ Ավանդական տոները նույնպես պահպանվում են։
Հանբոկ
Կորեացիների ավանդական հագուստը կոչվում է հանբոկ։ Այսօր էլ Կորեայում կարող եք տեսնել հանբոկ հագած երիտասարդների։ Ավելին՝ ավանդական հագուստ կրողների համար թանգարանների ու պալատների մուտքն անվճար է։
Բոլոր կորեացիները տանը հանբոկ ունեն։ Լուսնային նոր տարուն՝ Սոլլալին (2021-ին Սոլլալը նշել են փետրվարի 12-ին), և մահացածներին նվիրված տոնին՝ Չուսոկին, մեծից փոքր համբոկ են կրում և խոնարհվում՝ շնորհակալություն հայտնելով մահացած ծնողներին ու նախնիներին։
Զգուշացե՛ք, դռները փակվում են
Բոլորը շտապում են, ոչ մի գործ չեն հետաձգում, եթե նույնիսկ կա բավարար ժամանակ՝ այն ավարտին հասցնելու համար։ Դրանով, սակայն, սթրեսի են ենթարկում և՛ շրջապատի մարդկանց, և՛ իրենք իրենց։ Կորեայի վատ կողմերից մեկը մետրոն է։ Չնայած այն շատ հարմար է, կարելի է հասնել Սեուլ քաղաքի ցանկացած կետ, սակայն անասելի մարդաշատ է, ու բոլորը շտապում են։ Մանավանդ՝ եթե աշխատանքի գնալու ժամն է։
Կորեայում շատ է ինքնասպանությունների թիվը։ Հիմնականում կյանքին վերջ են տալիս՝ նետվելով մետրոյի գնացքի տակ։ Պետությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռք առել. կայարանը փակ է դռներով։ Գնացքի ժամանման ժամանակ նոր միայն բացվում են դռները։
Գնում են խմելու
Աշխատանքային շաբաթվա վերջում՝ ուրբաթ օրերին, ընկերներով կամ գործընկերներով գնում են խմելու։ Երեկոյան ժամերին փաբերի մոտ մեծ թվով հարբած կորեացիների կարող եք հանդիպել։ Կտեսնեք՝ ինչպես է կոստյումով, պորտֆելը ձեռքին մեկը փողոցում քնած։ Վտանգավոր ոչինչ չկա։ Քնում են, արթնանում, գնում տուն։
Գեղեցիկ լինելու արվեստը
Շատ մեծ ուշադրություն են դարձնում արտաքինին։ Դժվար է ասել՝ գեղեցիկ են, թե ոչ, բայց խնամված են։ Եթե Հայաստանում ծնողները դպրոցն ավարտող իրենց երեխաների համար ոսկյա զարդեր ու թանկարժեք այլ իրեր են նվիրում, ապա կորեացի ծնողները երեխաներին «վիրահատություն են նվիրում»։ Ընդունված է մեծացնել աչքերը, փոխել կզակի ձևը։ Այլ կերպ ասած՝ փորձում են նմանվել եվրոպացիներին։
Ճարտարապետությունը
Քաղաքում շատ են միանման, իրար կպած շենքերը, բայց մայրաքաղաք Սեուլի կենտրոնը գեղեցիկ է։ Մանավանդ որ պահպանվել է հնի-նորի համադրությունը՝ հնագույն պալատներ, բարձրահարկ գրասենյակային և բնակելի շենքեր, հյուրանոցներ ու ավանդական շուկաներ։ 2010 թվականին Սեուլը համարվել է տարվա համաշխարհային դիզայնի մայրաքաղաք։
******
Հայաստան-Կորեա—Հայաստան
Լեզվի իմացությունը պարտադիր է
Կորեայում ուսանելու համար կան որոշակի սահմանափակումներ. պետք է դիմեն ցուցակով եղած մասնագիտություններով և տիրապետեն կորեերենի։ Եթե ինչպես հարկն է չեն տիրապետում լեզվին, մեկ-մեկուկես տարի սովորում են, քննություն հանձնում։ Topik-ը բարեհաջող չհանձնողները չեն կարող շարունակել կրթությունը, նրանց հետ են ուղարկում իրենց երկիր։
Խնդիր N 1
Ամենամեծ խնդիրը Հայաստանում Կորեայի դեսպանատուն չունենալն է։ Ռուսաստանի դեսպանատան միջոցով են իրականացվում ծրագրերը, Կորեայում կրթություն ստանալու գործընթացը։ Թեև շնորհիվ Փակ Հի Սուի (դեռ կանդրադառնանք նրան-հեղ.) հայ ուսանողները հնարավորություն ունեն կրթաթոշակ ստանալու՝ որպես ՀՀ քաղաքացի։ (Հասմիկ Քաբաբյանը նույնպես ուսանել է Կորեայում, սովորել Կորեայի պատմություն, մշակույթ և լեզու։ Ունի նաև աշխատանքային փորձ- հեղ):
Հետաքրքրություն երկուստեք
Հայաստան այցելած դասախոս Փակ Յոնգ Ընը, որ հետազոտում էր Կովկասյան տարածաշրջանը, 2016-ին Կորեայում պլանավորել էր զեկույց Հայոց ցեղասպանությանը վերաբերող ֆիլմերի մասին, սակայն Թուրքիայի դեսպանատունը, դիմելով Կորեայի կառավարությանը, թույլ չտվեց ներկայացնել այն։
Երկու տարի առաջ Կորեայում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր. ներկայացվել են հայկական տարազներ, երաժշտական գործիքներ, լուսանկարչական աշխատանքներ։ Ընդ որում՝ տարազները ցուցադրել են Կորեայում սովորող հայ ուսանողները։
Կովկասում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հրապարակվել է հայկական ժողովրդական գործիքների մասին կորեերեն ժողովածու։ Հեղինակը՝ Նո Ջե Մյոնգը, շատ հետաքրքրված է Հայաստանով, քանի որ համոզված է, որ մարդկությունն առաջացել է հենց Արարատ լեռան վրա, և հայերն աշխարհի առաջին ազգն են։
Ինչ վերաբերում է գրականությանը. կարծես երկուստեք դաշտը խոպան է, թեև Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները սովորելու ընթացքում թարգմանում են կորեական գրականություն։
ԲՊՀ Կորեերենի կենտրոնը հաճախ կազմակերպում է մշակութային միջոցառումներ՝ թե՛ կորեերեն սովորող ԲՊՀ ուսանողների համար, թե՛ պարզապես Կորեայով հետաքրքրվողների համար։ Ցանկացողները կարող են հետևել կենտրոնի ֆեյսբուքյան էջին և մասնակցել։
Հայաստանում կորեերենի առաջին դասախոսը
Կորեայի ֆոնդը (Korean Foundation) դասախոսներին, որոնք հետաքրքրվում են արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքով, ուղարկում են տարբեր երկրներ։
ԲՊԼՀ-ում կորեերենի բաժինը հիմնվել է 2006-ին, երբ Հայաստան է ժամանել կորեացի առաջին դասախոսը՝ Ջոն Մունին։ Եկել է Հայաստան 5 տարով, մնացել 7 տարի։ Հենց իրենից է սկսվել Հայաստանում հետաքրքրությունը կորեական մշակույթի ու լեզվի նկատմամբ։ 2012-ին նրան փոխարինել է Փակ Հի Սուն։
Փակ Հի Սուի մասին
Փակ Հի Սուն երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ճանաչել է հայերին ու որոշել տասը տարի ապրել ու աշխատել Հայաստանում՝ առաջին քրիստոնյա երկրում, հետո միայն վերադառնալ Կորեա ու անցնել թոշակի։ Նրա աշխատանքային գործուղման ժամկետը անցյալ տարի լրացել է, բայց մնում է Հայաստանում ու շարունակում դասավանդել։ Ինչպես վերևում նշեցինք, նրա ջանքերի շնորհիվ հայ ուսանողները հնարավորություն ունեն կրթաթոշակ ստանալու՝ որպես ՀՀ քաղաքացի։ Նրա դասավանդման ընթացքում է հիմնադրվել ԵՊԼՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը։ Փակ Հի Սուն Սեջոնգի՝ Երևանում բացված դպրոցի տնօրենն է։ Հայաստանով հետաքրքրված կորեացի ուսուցիչը քրիստոնյա է։
Արմինե Սարգսյան
Տաթև Խաչատրյանը
No Comments