Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Oxymuron*

06.06.2020

Երկու քաջք էին մտել Միրումի ձորը, փոստի Գարուշն է պատմում: Մտել են Միրումի ձոր, իրար հետ քչփչացել, Գարուշի ականջին Կարմիր աղբրից է ձայնը հասել: Նա նստել, մահակը ծնկներին՝ շունչ է առել, իսկ էշը՝ հակները մեջքին, կածանը ետև թողել, պայտի տակից կածանի խռիճը պոկվել է, փախել է տնքալով՝ զառիթափը շուտ իջնի, շինամեջն անցնի, հասնի բակ՝ բեռը թոթափի կոտրվող մեջքից: Քաջքի շշուկից Գարուշը հասկացել է, որ նրանք եկել են՝ անցնեն դեպի Սալկոտ: Խավարից են եկել՝ իրենց վաղեմի ծանոթներին տեսության, ու որպեսզի սարսափազդու չլինի այս պատմությունը — առանց այդ էլ՝ տեղացի երբեմնի քաջքերը զազրելի տեսք ունեն՝ տգեղ երեսահատ, այծի պոզ-միրուք, էշի ագի — թող ամառվա շողշողուն օրը Սալկոտի ձորի վրա Շոպենի «Նոկտյուրն օպ. 9»-ը թևածեր այդ օրը, ասենք:

-Ադա՛, վայ թե՞ քեֆդ գագլի ա եղել,- իրենց դարպասի մոտ, քառակուսի կրաքարի վրա նստած, Բուշանց Սուրենն է հարցրել Գարուշին, երբ նա թոշակը բերել, թաղամասով բաժանել, շորշոփը սրտում պատմել է:

-Ընկե՛ր Սուրեն, էսքան տարի ա՝ մի ղալա՞թ ես լսել իմ բերանից…

-Դե՛, մարդ ես, օրը՝ կիրակի, ոտուձեռից՝ բեզար, ասում եմ՝ վայ թե…-  անկեղծ ծիծաղել է անատամ Սուրենը:

-Չէ՛, խոսքից եմ հասկացել, որ եկել են՝ ծանոթ-ծունութի տեսնեն, բայց քոռուփոշման ետ են դառել:

-Գլխի չընկա,- աչքերը կկոցել, լրջացել է Սուրենը,- ուրեմն ծանոթ-ընկեր ունե՞ն մեր մեջ:

-Իրենց ասելով՝ ունեին, եկել-տեսել են Սալկոտի ձորում շունչ չկա, եթիմ պատեր են կանգնած: Ուր նայել են՝ ավերակ տուն: Թոնիր են մտել՝ օձի խորխ տեսել, փոշի-ցեց կերած փայտվանք, քոլքը կոխած բոստան: Էն մի ցանցառ քաջքը լացում էր. հինգ տարի, ասում է, ճամփա է պահել, հերթը իրեն հասնի, ինքն էլ գա հարազատ երկիր:

-Վա՛յ քո…

-Գիշերն էն շան որդի Կարիուսի վրա եմ ներվերս քայքայել, երկու գոլ բաց թողեց չորուցամաք տեղը: Իսկի աչքս հո՞ւպ ա եկել՝ ասա: Ութանասուն թվից եմ սպասում՝ Լիվերպուլը մի բան վերցնի:

-Չէ՛, չէ՛, Գարո՛ւշ, սպասի՛, դու քաջքի մասին պատմի: Ա՛յ տղա, ոնց-որ սկսում եմ հավատալ: Էնպես էլ հավես ունես՝ գիշերը նստես, թե քացով տալու սպորտ եմ նայում. երանի դարդիդ: Միրումի ձորի քաջքերն ո՞ւր կորան: Ինձ շատ հետաքրքիր ա, թե ումոնցից են խոսել էդ շան քաջքերը, մեր միջի ագենտը, կուզեի տեսնեմ, ով ա: Ադա՛, կարո՞ղ ա այլմոլորակային ես տեսել, գլուխդ ինչ ասեմ:

-Ագենտի հարց չի, ա՛յ մարդ: Այլմոլորակայինը պոզով-պոչո՞վ ա լինում, չգիտեմ: Եկել են տեսել՝ իրենց տեսած շենից մարդ չկա: Մի էն ա՝ գերեզմանոտ են գնացել, մի էն՝ դուրս են եկել հասել աշխարհքի ծերը: Դու խա՞մ ես գործից, ընկե՛ր Սուրեն, դու չգիտե՞ս, որ շենի տներն են կանգնած, մարդ-մուրդ չի մնացել:

-Մեղա՜ քեզ, մեղա՜…

-Քաջքերը Սալկոտի ձորում՝ կամուրջից վերև, Չըռչըռի տակ, երախոցը թրջոց գալիս տեսել՝ էլ ձեն չեն հանել, Ավդալի աղբյուրն ի վեր՝ բարձրացել են սարը, եկել՝ հենց Միրումի ձորում ինձ ռաստ եկել: Լավ ա, թե էշը չեն տեսել առաջիս բաց թողած, ինձ էլ ման կգային:

-Չէ՛, դե ի՞նչ ման գային, էն ա երևացին, որ մեր բարի, անշառ քաջքերն են, նրանք միշտ մեզ հետ են ու մեզ ձեռ չեն տա երբեք…

Սեղան նստենք՝ ծպտուն չհանես. քաղաքական դլե յամանի այս ժամանակին՝ աշխարհը կաշին փոխում է: Արի՛, մի կտոր հաց ուտենք ու մնանք սիրով իրար հանդեպ: Լեզու չենք թրջելու: Ոսկե օրեր են հալչում:

Ա՜խ, իսկապես, այս ամեն ինչից հոգնել եմ: Ուզում ես՝ խորշես, հուպ տաս մեջդ ամեն միտք, ինքդ քեզ իմացյալ՝ բառի բարոյական իրավունքից զրկես:

Ու՝ «տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում է», կանաչ անձկությունը ջերմացնում է քեզ: Հարկավոր չէ հուպ տալ, ամենևին: Հուպ ես տալու՝  ժամանակը քեզ համար ախտ է սարքելու, հուպ տալն ապրումներ էլ է թանձրացնում: Ախտի օտար մի թնջուկ է գոյանում օր օրի քո ներսում,  սպասում իր ժամանակին: Խարդախ, գաղտագողի այդ թնջուկը քեզ է սպասում, արի արհամարհենք ու՝ աշխարհին սիրով նայենք:

Երկրին հրաժեշտ տված մարդու համար հայրենիքն առերևույթ խաղից դուրս պիտի լինի: Ինքդ քո կարոտների դա՛րդը քաշիր ու ձեն մի՛ հանիր: Գնացել ես, հետդ նախշուն պատկերներ են մնացել ընդամենը: Հարյուր տարի առաջ մարած հրաբխի նման՝ ստի ապաշխարության պատառ սերեր են ծխրտում քո մեջ, երջանկություն է երբեմնակի քեզ այցելում, ոգևորությունից աճապարում ես մեկին պատմել, սակայն պատշաճ բառեր չես գտնում այդ պահին, սոսկումով մենակ ես լիանում:

Դու երկրի համար մեռել ես: Քո համար երկիրը մեռել է, իսկ մեռնողի հետևից, զուր չեն ասում, լավը, կամ՝ ոչինչ:  Դու քեզ խաղից դուրս ես դրել, դու այլմոլորակային քաջք ես, հերթդ պիտի գա՝ բաց թողնեն քեզ երկիր: Խնդրում եմ՝ հեռվից, մեղմ ասած, չհաչես: Քո հաչելը, սիրելի՛ս, հուսահատ փորձ է, դու ինքդ էլ գիտես, որ մեռել ես, ճղներից կախվում ես, որ ի՞նչ…

 Մի՛ խոսիր, առ-հա-սա-րակ, մի՛ խոսիր…

…Բայց, մի տեսակ, իրականության հետ աղերս էլ չունի, իբր թե՝ «ով իր երկրում ա ապրում՝ հերոս ա»: Այսօր իրար համոզելու հնար չկա. ի՜նչ համոզել, գոնե լսել լիներ: Չխոսելը, ընդունենք, որ անցումային պատկառանք է: Խոր թյուրիմացություն է, թե ամեն ինչի մասին հարկավոր է անպայման բարձրաձայնել: Ամեն ինչի մասին խոսելն ավելի է քշում դեպի անհանդուրժողականություն, անմիաբանության հորձանուտ: Հոգնակի թվով ակնարկներն էլ մեռած անախրոնիզմ են: Ռուս մեծերից մեկն է ասում. «Уступчивость — это сила»:

Ֆեյսբուքում մարզական մեկնաբանի ինքնահռչակ պաշտոն տուր ինքդ քեզ գոնե՝ օրդ անցնի:

Մի խոսքով, ահա, այսպիսի մարմանդ, շոշափելի ու սթափ անհեթեթություններ:

Էլ ի՜նչ կուզեի ասել:

Ի դեպ — խիստ անանձնական — ամենասիրունը՝ հայուհիներն են: Սիրունը բռնում՝ ճաշակի են տալիս, ավանդաբար: Չգիտեմ: Բայց և այնպես, հայուհիների միջի դժվար նշմարելի զգայական նիշը ոչ մի ուրիշ ազգի կանանց մեջ չես գտնի: Միգուցե սա տրանսցենդենտալ ոլորտի միամիտ մի ոգևորություն է ընդամենը: Քաջ գիտակցում եմ, իհարկե, որ մարդու բնույթը ազգություն չունի, պիտի ասեմ, որ կինը՝ առավել ևս: Ամենևին ու՝ հաստատ…

Հայուհիների մեջ՝ շումերներից, թե աքքադներից, կամ ավելի ճիշտ՝ փռյուգիացիներից, միգուցե, պոկված մի հմայք — ոչ մի ցեղի մեջ չես գտնի: Հա՛, իմիջիայլոց, Հերոդոտոսն ասում է՝ փռյուգիացիները հայերի նախնիներն են: Ով-ո՜վ, մեծ, հեթանոս հույնը մի բան գիտի, որ գրում է: Գրում է, թե Եփրատի վրայով հայերն ինչպես են գինի տարել Ալեքսանդրիա՝ ծախելու: Մինչդեռ այսօր մեկնումեկը՝ մի ժրաջան քաղաքացի, Վայք-Արենի անձավներում կարասի է հանդիպում՝ մեջը հազար տարվա գինու ձյութ ու կորիզ, տարփողում մինչև Լոնդոն, թե մի եկե՜ք-տեսեք՝ ինչ ունենք մենք, քանի՜ տարեկան ենք մենք: Հերոդոտոսը երկուսուկես հազար տարի առաջ է գրել, մեզ հասցրել: Քաջքերը ճիշտ են նեղացել, տեսնո՞ւմ եք…

Մի կերպ եմ ինձ պահում՝ քաղաքական չդառնա միտքս, անամոթաբար՝ հայուհիներից էլ շեղվեցի: Ծեծված, տրիվիալ խոսք է, բայց արժի կրկնել՝ հայուհիներին ձեռքերի վրա պահել է հարկավոր: Կնոջ հանդեպ մեր ժողովրդի բարիդրացիական ստրկահաճությունը, այո՛, վաղեմի բարք է. մայրիշխանական հակումները՝ ասիականության քաղաքակիրթ շողքի մեջ, կնոջ պաշտամունքի երբեմնի հետքերը մեր մեջ ավելի բազում ու կենարար են:

Մեր տոհմի մեջ, օրինակ:

Մեր իսկական ազգանունը Թելիյանց է. եթե սուտ չլինի՝ մի առնվազն հինգ դարի զրույց: Մեր տոհմի առասպելը դեռ ապրում է, տատի-պապի պատմում՝ տալիս են նոր եկող ժառանգներին: Պատմում են՝ ուրախանում, թե ինչպես է նախշուն, անմեղ Թելլին, պատահմամբ ու շփոթահար, մթան մեջ խփել-սպանել է իր խանդոտ, դիվահար Ալեքսան ամուսնուն: Ալեքսանին արհեստավոր, նախանձ ընկերներն են ափերից  հանել. «Ադա՛, մի ետ գնա տուն, կնկանդ միտքը պղտոր ա»: Թելլիի-Ալեքսանի գերդաստանի զրույցին նախանձ մարդկանց երեսից ենք մենք հիմա իրազեկ: Ընդամենը քանի դար առաջ կինը տիրուհու դեր է ունեցել: Կրկնում եմ, հինգ հարյուր տարի է մեր ազգանունը Թելիյանց՝ Թելլի մեծ մամի անունով. միջնադարից մեզ վրա է մեր մեծ մոր կնիքը, մեր արմատը ես առնվազն մինչև Դավիթ Բեկի ժամանակը գիտեմ: Մեր կրաքարե գերեզմանաքարերին սեպագիր Թելիյանցը մենք ժամանակ առ ժամանակ սև ներկով թարմացնում ենք, մեր լեգենդը շարունակվում է:

Մոռացա ասել, թեկնածու ազգագրագետները պատմում-անցնում են, հետո հուսահատվում, որ չենք ուրախանում, որ մենք ենք շումերների ժառանգները: Քա՛վ լիցի, չեմ տրվում պատրանքների, ոչ էլ պատմաբան եմ խաղում: Ովքեր են մեր ամենահին դրացիները՝ վրացին ու ալանը: Նրանք մեզ՝ ոչ թե էրմյանի, արմյան կամ վրմեն, այլ սոմեխի, շոմեգհ, շումեր են ասում:

Դա քաջքերը գիտեն…

Է՜-է՜հ…

*Oxymuron – պարադոքս

Նկարը՝ Պաբլո Պիկասո, Գիշերային ձկնորսություն  Անտիբում

No Comments

Leave a Reply