ԳրաԴաշտ Կառա Չոբանյան

Խուլիո Ռամոն Ռիբեյրո․ Սերուցքաբլիթները

06.08.2020

(1929-1994, Պերու)
Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

Հազիվ էր մայրը դուռը փակել, երբ Պերիկոն վեր թռավ անկողնուց և ականջը փայտին հպած՝ լսեց, թե ինչպես էին միջանցքով հեռանում քայլերը: Երբ ոտնաձայները վերջնականապես մարեցին, դեպի կերոսինի օջախը նետվեց և փորփրեց վնասված օդամղիչներից մեկը: Այնտե՛ղ էր: Կաշվե քսակը հանելով՝ մեկ առ մեկ հաշվեց մետաղադրամները,- գնդիկներով խաղալիս էր հաշվել սովորել,- և զարմանքով համոզվեց, որ քառասուն սոլ կար: Քսանը գրպանը դրեց, մնացածը՝ տեղը: Իզուր չէր գիշերը քնած ձևացել մորը լրտեսելու համար: Այժմ բավարար գումար ուներ գեղեցիկ ծրագիրն իրականացնելու համար: Հետո կարդարանար: Սանտա Կրուսի այդ նեղլիկ փողոցներում դռները միշտ կիսաբաց են, և հարևանները կասկածամիտ դեմքեր ունեն: Կոշիկներն ուղղելով՝ նպատակասլաց փողոց դուրս եկավ:

Ճանապարհին մտածում էր՝ ամբո՞ղջ գումարը ներդներ, թե՞ միայն մի մասը: Եվ ճերմակ, մաքուր, գոլորշի արձակող սերուցքաբլիթները հիշելիս՝ ընտրությունը կանգ առավ ամբողջ գումարի վրա: Որքա՜ն երկար ժամանակ էր նայում դրանց ապակու հետևից մինչև կոկորդում դառը թքարտադրություն զգալը: Արդեն մի քանի ամիս կլիներ, ինչ փողոցի անկյունի հրուշակարան էր մտնում հաճախ և միայն նայելով բավարարվում: Վաճառողն արդեն ճանաչում էր նրան և ամեն անգամ, երբ տեսնում էր ներս գալիս, հանդուրժում էր մի պահ, ապա գլխին բամփելով՝ ասում.

— Կորիր էստեղից, տղա՛, խանգարում ես հաճախորդներին:

Իսկ հաճախորդները, որ ուսակապերով գեր տղամարդիկ էին կամ մեծ պայուսակներով ծեր կանայք, ճզմում, տրորում էին նրան և եռուզեռով թալանում խանութը:

Այնուամենայնիվ, նա սիրալիր մի քանի դրվագ էր հիշում: Մի օր մի պարոն, նրա անհագ հայացքը նկատելով, հարցրել էր անունը, տարիքը, դպրոց գնո՞ւմ է, հայր ունի՞, և ի վերջո նրան մի ոլորաբլիթ հյուրասիրել: Նա սերուցքաբլիթը կգերադասեր, սակայն բնազդով զգում էր, որ լավության դեպքում ընտրելն արգելված է: Մի օր էլ հրուշակագործի աղջիկը կաթնահունց հաց տվեց, որ չոր էր մի քիչ:

— Բռնիր,- ասաց նա՝ հացը վաճառասեղանի վրայից նետելով: 

Ինքը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել, բայց դրանց հակառակ՝ հացը գետնին ընկավ, և վերցնելիս հանկարծ իր շանը հիշեց, որին ինքը ծամած միս էր նետում և զվարճանում, երբ վերջինս մի ցատկով միսը որսում էր ժանիքներով:

Բայց նրան գրավողը ո՛չ կաթնահունցն էր, ո՛չ նշաբլիթները, ո՛չ էլ օղաբլիթները. նա միայն սերուցքաբլիթ էր ուզում: Թեև երբեք չէր փորձել, բայց վառ էր պահել մտքում այն մի քանի երեխաների պատկերները, որ վզկապները կեղտոտելով՝ բերաններն էին տանում սերուցքաբլիթները, ասես ձյան փաթիլներ լինեին: Այդ օրվանից սերուցքաբլիթները նրա սևեռուն միտքն էին դարձել:

Երբ հրուշակարան եկավ, վաճառասեղանի մոտ շատ հաճախորդներ կային: Սպասեց, որ մի փոքր ազատվեր հարթակը, բայց չկարողանալով այլևս զսպել իրեն՝ սկսեց հրմշտել մարդկանց: Հիմա բոլորովին չէր ամաչում, բռի մեջ սեղմած փողը որոշակի իշխանություն էր հաղորդում նրան և իրավունք տալիս ինքն իրեն հավասար զգալու ուսակապերով տղամարդկանց: Որոշ ջանքերից հետո նրա գլուխն առաջին պլանում հայտնվեց՝ ի զարմանս վաճառողի:

— Արդեն էստե՞ղ ես: Հենց հիմա դուրս ես գալիս խանութից:

Պերիկոն, շատ հեռու հնազանդվելու մտադրությունից, վեր ձգվեց և հաղթական արտահայտությամբ հայտարարեց՝ քսան սոլի սերուցքաբլիթ: Նրա ականջ ծակող ձայնն իրեն ենթարկեց հրուշակարանի եռուզեռը, և տարօրինակ լռություն տիրեց: Ոմանք հետաքրքրությամբ էին նայում նրան, քանի որ ինչ-որ չափով զարմանալի էր քոլիկից ելած տղեկին այդքան խիտ քաղցրավենիքի այդպիսի չափաբաժին գնելիս տեսնելը: Վաճառողն ուշադրության չարժանացրեց նրան, և իրարանցումը վերսկսվեց: Պերիկոն փոքր-ինչ շփոթված մնաց, սակայն իշխանության զգացումից դրդված՝ հրամայական տոնով կրկնեց.

— Քսան սոլի սերուցքաբլի՛թ:

Վաճառողն այս անգամ որոշ ապշանքով զննեց նրան, սակայն շարունակեց մշտական հաճախորդներին սպասարկել:

— Չլսեցի՞ք,- գրգռված պնդեց Պերիկոն:- Քսան սոլի սերուցքաբլիթ եմ ուզում:

Այս անգամ աշխատողը մոտեցավ և ականջը քաշեց:

— Կատա՞կ ես անում, աղունիկս:

Պերիկոն կծկվեց:

— Մի տեսնենք, ցույց տուր փողը:

Չկարողանալով հպարտությունը թաքցնել՝ բռի գրոշները վաճառասեղանին լցրեց: Վաճառողը հաշվեց փողը:

— Ու ուզում ես, որ էս ամբողջին սերուցքաբլի՞թ տամ:

— Հա,- պատասխանեց Պերիկոն՝ համոզված, որ կողքիններից մի քանիսի ծիծաղը շարժեց:

— Լավ ծանրացնելու ես ստամոքսդ,- նկատեց մեկը:

Պերիկոն հետ շրջվեց: Նկատելով, որ փոքր-ինչ խղճահարված բարեհոգությամբ էին նայում իրեն, շիկնեց: Եվ քանի որ հրուշակագործը մոռացության էր տալիս իրեն, կրկնեց.

— Սերուցքաբլիթ տվեք,- բայց այս անգամ ձայնը կորցրել էր աշխուժությունը, և Պերիկոն հասկացավ, որ ինչ-ինչ պատճառներով, որոնք հասու չէր բացատրելու, գրեթե խնդրում էր, որ լավություն անեն իրեն:

— Դուրս ես գալո՞ւ, թե՞ չէ,- կշտամբեց վաճառողը:

— Տվեք, հետո:

— Ո՞վ է քեզ ուղարկել, որ հենց դա գնես:

— Մայրիկս:

— Վատ ես լսել երևի: Քսան սո՞լ: Գնա, նորից հարցրու, կամ թող թղթի վրա գրի, տա քեզ:

Պերիկոն մի պահ մտքերի մեջ ընկավ: Ձեռքը մեկնեց փողին և դանդաղ հետ վերցրեց: Բայց ապակու միջից սերուցքաբլիթները տեսնելով՝ ցանկությունը կրկին գլուխ բարձրացրեց, և արդեն ոչ թե պահանջեց, այլ լացակումած ձայնով թախանձեց.

— Դե քսան սոլի սերուցքաբլիթ տվեք, էլի՜:

Եվ տեսնելով, որ վաճառողը մոտենում է կատաղած, իրեն վռնդելուց առաջ սրտաճմլիկ կրկնեց.

— Թեկուզ տասը սոլի, ոչ ավել:

Այդ պահին աշխատողը կռացավ վաճառասեղանի վրայով և սովորականի պես բամփեց գլխին, բայց Պերիկոյին թվաց, թե այս անգամ հարվածի թափը վճռական էր:

— Ռա՛դ եղիր: Խելա՞ռ ես: Գնա, ուրիշ տեղ էդ կատակներդ արա:

Պերիկոն մոլեգնած դուրս եկավ հրուշակարանից: Փողը մատների արանքում սեղմած, աչքերն արցունքոտ՝ թափառեց շրջակայքում:

Շուտով ձորակներին հասավ: Քարափի վերևում նստած՝ դիտեց լողափը: Այդ պահին նրան թվում էր, թե դժվար կլիներ առանց բռնվելու փողը հետ դնել տեղը և մեքենայորեն, հատ-հատ, քարերի վրա զնգզնգացնելով՝ նետեց մետաղադրամները: Նետելիս մտածում էր, որ մետաղադրամներն արժեք չունեն իր ձեռքում, և մոտ ապագայում մի գեղեցիկ օր, երբ մեծ ու ահազդու լիներ, կկտրեր բոլոր այդ մարդկանց գլուխները, հրուշակարանի բոլոր ծառաների գլուխները և նույնիսկ բադակտուցներինը, որ անտարբեր կռկռում էին շուրջը:

No Comments

Leave a Reply