«Աշխարհն ունի յոթ ուղղություն` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, վերև, ներքև ու դեպի ներս»:
Դուգլաս Մոնրո
«Հորիզոնից աստիճանաձև դեպի վեր ծավալվող սարերից ամենաբարձրին՝ անտառապատ գոտուց վեր ու հավերժական ձնածածկույթին չհասած, անտաշ քարերով ու անշաղախ շարված մի դղյակ տեսավ տղան: Հետո դրա միակ կամարակապ լուսամուտից առատորեն հորդող լույսի հետ ներս մտավ ու տեսավ ողջ դղյակը զբաղեցնող հսկա դահլիճը, պատուհանի դիմաց դրված քարե բազմակն ու քարակերտ սեղանը: Տեսավ արմունկները սեղանին հենած-նստած սպիտակամորուս իմաստուն ծերունուն, որ հայացքն ուղղել էր ողջ երկրին միանգամից ու տեսնում էր այն ամենն, ինչ կատարվում էր հարաշարժ աշխարհում: Լսում էր աղմկոտ աշխարհի բոլոր ձայները միասին ու առանձին-առանձին: Զգում էր զգայալից աշխարհի բոլոր հույզերն ու ընկալում խելակերտ աշխարհի բոլոր մտքերը: Սառը քամիների դեմ ոչինչ չկար կամարակապին, սակայն հազարավոր տարիների ընթացքում հավաքված ջերմությունը դուրս չէր գալիս դրանից:
Հետո ծերունու հայացքին հեծնած՝ ետ վերադարձավ՝ տեսնելով լեռներում ոլորապտույտ վեր բարձրացող, անտառներում նեղլիկ արահետ դարձող, այգեշատ դաշտավայրերում կոտրատվող, տափաստաններում քամիներով կերտված, իսկ անապատներում՝ ավազի պես սորուն, օվկիանոսներում` ջրային հոսանքներով գծագրված միակ ճանապարհը, որ դղյակ էր տանում: Այնքան երկար մի ճանապարհ, որ եթե վայրկյաններդ չհաշվես ու չխնայես, մի ամբողջ կյանքն էլ կարող է չհերիքել դրանով մինչև վերջ անցնելու համար:
Երազն այնպես էր տպավորել տղային, որ լուսաբացին, երբ բարձրացավ իրենց հյուղակի կտուրը, արդեն արթմնի տեսավ աշխարհի ծայրում ծվարած դղյակն ու զգաց ծերունու՝ իրեն ուղղված հայացքը, որը կարծես կանչում, ցույց էր տալիս ճանապարհը: Ու տղան հասկացավ, որ հենց սա՛ է իրենը:
Չսպասեց, մինչև աքլորները կարթնացնեին աշխարհը, ու ծեր տատը մի հեքիաթ կպատմեր սպիտակամորուս իմաստունի, նրա տված-չտված խորհուրդների, խելոք գայլի կամ հիմար մարդու մասին:
Լույսից նահանջող մթնշաղի հետ առաջին քայլն արեց յոթերորդ ուղուն: Սկզբում լարված` հոնքերը կիտել էր, որպեսզի հանկարծ չշեղվի ճանապարհից. բայց արթնացող աշխարհը վեր բարձրացրեց հայացքը, առավոտյան մեղմ զեփյուռը թուլացրեց դեմքի մկանները, առվակի կարկաչոցը շոյեց ականջները, անտառի կանաչն ու խոտերից դուրս ցցված քարաբեկորը, դրա կողքին ծվարած մանուշակը, դրա գլխից վեր թևածող թիթեռնիկն ու էլի շատ բաներ ստիպեցին հիանալ աշխարհով ու կյանքով, սիրել դրանք, ստիպեցին ժպտալ բոլորին ու ամեն ինչին:
Ճանապարհին… տղան շատ քաղաքներ ու գյուղեր մտավ, ընկերներ ձեռք բերեց ու կորցրեց, գտավ աշխարհի ամենագեղեցիկ աղջկան ու բարի ժառանգներ ունեցավ, ծառայեց մարդկանց, որքան կարող էր, տառապեց ու ամոքվեց, սայթաքեց ու ոտքի կանգնեց, սխալներ գործեց և ուղղեց դրանք, սովորեց ու սովորեցրեց: Մի խոսքով` արեց այն, ինչ անում ենք բոլորս, բայց երբեք էլ չկորցրեց իր ճանապարհը ո՛չ կաթնածիր մառախուղում, ո՛չ արևակեզ անապատում, ո՛չ ձնախեղդ փոթորկին: Նրա դեմքը կնճռոտվեց, մազերը սպիտակեցին ու նոսրացան, մեջքը ծռվեց, սակայն ճանապարհի հայելին միայն այն փոքրիկ տղային էր արտացոլում:
Հասնելով խիտ անտառների գոտին` հուզված արագացրեց քայլերը` բանի տեղ չդնելով քարերն ու փշերը, չորացած մացառուտներն ու որոգայթները: Հագուստը պատառոտվեց, մարմինը ցանցվեց արնահոս քերծվածքներով, տեսողությունը խամրեց, լսողությունը բթացավ, իսկ հոգնատանջ ոտքերն արդեն քայլում էին առանց տիրոջ հրահանգի: Ու երբ մացառուտների արանքից նրա ներքին տեսողությանը բացվեց քարաշենը… դղյակը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին երազում, այնպիսին, ինչպիսին տեսել էր իր մանկության տան կտուրից:
Առավոտ-իրիկնամուտին, երբ լույսն ու մութը կիսում են աշխարհը, դղյակի անդուռ մուտքից ներս անցավ կիսաթափանցիկ, իր կյանքի վերջին րոպեներն ապրող մի տղա-ծերունի: Մանկան պես հիացավ լուսառատ քարե դահլիճի, բազմոցի ու սեղանի կատարելությամբ, վայելեց ինքնագո դարձած, ստվերներ չառաջացնող լույսի շոյանքը մեջքին, հետո գիտակցելով իր մոտալուտ ավարտը՝ չկարողացավ զսպել իրեն, մոտեցավ ու նստեց իմաստունի տեղը: Զգաց ու ընկալեց նրա՝ դեռևս պահպանված ջերմությունը քարե կահույքին, նրա պես արմունկներով հենվեց սեղանին, իսկ երբ վերջին շունչը քաշեց թոքերը, նայեց կամարակապից դուրս: Տեսավ այն ամենն, ինչ կատարվում է հարաշարժ աշխարհում, լսեց աղմկոտ աշխարհի բոլոր ձայները միասին ու առանձին-առանձին, զգաց զգայալից աշխարհի բոլոր հույզերն ու ընկալեց խելակերտ աշխարհի բոլոր մտքերը: Երջանիկ էր, ուստի` իմաստուն:
Հետո դանդաղորեն արտաշնչելիս նկատեց հեռու դաշտավայրում, նույնիսկ անուն չունեցող մի ավանի ծայրի միհարկանի տան կտուրից իրեն նայող խոհեմաչ մանուկին: Լսեց նրա սրտի զարկերը, երբ ճանապարհ ընկավ, հետևեց ամեն քայլին ու արարքին, նրա աչքերով նայեց աշխարհին, մինչև սպիտակահեր ու կնճռոտված՝ թփերի արանքից կտեսներ դղյակը. իսկ երբ կյանքից հոգնատանջ քայլերը հասան դղյակի շեմին, հալվեց լույսի մեջ, նրան զիջեց իր տեղը՝ քարե բազմակին թողնելով ընդամենը մի շունչ տևած իր իմաստության ջերմությունը:
Արտո (Վարդան Հակոբյան)
No Comments