Հաղորդակցություններ շարքից
«ԷԼԻ, ԷԼԻ, լամա՞ սաբաքթանի»
Ամենից առաջ կար ճանապարհը. որն անցնում էր լեռների, մարգագետինների, տափաստանների, անապատների ու անտառների միջով` ոլորապտույտ ու անվերջանալի: Մեկ նեղանում` արահետ էր դառնում, մեկ էլ այնքան էր լայնանում, որ իր մեջ էլ մայրուղիներ էին տեղավորում: Մեկ իջնում էր քարանձավների լաբիրինթները, մեկ էլ աստղից աստղ էր անցնում` հարդագողի հետ թափառում տիեզերքով, բայց երբեք էլ չգիտեր, թե ուր էր տանում: Եվ հավատա՛ ինձ, աշխարհի ոչ մի ճանապարհ էլ չգիտի իր ակունքն ու վախճանը, ու թե ինքն ինչպե՞ս կամ ինչու՞ է ճանապարհ դարձել:
Ու որպեսզի ճանապարհը հասկանար, թե ինքը մինչև ուր է հասնում, նրանով սկսեց քայլել մարդը: Ուսապարկն՝ ուսին, գունաթափ գլխարկը՝ միշտ գլխին, ձեռնափայտը ոտքերից առաջ գցելով, մեկ՝ հեռուն ու մեկ էլ՝ ոտքերի տակ նայելով, մեկ` լուռ, մեկ` քթի տակ երգելով կամ ինքն իրեն խոսելով, երբեմն էլ՝ անձրևից կամ արևից ճամփեզրի ծառերի սաղարթների տակ թաքնվելով: Բայց և գիտես, որ մարդուն դժվար է միայնակ ճանապարհ գնալը. մարդն առանց մարդու իրեն մարդ չի զգում: Ինչքա՞ն կարող ես քեզ-քեզ խոսել, երգել ու մտածել: Վերջապես որքա՞ն կարող ես միայն ինչ-որ անորոշ «մարդ» լինել՝ առանց հայր, որդի, զինվոր, քաղաքացի կամ որևէ այլ բնորոշիչի:
Ու մարդը մի քոլիկ հորինեց ճամփեզրին, մի կին-կողակից, մի արտ, որն իրենց պիտի կերակրեր, միայն հետո մի որդի հորինեց, որը պիտի մեծանար ու իր հետ ճամփորդեր: Ուզում էր անուն տալ նրան, բայց մտածեց, որ տղան էլ իրեն անուն կդնի, իսկ անուններն առանձնացնում-օտարացնում են մարդկանց:
Ու քանի որ Տղան հորինված էր, մտքի արագությամբ էլ մեծացավ. դեռ երկու ժամ էլ չէր անցել ծնվելուց, բայց արդեն խոսում ու փորձում էր ոսկեգույն գանգուրները հեռու քաշել աչքերից: Արևը դեռ մայր չէր մտել, իսկ աչքն արդեն ճանապարհին էր, գիտեր, որ կարող է չհոգնել ու չտրտնջալ, չծարավել, եթե ջուր չկա, ու չսովածանալ, քանի դեռ ուտելու ժամը չէր:
Երբ Հայրը նկատեց, որ որդու մի ոտքը ճանապարհին է, մոռացավ մտացածին քոլիկը, կնոջն ու արտը, ուսապարկը գցեց ուսին ու բռնեց Տղայի ձեռքը:
-Տղան շատ թեթև ոտք ունի,- ասաց ճանապարհը:
Եվ քայլեցին: Սկզբում Տղան ապշած էր իր տեսած աշխարհից. զարմանքը կոկորդում պինդ սեղմած ու աչքերը լայն բացած՝ փորձում էր նույնիսկ ոտնատակերով հիշել ամեն խորդուբորդը, շրջադարձն ու բարձունքը: Իսկ երբ հասկացավ, որ քայլերի հետ ամեն ինչ կրկնվում է, ու նոր ոչինչ չկա արևից տաքացած ճանապարհին, սկսեց տարբեր բաներ հորինել-պատմել հորը: Հայրն էլ պատմելու շատ բան ուներ, ու ստացվում էր, որ նրանք զրուցում են, իսկ ճանապարհն ականջ է դնում:
Ոլորապտույտին էլ էր հետաքրքիր լսել Հոր պատմությունն օվկիանոս դարձած երկրի ու մի նավում ողջ աշխարհը տեղավորած մարդու մասին կամ նրա, ով քառասուն տարի անապատում քայլեցրեց իր ժողովուրդը, որպեսզի ուղեցույց պատվիրաններ շնորհ ստանա: Ճանապարհը ծիծաղից գալարվում էր, երբ Տղան պատմում էր հրեղեն ձիու, երգող ծառին նստած խոսող թռչունի կամ սափորում բանտված կախարդի մասին:
Հայրը հետևում էր, որ անձրևին կամ կիզիչ արևին որդու գլուխը բաց չմնա, բոկոտն չքայլի, ու որ մի բան ուտի, երբ հարկ էր ուժերը վերականգնել գոնե մինչև հորիզոն հասնելու համար: Որդին էլ փորձում էր կրկնել հոր ամեն քայլը. հասակ էր առնում նրա պես, ձեռքերը հզորանում էին, ոտքերը` դիմացկուն դառնում, ու աչքերն ավելի հեռուն էին տեսնում: Թվում էր, թե հավերժ այսպես է լինելու, քանի որ ուղին ո՛չ վերջ ուներ, ո՛չ սկիզբ, իսկ հորինել-պատմելու բան միշտ էլ կգտնվեր: Բայց եղավ այն, ինչ երբեմն-երբեմն պատահում է ճանապարհների հետ։ Տղան տեսավ մի ուրիշը, որ ճյուղավորվում-առանձնանում էր առաջինից, թեքվում էր բլուրի ետևում ու այլ ուղիով էր տանում: Միայն տղան էր այն տեսնում:
-Ես ուզում եմ ա՛յս ճանապարհով գնալ,- ինքն էլ չհասկացավ, թե ինչու կամ ինչի դեմ ընդվզեց Տղան,- պիտի տեսնեմ, թե ուր կհասցնի ինձ:
-Բոլոր ճանապարհները մեկ են և նույն տեղն են տանում,- անսպասելի շրջադարձից շփոթվեց, իրեն կորցրեց Հայրը,- ուզու՞մ ես, իրենից` ճանապարհից հարցրու։
Հոր ճանապարհը գլխով հաստատեց, սակայն որդին չնայեց էլ նրա կողմը:
-Եթե այդպես է, ուրեմն միևնույն է` կհանդիպենք… կամ նույնիսկ իսկի չենք էլ բաժանվի,- կիսաձայն պատասխանեց Տղան ու քայլեց իր ուղիով:
-Սպասի՛ր, դու դեռ շատ բան չգիտես,-հուսակորույս կանչեց հայրն այն ուղղությամբ, որտեղից դեռ զգում էր անհայտացած զավակի հեռացող ջերմությունը,- հավերժն ու իրականը միայն ճանապարհն է…
Տղայի ճանապարհն ուրիշ էր. նրա երկինքն այլ գույն ուներ, լեռներն ավելի բարձր ու լճերն ավելի կապույտ էին. խոտերն ավելի փափուկ, իսկ ծառերն ավելի կանաչ էին: Ամեն ինչ ուրիշ էր՝ բացի ճանապարհից, որն ուղղաձիգ թե ոլորոպտույտ, նեղլիկ թե լայնահուն, միևնույն է, միայն ճանապարհ էր ու ոչինչ ավելի: Հիմա ինքն էր իրեն պաշտպանում արևից ու անձրևից, միայնակ էր կեր հայթայթում, ինքնիրեն էր խոսում ու երգում: Եվ… կարոտում էր հորը: Թեև գիտեր, որ իրենց ուղիներն այլևս չեն խաչվելու, բայց հայացքը կենտրոնացնում էր հեռվում երևացող ամեն մարդանման կետի՝ ակնկալելով անհնարինը: Կարոտն էր նրա միակ ուղեկիցը, իսկ մնացած ամեն ինչն օրեցօր ավելի ու ավելի անհետաքրքիր էր դառնում:
Հենց այդ խեղդող կարոտն էր պատճառը, որ այդ գիշեր երազում տեսավ հորը: Նորից երկուսով, երջանիկ էին. աչքերը թաց էին ուրախությունից, ու հոգիները՝ լի հասուն, տղամարդկային զգացումներով:
-Տեսա՞ր, որ բոլոր ճանապարհները նույն տեղն են տանում, տեսա՞ր, որ հանդիպեցինք, հիմա գիտե՞ս, որ մեր ուղին մեկն է… ,- զարմացած-ոգևորված խոսում էր Հայրը:
Իսկ ինքը նայում էր չորսբոլորն ու նույնիսկ մի նեղլիկ արահետ էլ չէր նկատում: Նստած էին անճանապարհ աշխարհում, ուր ոչ մի ուղղություն, նույնիսկ առաջ կամ ետ չկար: Ամուր բռնել էր հոր ձեռքն ու հայացքն ուղղել աչքերին, որպեսզի հայրն էլ իրեն նայի ու չնկատի, որ իրենք ոչ մի խաչմերուկում էլ չեն, իսկ այդ երազն էլ միայն իր կարոտից էր ծնվել:
Երբ արթնացավ, արցունքները ծորում էին հուսահատ դեմքն ի վար: Այլևս չէր ուզում քայլել:
Մի կերպ նստեց ճամփեզրի քարին ու մոլեգի՛ն վհատությամբ մի քոլիկ հորինեց, մի արտ, որ իրենց պիտի կերակրեր, հետո հորինեց իր հո՛րը, իր հոր հո՛րը, իր որդուն ու իր որդու որդու՛ն… Ու բազմաթիվ ճանապարհներ հորինեց՝ ճյուղավորվող ու խաչվող, սալապատ ու հողածածկ, ոլորապտույտ կամ լույսի ճառագայթի պես ուղիղ: Հորինեց ջրային ու օդային ճանապարհներ, որ քաղաքից քաղաք, երկրից երկիր կամ աստղից աստղ էին տանում: Ու անթիվ հորինված մարդիկ էին քայլում ճանապարհներով, որոնք ապրում ու նույնպես հորինում էին. երբ հարկ էր լինում, նաև կառուցու՛մ էին բազմաթիվ ճանապարհներ՝ դրանցով ցանցապատելով ողջ երկիր մոլորակը:
Ահա սա էր իմ պատմությունը կամ հեքիաթն իր նպատակ-ավարտը չիմացող ճանապարհի, հոր ու որդու մասին. կան նաև ուրիշները… ասենք՝ հոր մասին, որ քիչ էր մնում՝ սպաներ իր միակ որդուն՝ երկնային հորը չկորցնելու համար: Կամ մի ուրիշը, որում որդին հորը հանդիպելու համար խաչվեց սարի գագաթին: Բազմաթիվ են պատմությունները հոր ու որդու մասին, նույնիսկ ամեն մարդ իրենն ունի, դու էլ քոնը պատմիր՝ ես կլսեմ:
Արտո (Վարդան Հակոբյան)
«Լաբիրինթոս մեկ գավաթում» պատմվածքների անտիպ ժողովածուից
No Comments