Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լրագրող Անի Անտոնյանի հետ զրուցել ենք «Աղետ, մարդիկ, պատմություն» գրքի մասին:
-«Աղետ, մարդիկ, պատմություն» գիրքը Սպիտակի երկրաշարժի մասին է: Ձեր առաջին գիրքն է: Ինչպե՞ս ծնվեց այն գրելու գաղափարը: Ի՞նչ գործեր են տպագրված նրանում, ինչպե՞ս եք կատարել ընտրությունը: Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
-Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ 2018 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարության www.911tert.am էլեկտրոնային պաշտոնաթերթում բացվեց նոր նախագիծ՝ «Սպիտակ-30», սկսեցինք փնտրել չգրված, չլսված պատմություններ, երբևէ չհրապարակված լուսանկարներ։ Արխիվից, պաշտոնական փաստաթղթերից գտանք աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ կատարած հայազգի և այլազգի կամավորների տվյալներ։ Ի վերջո, որոշեցինք այդ ամենն ամփոփել գրքում, որը նաև ուսումնաօժանդակ գրականություն կդառնա ապագա փրկարարների համար։
Գրքի հոդվածներն ընտրելիս հիմնական դժվարությունն այն էր, որ երկրաշարժի մասին մարդկանց հիշողություններն ու ապրումները հաճախ կրկնվում էին։ Փորձելով պահպանել կերպարի բացառիկությունը՝ շեշտն ավելի շատ դրել ենք փաստերի վրա, որոնց մասին ընթերցողին քիչ բան է հայտնի։ Կարող եմ կետ առ կետ թվարկել շատ էական փաստեր և անուններ, որոնք հանիրավի մոռացված էին մինչ այսօր: Օրինակ՝
- Ինչպես Երևանի Շինարարների վերապատրաստման ինստիտուտը երկրաշարժից ամիսներ անց նոր կառուցվող շենքերի շինարարական որակը բարձրացնելու նպատակով ուսուցանեց 1500 օտարազգի շինարարի և կարողացավ տոտալիտար Խորհրդային Միության տարածքում հաստատել շինարարության նոր նորմատիվներ։
- Ինչպես էին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կամավորները ցրտից պաշտպանվելու համար քնում «հարմարավետ և տաք» դագաղներում, իսկ համաճարակի վտանգի դեմ՝ ուտելիքին կալիումի պերմանգանատ խառնում։
- Ինչպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ծրագրային համակարգերի ինստիտուտի տնօրեն Ալֆրեդ Այլամազյանը 30-ից ավելի դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողներին իր միջոցներով տարհանեց և տեղավորեց Պերեսլավլ Զալեսկի քաղաքում՝ ինստիտուտին պատկանող համակարգչային ճամբարում։ Ճամբարի շենքը երկու տարի ծառայեց որպես դպրոց (սրա մասին ոչ ոք չգիտեր, առաջին անգամ մենք ենք ավելացրել Վիքիպեդիայում):
- Ինչպես բելառուսցի հրշեջը մի քանի ամսում ընթերցեց տասնյակ հայկական պատմական գրքեր և իր հարազատ Ռեչիցա քաղաքում հրշեջներին նվիրված թանգարան կառուցեց, որտեղ կարելի է գտնել Սպիտակի երկրաշարժին նվիրված երկու մետաղադրամները:
Գրքի երկրորդ մասը երբևէ չհրապարակված ֆոտոշարք է՝ հիշողություններ Ստեփանավանի ավերակներից։ Թվայնացրել ենք Ստեփանավանի մշակույթի և ժանանցի կենտրոնի արխիվային լուսանկարները։
—Ովքե՞ր են հերոսները:
-Ներկայիս հայ փրկարար ծառայողներն են, ֆրանսիահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը, ռուս հայտնի լուսանկարիչ Եվգենի Ժիլյաեևը (որի՝ Սպիտակի երկրաշարժին նվիրված լուսանկարներն այս տարվանից մշտական ցուցադրությամբ ներկայացվում են Սպիտակի քաղաքային գրադարանում), Բելառուսի Բոբրույսկ քաղաքի հրշեջ ծառայության նախկին ղեկավար Իգոր Կուզմենոկը, «Մի-8» ուղղաթիռի նախկին հրամանատար, ներկայիս փորձառու օդաչու Գեղամ Գաբրիելյանը, Հայաստանում առաջին՝ «Սպիտակ» կամավոր փրկարարական ջոկատի համահիմնադիր, «Հուսո տուն-բարեգործական կենտրոն» հիմնադրամի ղեկավար Մովսես Պողոսյանը, ուրիշներ։
-Ի՞նչն էր ամենադժվարը, պարտավորեցնողն այս աշխատանքում:
-Երկրաշարժի թեման շատ զգայուն է, հատկապես՝ վերապրածների համար։ Գրքում անդրադարձ կա Սպիտակի հրշեջ մասի վեց ծառայողներին, որոնք զոհվել են երկրաշարժից (այս մասին ևս որևէ հիշատակում չկար, միայն հուշաքար՝ ներկայիս Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատին պատկանող տարածքում)։ Ծանր էր հարազատների հետ զրույցը մի քանի պատճառով. դու ստիպում ես նրանց վերապրել նույն ցավը, բացի դրանից՝ անցել է 30 տարի, դեպքերի մանրամասները դարձել են աղոտ։ Այդուհանդերձ, նրանք ակնկալում են, որ իրենց զոհված հայրը, եղբայրը, քույրը լավագույնս կներկայացվեն։ Դժվար էր այս ամենը մեկտեղելը, նաև՝ նրանց ցավի հանդեպ անտարբեր մնալը։
-Հնարավո՞ր է գրել երկրաշարժի արհավիրքի ու դրա թողած հետքերի մասին այնպես, որ գիրքը լինի կյանքի մասին:
-Իմ կարծիքով՝ գիրքը հենց կյանքի մասին է։ Մարդիկ, որոնք կորցրել են ամեն ինչ, բայց կարողացել ուժ գտնել եւ ապրել՝ հանուն իրենց երեխաների (մի ընտանիք 30 տարվա մեջ 9 թոռ եւ 14 ծոռ է ունեցել), երկրաշարժից քաղած դասերը, ինչի արդյունքում այսօր ունենք աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված կրթական բազմաթիվ ծրագրեր՝ սկսած մանկապարտեզային տարիքից, զարգացող կամավորական շարժում՝ փրկարարներ, առաջին օգնության մասնագետներ եւ այլն։
-Գիրքն ո՞ւմ է ուղված, և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել:
-Գիրքն ուղղված է բոլորին. 30 տարի առաջվա մեր գործողությունների անկատարությունն ու դիմացինին օգնելու անկարողությունը չպետք է այսօր կրկնվեն։ Միգուցե գիրքն օգնի վերանայել անվտանգության կարևորությունը մեր շրջապատում, մեր մտերիմների կյանքում։
Գիրքն էլեկտրոնային տարբերակով շուտով հասանելի կլինի www.911tert.am կայքում։
-Տեղեկացվածության մասին ի՞նչ կասեք: Կարծես մեր հայրենակիցներն առանձնապես չեն էլ ուզում տիրապետել պարզ կանոնների՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ:
-Այսօր ամենամեծ խնդիրը բնակչության ուսուցումն է, ինչի ամենաարդյունավետ տարբերակը, իմ կարծիքով, զանգվածային լրատվության միջոցներով անվտանգության կանոնների վերաբերյալ ՊԱՐՏԱԴԻՐ հաղորդումներն են՝ սոցիալական գովազդների, ուսուցողական ֆիլմերի տեսքով։
Կրթօջախների մեծ մասն այսօր ունեն երկրաշարժի վերաբերյալ պաստառներ և աղետների ռիսկերի նվազեցման պլաններ, անցկացվում են ուսուցողական վարժանքներ։ Եթե երեխան գիտակցի անվտանգ ապրելու կարևորությունը, նա կսովորեցնի նաև իր ծնողին։
-Ինչի՞ մասին է լինելու հաջորդ գիրքը, կա՞ արդեն ուրվագիծը:
-Կան դրվագներ ու պատմություններ, որոնք միգուցե գիր դառնան։ Բայց դրանք կլինեն կյանքի, մարդկային հարաբերությունների մասին։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
Գլխավոր լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի
Արխիվային լուսանկարները՝ անձնական արխիվներից
No Comments