Անի Անտոնյան Թանգարան

Հաճըն․ պատմություններ, որ չեն մոռացվում 

27.11.2024

Մի առիթով լսել էի, որ Ցեղասպանությունը վերապրած հայ կինը մահվանից առաջ զավակներին խնդրել է հանել իր մարմնում մնացած փամփուշտը՝  ասելով․  «Թուրքի փամփուշտով գերեզման չպիտի մտնիմ»։ Այդ կինն Ագուլինե Թաթուլյանն էր՝ Կիլիկիայի Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերում կռված բուժքույրը և ողջ բնակչությունից փրկված 7 կանանցից մեկը։ 34 տարի անց նրա աճյունն ամերիկյան Փասադենայից բերվեց Հայաստան և վերահուղարկավորվեց հայկական հողում։  

Հուզմունքով կտրում եմ Նոր Հաճընի քարքարոտ ու փոշոտ ճանապարհներից մեկը, որը չնայած քաղաքի սկզբնամասում է, բայց տեղացիների խոսքով՝ տանում է դեպի կենտրոն։ 

Առջևումս ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կառուցած «բերդ-ամրոցն» է՝ 1920 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքի 8-ամսյա գոյապայքարը խորհրդանշող հուշակոթողը։ Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը ճիշտ բնութագիր էր տվել՝ «գլուխ, ողնաշար, թևեր և պոչ» ունեցող այս կառույցը եկեղեցու, բերդի, սրի ու աստիճանների խորհրդանշանական նկարվածք է։ Ձախ ճեղքին թառած արծիվը թևի տակ է առել խաղողն ու ողկույզը՝ մատնանշելով հայի հավիտենական պայքարը, ճեղքումը, նահատակությունն ու վերածնունդը։


Հուշակոթողի ներսում Կիլիկիայի հայերի պատմության թանգարանն է։ Իսրայելյանը մի բուռ բնություն է նվիրել այստեղ ոտք դնողին․ 12 աստիճանի չափով գետնից կտրված այս հարթակը քեզ տեղափոխում է ուրիշ աշխարհ։ Կանգնում ես Արզնու ձորի պռնկին, մտովի ճամփորդում Կիլիկիայի լեռներով, շնչում Հաճընի մաքուր օդը, դիտում հացի փռի, արական ու իգական վարժարանների և եկեղեցիների անցուդարձը, քայլում քաղաքի թաղերն իրար կապող կամուրջներով։ Հաճընցի արհեստավորները քեզ զարմացնում են իրենց գորգերով, կտավներով, թաղիքե իրերով ու գուլպաներով։ 

Թանգարանի պատասխանատու Հայաստան Սիմոնյանն ասում է՝ հաճընցիների ժառանգներն են պահում ու պահպանում այս ամենը։ Ցուցանմուշները հենց նրանց նվիրատվությունն են։  Ավելի քան 2000 առարկա՝ հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր փաստաթղթեր, հուշագրություններ, լուսանկարներ, պատմական Հաճընի կենցաղային և ազգագրական իրեր։ 


Այստեղ կարելի է լսել հաճընցիների պայքարի մասին վկայող հերոսական պատմություններ՝ հրամանատար Սարգիս Ճեպեճյանի և փոխհրամանատար Արամ Կայծակի մարտավարական հնարքների, «Վրեժ» խմբի, Հաճընի «պահապան հրեշտակ» և ամերիկյան միսիոներ Ռոուզ Լամբերտի, քարայրներում ապրած և մինչև կյանքի վերջը գաղթի շորերը պահած Եղիսաբեթ Պալապանյանի, ձյունածածկ լեռներում տղամարդկանց կողքին կռված Նվարդի, Էսթերի և մյուսների մասին։ 35 հազար բնակչություն ունեցող Հաճըն քաղաքից ողջ է մնացել 387 հոգի, որոնց ժառանգները, ովքեր պահում են պատմական հիշողությունը, պարբերաբար այցելում են թանգարան։


Հայաստանի խոսքով՝ 2021 թվականին Արսլանյան ընտանիքի բարերարությամբ թանգարանը ժամանակակից դիզայներական լուծում ստացավ և այցելուներին ներկայացավ նոր բովանդակությամբ՝ մշտական ցուցադրությամբ։ Կիլիկիայի աշխարհագրությունն ու լեռների ուրվագծերը հիշեցնող հիմնաքարի տակ ամփոփվեցին հաճընցիների մասունքները։  

«Հաճընի ինքնապաշտպանությունը մեր պատմության կարևոր էջերից է։ Դեռ 104 տարի առաջ, երբ ֆրանսիացի զինվորներն օդանավից մի արկղ փամփուշտ ու հուսադրող նամակներ էին նետում քեմալական բանակի դեմ դուրս եկած հաճընցիներին՝ ասելով, որ ամուր մնան իրենց դիրքերում ու կռվեն, արդեն իսկ պարզ էր, որ մեր միակ հույսը մենք ենք, մեր բանակի մարտունակությունը։ Հայրենիքի հանդեպ սերն սկսվում է այն ճանաչելուց, ինքդ քեզ ճանաչելուց»,- վստահ է Հայաստանը։ 


Ձեռքումս փրկված հաճընցիների՝ Կրբեկյան, Սաչյան, Խաչատուրյան, Օրուջյան, Դոլաբջյան, Փաթափության և մյուս 44 ընտանիքների ժառանգների մասին պատմող պատկերագիրքն է, մի յուրահատուկ «գենետիկ» ալբոմ, որը հրատարակվել է հուշակոթողի 50-ամյակի և թանգարանի 45-ամյակի առթիվ։ Հայաստանը հատ առ հատ, ամեն թերթի հետ աչքերի հիացմունքը չթաքցնելով՝ պատմում է իր գրքի հերոսներից։ 

Ասում է՝ թանգարանի դերն այսօր փոխվել է։ Թանգարան գնալու անհրաժեշտությունը պետք է բերել զգայական հարթության, կապ ստեղծել սերունդների միջև, Սփյուռքի միջև։ Այստեղ ոտք դնողն ակամա դառնում է հիշողության ու գենի կրողը, առերեսվում իր՝ հայի ինքնության հետ՝ անկախ նրանցից, թե որտեղ է ծնվել։ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանն այն տարածքն է, որտեղ դու քո «արմատների ու ակունքների» մեջ ես։  

Էքսկուրսիաներ, գրքի շնորհանդեսներ, համերգային ու թատերական ծրագրեր, ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ժամանակավոր ցուցադրություններ։ Անգամ անհնար է պատկերացնել, թե որքան գաղափարական էներգիա է ամփոփում տարածական այս փոքր կառույցը։

Դռնից ժպիտով ներս է մտնում թանգարանի բարեկամը՝ քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցն ու առաջարկում տարածքի խոտը հնձել։ Հաճընցիներն այդպիսին են․ մեկն անձրևից ճաք տված թանգարանի պատերն է նորոգում, մյուսը՝ կաթացող տանիքը, երրորդը՝ հյուրերի համար նախատեսված զրուցարանը։ 

Հայաստանը «բացառիկ» իրավունքով ինձ է մեկնում Ագուլինե Թաթուլյանի կողոսկրից հանված փամփուշտն ու հեռանում։ 

Կան ապրումներ, որ չեն մոռացվում։ 

Անի Անտոնյան