ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Նշան Աբասյան․ «Արտասովոր» կետադրության 3 դեմք

03.07.2024

Նախադասության շարահյուսական վերլուծությունը շատ հետաքրքիր տրամաբանական աշխատանք է, որի ժամանակ հաճախ փիլիսոփայական հայացք է հարկավոր։ Օրինակ՝ երբեմն առաջին տպավորությամբ ակնհայտ կետադրական լուծում ունեցող կազմությունները իրականում կարող են բոլորովին այլ մոտեցում պահանջել։ Այդպիսի դեպքերը բազմազան են (մեզ լավ կհասկանան հատկապես գեղարվեստական տեքստերի հեղինակներն ու խմբագիրները)․ այստեղ առանձնացրել ենք միայն երեք «իրավիճակ», որոնց բացատրությունը, սակայն, կարող է նպաստել որոշակի վերացական լեզվամտածողության ձևավորմանը՝օգնելով կողմնորոշվել հնարավոր այլ դեպքերում ևս։

Առաջին երևույթը։ Համեմատենք այս երկու նախադասությունները․

1Ճիշտը թողած՝ սխալ ուղղությամբ է գնում։

2Ճիշտն ասած, սխալ ուղղությամբ է գնում։

Թվում է, ինչ կա որ, երկու տարբերակում էլ գործ ունենք նախադաս դերբայական դարձվածի հետ, ուրեմն դրանք պետք էր տրոհել բութով։ Սակայն «ծուղակն» այս դեպքում ուրիշ տեղում է․ առաջին նախադասության մեջ «ճիշտը թողած» կապակցությունը նախադասության անդամ է՝ ձևի պարագա, մինչդեռ երկրորդում «ճիշտն ասած» արտահայտությունը վերաբերական է և շարահյուսական պաշտոն չունի, այլ սոսկ ցույց է տալիս խոսողի դատողական վերաբերմունքն իր արտահայտած մտքի նկատմամբ, ուստի և նախադասության մյուս մասից լիարաժեքորեն տրոհվում-անջատվում է ստորակետով։ Այդպիսի արտահայտություններ են նաև սրանք․ «այսպես ասած», «որպես կանոն», «դու մի ասա», «գիտե՞ս ինչ» և այլն։ (Միայն հիշենք, որ վերաբերականները կարող են նաև առհասարակ չտրոհվել, եթե շեշտում են նախադասության որևէ կոնկրետ անդամ ու արտասանվում են նրան միաձույլ, և ստորև կան նման օրինակներ)։

Վերաբերականներն առհասարակ «զարմանալի» բառեր են․ քերականորեն, այո՛, նախադասության անդամ չեն դառնում, բայց հաճախ կարող են պայմանավորել ամբողջ նախադասության իմաստային պատկերը։ Եվ ահա հանգում ենք երկրորդ «արտասովոր» կետադրական լուծմանը։ Դիտարկենք երկու միանման օրինակներ․

Ես սիրում եմ այգի մշակել՝ ձեռքիս տակ ունենալով փորձված բազում դեղամիջոցներ։

Ես սիրում եմ այգի մշակել, հատկապես ձեռքիս տակ ունենալով փորձված բազում դեղամիջոցներ։

Երկրորդ նախադասության մեջ ընդամենը մեկ բառ է ավելացել՝ հատկապես, բայց դրանով հասկանալի է դարձել, որ դերբայական դարձվածը, այսպես ասած, ավելի ուշ է մտաբերված և հավելյալ ընդգծված միտք է, ուստի ահա բութի փոխարեն տրոհվել է ստորակետով։ Ավելին՝ այստեղ կարելի էր նույնիսկ ոչ թե ստորակետ, այլ կախման կետեր դնել։

Եվ երրորդ դեպքը, որին մի անգամ արդեն անդրադարձել ենք։ Կան այնպիսի խոսքային միավորներ, որոնք առաջին հայացքից առանձին նախադասություններ են թվում, մինչդեռ իրականում քարացած արտահայտչաձևեր են՝ մեկ բառի արժեքով, և դրանք պետք չէ տրոհել ինչպես երկրորդական նախադասություններ։ Օրինակ՝

Ես քիչ էր մնում վայր ընկնեի – ժամանակի պարագա

Արամը որքան կարելի է զգույշ հայտնեց լուրը – չափի պարագա

Աշոտն ուր որ է կգա – ժամանակի պարագա

Արի մի քիչ զրուցենք – վերաբերական

Ի՜նչ է պատահել որ – վերաբերական

Այստեղ բնությունը հրաշալի է, մանավանդ երբ մեղմ անձրև է – վերաբերական

Ես սիրեցի նրան, հատկապես քանի որ այդքան պարկեշտ էր – վերաբերական