Երևանի պետական կրկեսը վաղուց քաղաքը զարդարող խորհրդանիշ է հիշեցնում: Կրկեսի շենքը վերանորոգվում է, «բացվում»՝ մե՛կ այս տարի, մե՛կ այն տարի …. ու վերջը չի երևում: Երևանցիների տեսադաշտից դուրս է նաև Կրկեսի արքայի՝ Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը: Միառժամանակ լուրեր պտտվեցին, թե արձանը համահունչ չէ շենքի արտաքին տեսքի հետ ու վերադարձից հետո դրվելու է շենքի ներսում:
Օրերս, Երևանի ավագանու որոշմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկի՝ կրկեսին հարող պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ: Եկավ նաև հուշարձանի վերատեղադրման ժամանակը:
Ժողովրդական նկարիչ-քանդակագործ Լևոն Թոքմաջյանից փորձեցինք պարզել՝ որ հատվածում է դրվելու իր հեղինակած հուշարձանը, տեսանելի լինելո՞ւ է՝ ինչպես նախկինում:
«Նախկինում, երբ կրկեսի շենքը ցածր էր, արձանը դրված էր աստիճանների վերնամասում, հիմա կրկեսը եռակի-քառակի անգամ մեծացել է. արձանի չափը չի փոխվելու, մի քիչ պատվանդանն եմ բարձրացնելու»,- ասաց Լ. Թոքմաջյանը: Նշեց, որ հանդիպել է պուրակի ճարտարապետի հետ, երկու տարբերակ են ընտրել: Մի դեպքում դրվելու է մեջքով դեպի հյուրանոցը, դեմքով՝ դեպի կրկես ու բաց տարածք:
Երկրորդ տարբերակի համաձայն՝ տեղադրվելու է շենքի դիմացի փոքր թեք հատվածում:
Էսքիզները կներակայացնեն քաղաքի գլխավոր ճարտարապետին, կխորհրդակցեն, ու ընթացք կտրվի գործին:
Պարզվեց նաև, որ իսկապես եղել է առաջարկ՝ «Ենգիբարյանին» շենքի ներսում կանգնեցնելու, բայց քանդակագործը դեմ է եղել, պարզաբանել է, որ քանդակը մոնումենտալ լուծում ունի, ներսում տեղադրելը անհնար է: Դա իր նվերն է քաղաքին, որոշումն էլ անխախտ է:
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը տեղադրվել է 1998-ի մարտի 26-ին՝ նրա ծննդյան տարեդարձի առթիվ: Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցված է բրոնզից ու վարդագույն բազալտից, բարձրությունը 3,6 մետր է։
Հուշարձանի արխիվային և նախագծային լուսանկարները ardi.am-ին տրամադրել է Լևոն Թոքմաջյանը
Արմինե Սարգսյան
No Comments