Անաիդա Մովսիսյան ԳիտաՆյութ

Գևորգ Բարխուդարյանի մի քանի թարգմանությունների մասին

13.11.2024

Ցանկացած երկրի մշակույթին գնահատական տալու լավագույն չափանիշներից մեկը նրանում թարգմանական արվեստի զարգացման մակարդակն է: Այս առումով հայ ժողովուրդը իրավունք ունի հպարտանալու, քանի որ դարեր ի վեր մեր իրականությունում ավանդաբար մեծ դեր է հատկացվել այդ արվեստին:

Սկսած V դարից՝ թարգմանական արվեստը  ապրել է և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ։ Այս ճանապարհին ցանկացած թարգմանիչ իր ներդրումն է ունեցել այն պարարտ հողի հասունացման հարցում, որի վրա հետագայում իրենց բարձրարժեք թարգմանությունները ստեղծեցին Հովհ․ Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Արմեն Հովհաննիսյանը և այլք։

Անվանի գրականագետ, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Բարխուդարյանը (1835-1963) երկարամյա մանկավարժական բեղմնավոր գուծունեություն է ծավալել, որի զգալի մասը՝ Ներսիսյան դպրոցում: Նա նաև հանդես է եկել Չմշկյանի թատերախմբում՝ կատարելով տարբեր դերեր: Բայց Բարխուդարյանին հռչակ են բերել   վարպետությամբ արված իր թարգմանությունները Գյոթեից, Լեսինգից, Շիլլերից, Հայնեից, Բայրոնից, Շեքսպիրից, Պետերֆիից: Թարգմանիչն աշխատել է հնարավորիս հարազատ թարգմանություններ կատարել՝ օգտագործելով այնպիսի լեզու, որը հասկանալի լինի բոլորին: Իսկ Գյոթեի «Ֆաուստի» թարգմանությունը համարվում է նրա կատարածների պսակը։ Բայց մինչ «Ֆաուստին»  հասնելը Բարխուդարյան թարգմանիչը երկար ճանապարհ է անցել: Առաջին թարգմանությունները նա կատարել է 19-րդ դարի 60-ական թականներին և հիմնականում տպագրել «Հյուսիսափայլում»: Դրանք, բնականաբար, գեղարվեստական նույն արժեքը չունեին, ինչ ունեցան հետագայում կատարվածները: Օրինակ՝ Շիլլերից նա թարգմանել է «Պատանին աղբյուրի մոտ» և «Յովհաննայի հրաժարվելը»[1] բանաստեղծությունները, որոնց թարգմանությունների մասին գովասանքով է խոսել Ս․ Նազարյանը՝ նշելով, որ թարգմանիչը ջերմ ու տաք սրտով է զգացել գերմանացի բանաստեղծին[2]: Սակայն ժամանակի քննադատներից մեկը՝ Իս․ Հարությունյանը, մի շարք թերություններ է նշում թարգմանություններում, ինչպիսիք են՝ սխալ բառընտրությունը, ազատ թարգմանությունը, իմաստի սխալ մեկնաբանումը և այլն: Իսկ «Քուիտին» ստեղծագործության թարգամանության լեզուն ծանր ու խրթին է համարում՝ լի գրաբարյան բառերով և բառաձևերով: Ըստ հոդվածագրի՝ Բարխուդարյանը կարծես երկու լեզու է օգտագործում․ իր սեփական ոտանավորների լեզուն պարզ է և սահուն, իսկ թարգմանություններինը՝ հակառակը[3]:

Սակայն բոլորովին այլ որակով են կատարվել Շիլլերի «Վիլհեմ Տելլ»[4], «Դոն Կարլոս»[5] և «Օռլեանի կույսը»[6] դրամաների թարգմանությունները: Ահա  մի հատված «Վիլհեմ Տելլի» թարգմանությունից: Անարդարության դեմ ըմբոստանալու համար կուսակալը հանում է երկրագործ Մեխթալի հոր աչքերը: Երբ փախուստի մատնված Մեխթալը լսում է այս գազանության մասին, մորմոքված սրտով հետևյալ գեղեցիկ մենախոսությունն է արտասանում․

Ո՛հ, աչքի լոյսը է մի երկնային

Եւ ազնիւ պարգև:- Եւ ամեն էակ,

Ամեն արարած ապրում է լուսով-

Եւ մինչև անգամ ծաղիկն էլ ուրախ

Թեքում է գլուխը միշտ լուսոյ կողմը․

Իսկ նա յաւիտեան, թէև կենդանի,

Նստած պիտի մնայ անվերջ խաւարում-

Նա էլ չի զմայլի ոչ արևափայլ

Կանաչ մարգերով, ոչ ծաղիկների

Գեղեցիկ տեսքով, ոչ էլ սառուցով

Պատած սարերեի կարմիր փայլունով:-

Մահը ոչինչ է, բայց ապրել, զգալ

Եւ լոյս չտեսնել, մահիցը վատ է:-

Ինչի՛ խղճալով նայում էք ինձ վերայ:

Տեսէ՛ք, ես ունիմ զոյգ առողջ աչքեր,

Բայց իմ կույր հօրը չեմ կարող ես տալ

Նորանցից մինը: Ա՛խ չեմ կարող տալ

Մի հատ ճառագայթ այն լուսոյ ծովից,

Որ բորբոքելով լցնում է աչքերս : (էջ 37)

Սակայն հեշտ չէր լեզվական նման որակի հասնելը, որովհետև մեր լեզուն բառապաշարի և քերականության առումով  դեռ չէր կազմավորվել: Այսպես է արտահայտվել թարգմանիչը  Շիլլերի «Վիլհեմ Տելլի» նախաբանում․ «Խոստովանում եմ , որ հեշտ չէր իմ հաձն առած գործը, աչքի առաջ ունենալով մեր այժմյան լեզվի մանուկ վիճակը: որ դեռևս այնքան զարգացած չէ Շիլլերի պես մի համաշխարհային հանճարի բարձր և վսեմ մտքերը ճշտությամբ արտահայտելու յուր, կարելի է ասել, թոթովանքով: Բայց, այնուամենայնիվ, ես իմ կողմից չեմ խնայել ոչ մի աշխատանք, որքան հնար է մոտ մնալ բնագրին առաց բառացի ճշտության ետևից ընկնելու: Բացի դրանից, թարգմանությանս մեջ գործ եմ ածել այնպիսի լեզու, որ հասկանալի լինի ամեն գրագետ հային․․»[7]:

Դրվատանքի շատ խոսքեր են գրվել նրա հասցեին թե՛ մամուլում, թե՛ նրա ժամանակակիցների հուշերում: Անվանի թատերագետ, մանկավարժ Սեդրակ Մանդինյանը իր հուշերում պատմում է Բարխուդարյանի ստեղծագործական մեթոդի մասին․ «Նա իր թարգմանությունը չէր սկսում գրչով: Թարգմանածն այնպես չէր անցկացնում թղթի վրա, այլ բերանացի և մտքով այնքան կոկում և հղկում էր ամեն մի նախադասությունը, մինչև որ իր արտասանությամբ իր ականջին բերկրություն էր պատճառում»[8]: Այս ամենը վկայում են այն մասին, որ Բարխուդարյանի համար թարգմանությունը բարդ ստեղծագործական աշխատանք է եղել:

Բարխուդարյանի «Վենետիկի վաճառականը» տպագրվել է 1879 թ․Աբգար Հովհաննիսյանի «Փորձ» հանդեսի I, II համարներում: Ամենայն հավանականությամբ նա այդ աշխատանքը կատարել է «Փորձի» խմբագիր  Աբգար Հովհաննիսյանի առաջարկությամբ:  Թարգմանության համար հիմք է ծառայել Շլեգել-Տիկի գերմաներեն  տարբերակը: Լինելով բանաստեղծ և ունենալով թարգմանական հարուստ փորձ՝  նա հարազատ է մնացել չափածոն չափածո թարգմանելու սկզբունքին և առաջին անգամ Շեքսպիրի համար օգտագործել է տասվանկանի երկանդամ ոտանավորը: Պատճառներից մեկն այն էր, որ Բարխուդարյանը ծանոթ էր գերմանացի թարգմանիչների շեքսպիրագիտական  ձեռքբերումներին: Բացի այդ՝ նույն չափով է 19-րդ դարի 60-ական թվականներին Լերմոնտովի «Դևը»  թարգմանել Մադաթյանը, ում հետ Բարխուդարյանը աշխատակցել է «Հյուսիսափայլին»: Հետագայում նույն  չափով «Լիր թագավորը» թարգմանեց Ստ․ Մալխասյանը և հետո նաև Մասեհյանը՝ իր գլուխգործոցները:

Բարխուդարյանը բնագրից չի թարգմանել, սակայն թարգմանությունը մոտ է բնագրի ռիթմային համակարգին և արժեքավոր է թե՛ թարգմանության ճշգրտությամբ, թե՛ լեզվի պարզությամբ:

Ահա մի չափածո հատված, որը բացահայտում է թարգմանչի բանաստեղծական տաղանդը:Այստեղ Գրացիանոն դիմում է Անտոնիոյին․

Գրացիանո- Եվ խենթի դերը թողեք ես խաղամ,

Թող ուրախության և ծիծաղի մեջ կնճիռներ գան,

Եվ թող իմ լյարդը գինուց ջերմանա,

Քան թե մահաբեր հեծեծանքներով սիրտս սառնանա,

Ինչու պետք մարդ,որ երակներում տաք արյուն ունի,

Քարացած նստի իր պապի մարմար արձանի նման,

Ինչու քնանա արթուն ժամանակ,

Դեղնուկ ստանա շատ տրտնջալուց: ( էջ 133)

Այսօր էլ այս հատվածը հնչում է հարթ ու սահուն և հաճույքով կարդացվում: Թարգմանական գրականության մեջ շատ քիչ են այն դեպքերը, երբ միջնորդ լեզվից թարգմանվելու թերությունը լրացվում է թարգմանիչի տաղանդով, փորձով և բանաստեղծական ձիրքով[9]:

Վարպետությամբ են թարգմանված նաև պիեսի արձակ հատվածները: Նախադասությունները համազոր են թե՛ կառուցվածքով և թե՛ հնչողությամբ: Ահա մի հատված Ներիսայի և Պորցիայի խոսակցությունից, որտեղ վերջինս բնութագրում է իր գերմանացի փեսացուին:

Պորցիա- Նա շատ զզվելի է առավոտները, երբ որ խմած չէ, և ամենազզվելի ճաշից հետո,երբ որ հարբած է: Ամենալավ ժամանակը նա մի փոքր վատ է մարդուց և ամենավատ ժամանակը՝ փոքր-ինչ լավ է անասունից: ( էջ 142)

Թարգմանության մեջ հանդիպող բացթողումներից կարելի է նշել հետևյալները․հատուկ անունների մի մասի տառադարձությունը հարում է ռուսերենին, այդ պատճառով դրանք հայերեն լավ չեն հնչում, ինչպես՝ Շելյոկ, Շեկսպիր,Բալտազար,Լունա (Լուսնի փոխարեն), մյուս մասի  դեպքում զգացվում է գերմաներենի ազդեցությունը՝ ինչպես  ռեյնվեյն (հռենոսյան գինի), պֆալցգրաֆ (արքայազն):

Սակավ հաջողված են նաև բառախաղերի թարգմանությունը, որովհետև նրանցում  բացակայում է մերթ իմաստային, մերթ էլ հնչյունական կողմը: Սակայն արդարացի լինելու համար նշենք, որ առայսօր՝ լեզվի զարգացման ներկա փուլում, Շեքսպիրի բառախաղերը համարվում են դժվար թարգմանելի և մեծ գլխացավանք են պատճառում թարգմանիչներին: Թարգմանությունը մոտ հազար տողով ավելացել է: Օգտագործված են գրաբարյան ձևեր՝ սորա, վերա, ինչպես նաև թիֆլիսահայ բարբառով  դիմելաձևեր՝ աղջիկ-պարոն և այլն:

Չնայած այս ամենին՝ Բարխուդարյանը մի այնպիսի  դիրքի հասցրեց թարգմանչի  մասնագիտությունը, որ նրանից հետո Շեքսպիրի և առհասարակ այլ հեղինակների վատ, անորակ թարգմանությունները քննադատությունների էին ենթարկվում մամուլում: Շեքսպիրից միայն մեկ գործ թարգմանելով՝ ապացուցեց, որ պետք է թարգմանել գրական լեզվով՝ զերծ բարբառային ձևերից և նախապատրաստեց այն հիմքը, որը նպաստեց Մասեհյանի  դասական թարգմանությաունների ի հայտ գալուն[10]: Թերզիբաշյանը նունիսկ նմանություններ է գտնում Բարխուդարյանի և Մասեհյանի թարգմանություններում՝ ակնարկելով, որ Մասեհյանը հաշվի է առել իրենից առաջ եղած փորձը, չնայած նրա թարգմանությունը չորրորդն էր  և կատարված էր բնագրից[11]: Գուցե նմանությունները բնագրով են պայմանավորված, բայց դրանք մեկ անգամ ևս վկայում են, թե որքան նույնական է ստացվել Բարխուդարյանի՝ գերմաներենից կատարված թարգմանությունը:

1900 թ․ Գևորգ Բարխուդարյանը թարգմանում է Գյոթեի «Ֆաուստի» առաջին մասը: Թիֆլիսում հրատարակվող «Լումա» ամսագիրը, անդրադառնալով «Ֆասուտի» թարգմանությանը, գրում է․ «Ֆաուստը այնպիսի մատենագիտական գանձ է, որ հայ գրականությունը երբեք չի մոռանա նրա առաջին բանաստեղծ թարգմանչին»[12]: Վերջում  հոդվածագիրը  տարեց բանաստեղծ- ուսուցչին  առողջություն է մաղթում  և ուժ՝ «Ֆասուստի» երկրորդ մասը թարգմանելու համար: Ցավոք, Բարխուդարյանը  մահացավ՝ այդպես էլ չթարգմանելով ողբերգության երկրորդ մասը: Հոդվածագիրը սխալվում էր այն հարցում, որ Բարխուդարյանը «Ֆասուտի» առաջին թարգմանիչն էր: Առաջին թարգմանությունը կատարել է Թ․Թերզյանը 1873 թվականին Պոլսում: Սակայն Բարխուդարյանը առաջինն էր, որ թարգմանեց չափածո՝ պահպանելով ժանրի բոլոր կանոնները: Դրանից հետո եղել են մոտ 7 թարգմանություններ, և այդ թարգմանությունները քննողները Բարխուդարյանի թարգմանությունը գեղարվեստականությամբ և համարժեքությամբ  հավասարեցնում են  Պարույր Միքայելյանի կատարած թարգմանությանը, որը կարարվել է Երևանում 1963-67թ․[13]: Միքայելյանի թարգմանությունը շահում է այնքանով, որ ժամանակագրական առումով ավելի մոտ է մեզ և լեզվի, ոճի հոգեհարազատություն կա: Բայց նույնիսկ այս դեպքում Բարխուդարյանի թարգմանությունը չի խամրում․

Համեմատենք նույն հատվածի թարգմանությունները․

Գ ԲարխուդարյանՊՄիքայելյան
Ֆաուստ-  Ո՛վ խեղճ սատանայ, ի՛նչ կարող ես տալ: Ընդունա՛կ ես դու  արդեօք հասկանալ Մարդկային ոգու վեհ ձգտումները: Չեն կշտացնում քո կերակուրները․ Ունիս դու ոսկի, որ սնդիկի նման Իսկույն ցրվում է կողմեր զանազան․ Մի խաղ,որ երբեք տալիս չէ վաստակ․ Աղջիկ,որ գրկիս եղած ժամանակ Աչքով է անում դրացուն շարունակ, Եւ փառք ու պատուի վայելքն երկնային, Որ չքանում է որպես մէտէօր- Պտուղ,որ փտում կտրած վայրկեանին Եւ ծառ,որ ծաղկում է ամենայն օր[14]:  Ֆաուստ-   Ի՛նչ ես արդյոք ինձ ուզում տալ,խեղճ սատանա: Մարդու ոգին,ձգտումների սլացքը վես Քեզ նմանը կհասկանա՛: Սնու՛նդ կտաս․ չեմ հագենա քո հացով ես․ Կտաս ոսկի՛,որն իմ ձեռքում Միշտ չի մնա,սնդիկի պես դուրս կսահի․ Կտաս մի խա՛ղ, որտեղ երբեք ես չեմ շահի․ Կտաս աղջի՛կ, որն աչքերով՝իմ ջերմ գրկում Հարևանիս կտա խոստում սիրո պահին․ Կտաս փառքի քաղցր բերկրանք՛, ասվածային, Որ կմարի որպես ասուպ: Ինձ հավատա՛, Նախքան քաղելն արդեն փտած  պտուղ է դա, Ծառ,որ պիտի նոր տերևներ ամեն օր տա[15]:

Անշուշտ, Բարխուդարյանի կողմից մեծ խիզախում էր համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկին անդրադառնալը և հայ ընթերցողին նրան հաղորդակից դարձնելը, իսկ դա բազմաթիվ տարիների դժվարին աշխատանքի արդյունք էր:

Ամփոփելով՝ կարող ենք ասել,որ իր թարգմանություններով Գևորգ Բարխուդարյանը նոր որակով առաջ մղեց հայ թարգմանական արվեստը և բարձրացրեց հարազատ թարգմանության նշաձողը։

Անաիդա Մովսիսյան

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ


[1] «Հյուսիսափայլ»,1859,հուլիս,էջ 569:

[2] «Հյուսիսափայլ»,1859, հուլիս,էջ 573-74:

[3] Տե՛ս ԻսՀարությունյան,Գևորգ Բարխուդարյան, Լումա,,, 1902,N 2, էջ 196-217:

[4] Շիլլէր, Վիլհեմ Տէլլ,դրաման հինգ գործ․, թարգմ․ Գէորգ Բարխուդարյանի, 1873 թ․, Թիֆլիզ:Այսուհետ բոլոր մեջբերումների ուղղագրությունը ՝ ըստ բնագրերի: էջերը կնշվեն կից:

[5] ՇիլլԷր, Դօն Կարլոս,դրամատիկական բանաստեղծութիւն հինգ գործողությամբ: «Փորձ» N 1,էջ 1-162,N 2, Էջ 1-117:

[6] Շիլլէր, Օրլեանի կոյսը,վիպասանական ողբերգոութիւն հինգ գործողությամբ, «Փորձ» N 3, էջ 1-80,N 4,էջ 1-88:

[7] Շիլլէր,Վիլհեմ Տելլ, թարգմ․ Գ․  Բարխուդարյան, Թիֆլիս 1873, Առաջաբան էջ 7:

[8] ՍՄանդինյան, Գ․Բարխուդարյանի անմոռաց հիշատակին, «Տարազ», Թիֆլիս,1913,հ․11, էջ    149-150: (

[9] Տե՛ս Սոնա Սեֆերյան, Շեքսպիրը հայ իրականության մեջ,Եր․ 2002թ․,էջ 82:

[10] Տե՛ս ՍՍեֆերյան, նշվ․աշխ․, էջ 81:

[11] ՎԹերզիբաշյան, Շեքսպիրը հայերեն, Երևան,1956 թ․, էջ 51-52:

[12] Լումա, Թիֆլիս, 1902, թիվ 5, էջ 238։

[13] Գ Թորոսյան, Ֆաուստի հայերեն թարգմանությունները, ատենախոսություն, 2004թ․:

[14] Ֆաուստ,Գէօթէի, թարգմանեց գերմաներենից Գէորգ Բարխուդարեանց,Թիֆլիզ,1902,էջ 71:

[15] Վոլֆգանգ Գյոթե, Ֆաուստ, գերմաներենից թարգմանեց Պարույր Միքայելյանը,Երևան 1963, էջ 89-90: