Արցախ ԳիտաՆյութ Տաթև Խաչատրյան

«Իմ մեջ վախ կա, բայց ես առաջին հերթին վիրաբույժ եմ»

13.10.2020

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին,  Ֆրանսիայից  Հայաստան ժամանեց բժիշկների խումբը:
Բժիշկների մարդասիրական այս այցը նախաձեռնել է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը՝  ՀՀ Կառավարության աջակցությամբ, «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգների ֆինանսավորմամբ: 

Բժիշկների պատվիրակության խմբում են սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, վիրաբույժ Ան Մարի Բերժեն, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, վիրաբույժ-վնասվածքաբան Պիեր Ժիրարը,  վիրաբույժ-վնասվածքաբան Միքայել Չափարյանը, բժշկի օգնական Մարի-Լիս Պետին:

«Բնականաբար, մեր այցը պետք է կայանար: Ցանկացած հայ մարդ իր պարտքն ունի հայրենիքի հանդեպ, մենք այդ պարտքն ենք կատարում: Շնորհակալ եմ ֆրանսիացի բժիշկներին,  որ արձագանքեցին կանչիս, առանց վարանելու համաձայնեցին ինձ հետ գալ Հայաստան՝ ինչ-որ ձևով աջակցելու  մեր գործընկերներին այս դժվարին, մեծածավալ աշխատանքում»,- ասաց  Լևոն Խաչատրյանը:

«Աննա Կարոլինա» հոլդինգի տնօրեն Աննա Կարոլինան շնորհակալություն հայտնեց բոլորին. նախ և առաջ զինվորներին՝ մեր հայրենիքի պաշտպաններին, ապա՝ Լևոն Խաչատրյանին՝ իր նախաձեռնության համար, նախաձեռնություն, որ կյանքի է կոչվել շատ կարճ ժամանակահատվածում , ինչպես և՝ ֆրանսիացի բժիշկներին, որ մեր կողքին են այս դժվար օրերին: 

«Ուրախ եմ, որ եկանք մեր հայրենիքին օգնելու: Երբ Լևոն Խաչատրյանից իմացա այս  նախաձեռնության մասին, իսկույն ասացի՝  այո:  Հուսամ՝ լավ գործ կանենք: Ժամանակը սուղ է»,- ասաց Միքայել Չափարյանը:

Բժիշկների խումբը  օգնելու է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Մի մասը մեկնելու են Արցախ: Այդ մարդիկ աշխատել են տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունեն։ Վերջիններս իրենց հետ բերել են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։

Լևոն Խաչատրյանն ասաց, որ եկել են մեկ շաբաթով, բայց կառաջնորդվեն՝ ըստ իրադրության: Նաև բժիշկների երկրորդ խումբ է կազմավորվում: «Աշխարհում,- ասում է նա,- համաճարակային իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ  է լինելու: Նույն այս խմբի կազմավարումը և դեղորայքի, սարքավորումների հայթայթումը խնդիր էր, այնտեղ արդեն զգում էինք դա: Մեկնելիս երկար-բարակ չենք մտածում՝ ինչ կլինի: Հետոն կտեսնենք հետո»:

«Ես վախ չունեմ»: «Իմ մեջ վախ կա, բայց ես առաջին հերթին վիաբույժ եմ»: «Այսպիսի պահերին մենք մեկ անգամ ևս հասկանում ենք, որ վիրաբույժ ենք»: Այսպես են բժիշկները պատախանում անվտանգությանը վերաբերող հարցերին: 

Հայ-ադրբեջանական հակամարտությանը նրանք ծանոթ են, բայց առաջին հերթին եկել են կատարելու իրենց պարտքը (անկախ պատճառներից), այն է՝ լինել վիրավորի, հիվանդի կողքին: Իսկ Պատրիկ Կնիպերն ընդգծում է՝ ամեն անգամ հայի օգնելիս տպավորություն ես ստանում, թե մի ամբողջ ազգի ես օգնում:
Տաթև Խաչատրյան

No Comments

Leave a Reply