Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Արմեն Ենգոյան

09.02.2022

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն է։

— Լո՞ւյս, թե՞ ստվեր…

— Հարցը փիլիսոփայական է թվում: Լույսը և ստվերը միասին են գործում: Լույսը, այսպես ասած, «նկարում է», իսկ ստվերի միջոցով մենք տեսնում ենք իրերը: Միայն լույս չի լինում, միայն լույսը  կրակն է, և նույնիսկ նա ունի տարբեր ուժգնություն: Չկա նաև միայն ստվեր: Միայն ստվերը  աստվածաշնչյան առաջին տողերի՝ «…և խավար կար անդունդի վրա…» հասկացությունն է: Տեխնիկապես էլ չի կարելի, որ լուսանկարում լինեն միայն սև կամ միայն սպիտակ (այսինքն՝ RGB-ի համակարգով 0,0,0 կամ 255,255,255) հատվածներ (վառած), որովհետև աշխարհում էլ չկա միայն սպիտակ կամ միայն սև: Սևը  գույնի բացակայությունն է, իսկ սպիտակը՝ բոլոր գույների առկայությունը: Լուսանկարելիս պետք է հասկանալ, թե ինչ ես ուզում ցույց տալ, ըստ այդ ցանկության էլ՝ սպիտակը ավելի (լույսն է) շատ կամ սևը (ստվերները) ավելի խորն է լինում:

Առաջնագծում, 2016թ․

Սև- սպիտա՞կ, թե՞ գունավոր․․․

— Երկուսն էլ լավն են: Նայած պահի, նայած նկարի: Երբեմն նկարում գույնի առկայությունը շատախոսություն է և ավելորդ, երբեմն էլ՝ անհրաժեշտություն: Սև- սպիտակի դրական հատկանիշներից մեկն այն է, որ թողնում է թեմայի զարգացումը դիտորդին․․․ որը դառնում է համահեղինակ․․․ իր համար, իհարկե՝ մտովի, ավելացնելով  գույնը, և ըստ այդմ՝ ամեն մեկն ընկալում է յուրովի:

— Ժապավենային նկարները առանձնահատո՞ւկ էին։

— Այո, առանձնահատուկ են (դրանք դեռ կան),  որոշ չափով անկանխատեսելի… բայց միայն որոշ չափով: Եթե խոսքն այն մասին է՝  ո՞րն է ավելի լավ, ապա լավ կամ վատ լինելը կախված է լուսանկարչից, իսկ եթե նկատի ունես՝ ժապավենայի՞նն է լավ, թե՞ թվայինը,  դա տեխնիկական հարց է: Ըստ իս՝ թվայինն ունի ավելի մեծ հնարավորություններ, քան դագերոտիպը կամ ժապավենը:

Լենինգրադ, 1980թ․

Լուսանկարը վավերագրում է ժամանա՞կը։

— Իհարկե վավերագրում է: Կամա թե ակամա: Նույնիսկ դիմանկար նկարելն է  վավերագրություն, արտացոլում է այդ ժամանակաշրջանում ընդունված հագուստը, սանրվածքը, հետնամասում գտնվող կահավորանքը և այլն: Բնանկարը նույնպես  վավերագրում է այս պահի ռելիեֆի վիճակը, եղանակը, տեղանքում այլ իրերի առկայությունը… էլ չեմ ասում ժանրային կամ ռեպորտաժային լուսանկարները:

— Երբ ինչ-որ հետաքրքիր պահ եք բաց թողել․․․

— Դա պատահում է այնքան հաճախ, որ երկար հիշել չի հաջողվում, գալիս է հաջորդ կորցրած կադրը: Իհարկե, ափսոսանք կա, ասում ես՝ «թու… ոնց չբռնացրի»։

Երևան, 2018թ․



— Ձեր լուսանկարները, ձեռագիրը ինչո՞վ են առանձնանում․․․

— Չեմ կարող ասել, չգիտեմ: Ինձ թվում է՝ ընդհանրապես հստակ ոճ չունեմ, լուսանկարում եմ ըստ տրամադրության, իսկ այն հաճախ է փոփոխվում, փոխվում են նաև հետաքրքրությունները:  Եթե աշխատեի ինչ-որ ոլորտում, գուցե ավելի հստակ ուղղվածություն ունենայի: Չգիտեմ։

— Արգելքներ լուսանկարելիս պատահու՞մ են։

— Համարում եմ, որ լուսանկարելիս ոչ մի արգելք չկա և չպետք է լինի՝ թեմային, իրավիճակին, մարդկանց և իրերին վերաբերող:

Ինչ վերաբերում է օրենքով կամ կարգով նախատեսված արգելքներին, ապա  աշխատում եմ հասկանալ և չխախտել: Դե կամ իրենց հիմնարկն է, կամ պետական գաղտնիք  պարունակող կառույց է, անհատական տարածք, անհատական դեմք․․․ Այո, այո, չմոռանանք, որ դեմքը պատկանում է այն կրող մարդուն: Մարդկանց նկարում եմ ոչ թե թաքուն, այլ որ չզգան նկարելու պահը, կամ անսպասելի: Եթե  խնդրում են չնկարել, ցույց եմ տալիս և հորդորում պահել, չհամաձայնվելու դեպքում՝ ջնջում եմ: Բայց հիմնականում մարդիկ մտափոխվում են և թույլ տալիս, որ նկարեմ․․․ Դե ես մարդկանց սիրում եմ, այլայլված չեմ նկարում:

— Զավեշտալի դեպք՝ լուսանկարելիս։
       
— Հաճախ են պատահում: Բայց դրանք կամ շատ երկար պատմություն են այս ձևաչափի համար, կամ ոչ այնքան հետաքրքիր:

— Եղե՞լ է դեպք, որ Ձեր լուսանկարների հերոսները պատահաբար իրենք իրենց գտնեն, ասենք, ցուցահանդեսների ժամանակ։

— Այո, պատահել է: Մի քանի անգամ: Ե՛վ ցուցահանդեսում, և՛ համացանցի տիրույթում: Օրինակ, հայտնի տիկին Մաշան իր դիմանկարը տեսել էր ցուցահանդեսում և շատ գոհ էր։

— Ինքնանկար․․․ ինչպե՞ս եք վերաբերվում, ունե՞ք ինքնանկար։

— Ունեմ, իհարկե, բայց քիչ և ոչ լուրջ: Դա էլ է պետք անել: Կմտածեմ՝ դրա մասին:

— Ձեր ամենահաջողված լուսանկարը։

— Գիտեք,  մեկը չի և ժամանակի ընթացքում կարծիքս նրանց հանդեպ փոխվում է: Սկսում եմ նկատել թերություններ, տեխնիկական սխալներ․․․ հոգնում եմ երևի նրանցից ու էլ դուր չի գալիս:

— Ամենահայտնի լուսանկարը․․․

— Դե դա մեկն է՝ «Կինը միշտ կին է մնում-2», այսպես ասած՝ «Հայելի նայող տատիկը»։

Կինը միշտ կին է մնում-2

— Մեր օրերում ով ասես, որտեղ  ասես կարող է լուսանկարել։  Սա արժեզրկո՞ւմ է լուսանկարչությունը որպես արվեստ, թե՞ հակառակը, լավ նկարներ ստեղծելու հնարավորություն է։

— Այո, ով ասես, որտեղ ասես և ինչով ասես: Ըստ իս՝ դա լավ է և ոչ մի բան չի արժեզրկում: Նախկինում կրթություն ստանալիս  սովորեցնում էին նկարել, նվագել, փոխանցել մտքերը թղթին, բայց քչերն էին դառնում նկարիչ, երաժիշտ կամ գրող: Բարձրանում էր մարդկանց ճաշակը, ինչն էլ բարձրացնում էր արվեստի որակը: Նույնը լուսանկարների դեպքում՝  թող սովորեն, թող նկարեն: Այդքան նկարների զանգվածից  որակյալը  աչքի է ընկնում, դուր է  գալիս մարդկանց, առաջացնում է ձգտում․․. և այլն, նախկինի պես:

-Լուսանկարում եք պատահակա՞ն, թե՞ ընտրում եք թեման, դետալները։

— Ե՛վ, և՛: Նայած ժամանակ և ըստ անհրաժեշտության:

— Ու՞մ կամ ինչի՞ մասին են Ձեր լուսանկարները։

— Իմ մասին: Ես նկարում եմ այն «ում»-ը և «ինչ»-ը, որ ինձ շրջապատում են, դուր են գալիս կամ հակառակը: Փորձում եմ նաև, որ լինեն տրամադրության մասին․․․ Իհարկե, էլի իմ, բա էլ ու՞մ:

— Եվ ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։

— Ինձ համար  այն իմ աշխարհն է:

Զրուցեց Արմինե Սարգսյանը
Գլխավոր լուսանկարում Արմեն Ենգոյանն է, հեղ․՝ Սամվել Սևադա


No Comments

Leave a Reply