Փոքրիկն ափերով ամուր փակել է ականջները։
— Ստիպեց մեզ երթուղայինից իջնել, որ մետրոյով գնանք տուն։ Ասեց՝ մա՛մ, երազանքս է մետրո նստել։ Էնքան դժվար օրեր տեսան մեր երեխեքը, գոնե մի բանով ուրախանան,- մայրը շոյում է կուչ եկած որդու թավ մազերը,- ոնց որ վախենու՞մ ես, հը՞։
— Չե՛մ վախենում։ Ուղղակի․․․ ուղղակի մի քիչ ցուրտ ա։
«Երիտասարդական» կայարանից պոլիգլոտ գնացքը հավաքում է անհամբեր ուղևորներիս։ Բոլոր ազատ նստարաններից փոքրիկը նախընտրում է մոր գիրկը, որտեղ վստահաբար ապահով է, և կարելի է անհագ հետաքրքրությամբ հետևել անծանոթ պատուհաններից բացվող աշխարհին։ Երբ չես շտապում, հարյուր անգամ տեսածդ անքան ուրիշ է թվում, անգամ ճչացող գովազդային վահանակներն են սրտամոտ։ Անիվները շառաչյունով գլորվում են վեր՝ հնարավորություն տալով հարազատ քաղաքդ «գրկել» ամենասիրուն դիտանկյունից։ Իմ ու նրա կայարանը նույնն է՝ Չարբախը, որից քիչ հեռու՝ գունաթափված փայտե մեծ դարպասներից ներս, ամեն առավոտ՝ ժամը 7։00-ին, սկսվում է հրաշքը․ մետրոյի գնացքները դուրս են գալիս երթուղի։
«Վթարներ լինում էին 90-ականների հոսանքանջատումներից։ Պետք է հասկանալ, որ ցանկացած մեքենա կարող է ճանապարհին փչանալ․ մեքենավարը պարտավոր է արագ տարբերակ գտնել՝ վագոնը գծից հանելու։ Վստահեցնում եմ՝ մետրոն այսօր կայուն ու ապահով փոխադրամիջոց է»,- նշում է Երևանի մետրոպոլիտենի էլեկտրական հավաքակայանի վերանորոգման գծով պետի տեղակալ Վարդան Երանոսյանը, որն իր կյանքի 37 տարին նվիրել է տեխզննման արտադրամասին։
Օրական պարտադիր ստուգում է անցնում երկու գնացք, հատ առ հատ բացվում են բոլոր արկղերը, ուսումնասիրվում դետալները, նորոգման ենթակա մասերը՝ փոխվում կամ մշակվում։ Վերամբարձ վերանորոգման արտադրամասում հանվում են սայլակները, տեղադրվում են նոր անվազույգեր։ Մասնագետի խոսքով՝ տարիներ շարունակ անվազույգեր չեն ներկրվել, եղածը շրջատաշվում է թույլատրելիի սահմանում․ առավելագույնը 785 մմ տրամագծից մինչև 725-ը կարող է շահագործվել։
16 գնացքից գծուղի է դուրս գալիս 14-ը։ 2010 թվականից վագոններն արդիականացվել են։ Ժողովրդի լեզվով ասած՝ «օրանժ» գնացքները վերանորոգվել են Վրաստանում, մյուսները՝ տեղում։ Մեկն ամբողջովին վերականգնվել է հավաքակայանի աշխատակիցների ուժերով։ Նկատում եմ՝ գնացքներից երկուսը սթրիթ-արտ ոճով են։ Տեղակալը ժպտում է՝ այդպես էլ չկարողացան «բռնել» այն համարձակին, որը գիշերային ժամերին աննկատ հավաքակայան է մտնում ու նկարազարդում վագոնները։ Ի վերջո, հաշտվեցին մտքի հետ, որ ժամանակակից արվեստն իր հետաքրքրությունն ունի։
«Մարդիկ գույքին անխնա են վերաբերվում, օրինակ՝ միտումնավոր պատռում են նստատեղերը սուր գործիքով։ Վերջին երկու տարիներին խնդիրն ալկոգելի սարքերն են։ Իմ աչքով եմ տեսել՝ ինչպես է ուղևորը դատարկում ալկոգելն իր շշի մեջ։ Վագոններում անվտանգության կանոններն ենք փակցրել, բայց էլի լինում են դեպքեր, երբ մարդկանց ձեռքից տարբեր առարկաներ են հայտնվում կոնտակտային ռելսերի տարածքում»,- մանրամասնում է Վարդան Երանոսյանը։
Կայարանի հերթապահը հատուկ սարքի միջոցով դուրս է բերում իրերը վտանգավոր տեղամասից, իսկ եթե այդ պահին հնարավոր չէ, ապա գիշերային ժամի՝ ռելսերի հոսանքազրկումից հետո։
Վերջին տարիներին մետրոպոլիտենում երիտասարդ կադրեր են աշխատում։ Բացման օրվանից այստեղ կոփված սերունդն արդեն հասնում է կենսաթոշակային տարիքի։ Եթե Խորհրդային միության տարիներին ուսուցումը կատարվում էր երկաթգծի ուսումնարանում, ապա այսօր փորձառուները տեղում են փոխանցում իրենց գիտելիքը նորեկներին։ Մինչև մեքենավար դառնալը նրանք երեքամյա փորձաշրջան են անցնում, հետո հանձնում «խստագույն» քննություն։ Ոչ բոլորն են այդ փորձությանը դիմանում։
Հավաքակայանում աշխատում է մոտ 160 հոգի, որոնցից 49-ը՝ վերանորոգման արտադրամասում։ Ամեն գնացքի կցված է չորս մեքենավար, աշխատում են հերթափոխով՝ առավոտյան 9։00-16:00-ը և 16:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00: Գիշերային հերթափոխով աշխատող մեքենավարն ունի հանգստի սենյակ։ Առավոտյան 5:30՝ մինչև «գիծ» դուրս գալը, պարտադիր բուժզննում է անցնում։ Օրվա երկրորդ կեսին մեկ գնացք ուղևորվում է լվացման կետ։
Մետրոպոլիտենն իր առաջին ուղևորներին ընդունում է 7։00-ին «Գարեգին Նժդեհ» կայարանում։ Վերջին երթուղին 23:00-ին է՝ «Բարեկամություն» կայարանից։ Այստեղ գնացքի կանգառը փոքր-ինչ երկարում է, որպեսզի վերջին ուղևորը կարողանա տուն հասնել։
Ի պատասխան հարցին՝ ինչի կարիքն ամենաշատն ունի այսօր մետրոպոլիտենը, Վարդան Երանոսյանը մտահոգ ժպտում է․ «Հոգածության։ Որպես քաղաքային տրանսպորտ՝ բավական խնդիրներ ունենք։ Ինչ վերաբերում է հավաքակայանին, ինքներդ եք տեսնում, որ այն չի ջեռուցվում։ Հատկապես ցուրտ եղանակին դրսի ջերմաստիճանի համեմատ ներսում 4-5 աստիճան տարբերություն է լինում։ Շատերը երկար չեն մնում ցածր աշխատավարձի պատճառով։ Էնտուզիազմ միայն երիտասարդների մեջ եմ տեսնում, որոնք հնարավորություն ունեն մեքենավար դառնալու»։
Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի
Հ․Գ Այս բարձրավոլտ իրականության մեջ մի բան անխախտելի է և անհնար է չնկատել՝ պարտաճանաչությունը և նվիրվածությունն աշխատանքին։ Ամեն ինչ պլանավորված է ժամացուցային ճշտությամբ։ Կին կարգագրողներն արձանագրում են մեքենավարների մեկնման-ժամանման պահը, կոմպլեքսային բրիգադի տղաները շտապում են նոր հանձնարարությունը գլուխ բերել, «օրանժ» գնացքի դիմակավոր վարորդը սպասում է շարժիչը գործի դնելուն։ Հաջորդ կայարանը՝ «Գարեգին Նժդեհ»։
No Comments