Դանիել Վարուժանը 20-րդ դարի արևմտահայ գրականության ամենավառ ներկայացուցիչներից է։ Նման քարացած արտահայտություններ շատ այլ գրողների ու ազգային գործիչների մասին լսել ու կարդացել ենք, բայց եթե միտքդ հաստատուն կաղապարներն ընդունելու փոխարեն ձգտում է անձնական փորձառության, առաջանում է հարց․ «Ինչո՞ւ է Վարուժանը ի՛նձ համար մեծ գրող, ինչպե՞ս անվնաս իջեցնեմ նրան դասականության պատվանդանից՝ զրուցելու, ճանաչելու համար»։ Պատասխան գտնելու ուղիներն ու ժամանակը տատանվում են մարդուց մարդ, ու թե անգամ պարզես, թե նա քեզ համար մեծ չէ, որոնելն լինի ավելի առողջ է, քան դասագրքային ճշմարտություններն առանց քեզ հետ առնչելու կրկնելը։
«Բրգնիքցիի մը նվագները»
Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում (լիարժեք անունը՝ Բագրատունիք)։ Հաճախել է գյուղի վարժարան։ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, որտեղ Համիդյան ջարդերի (1894-96թթ․) հետևանքները կրող կյանքերի հետ անձամբ է ծանոթանում․ հայրը բանտում էր, հայ պանդուխտների անփառունակ ծանր կյանքը դառնում է տղայի կարեկցանքի ու անհաշտության հիմնական առարկան։
1905 թվականին լույս տեսած «Սարսուռներ» ժողովածուում կարելի է կարդալ կյանքի այս շրջանի հետքերը, ու թեև Վարուժանը որպես գեղագետ ու գործիչ հասունանում է բելգիական կրթական միջավայրում, առանձնահատկությունները, որոնք կազմում են նրա ոճը, գրական ասելիքն ու անձնական ձգտումները, տեսանելի են և «Սարսուռներ»-ում։ Կենսագրական պատումը ընթեռնելի է ժողովածուի «Հայր, օրհնե՛» բանաստեղծության մեջ․
«Պատանությունն ես թողուցի,// նոր արյուն Երակիս մեջ կը վազե»։ Ե՞րբ էր պատանությունը թողել Դանիելը, ո՞ր տարիքում։ Պոլսու՞մ, երբ դիտում էր հոր և մյուս պանդուխտների մաշող կյանքը, Բրգնիկու՞մ, երբ տատը մահացել էր, ու մայրը մենակ էր ընտանիքի հոգսի առաջ։ Ուշ շրջանի նամակներում Դանիելը հավաստիացնում է, թե մանկություն ունեցե՛լ է՝ անելով Բրգնիկի արձակ դաշտերի ու երկնքի, ու այդ երկնքի մեջտեղում՝ իր անհոգության կարոտալից հիշատակումներ։ Իսկ պատանությու՞ն։ Ե՞րբ են պատերազմների երեխաները մանկությունից տեղափոխվում մեծահասակի կյանք, ու ովքե՞ր են պատասխանատու դրա համար։
«Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ»։ Քսանամյա երիտասարդը խոսում է ինչպես «Ժողովողի» ծերունին, միայն եթե վերջինս աշխարհային ամեն ուրախություն ճաշակելով էր հակվել ունայնության, Դանիելը՝ հակառակը․ «Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ./// Չեմ վախնար սև ծըծելե./// Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր/// Անխիղճ, անհոգ, կը դիտե՜…»։ Եվ թե «Ժողովողի» ունայնությունը հակում է առ մարդկային կյանքի աստիճանական մարում, հատնում, ավարտ, ապա Դանիելի վիշտն ու ձանձրույթը ճանապարհ են դեպի պայքար ու աշխատանք, Դանիելի խավարը սնում է լույսը․ «Խոնջե ՜նք, խոնջե ՜նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,/// Ելլել կյանքին, կյանքին դեմ…»։
Դանիելը գնահատում ու կարեկցում էր ծնողներին և հաճախ էր նեղսրտում՝ նկատելով, որ չի կարողանում ոչ միայն լիակատար ինքնուրույնություն ունենալ, այլ նաև օգնել նրանց։ Վաղուց հասել էր արդեն իր ժամանակը․ «Հոգիդ, կաղնի ՜, երբ կուրծք կու տար մըրըրկին՝ Ես շուքին տակ, հանգիստ, լուռ/// Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես /// Եվ ես քեզի հաջորդեմ…», բայց և կրթության բերումով տարիներ շարունակ հետաձգվում էր գումար վաստակելը (այս թեմայի մանրամասները՝ հոդվածի երկրորդ մասում)։
«Սարսուռներ» ժողովածուի մյուս գործերը պատմում են Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքի բարոյական թշվառության, բռնության, հարկադիր գաղթի, տուն-տեղ կորցնելը առօրյա սովորություն դարձնելու, բանվորական կյանքի դժվարության ու երիտասարդ կանանց խնդիրների մասին։ Բանաստեղծությունները պտտվում են անհատների շուրջ՝ այդպիսով դառնալով Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության կյանքի ուրվանկար, կյանք, որում էլ չէին պատահում աղետներ, որովհետև ապրելն ինքն էր տեղ-տեղ դառնում աղետ։ Շարքի մթնոլորտը վիշտն է, գիրը՝ պատկեր ու ջիղ, հեռանկարը՝ պայքար։ Վարուժանը Գենտում ապրած տարիներին անդրադարձել է այս բանաստեղծությունների համատարած տխրությանը՝ նշելով, թե կուզեր՝ չլինե՛ր, չգրվե՛ր այդպես, բայց դա էր իսկությունը, իսկ բանաստեղծը ավելին էր, քան սոսկ գեղագետ․ բանաստեղծը վավերագիր էր ու ելք փնտրող։
«Մելամաղձոտ Վենետիկո մեջ մելամաղձոտ չըլլալու համար»
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան։ Դասագրքային տեքստերը շեշտում են վարժարանի ու տեղի կրթության դրական ազդեցությունը երիտասարդ մտավորականի վրա՝ շրջանցելով նրա խռովքն ու վարժարանի ներքին կարգի, Մխիթարյան միաբանության ուսուցչության ու հատկապես հայերենի դասավանդման մեթոդների ու վարքի արմատացած մոդելների դեմ պայքարը։ Մենք ապահով ենք զգում Վարուժանին դիտել որպես մի աղքատ երիտասարդի, որին Մխիթարյան հայրերի բարեհաճությամբ վիճակվում է կրթություն ստանալ Վենետիկում․ այս դիտակետը սուր կողմեր չունի․ ամեն բան լավ է, ու բոլորն իրենց արժանի տեղերում են։ Այնինչ կյանքը, ինչպես որ էր, ուներ հարցեր։ Դատելով Դանիելի աշխատանքներից ու նամակներից՝ կարելի է եզրակացնել, որ նա առնվազն երախտամոռ չէր։ Այդ դեպքում ինչու՞ Մխիթարյան հայրերն ու վանական համակարգը չեն հիշվում գոնե հազվադեպ, բայց հանդիպո՛ղ ջերմ ու շնորհակալ խոսքերով։ Եվ ինչո՞ւ այս անհաշտությունն ու խռովքը չեն դառնում ծավալուն քննարկման առարկա, և նկատվում է նրա՝ Եվրոպայում հայտնվելու բախտավորությունը միայն։ Չէ՞ որ հեղինակին, անհատին կերտում է ոչ միայն այն, ինչ սիրում է, այլ նաև այն, ինչի հետ վեճ ունի․ համաձայն չէ։ Դիալեկտիկա։
Եթե պատանեկան տարիների ապրումներն ու խոհերը խոսքի են վերածվում երիտասարդ տարիքի գրվածքներում («Սարսուռներ» ժողովածուն գրվել է Վենետիկում), ապա Դանիելի վենետիկյան շրջանը պիտի փնտրել Գենտից գրված նամակներում։ Բայց թե առաջին դեպքում ապրածն ու եղածը գիր դարձնելու համար պետք էր նախ դեպքերից ու ժամանակից ֆիզիկական հեռավորություն, ապա երկրորդ դեպքում պատճառը փոքր-ինչ այլ է․ Վենետիկն իր բելգիական առօրյայի մասն էր, որովհետև ամեն ամիս պետք է կրթաթոշակը խնդրեր Վանքից ու ապա ծանուցեր, թե ստացել է՝ ներկայացնելով ծախսի մանրակրկիտ հաշվետվություն։ Հետևաբար այդ շրջանի նամակներում նկատում ենք ինչպես տվյալ ժամանակին վերաբերող խնդիրները, այնպես էլ՝ արդեն եղած-ավարտվածը։ Եվ եղածը սրվում է իր ներկայի ֆոնին՝ շարունակվող խնդիրներով գրողին նյարդային խանգարումների, բարկացկոտության, հուսահատության ու երիտասարդ տարիքին ոչ հատուկ ունայնության զգացումի տանելով․ «Վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակեց» (խոսքը «Սարսուռներ» ժողովածուի մասին է, 1906 թվականի հունվարին Ստեփան Սարյանին ուղղված նամակից), «Բացի «լեզվեն», ինչ կուզեք, որ առած եմ անոնցմե։ Ամեն օր հայերեն դասի ժամանակ կռիվ ունեինք։ Օր մը օրանց իրենց «Ծաղկաքաղին» վրա գլուխս խոնարհեցուցած չեմ։ Ամեն օր ըմբոստացած, կռված եմ թե՛ իրենց սորվեցուցածին, թե՛ ճաշակին և թե՛ հոռի վարչության դեմ։ Ես Մուրատ-Ռափայելյանի մեկ չար ծաղիկն եմ և իր ծրագրին (եթե արդ ունի ծրագիր) մեկ ապստամբ զարտուղությունը։ Ես զիս կը համարիմ նոր բողբոջը հայկական նոր սերնդին։ Մուրատ-Ռափայելյանը հին է դեռ, բայց ոչ այն իր առողջ հնությունը․ այլ ժամանակին ընթացքին մեջ չորցած, գոսացած, նրան հառաջադեմ և տարբեր պահանջին դեռ անհաղորդ հնությունը, որ փոշի-փոշի կը քայքայվի և կը քայքայե փոքր ըղեղներ ու տկար նկարագիրներ» (1906թ․ դեկտեմբեր, Ռաֆայել Պազարճյանին), «Մխիթարյանները սիստեմատիկ ազդեցություն չեն ներգործած հոգիիս վրա։ Հոն ունեցած եմ ոչ կարող ու ոչ աշխատող հայերենի ուսուցիչ: Կարդացել եմ Ալիշանը ու տեսած եմ իր գերեզմանը, և այսքան։ ․․․ Եվ հետո այդ չորս տարիները ինծի համար եղած են նաև ըմբոստացումներու տարիներ ընդդեմ վարժարանական անմիտ վարչության մը, զոր վերջիվերջո կրցած ենք տապալել կարգ մը ռուսահայ և թրքահայ ընկերներու հետ» (Վարդգես Ահարոնյանին, 1914), «․․․կազմեցին հատուկ գրքույկ մը և առանց ամչնալու ինձմե առին․․․ թուղթի ծախքը վաթսուն ֆրանք!!», «․․․վարժարանի ամբողջ որդնոտած միջավայրեն այս տեսակետով և այնքան խնդիրներու մեջ այնքան մաքուր դուրս ելլելե վերջ» (Աթանաս Տիրոյանին, 1908թ․), «Վանքը փչացած է․ քանի մը քահանաներ կան միայն, որ իսկապես հարգվելու արժանի են․ մյուսներուն ոտքի կոխած տեղը մողեզ կը սողա։ Վանքը գերեզմանատուններ կան միայն, որոնք սոսկ նվիրական են։ Խե՜ղճ ոսկորներ իմ սիրելի Ալիշանիս, որքան պիտի ուզեի ազատել զՁեզ․․․» (Թեոդիկին, 1909)։ Բայց և այնպես, Դանիելը գիտակցում էր, որ Վանքի խնդիրները սուր ընկալելու պատճառը նաև իր սերն է առ Վանք․ «Բայց պիտի հարցնես, թե ի՛նչ հարկ կա գրել քեզի այս բոլորը։ Կը խնայեմ ժամանակիդ։ Ըսի, վասնզի մարդ այն աչքը կը ճմռե, որ կը ցավի։ Վանքն իմ աչքս է, ճպռոտ աչքս» (Թեոդիկին, 1909թ․)։ Սա նման է արևելահայ մտավորականության մեջ տարածված «Հոգևոր Հայրենիք» հասկացությանը․ կա Հայաստան՝ որպես ֆիզիկական տարածք, որտեղ ապրող ու աշխատող հայ բնակչությունը վարվել ու վարվում է նրա հետ ինչպես ուզենա, և կա «Հոգևոր Հայրենիք», որը մտահոգ «հայ գրագետի» ստեղծած գոյությունն է, պարունակում է մշակույթ ու ծեսեր, պատմություն ու խորհուրդներ խորին, ազգային երազ, բայց և այնքա՛ն ողբերգականորեն չի տեղայնանում Հայաստանում՝ վերջինիս խիստ քերծված, վատնված լինելու պատճառով։ Դանիելի սիրելի Վանքն էլ չէր ներկայանում վանական համակարգում, և սրանից սերում էր Ողբը։
Վարուժանն իր վենետիկյան շրջանը դիտում է որպես քաղաքի ու իտալական արվեստի հետ ծանոթության լավագույն հնարավորություն․ Վենետիկ քաղաքն էր հենց այն, ինչ նա վերցրել էր Վենետիկից ու փոխադրել հաջորդ կանգառ՝ Գենտ․ «Բայց առիթը ունեցած եմ ուսումնասիրելու իտալական գրականությունը և հետո մեծամոլ խոկումներ ունեցած եմ միշտ գունածփիկ ու հրաշափառ քաղաքին մեջ, ուր վերջալույսները ժամերով ոսկի ու արյուն կը հոսեն լռանիստ ջրանցքներուն մեջ» (Վարդգես Ահարոնյանին, 1914), «Երկու միջավայր ազդած են վրաս․ Վենետիկը իր Թիցիանով և Ֆլանտրը իր Վան-Տեքներով։ Առաջինին գույները և վերջնույն բարբարոս իրապաշտությունը հորինած են վրձինս, զոր սնափառություն ունիմ թաթխած ըլլալու միմիայն հայրենի հողին որդան կարմիրին մեջ և ծովածուփ արյանը», «Երկու երկիր կ’ուզեմ լավ ճանապարհորդել՝ Հայաստան և Իտալիա, զգալու և մտածելու համար վերջինը զոհելով առաջինին»։ (Վարուժանի՝ Հայաստանը (Արևելյան Հայաստանը) տեսնելու, «ռուսահայ» մտավորականության հետ անձամբ ծանոթանալու ու «տաճկահայ» գրականությունից զրուցելու ցանկությունը չի իրականանում։ Դանիել Վարուժանի վերաբերմունքը արևելահայերենի, արևելահայ գրականության ու արևմտահայերենի խնդիրների հանդեպ՝ հոդվածի երկրորդ մասում)։
«Կանտ կը գտնվիմ»
«Հիմա գուցե զարմանաք, երբ ըսեմ, թե Կան<տ> կը գտնվիմ, մինչդեռ միասին համախոհ էինք Լոզան երթալուս վրա։
Մեծավորը այսպես ուզեց՝ Կանտը ա՛լ ավելի կաթոլիկ գտնելով (բայց այդ ինծի հարցուցեք)․ և ես չընդդիմացա բոլորովին․․․», «Արդ, հոս հանգիստ եմ՝ կը հաճախեմ գրականության և իմաստասիրական ճյուղերուն» (Սիմոն Երեմյանին, 1906)։
Այսպիսով՝ 1905 թվականին Դանիելը մեկնում է Բելգիա, սովորում հասարակական ու քաղաքական գիտություններ (Վարուժանին ավելի հետաքրքիր էր լեզվաբանությունը, բայց լատիներեն չիմանալու պատճառով ստիպված էր այլ ուղղություն ընտրել)։ Ինչպես Պոլիսը հաճախ Բրգնիկի մասին էր, Վենետիկը՝ Պոլսի, Գենտը՝ Վենետիկի, այնպես էլ Գենտի նկարագրությունները ավելի մեծ խտությամբ են Գենտից Սվազ (Արևմտյան Հայաստան) վերադառնալուց հետո, հետահայաց, և նույնկերպ նրա բանաստեղծությունն է հետահայաց․ ֆլամանդական կենցաղի ու մշակույթի ազդեցությունը կրող «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգերը» և «Հացին երգը» գրվում են, երբ Բելգիան անցյալ է դառնում։
Բելգիան էր երկիրը, որտեղ Դանիելը թոթափում է ռոմանտիզմը, հակվում «հեթանոսական» իրապաշտության («Իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է։ Իրապաշտության մեջ պետք է փնտրել բոլոր մյուս դպրոցները», (1909), «Մենք այնքան մեծ ենք՝ որքան որ հողեն կը խմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն։ Ուր է՝ դեպի աստվածները։ Ա՜խ Դերենիկ, Մեծն Տիգրանի վրա ի՜նչ հոյակապ դյուցազներգություն մը կը գրվի․ բայց չէ կարելի առանց Հայաստանը տեսնելու»։)։ Ձևակերպում է հայ արվեստի խնդիրներն ու սեփական նպատակները։ Կարդում է «Աստվածաշունչը» («Շատ լավ թափանցած եմ գեթ Շեքսպիրը, Հյուկոն, Ռուսոն, Պոտլերն ու Աստվածաշունչը», Ռաֆայել Պազարճյանին, 1906), «Ռամայանան» ու «Մահաբհարատան», «Ավեստան» ու «Վեդաները», Հորացիոս, Հոմերոս։ Ժ․ Ժ․ Ռուսո, Շեքսպիր, Հյուգո («Ինծի նախընտրելի պիտի ըլլա ան, որ գույնը մտածման հետ հավասար կը բարձրացնե։ Ես այս բանս գտած եմ Շեքսպիրի և Հյուկոյի մեջ», «Ես Հյուկո ստեպ կարդացած եմ և սիրած, թող որ այսօր ինծի համար նշանակալից հմայք մը չունի» Ռաֆայել Պազարճյանին, 1906), Բայրոն («Պայրընը իր ոտանավորներու մեջ հիանալի չեմ գտներ՝ ամենահիանալի գտնելով poème-ներուն մեջ), Նիցշե («Գաղափարիս մեջ կը փնտրեմ Պայրընը կամ Նիցշեն, բայց արվեստիս մեջ կը նախընտրեմ Քուչակ՜ը (իհարկե ավելի սանտրված և մաքուր)», Արշակ Չոպանյանին, 1906), Աբովյան («Ու՜ր էր նաև տաճկահայերուս նոր գրականությունն ալ ունենար այդպես հայադրոշմ հիմնադիր մը» Արշակ Չոպանյանին, 1906), Միլտոն, Գյոթե (««Ֆաուստին» մեջ մարդկության կյանքն է»)։
Բելգիան էր երկիրը, որից սերում էր Դանիելի «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգերը» ու «Հացին երգը» ժողովածուների ոճը։ Բելգիայի ու մասնավորապես Գենտի մասին նկարագրությունները ավելի ուշագրավ են դառնում, երբ կարդում ես Գենտից՝ Վարուժանի գրելուց 109 տարի հետո։ «Կանտը բանվորական և միևնույն անգամ կենսուրախ քաղաք էր։ Ֆլաման կյանքն ու գեղարվեստը թերևս եղան պատճառ, որ արվեստս հակեր է դեպի իրապաշտություն», «ամենեն խոր տառապանքները ես կրեցի Կանտի մեջ», «Հոգիիս վրա բոցի մը լեզվին պես զգացած էի բանվորական աղաղակները մեկ կողմեն, ու մյուս կողմեն՝ շվայտ ու արբեցող կյանքը, իզուր թաքնվող բոզացումները բարոյիկ համարված փարթամ ընտանիքներուն», (Վարդգես Ահարոնյանին, 1914, Պոլիս), «Ինչպե՜ս եմ ուզում խմել ձեր բելգիական գարեջուրը, որի նմանը մենք այստեղ դժբախտաբար չունենք։ Ինձ հրավիրում ես Գենտ՝ մի ցուցահանդեսի առիթով, որը բացվելու է ձեր սիրելի քաղաքում» (Պիեռ Մաեսին, 1912), «Եվրոպայի պես հին եմ և Ասիո պես տխուր։ Իտալիայեն հազիվ դարձա Հյուսիս՝ և ահա մեկեն ագռավ մը սրտիս վրա իր սև թևերը տարածեց» (Դանիելն ակնարկում է բելգիացի մի հանդեպ սիրո տխուր պատմություն, Դերենիկ Ճիզմեճյանին, 1908), «Տեղվույս խոնավ և մշուշոտ կլիման է, որ միշտ ամեն կազմություն տրամադիր կընե հիվանդանալու» (Ստեփան Սարյանին, 1906), «Մեծ վիշտն այն է, որ հոս հայություն չկա» (Աթանաս Տիրոյանին, 1906)։ «Միջավայրս բոլորովին հակաբանաստեղծական է․ ստիպված եմ հիշատակներես ներշնչվիլ» (Արշակ Չոպանյանին, 1906), «Վերջերս այցելեցի Անվերս և Պրյուքսել․ Ռյուպենսի, Ժորդանսի (Ուիրցի) և Վան Տիքի ու Պրյուքսելի ճարտարապետությանց հանդեպ ունեցած տպավորությունս հոս Ձեզ պիտի չըսեմ տեղի անձկության պատճառավ․՝ ֆլաման արվեստին իրապաշտ մեծությունը լիազոր է» (Ռաֆայել Պազարճյանին, 1906), «մեծ թվով պելճիքացի ուսանողներ ձրի ընդունելուն, օտար մը կը մերժվի» (Ստեփան Սարյանին, 1906) և հետաքրքիր մի դրվագ հորը՝ Գրիգոր Չպուգքարյանին գրված նամակից. «․․․գեղեն աղվոր ճամբա մը ըրինք դեպ Հոլանդիա։ Երկիրը գեղեցիկ է, բայց մշուշոտ․ և է՛ն նոր բանը իրենց զգեստներն են, ուստի Ձեզի կը ղրկեմ երկու տեսակի զգեստ, որպեսզի գաղափար մը ունենաք թե՛ մարդոց և թե՛ կանանց հագածին» (1906, Թերնեզեն, Հոլանդիա)։
— Ուսանողական կյանքս վերջացավ,․․․ ։ Կը թողում ասպընջական Ֆլանտրան վաղը․․․․։ Դեռ չեմ կարող որոշ ըմբռնել, թե Եվրոպան ի՛նչ հետքեր թողած է ըղեղից և վարվելակերպերուս վրա։ Արևելքի հետ մոտալուտ շփումը պիտի հայտնե թե ի՛նչ բան Արևմտյան կա մեջս և թե արդյոք բարերար է այդ ազդեցությունը թե հոռի։ (Արշակ Չոպանյանին, 1909)
«Ես լավ եմ, բարեկամս»
1909 թվականին Վարուժանը Գենտից մեկնում է Վենետիկ, Վենետիկից Պոլիս, Պոլսից Սվազ և ապա՝ Բրգնիկ։ կրակէ շրջանակ։ Վերադարձը բանաստեղծին լցնում է խանդավառությամբ, որը, սակայն, երկար չի տևում։ Սերը, որով շրջապատված էր, չէր կարող լրացնել բովանդակալից զրույցի կարիքը․ «․․․այստեղ չունեմ համակողմանի ուսում ստացած ընկերներ։ Եվ զուր եմ փնտրում Գենտի բարեկամներիս, նրանց, ովքեր խոսում էին գիտության մասին, գրականության, թատրոնի և կանանց։ Նրանք բոլորը ստեղծում էին մի միջավայր, որն ինձ անհրաժեշտ էր» (Պիեր Մաեսին, 1909): Հայրենիքում Դանիելը ամուսնանում է («Օրիորդը, որուն հետ ամուսնացա, կը կոչվի Արաքսի։ Գավառի կնոջ բարոյական համեստությանց հատկություններուն վրա՝ գտած եմ քերթողի ճաշակս և մտքի պահանջներս գոհացնող առավելություններ անոր մեջ», Թեոդիկին, 1910, «ես ներշնչող էակ մը միայն կրնամ ինծի կին առնել», Դերենիկ Ճիզմեճյանին, 1910), և հավանաբար նաև իր և կնոջ սիրո պատմության հիման վրա է գրում «Հարճը» պոեմը («Այս տարի․․․ գրած եմ ուժեղ դյուցազնավեպ մը պատմական դրվագի մը վրա,․․․։», Նշան Տեր-Ստեփանյանին, 1910)։
Արևելքն ու Արևմուտքը Եվրոպայում ճանաչելուց հետո տուն վերադարձած բանաստեղծը առողջ հարաբերությունների ու տարածության փնտրտուքի մեջ էր՝ ձգտելով և նյութական բավարար ապահովության, հասնելով նյարդային խանգարումների։ Աշխարհը արծվի ճախրից դիտած Դանիելը կաշկանդվում էր հայրենի անհաղորդ գորշության և ինքնարտահայտման անհնարինության մեջ։ Նախկինում գուցե չնկատած խնդիրները եվրոպական փորձառությունից հետո թվում էին արդեն անտանելի, և դժվար էր սահմանելը՝ ո՞վ էր փոխվել ավելի՝ տո՞ւնը, թե՞ ինքը։ Նա ընդարմացնող քնի ու տաքուկ օթևանի ձգտող ծերացած Ոդիսևս չէր․ եկել էր չարչարվելու, ունեցածը տալու, եթե միայն տվածը վերցնող ու իմաստավոր աշխատանքի բնագավառ գտնվեր։ Դա էր իր անփոփոխ նպատակը թերևս վենետիկյան տարիներից։
1910-11 թթ․ գրված նամակները հուսահատական են․ «Դերենիկ այստեղ բանաստեղծի տեղ չէ։ Հայրենիքն անուշ է, այո՛ բայց մեր հայրենակիցները գռեհկացած են լուծին տակ, ու՛ր մնաց դասական հայությունը։ ․․․ Ես հոս հազիվ հասա՝ տվին ուսուցչական պաշտոն մը։ ․․․Գործ մը՝ որ ապագա չունի, բայց․․․» (1910, Սվազ), «Քանդել մեկ ձեռքով, սերմանել մյուսով ու տառապիլ միշտ՝ վրա տալով մտքի և մարմնո առողջությունը, -ահավասիկ կյանքը, զոր գավառի մեջ կապրիմ» (Թեոդիկին, Սվազ, 1910), «Հոս՝ Սվազը, այնքան նյութով շաղախված է, այնքան գռեհկացած է․․․» (Սահակ-Մեսրոպին, 1910, Սվազ)։
Որպեսզի Պոլսում ավելի լավ աշխատանք կարողանա գտնել, սկսում է խորանալ թուրքերեն լեզվի մեջ («Ամռանը շատ հավանական է Պոլիս երթամ։ Հոս ասպարեզ չիկա, մինչդեռ տանը ամբողջ հոգը վրաս ծանրացած է», Դերենիկին, 1911, Սվազ)։ 1911-ին ծնվում է առաջնեկը՝ Վերոնիկան(«Նա արդեն կարողանում է հայրիկ ըսել, և այդ բառը լցնում է մի անպատմելի ուրախությամբ», Պիեռ Մաեսին, 1912, Թոգաթ)։ 1912-ին տեղափոխվում է Թոգաթ («Եվ որչա՜փ դժվար է կարդալ հոս՝ գավառի մեջ, իմ այս հոգնեցուցիչ կյանքովս։ Մտքի հաճույք չկա այստեղ․ ըղեղի կատարյալ բզքտում է»)։
1914-ին տեղափոխվում է Բերա, ապա՝ Պոլիս, 1915-ին գրում է Բերայից։ Վերջին նամակը՝ մինչ 15-ի ապրիլ, ուղղված Թեոդիկին․ «Կամքի ի՜նչ կորով։ Չնայելով որ սուրի և վառոդի մրցում մը կա տիեզերքին մեջ՝ դուն վերստին լույս կընծայես տարեգիրքդ՝ ավելի հոյակապ, քան իր նախորդները»։
Վերջին նամակները, որոնք հաղորդագրություններ են՝ գրված հայատառ թուրքերեն, Չանըղըրի բանտից են, ուղղված են կնոջը։ Օգոստոսի 1-ին գրվածով խնդրում է ծխախոտի տուփով 5 լիրա ուղարկել։
Հետգրություն— 1915 թ. ապրիլի 24-ին Վարուժանը արևմտահայ այլ մտավորականների հետ ձերբակալվում է թուրքական ոստիկանության կողմից։ Օգոստոսի 26-ին Չանղըրըից Այաշ ճանապարհին Ռուբեն Սևակի և մյուս կալանավորների հետմ սպանվում է թուրք զինվորների կողմից։
Էմմա Բոջուկյան
թարգմանիչ, լրագրող,
Գենտի համալսարանի ուսանող
No Comments