ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Խուան Միրո. Պատվանդանի ստվերն ընկնում է կատալոնյան բնապատկերի վրա

07.03.2020

   

…. Առայժմ քսանական թվականներն են, և այն ծառի ստվերը, որը չի երևում լուսանկարում, ձգվում է այդ կնոջ` «Իսպանացի պարուհու» (1923թ.) կողմը, որը լի է կյանքով, ուրախությամբ և մոլեգնությամբ: Նա սիրալիր ժպտաց և հեռացավ ստվերից ևս մի երկու քայլ, բայց ստվերը շարժվում էր պարուհու հետևից` դառնալով առավել խիտ ու ձգված: Այն` իբրև բիծ, սկսեց շարժվել և ապրել սեփական կյանքով` նկարչի երևակայության հարմարավետ, բայց փոքր-ինչ խառնաշփոթ տարածություններում: Հետո նա մի կողմ դրեց վրձինը և ներս քաշեց կուբայական ընտիր սիգարը: Ծուխը բուրավետ էր և առաձգական, ինչպես պարուհու մարմինը:

….

Իսպանացի պարուհու դիմանկարը

Խուանը …. նստեց աթոռի ծայրին, որը ճռնչաց, ինչպես թռչող գիշերահավը: Նա նույնիսկ չէր կասկածում, որ ինքը ճշմարտացի է այդ կերպարի ստեղծման մեջ, թեկուզ և չի հասկանում, անգամ չի ցանկանում ճանաչել այդ պարզ իրականությունը: Ինքն իրեն հարցրեց. «Իսկ ճանաչո՞ւմ եմ ես նրան, նրա մարմինը, նրա մարմնի ու ձայնի գծերը»: Նա, թեկուզ և երիտասարդ էր, բայց մարմնով չէր պարում…  Նրան համակել էին զգացմունքները, և հոգին դուրս էր թռչում մի տեսակ ամոթխած ու անկեղծ, և ձայնը մեղմ էր ավելի, քան կուսական կարոտն ու կանացի թախիծը, քան անակնկալ ուրախությունը, քան ջրի շրշյունը գիշերային ժամերին: Դա հեշտասեր, բայց ողջախոհ գրգանքի ձայնն էր: Իսկ հեշտանքը ողջախոհ լինո՞ւմ է: Նա քթի տակ ժպտաց, և առջևում անսպասելի բացված լուսամուտափեղկի ապակին արևաշողերի փնջով լցրեց արվեստանոցը, որն արտացոլված էր հայելու մեջ: Հայելին մի ակնթարթ ասես ցնցվեց ու կրկին սուզվեց կիսաքնի մեջ:

….

Նկարիչը մոտեցրեց մաքուր թղթերը, կապոցում հին ջրանկարն էր: Լիճը խայտ չէր, այլ անհասկանալի և հրապուրիչ մի բան: Այդ ամենը պատանեկության շրջանում էր: Միրոն չէր հիշում, բայց տեսնում էր ոչ այնքան իրականությունը, որքան փոխկապվածությունը իրականի և գեղեցիկի, աշխարհի ու մարդու գաղտնագրի կամ խորհրդանիշի հանդեպ սեփական կարոտի անիրականության միջև: Նա փնտրում էր ամենակարճ ճանապարհը միայնակ աստղի և համաստեղությունների բազմակիության միջև, այդ պարուհու քրտինքի կաթիլների, աղջկա` փոքր-ինչ ուռած վերին շրթունքի և հայելու արտացոլքի միջև, հայելու, որում չկա ո՛չ խորություն, ո՛չ գաղտնիք: Միայն բառեր և խորհրդանշաններ, միայն ժեստեր և գծեր, միայն լռություն և ներդաշնակության կարոտ` իր երևակայության աններդաշնակ աշխարհում: Նա ձգտում է ստեղծել հավասարակշռության նման մի բան և հետաքրքրական է համարում այդ ներդաշնակությունը սեփական աշխարհի ներսում: Նա վստահ է, որ «Պերսոնաժներն աստղերի հետ» (1933թ.) նկարվել է միայն այն բանի համար, որպեսզի բացահայտվի «Իսպանացի պարուհու» (1928թ.) հանելուկը, որը Միրոյի սրտում էր, և որին նա նկարել էր մաքուր ավտոմատիզմի ոճով: Մաքուր ավտոմատիզմը ոչ այլ ինչ է, քան որոնում անցյալի երազների պատուհաններում, հանդարտ ծովագծերի վրայով թռչող թիթեռների որոնում: Ծովն էլ կծկվել է` դառնալով փոքրիկ խխունջ: Ահա և ամբողջ տարածությունը: Չկան ձայներ, չկան մեղեդիներ, չկա պար. կա սոսկ խալերի պլաստիկա կտավին, և կա ենթագիտակցության ինչ-որ գաղտնագիր՝ սեփական սրտի խորքում, որի բաբախյունը լռությունն է և միջօրեի տապը` միաժամանակ: Թե ինչպես են բզզում մեղուները միջօրեի տապին, պատկերել է մեկ այլ հանճար` Սարյանը: Բայց այստեղ՝ Կատալոնիայում, խոտը բոլորովին ուրիշ է, և ուրիշ է երկինքը, և տապն է ուրիշ…

….

Կինն ու թռչունը

Արվեստագետը կավից ֆիգուրա է ծեփում: Եվ կրկին «Կինն ու թռչունն» է (1968թ.). ուշադրություն դարձնենք կնոջ ձևերին. դրանք հագեցած են նրբագեղ կոպտությամբ, քողարկված հպարտությամբ: Նա զգում է ձևի ջերմությունն ու դյուրաթեքությունը կավի այդ զանգվածում: Դա հիշեցնում է քամի, որ պտտեցնում է ամենքին և ամեն ինչ կամ տրոհում սեփական ձևն այլ առարկաների և արարածների` հանուն նոր զգացողությունների, հանուն ազատության… Խոտը մերձենում է երազանքին, և երազանքը դառնում է այն միակը, որ հասկանում է այդ զրույցի ողջ ցավը:

….

Ի՞նչ է ձևի զգացողությունը կավի կամ բրոնզի մեջ: Ի՞նչ են հին, գործածված առարկաների ձևերը, որոնք փայփայված ու ստուգված են հայացքով և հղկված ժամանակի ձեռքերով: Դա ժամանական է` կանգնեցված այդ ձևերի և ինչ-որ մետաֆորի կողմից, որը նա գիտակցաբար ստեղծել է: Հենց դա է Միրոյի քանդակագործությունը կամ ինչ-որ այլ բան, որ ծնվում է կավի ու երևակայության ներսում… 

….

«Կրկեսի ձին» (1927թ.) դիտողը տեսնում է ավելին, քան ձի. ասենք` տեսնում է երազանք կամ վայելչագեղություն. իսկ մեկ ուրիշը նայում ու ոչինչ չի տեսնում, միայն ավելորդ ինչ-որ բան, թեկուզ և ավելորդ ինչ-որ բան տեսնելը մեծ առավելություն է մեկ այլ երևակայության համար:

….

Ի՞նչ է տարածությունը Միրոյի համար: «Եվ կա՞ արդյոք այդ օդեղեն, աստղային անսահմանությունը, որի վերաբերյալ այդպես ջերմեռանդորեն դատում են իմ ընդդիմախոսները քննադատների արտադրամասից»,- մտածում էր Միրոն և քմծիծաղով գործի դնում իր պայծառ հեգնանքը: Բայց պատահում է, որ արվեստագետին տիրում է մելամաղձությունը, և նա ձգտում է ելք գտնել այդ փակուղուց: Միրոն հեռանում է անգիտակցականի տիրույթները, որտեղ «Առարկա. կես-ամառ, կես-անկում»-ը (1931թ.) կամ «Դիմանկար V1»-ը (1938թ.) կարող են դառնալ կենդանի վկաներ՝ այդ մելամաղձության նշանների կամ այլաբանությունների համար:

….

Եվ այնուամենայնիվ, կանայք Խուանին ավելի են հուզում, քան իր մելամաղձությունը: Միայն թե ցանկություն կա խմելու, ուրիշ երկիր գնալու, բայց նրա առջև ԿԻՆ է, որը վիճում է ԿՆՈՋ հետ… Նա արագ-արագ նկարում է, որպեսզի որսա այդ չարությունը, այդ միամտությունը, այդ անկեղծ հարձակողականությունը: Չէ՞ որ միամտությունը կարող է նաև բարի լինել: Իսկ չարությունը ամառային ամպրոպի նման կարող է արագ ցրվել, և այդ ժամանակ վրա կհասնի լռությունը, որը նկարիչը սիրում է առավել, քան մարդկային խոսքը: Նա նախապատվություն է տալիս միայն երաժշտությանը, հատկապես` իսպանականին` տաք, զուսպ և պրկված, ինչպես նետը կամ թռչունը` թռիչքից առաջ: Թեկուզ նրան ուրախացնում է նաև ջազը` նման ծառախիտ ճեմուղում ցոլացող արևափայլի: Իսկապես, ջազը հուշում է նկարելու ավտոմատիզմը: Երբեմն ինքն է հենց մտածում, որ իր նկարի ավտոմատիզմը մետաֆորիկ է և այնքան հասկանալի, որ ինքը բծերից ու գույներից հորինում է ջազը` կտավի ընդարձակության վրա: Եվ այսպես, միայն երաժշտությո՞ւնը կարող է մրցել կնոջ հանդեպ տարվածության հետ…

Հոլանդական ներհարդարանքներ

Իսկ ինչպե՞ս վարվել աստղերի հետ, կամ ցլամարտի, կամ «Հոլանդական ներհարդարանքների» (1928թ.), կամ «Գիշերվա մեջ խխունջների լուսավորած ճանապարհով քայլողների» (1941թ.). այս ամենը նրան հարազատ են…

….

Միրոն, արարելով նոր կտավը, հիշեց, որ մանկության օրերին երկինքը հաճախ արնագույն էր լինում: Եվ հիմա, երբ երկինքը կտավի վրա կարմրավուն էր դառնում (նա ցանկանում էր մայրամուտ նկարել), նա զգաց հողի խոնավությունը և որոշեց նկարել դարան մտած նապաստակին: «Ահա և վերջ»,- մտածեց նա և մի կողմ դրեց վրձինը: Նկարում միայնակ մարդու տագնապն է, սարսուռը և զգուշությունը:

….

Ասացե՛ք` ինչպե՞ս է տիեզերքը թափանցում սովորական ժամից ներս: Ինչպե՞ս է անհունը ծնվում սովորական նապաստակի սրտում: Ի՞նչ առեղծվածներից են հանկարծ դուրս թռչում հնչյունն ու երաժշտությունը, և ինչպե՞ս է արյունը ներկում մարդու շարժումների պլաստիկան: Հնարավոր է` այդպես է ծնվում պարը, կամ պարը ծնվել էր` իբրև առօրյա առեղծվածից գաղտնիքի վերածվելու կնոջ հրավեր…



Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան
Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply