Թատրոն Հասմիկ Ավետիսյան

«Ես գնում եմ փնտրելու գրողին»

07.07.2025

   Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, թե՛ որպես դրամատուրգ, թե՛ որպես արձակագիր, մշտապես եղել և մնում է թատերական աշխարհի ուշադրության կենտրոնում։ Նրա ստեղծագործությունները մինչ օրս բեմադրվում են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ թատրոններում։ Նրա պիեսները, ինչպես նաև արձակ ստեղծագործությունները հետաքրքրություն են առաջացնում և բեմադրվում են ոչ միայն պրոֆեսիոնալ թատերախմբերի, այլև իրենց ճանապարհը՝ որպես բեմադրիչ կամ դերասան հարթող երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում։ Դրա վառ դրսևորումներից մեկը հունիսի 29-ին Հայաստանի խուլերի միավորման դահլիճում կայացած «Հանճարի ճանապարհը» ներկայացման առաջնախաղն էր, որի հիմքում Սարոյանի երկու՝ «Հանճարը» և «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» պատմվածքներն են։ Բեմականացման հեղինակ և բեմադրիչ՝ Դավիթ Միրիջանյան։

   Մուտքի մոտ հանդիսատեսին դիմավորում է բեմադրիչը, որի դիմակավորված կերպարն ու ձեռքի նուրբ շարժումով հրավերը ստեղծում են խորհրդավորություն, որոշակի գաղտնիություն այն ամենի մասին, ինչի ականատեսն ենք դառնալու րոպեներ հետո։ Իհարկե, յուրաքանչյուր թատրոն, յուրաքանչյուր բեմադրիչ, անշուշտ, թե՛ իր ոճով ու ձեռագրով, թե՛ մատուցման եղանակով ձգտում է լինել յուրօրինակ ու տարբերվող, իսկ յուրօրինակությունն ու տարբերվող լինելը սկսվում է հենց մուտքից, հանդիսատեսին դիմավորելու թեև պարզ, բայց կարևոր հարցից։ Պետք է խոստովանել, որ բեմադրիչ Դավիթ Միրիջանյանը հանդիսատեսին դիմավորելու և դեպի դահլիճ ուղեկցելու նուրբ ժեստով կարողացավ ժպիտ առաջացնել վերջիններիս մեջ։ Ինքնին տարբերվող երևույթ, քանզի մենք՝ որպես հանդիսատես սովոր ենք պարզապես ներկայացնել տոմսն ու անցնել դահլիճ՝ ներկայացում դիտելու։ Դահլիճը լուսավորված է, բեմի վարագույրները՝ բաց։ Մինիմալիստական ոճով կահավորված բեմը (բեմանկարիչ՝ Տալիդա Կարապետյան) տեղայնացվում է տարբեր իրավիճակների ու վայրերի համար։ Ներկայացումը սկսվում է, բեմը դեռևս մթության մեջ է։ Հնչում է երաժշտություն, որը մեզ հուշում է, որ ինչ-որ գաղտնի բան է տեղի ունենում։ Հենց այդ պահին մոմակալի լույսի ուղեկցությամբ մենք տեսնում ենք Մելիքին (դեր. Դավիթ Եղյան), որը, աշխատելով չաղմկել, փորձում է հավաքել իրեն անհրաժեշտ իրերը Նյու Յորք մեկնելու և իր՝ «հանճարի ճանապարհը» որոնելու համար։ Բայց հեռանալու պահին նրան տեսնում է քեռին (դեր. Արտակ Ազարյան)։ «Ես գնում եմ փնտրելու գրողին». քեռու հարցին ի պատասխան ասում է Մելիքը, իսկ քեռին սկսում է իր խորհուրդների շարքը։ Նշենք, որ, ի տարբերություն շատ ու շատ այլ ներկայացումների, «Հանճարի ճանապարհը» ներկայացման պարագայում խոսքն ու գործողությունը միահյուսված, համակցված են, ինչը թույլ է տալիս լսել ոչ միայն զուտ խոսք, որը կդիտվեր որպես շատախոսություն, այլև գործողություն, համեմված տեղին ու ժամանակին, կերպարների միջև տեղի ունեցող երկխոսություններով։ Թեև երկու պատմվածքներում էլ շեշտը հիմնականում դրված է երկխոսությունների վրա, և  բավականին քիչ տեղ է տրված պատմողականությանը, այնուամենայնիվ, բեմադրիչը կարողացել է երկխոսությունների մի մասը, ինչպես նաև աննշան պատմողական հատվածները վերածել գործողության։ Սա նաև բավականին շահեկան դեր է խաղում դերասանների ինքնարտահայտման, ինչպես նաև պլաստիկ խաղ ցուցադրելու համար։ Այսպես, քեռին իր խորհուրդների շարքը թվարկում է ոչ թե բառերով, խոսքով, այլ գործողություններով, յուրաքանչյուր խորհուրդ ներկայացնելով որոշակի իրավիճակում, որտեղ իրենց դերակատարումն են ունենում նաև երկրորդ պլանում հանդես եկող դերասանները (Կարեն Ծատուրյան, Լանա Մանուկյան, Նարեկ Հովակիմյան, Արաքս Զատիկյան)։ Ի դեպ, դերասաններից յուրաքանչյուրը հանդես է գալիս մեկ և ավելի կերպարով՝ գնացքի ուղևորներ, գեղեցիկ աղջիկներ, թուղթ խաղացող և ֆիլմում նկարահանվել ցանկացող երիտասարդներ, բարմեն և այլն։ Եվ ահա Մելիքը Նյու Յորքում է,  հակառակ քեռու խորհուրդներին՝ սկսում է հայտնվել նկարագրված իրավիճակներում, որի նախաձեռնողն այս պարագայում հենց Մելիքն է։ Մինչև Իզիի բարում հայտնվելը, դերակատարների խաղը գրեթե համոզիչ է։ Դավիթ Եղյանի Մելիքը կյանքով լեցուն երիտասարդ է։ Նրա մեջ նկատելի է անգամ երազանքների լինելությունը, որի ձգտումով էլ նա մեկնում է Նյու Յորք՝ իրեն՝ որպես գրողի գտնելու նպատակով։ Դերասանն իրեն առավելագույնս դրսևորում է Մելիքի կերպարում. բնական է, նրա  ասած յուրաքանչյուր խոսք համապատասխանում է իր կերպարի առանձնահատկություններին։ Իհարկե, բնական ու համոզիչ են նաև քեռու  տված խորհուրդները անփորձ ու առաջին անգամ իր քաղաքը լքող ու ճամփորդել ցանկացող երիտասարդին։  Իսկ արդեն Նյու Յորքում՝ Իզիի բարում, երբ Մելիքը հանդիպում է գրելը ընդամենը երկու օր առաջ թողած գրողին, դերասանը փոքր-ինչ կորցնում է խոսքի և գործողության դինամիկան։ Կարծում ենք, որ իր պատմությունները ներկայացնող և դրանք ֆիլմերի վերածել ցանկացող «գրողը» մեծ ոգևորությամբ ու ցանկությամբ պետք է արտահայտի իր մտքերը, պատմի պատմությունները՝ հետաքրքրություն և ակնածանք առաջացնելով ունկնդրի մեջ։ Բարի տեսարանում Եղյանի Մելիքը պասիվ է, փոքր-ինչ սառը վերաբերմունք ունի իր պատմությունների նկատմամբ ու պակաս ոգևորվածություն, քան անհրաժեշտ էր։ Արտակ Ազարյանի քեռին առավել դիտելի ու լսելի է երկու օր առաջ գրելը թողած գրողի կերպարում։ Քեռու կերպարում Ազարյանը ամբողջովին չի ինքնարտահայտվում, չի դրսևորվում, նրա թե՛ խոսքում, թե՛ գործողություններում նկատվում են արհեստական երանգներ՝ խոսքի սառը տոնայնություն ու անտարբերություն։ Նրա խաղը թույլ չի տալիս հասկանալ, որ հասուն մարդը որոշում է իր կյանքի փորձը կիսել իր քրոջ որդու հետ։ Սակայն Ազարյանը համոզիչ է գրողի կերպարում։ Այստեղ թե՛ խոսքը, թե՛ գործողությունները հասկանալի են, արդարացված ու համապատասխանեցված։ Ներկայացման ավարտին, երբ քեռին Մելիքին գտնում է բարի սեղանի առջև նստած ստեղծագործելու փորձեր կատարելիս, կարելի է նկատել նրա ոգևորությունը վերջին խորհուրդը տալիս։

   «Հանճարի ճանապարհը» ներկայացումը կարելի է համարել նաև պլաստիկ տարրերով հագեցած ներկայացում։ Այն դինամիկ է, ներմուծված պարային հատվածներով և ռիթմիկ երաժշտությամբ, որոնք տրամադրություն են հաղորդում և անգամ ստիպում շարժվել տեղում նստած հանդիսատեսին։

   Այսպիսով, «Հանճարի ճանապարհը» ներկայացումը կարող ենք դասել հաջողված ներկայացումների շարքում, իսկ Դավիթ Միրիջանյանին՝ խոստումնալից բեմադրիչների։ Այս են վկայում ներկայացման ավարտին հնչած ծափահարությունները, հանդիսատեսի՝ միմյանց հետ փոխանակած կարծիքները։ Համոզված ենք, որ առաջիկայում ևս ներկա կգտնվենք նման լավ ներկայացումների, որոնք ոչ թե առաջադրում են հարցեր և տալիս պատասխաններ, այլ առաջադրում են հարցեր, պատասխանները թողնելով հանդիսատեսին, ներկայացումներ, որոնք մտածելու տեղիք են տալիս, ինչպես այս ներկայացման պարագայում. արդյոք Մելիքը, այդ հանճարը, գրե՞ց իր գիրքը, որը պետք է դառնար սցենար, ապա նկարահանվեր «Մետրո Գոլդեն Մայեր»-ի կողմից։ Եվ վերջապես, նա իրո՞ք հանճար էր։

Հասմիկ Ավետիսյան