Ազդագիր Դավիթ Մովսիսյան

«Մարդը և քարը». միջազգային ցուցահանդես

12.04.2020

Կորոնավիրուսի պարտադանաքները չեն կասեցրել կյանքի ընթացքը: Մեր քաղաքում նախապատրաստվում է միջազգային ցուցահանդես՝ «Մարդը և քարը» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի և Անդրկովկասի երկրաբանական ծառայության, լեռնային գործի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի ծննդյան 145-ամյակին։

Ներկայացնենք անվանի գիտնականին մատուցվող հիշատակի այս տուրքը կազմակերպողներին.
• go.Earth.art շարժման հիմնադիրներ Պաուլո Դուարտե Ֆիլիպե (նկարիչ, ֆիլմի ռեժիսոր),
Լյուսինե Բրայտշայդել (նկարիչ, արվեստի գործերի հավաքորդ)
• ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյան
Համագործակցող կազմակերպություններ՝
• Պորտուգալիայում «Խաղաղություն և արվեստ» ընկերություն, նախագահ՝ Ջուլիո Անթաո
• «Իրանի առաջատար արվեստ» ընկերություն, նախագահ՝ Աբդոլրեզա Ռաբեթի
Ցուցահանդեսի թեմատիկան հուշում է հենց խորագիրը՝ «Մարդը և քարը»:

Քար հասկացությունը շատ լայն է: Դա կարող է լինել լեռ կամ մանկության հիշողությունների հետ կապված քար, կերակրի մեջ օգտագործվող քար՝ աղը, թանկարժեք քար, հուշանվեր, զարդաքարեր, քարեր, որոնցից ստանում են ներկ, երկրաբանական եզակի հուշարձան, նախամարդու կացարան, քարե գործիք և այլն։ Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ մարդու և քարի փոխկապվածությունը՝ Քարի դարից մինչ այսօր:
Ցուցահանդեսը կբացվի ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Ցուցահանդեսի համակարգողն է Գայանե Գրիգորյանը:  

Ցուցահանդես մրցույթի բացումը նախատեսված է 2020-ի հուլիսի 10-ին, ավարտը՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին։ Ներկայացվող աշխատանքները լինելու են բազմապիսի՝ արվեստի բնօրինակ գործեր, փոստային արվեստ (mail art), թղթի կամ ստվարաթղթի վրա ցանկացած տեխնիկայով արված գործեր, լուսանկարչություն, կոլաժ:
Բնօրինակ գործերը կլինեն 21×30 սմ (A4) չափի՝ հորիզոնական կամ ուղղահայաց, առանց շրջանակի:
Ցուցադրության համար պետք է ներկայացնել մեկ աշխատանք:
Հայտերը ընդունվում են սույն թվականի մարտի 5-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020-ի մայիսի 25-ն է: Ժյուրիի որոշմամբ՝ մինչև հունիսի 1-ը կընտրվեն ցուցադրվող աշխատանքները, և այդ մասին հայտարարություն կտեղադրվի go.Earth.art-ի Facebook-յան էջում։ Արդյունքների մասին էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն բոլոր նկարիչները, որոնց աշխատանքները կմասնակցեն ցուցահանդեսին:
Ընտրված աշխատանքները պետք է ուղարկել փոստով: Դրանք պետք է տեղ հասնեն ոչ ուշ, քան 2020-ի հուլիսի 5-ը:
Մասնակցությունն անվճար է։
Կատալոգի տպագրություն չի նախատեսվում:
Կլինեն հրավիրատոմսեր, պաստառներ:
Կտրամադրվեն մասնակցության վկայականներ՝ թվային, pdf ձևով:
Աշխատանքները չեն վերադարձվի, դրանք կցուցադրվեն և կպահպանվեն թանգարանի արխիվում: Կտրամադրվեն նվիրատվության վկայականներ՝ թվային, pdf ձևով:
Հուլիսի 10-ին՝ ցուցահանդեսի բացման ժամանակ, կհայտարարվի, թե որոնք են 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքները: Այդ աշխատանքների հեղինակները  Երկրաբանական թանգարանի կողմից կպարգևատրվեն օբսիդիանե հուշամեդալով և հավաստագրով։
Մասնակցության համար հայտերը կարելի է ուղարկել lbreitscheidel@yahoo.de էլեկտրոնային փոստին. հայտը ներառում է աշխատանքի լուսանկարը՝ Jpg տարբերակով, 2 ՄԲ-ից ոչ մեծ, և նկարի պատմությունը՝ մոտ 120 բառի սահմաններում: Նամակի վերնագրում պետք է գրել թեման՝ «Մարդը և քարը», հեղինակի անուն-ազգանունը, երկիրը:

Մեզ մնում է հաջողություն մաղթել մարտի 5-ից մեկնարկած այս հետաքրքիր նախագծին և հուսալ, որ համավարակի չարաբաստիկ հետքերը մինչև հուլիսի 10-ը լիովին մաքրված կլինեն երկիր մոլորակից:

Դավիթ Մովսիսյան

No Comments

Leave a Reply