Ի՞նչ է առաջարկում համաշխարհային գրաշուկան այսօր, ինչպե՞ս է կատարվում ընտրությունը այն գրքերի, որ պետք է թարգմանաբար ներկայացվեն հայ ընթերցողին։ Թարգմանիչ-հրատարակիչ համագործակցության ի՞նչ մեխանիզմներ են գործում մեզանում։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք թարգմանիչ Մարիա Սադոյանի հետ։
-Մարիա, ի՞նչ եք կարծում՝ համաշխարհային բեսթսելերները հասնո՞ւմ են հայ ընթերցողին, և արդյոք ամենապահանջված գիրքը խոսո՞ւմ է նաև գրքի գեղարվեստական արժեքի մասին:
— Սկսենք նրանից, որ «բեսթսելեր» կոչվածը բավականին անստույգ եզրույթ է։ Չկա վաճառված գրքերի այնպիսի քանակ, որը վեպը կդարձնի բեսթսելեր։ Դա հասկանալի է. ամեն մի երկրում այդ թիվը կարող է տարբեր լինել։ Ինքնին պարզ է նաև, որ անգլերեն գրքերը շատ ավելի մեծ հավանականությամբ կվաճառվեն միլիոնավոր օրինակներով, քան, ասենք, հայերեն գրվածները կամ թարգմանվածները։ Ավելին. ցանկացած հրատարակչություն կարող է մի գիրք բեսթսելեր հռչակել՝ վաճառքին նպաստելու համար, սակայն իրականում դա կարող է ընդամենը նշանակել, որ վաճառվել է գրքի առաջին տպաքանակը (որը գուցե և մեծ չէր)։ Մի խոսքով՝ բեսթսելեր ասվածը ավելի շատ մարքեթինգին է առնչվում, քան գրականությանը։
Եվ, իհարկե, բեսթսելեր ամենևին չի նշանակում բարձր գեղարվեստական արժեք։ Այն փաստը, որ գիրքը գնել են շատ մարդիկ, դեռ չի նշանակում, որ այն լավն է։ Նախ՝ կան գրքեր, որոնք պահանջված են մի քանի տարի, գուցե մեկ տասնամյակ, բայց նրանց «գործողության ժամկետը» արագ սպառվում է։ Պատճառները նույնպես պարզ են. փոխվում է իրականությունը, զարգանում են գիտությունն ու հասարակությունը, թեմաներն այլևս արդիական չեն և այլն։ Որպես օրենք, արժեքավոր, դասական համարվող գրքերը առնչվում են հավերժ թեմաներին կամ նոր, հեղափոխական խոսք են գրականության մեջ։
Կան վեպեր, որոնք չեն էլ կարող լինել բեսթսելեր, քանի որ դրանք կկարդան հատուկ պատրաստվածություն ունեցող, նեղ շրջանակի մարդիկ, բայց դա բնավ չի նսեմացնում նրանց գրական արժեքը։ Վեպեր էլ կան, որոնք հանկարծակի բեսթսելեր են դառնում հրատարակվելուց տարիներ, տասնամյակներ անց։
Կան նաև «ոսկե» գրքեր, որոնք սիրված են թե՛ գրաքննադատների, թե՛ ընթերցողների կողմից։ Այդպիսին է, օրինակ, Իեն Մըքյուենի «Քավություն» վեպը, որը պատիվ եմ ունեցել թարգմանելու։ Թե որն է այդ վեպերի հաջողության գաղտնիքը, ոչ ոք չգիտի, և այն կանխագուշակել հնարավոր չէ։ Ընդհանրապես, երբ խոսքը արվեստի մասին է, միշտ ուզում ես տալ «Խելքից պատուհաս» կատակերգության հայտնի հարցը. «Իսկ ո՞վքեր են դատավորները»։ Ո՞վ է որոշում գրքի արժեքը։ Հաստատ ո՛չ վաճառված քանակը, ո՛չ Goodreads կայքի «աստղերը», ո՛չ էլ նույնիսկ Պուլիցերյան կամ Բուքերյան մրցանակը։
Ինչ վերաբերում է հայ ընթերցողին, այո՛, որոշ հրատարակչություններ սևեռվում են հենց «բեսթսելեր» պիտակի վրա և թարգմանաբար ներկայացնում դրանք հանրությանը։ Բայց է՛լ ավելի գնահատելի է այն հրատարակչությունների աշխատանքը, որոնք լույս են ընծայում վեպեր, որոնք բարձրարժեք են համարում. գուցե դրանք բուռն վաճառք չեն ապահովում, բայց մնում են ընթերցողների գրադարակներում, վերընթերցվում են, փոխանցվում սերունդներին։
Ես գրքային սնոբ չեմ. եթե կա գիրք, կա նաև ընթերցող։ Եկե՛ք գրքեր հրատարակենք ու կարդանք. ժամանակը կորոշի դրանց արժեքը։ Բայց մնում է հավիտենական հարցը. արդյո՞ք արվեստը պետք է ստեղծի պահանջարկ, թե՞ արձագանքի պահանջարկին։ Ես ինքս գնում եմ այն գրքերը, որոնք, գիտեմ, կմնան գրադարակումս։ Հենց հիմա, երևի չորրորդ անգամ, վերընթերցում եմ Վոնեգուտի «Սպանդանոց համար հինգ»-ը։ Ահա և պատասխանը։
-Ինչպե՞ս եք ընտրում գրքերը, որոնք պետք է ներկայացնեք ընթերցողին։ Ավելի դժվար է գործի ընտրությո՞ւնը, թե՞ գրողի լեզուն լավագույնս ընթերցողին փոխանցելը։
— Գրքերը ես ինքս եմ ընտրում։ Նույնիսկ եթե դրանք առաջարկում է հրատարակչությունը, ես եմ որոշում՝ համաձայնել, թե ոչ։ Հիմնականում, սակայն, առաջարկը իմն է, իսկ հրատարակչությունը համաձայնում է՝ կախված հեղինակային իրավունքից, իրենց քաղաքականության և տնտեսական հարցերից։ Իդեալական տարբերակում (ինչպիսին էր վերջերս հրատարակված «Դյուն» վեպը) հրատարակիչն ու թարգմանիչը հանդիպում են ճանապարհի կեսին. իմ առաջարկը եկավ այն պահին, երբ «Զանգակ» հրատարակչությունն արդեն որոշել էր թարգմանել այդ գլուխգործոցը։
Գործի ընտրությունը ոչ այնքան բարդ գործընթաց է, որքան ցավագին. ես ունեմ բազում առաջարկներ, և դրանց զգալի մասը, ցավոք, այս կամ այն պատճառով մերժվում է։ Ես փորձում եմ գտնել այն «ոսկե» գիրքը, որը գրավիչ լինի հրատարակչության համար և հետաքրքիր լինի ինձ, որպես թարգմանչի։
Գրողի լեզուն փոխանցելը արդեն արվեստի ոլորտի հարց է, բարդության մեջ է դրա գեղեցկությունը։ Այդ պատճառով ես հավատացած եմ, որ ոչ մի արհեստական բանականություն մեզ՝ գրական թարգմանիչներիս, չի փոխարինի։ Տեխնիկական, համընթաց թարգմանությունները թերևս վտանգված են, բայց ոչ գրական թարգմանությունը։
Թարգմանության մեջ ոճը, լեզուն պահպանելու թեմայով բազում գիտական թեզեր են գրվել ու դեռ գրվելու են։ Թարգմանիչը ոչ միայն վերարտադրում է տեքստը, այլև դառնում է տեքստի համահեղինակը։ Այդ պատճառով աշխարհում սկսվել է շարժում, որպեսզի թարգմանիչների անունը հայտնվի գրքի շապիկին՝ հեղինակի անվան կողքին։ Գիրքը գնելուց առաջ ես անպայման կարդում եմ թարգմանչի անունը։ Սա բարդ, հետաքրքիր գործընթաց է, որն ինձ մեծագույն հաճույք է պատճառում, քանի որ հենց դրանից է երևում թարգմանության վարպետությունը։
-Թարգմանության ոլորտի մերօրյա խնդիրներից ո՞րը կառանձնացնեիք:
— Խնդիրները անթիվ-անհամար են։ Լավ կլիներ ունենալ հարթակ, որտեղ մենք՝ թարգմանիչներս, խմբագիրների ու սրբագրիչների հետ քննարկեինք արդի թարգմանական հարցերը, օրինակ՝ ի մի բերեինք նորաբանությունները, մշակեինք միասնական տառադարձություն և այլն:
Թարգմանությունը բավական մեկուսի զբաղմունք է, բայց չի նշանակում, որ թարգմանիչները միմյանց հետ մասնագիտական շփման կարիք չունեն։ Մենք պետք է հիշենք, որ թարգմանությունները որոշ չափով մշակույթ և լեզու են ձևավորում, և մեր գործին վերաբերվենք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։
-Ասում են՝ գրողները միմյանց գործերը չեն կարդում։ Թարգմանիչները ծանոթանո՞ւմ են թարգմանական դաշտի նորություններին, գործընկերների կատարած աշխատանքներին։
— Ես ինքս հետաքրքրությամբ կարդում եմ այլ թարգմանիչների գործեր՝ հատկապես այն լեզուներից, որոնց չեմ տիրապետում։ Սիրում եմ թարգմանությանը վերաբերող փոդքաստներ լսել, կարդում եմ գրականագիտական հոդվածներ։
-Կարելի՞ է ասել, որ թարգմանիչն ակամա ստանձնում է նաև գրաքննադատի գործը, վերլուծում է գիրքը, տեսնում դրա խորքը։
— Սիրում եմ ասել, որ հեղինակից հետո տեքստի վրա ամենաերկարը աշխատում է թարգմանիչը։ Թարգմանելիս ի հայտ են գալիս տեքստի կառուցվածքի, լեզվի, ոճի այնպիսի յուրօրինակություններ, որոնք որպես ընթերցող չես նկատում։ Պատահում է, որ մտքում սկսում եմ հարցեր տալ հեղինակին, չհամաձայնել նրա հետ։ Հրաշալի կլիներ, եթե կարողանայի զրուցել հեղինակների հետ, բայց դա, ինչպես կռահում եք, հիմնականում հնարավոր չէ։
Այստեղ ուզում եմ հատուկ նշել խմբագիրների կարևորագույն աշխատանքը։ Թերևս հենց նրանք են ամենախիստ գրաքննադատները, նրանց հետ սերտ համագործակցությամբ է տեքստը հղկվում, կատարելագործվում։
-Արտաշես Էմինը մի առիթով ասաց, որ թարգմանիչը մեկնաբանում է գործը դերասանի պես. լավ դերասանը պարզապես կերպարանափոխվում է, մտնում դերի մեջ։ Ինչպե՞ս եք Դուք ընկալում թարգմանական արվեստի նրբերանգները։
— Եթե համեմատեմ դերասանական արվեստի հետ, ես «Ստանիսլավսկու մեթոդով» իսկապես փորձում եմ ներթափանցել, ընկղմվել նոր գրքի, նոր պատումի մեջ։ Օրինակ՝ Քերուեքի դարակազմիկ «Ճանապարհին» վեպը թարգմանելիս ես ոչ միայն կարդում էի վեպին վերաբերող բոլոր հասանելի նյութերը, հոդվածներն ու գրախոսականները, այլև լսում էի Քերուեքի բոլոր պահպանված ձայնագրությունները, ինչպես նաև 1940-50-ականների ջազը, ուսումնասիրում ամերիկյան քարտեզն ու ճանապարհները, նույնիսկ մանրամասն ուսումնասիրեցի Քերուեքի սիրելի բենզեդրին կոչվող թմրանյութը (դրա օգտագործմանը չհասավ, մի՛ անհանգստացեք)- (ծիծաղում է- հեղ.):
Տեքստի մեկնաբանությունը լեզվափիլիսոփայական հարց է։ Ես չեմ կարծում, որ թարգմանիչը պետք է գիտակցորեն մեկնաբանի տեքստը. մեկնաբանումը պետք է թողնել ընթերցողին։ Ավելացնել դրան թարգմանչի մեկնաբանությունը, ըստ իս, ինչ-որ չափով նույնիսկ մեծամտություն է։ Երբ կարդում ենք Շեքսպիրի տարբեր թարգմանությունները, այդ «մեկնաբանությունները» ակնառու են. կա, օրինակ, «Լոզինսկու Շեքսպիր», «Պաստեռնակի Շեքսպիր» և այլն։ Բայց Շեքսպիր կարդալիս ես ուզում եմ կարդալ Շեքսպիր, համենայն դեպս, հնարավոր ամենամոտիկը նրա տեքստին։ Այդ իսկ պատճառով ես փորձում եմ թարգմանել այնպես, որ լսվի հեղինակի ձայնը, ռիթմը, ոգին։ Եթե համեմատեք իմ տարբեր թարգմանությունների հետ, հույս ունեմ՝ հստակ կզգաք այդ տարբերությունը։ Ես ուզում եմ, որ Մըքյուենին հայերեն կարդալիս դուք լսեք անգլիացի Մըքյուենի ձայնը, որը խոսում է հայերեն, այլ ոչ հայ Մարիա Սադոյանի ձայնը, որը Մըքյուենին անգլերեն կարդալուց հետո ձեզ է ներկայացնում նրա գրածը հայերեն։
-Կարո՞ղ եք առանձնացնել հեղինակների, որոնց, ըստ Ձեզ, պետք է անպայման թարգմանել ու ներկայացնել հայ ընթերցողին:
— Օ՜, այդ ցուցակը շա՜տ երկար է։ Ինձ գերում են ժամանակակից անգլիացի գրողները. լավ կլիներ թարգմանել «փայլուն եռյակին»՝ Մարթին Էմիսին, Ջուլիան Բարնսին և Իեն Մըքյուենին (որի հետ անձամբ հանդիպել եմ)։ Ամերիկացիներից հատուկ կնշեմ Քորմաք ՄըքՔարթիին, որը մահացավ վերջերս։ Շատ կուզեի դեռահասներին հասանելի լինեին հայերեն Ուրսուլա Լե Գուինի, Ֆիլիպ Փուլմանի, Մադլեն Լ’Էնգլի զարմանահրաշ վիպաշարերը։ Մեծ ոգևորությամբ կթարգմանեի նաև տաղանդավոր կին գրողներ Ջեյդի Սմիթին, Քեթրին Մենսֆիլդին, Քեյթ Աթքինսոնին։
Կարծում եմ՝ պարտադիր է թարգմանել նաև այն հեղինակներին, որոնք գրում են Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ամերիկայի հնդիկների, Մերձավոր Արևելքի մասին։ Խալեդ Հոսեյնիի վեպերի հաջողությունը Հայաստանում ապացուցում է, որ այդպիսի գրքերի մեծ պահանջարկ կա։
Ցուցակը շատ երկար է, անգլիալեզու գրականությունը չափազանց հարուստ է և, ինչ խոսք, ինչպես և 20-րդ դարում՝ ամենանորարարն ու բազմազանը։
-Քանի՞ գիրք եք թարգմանել, և ինչքա՞ն ջանք ու ժամանակ են պահանջում դրանք Ձեզնից։
— Թարգմանել եմ մոտ 20 գիրք, այդ թվում՝ հայերենից անգլերեն։ Քանի որ խոսեցինք բեստսելերներից, կնշեմ «Երևանյան բեստսելեր» մրցանակին արժանացած Խալեդ Հոսեյնիի վեպերը՝ «Օդապարուկ թռցնողը» և «Հազար չքնաղ արևներ»-ը։ Սրանք այն գրքերն են, որոնց դեպքում «բեստսելեր» բառն օգտագործվել է իր ամենալավ իմաստով։ Նշվածներից բացի՝ կառանձնացնեի մանկապատանեկան «Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը» և «Պարգևողը» վեպերը, որոնք, անկեղծ ասած, խորհուրդ կտայի կարդալ նաև մեծահասակներին, հատկապես՝ վերջինը։
Գրական թարգմանությունն իմ հիմնական զբաղմունքն է, ես դրան նվիրում եմ բոլոր ջանքերս։ Իսկ քանի որ այն նաև իմ ամենասիրելի զբաղմունքն է, ապա «ջանք» անվանելը, կարծես, սխալ է։
Ես բավականին արագ եմ աշխատում, որովհետև թարգմանում եմ հանգստյան օրերին, ծովափին նստած, գնացքում, օդանավում։ Մեկ վեպ թարգմանելու ժամանակը, ինչպես կռահում եք, կախված է գրքի ծավալից և բարդությունից, բայց շատ կոպիտ հաշվարկով միջին ծավալի և բարդության վեպը ես ավարտում եմ 3-4 ամսում։ Երբեմն նույնքան երկար է տևում խմբագրման աշխատանքը։
Թարգմանությունը իմ հոբբին էր, որը դարձավ հիմնական գործ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։
-Ծրագրերի, նոր թարգմանությունների մասին կպատմե՞ք։
— Չեմ պատմի, որովհետև այդպես է խնդրել հրատարակչությունը, միայն ասեմ, որ նոր վեպը ուրախալի կլինի թե՛ գրքասերների, թե՛ արվեստասերների համար։
Զրուցեց Արմինե Սարգսյանը
Գլխավոր լուսանկարում՝ Մարիա Սադոյան, Իեն Մըքյուեն