Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Հետաքրքիր փաստեր Պոլ Սեզանի մասին

01.11.2024

1. Պոլ Սեզանը ստեղծել է ոչ միայն մեր օրեր հասած մոտ ութ հարյուր կտավ, այլև շատ ավելին։ Պարզապես նա սեփական նկարները ոչնչացնելու սովորություն ուներ, եթե դրանք ինչ-ինչ պատճառներով նրան դուր չէին գալիս։ Նա պատռում էր, այրում և անգամ պատուհանից դուրս նետում։ Այդկերպ, ըստ որոշ գնահատականների, նա ոչնչացրել է մի քանի հազար կտավ։

2. Պոլ Սեզանը աշխատում էր ինչպես շատ փոքր, այնպես էլ հսկայական կտավների վրա։ Իր ամենափոքր նկարի չափը 47 х 56,5 սմ էր, ամենամեծինը՝ 134,6 х 180,3 սմ։

3. Սեզանի ամենահայտնի նկարների շարքը «Խաղացողներն» է՝ հինգ կտավ, որտեղ պատկերված են խաղաքարտերով խաղացող մարդիկ։ Այդ կտավները տարբեր մարդկանց մոտ են, բայց ժամանակ առ ժամանակ միավորվում են ցուցահանդեսներին մասնակցելու համար։ Հետաքրքիր է, որ Սեզանի պատկերած մարդիկ գումարի համար չեն խաղում՝ սեղանին գումար չկա։

4. Սեզանը նկարչական  հատուկ ուսուցում չի ստացել, ինչը լավ երևում է նրա առաջին նկարներում.  ակնհայտորեն նկատվում է պրոֆեսիոնալ դպրոցի բացակայությունը։ Բայց ժամանակի հետ նա փորձ  ձեռք բերեց՝ վրձնահարվածը դարձավ ավելի արհեստավարժ, իսկ կոմպոզիցիան՝ ավելի մտածված։ Բայց միևնույն է, ճանաչումը նրան հեշտ  չտրվեց.  նրա  առաջին ցուցահանդեսը բացվեց, երբ նկարիչը 56 տարեկան էր։

5. Նկարչի ամենամտերիմ ընկերներից մեկը հայտնի գրող Էմիլ Զոլան էր, և նրանց ամուր ընկերությունը երեսուն տարի տևեց։ Այն ավարտվեց, երբ Զոլան Սեզանին ուղարկեց իր «Ստեղծագործություն վեպը։ Այդ վեպում Կլոդ Լանտիե անունով մի կերպար կա՝ նկարիչ-անհաջողակ, որում Սեզանը ինքն իրեն տեսավ։

6. Առաջին անգամ սկսեց նկարել, երբ դեռ երեխա էր՝ այն էլ յուրահատուկ ձևով։ Նա գաղտնի նկարում էր հոր առանձնատան  պատերին։ Հայրը ցանկանում էր, որ Պոլը բանկիր դառնա, այդ պատճառով էլ դրան ուշադրություն չէր դարձնում և լուրջ չէր ընդունում տղայի հրապուրվածությունը կերպարվեստով։ Զարմանալի է, բայց հենց հայրն էր նվիրել նրան առաջին վրձիններն ու ներկերը։


7. Սեզանը շատ երկար էր ծրագրում իր յուրաքանչյուր նկարը՝ կտավին էսքիզներ էր անում, հետո մի քանի անգամ ձևափոխում։ Ժամանակակից հետազոտողները սկանավորման օգնությամբ պարզել են, որ նրա նկարները բաղկացած են ներկերի բազում շերտերից։ Հավանաբար կատարելության ձգտող նկարիչը դրան հասնելու համար բազմիցս փոփոխում էր նկարը։ Եթե, իհարկե, մինչև այդ նա չէր ոչնչացրել  կտավը։

8. Սեզանի ստեղծագործության հետազոտողները կարծում են, որ իր նկարների նկատմամբ այդ մոլեռանդ վերաբերմունքը առաջացել էր նրա վիրավորված ինքնասիրությունից։ Երկար ժամանակ նրա աշխատանքները դրական արձագանք չէին գտնում, և ամեն տապալումից հետո, ինքն իր մեջ փակվելով, ավելի ու ավելի էր խորասուզվում յուրաքանչյուր նկարի մեջ։

9. Առօրյա կյանքում Պոլ Սեզանը տարօրինակություններով մարդ էր։ Այսպես, Լյուքսեմբուրգյան այգում զբոսնելիս, նա կարող էր ննջել հենց այդտեղ՝ խոտերի վրա։ Միևնույն ժամանակ, նա վախենում էր, որ քնած ժամանակ կգողանան իր կոշիկները, ուստի քնելուց առաջ նա հանում էր դրանք ու դնում գլխի տակ՝ իբրև բարձ։

10. Երբ Սեզանը վրձինը ձեռքն էր վերցնում, նա դառնում էր շատ պահանջկոտ և դյուրագրգիռ։ Երբեմն նրան խանգարում էին տարբեր տարօրինակ բաներ՝ մեկ փողոցում ձին էր խրխնջում, մեկ եղանակը բավական «բաց մոխրագույն» չէր, մեկ փողոցից սենյակ էր թափանցում թարմ թխած հացի հոտը։ Այդ ամենը շեղում էր նրան։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի

Աղբյուր՝ faktoved.ru