ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը դեռևս անցյալ տարի տվել էր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մեկնարկը՝ առցանց հարթակում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկար ժամանակ հնարավորություն չկար կազմակերպելու ցուցահանդեսի բացումը թանգարանի սրահներում, թեև համացանցում հանրայնացվել էր ցուցահանդեսի մասին պատմող ընդարձակ տեսաֆիլմ: Օրերս այդ բացը լրացվեց. որոշ մասնակիցների և հյուրերի ներկայությամբ թանգարանի աշխատակազմը՝ վարիչի՝ Գայանե Գրիգորյանի ղեկավարությամբ, բացեց «Մարդը և քարը» խորագրով ցուցահանդեսը՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց թանգարանի հիմնադրի հոբելյանի առթիվ: Տարաբնույթ աշխատանքներով և նյութերով հագեցած ցուցահանդեսին մասնակցում են 151 կազմակերպություն և անհատ ստեղծագործող՝ աշխարհի 17 երկրից:
Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացվում են ոչ ավանդական ձևաչափով: Այն ունենալու է մի քանի բացում՝ տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ: Այս անգամ բացումն իրականացվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացմանը ներկա էր ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային:
Նա իր խոսքում նշեց, որ չափազանց կարևորում է նման ձեռնարկումները, քանի որ դրանք նպաստում են հայ-իրանական գիտամշակութային կապերի զարգացմանը:
Ցուցադրվող նմուշները, սերտորեն առնչվելով մարդու և քարի տարատեսակ փոխշփումներին, այդուհանդերձ, խիստ ինքնօրինակ էին և չկրկնվող: Դրանք ներկայացրին թե՛ թանգարանի վարիչն ու աշխատակիցները, թե՛ ցուցահանդեսի մասնակիցները:
Ուշագրավ ցուցանմուշով էր ներկայացել երկրաբան Գուրգեն Մալխասյանը: Իր երկրաբան հոր՝ Է. Մալխասյանի մասնակցությամբ ստեղծված ՀՀ երկրաբանական քարտեզի հենքով նա և իր թոռնուհիները պատրաստել էին ՀՀ քարոլորտի ձևավորման անիմացիոն տարբերակը:
Քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը ներկայացրել էր իր կավե քանդակը, նա այսպես է մեկնաբանում այն. «Բոլոր քարերի քայքայումից, փոշենման հատիկներից ձևավորվում է կավը, իսկ կավից ես ստեղծեցի այս՝ «Ադամը և Եվան» աշխատանքը: Մարդու և քարի երկխոսությունն այնպիսի մի բան է, որ հետաքրքրում է բոլորին: Այնպես որ, մենք սիրով ենք մասնակցում այս ցուցահանդեսին՝ նույնիսկ համավարակի դժվար պայմաններում»: Ց. Սիմոնյանը մասնակիցներին նվիրեց իր քանդակների պատկերագրքերը:
Մատենադարանը ներկայացրել էր 1498 թվականին Վարպետ Բարսեղի ստեղծած Շրիշկանի Ավետարանը՝ ակնազարդ արծաթյա կրկնակազմով, որի հրաշագործ ուժի մասին պատմեց Մատենադարանի գիտաշխատող Թամարա Մինասյանը. «Շրիշկանի Ավետարանը նաև կոչվում է Հրաշագործ Ավետարան, Խնդրակատար Ավետարան, Պահպանիչ Ավետարան: Հայերն այն տարել են Պարսկաստանի Փերիա գավառի Շրիշկան գյուղ: Վախենալով, որ կարող են Ավետարանը գողանալ, թաղել են Բարսեղ եկեղեցու բակում և տեղում տնկել երեք ճյուղ: Ճյուղերը աճել, դարձել են հսկա ծառ, որի տակից բխել է աղբյուր: Աղբյուրը կոչվել է Պապի աղբյուր: Երբ Ավետարանը տարիներ անց դուրս են բերել, որպեսզի տեղափոխեն, տեսել են, որ Ավետարանի միայն առաջին երեք էջերն են մասամբ թրջված: Ամբողջ Ավետարանը չոր և անվնաս է եղել: Եվ այժմ այն ամեն տարի՝ Կրկնազատկի տոնին, տարվում է Մուղնիի Ս. Գևորգ երեկեցի, որպեսզի ժողովուրդը կարողանա տեսնել հրաշագործ մասունքը, հաղորդկցվել նրա հետ»:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ներկայացրել էր «Վարդանանք» պատմավեպի գլխավոր հերոսին՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանին առնչվող՝ «Վարդանի քար» կոչվող բնության հուշարձանը, որի մասին պատմեց տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը: Նա նշեց, որ «Վարդանի քար» անունն է տրվել Վարդան Մամիկոնյանի դիմաքանդակին նմանեցվող ժայռաբեկորին: Դա երկրաբանական բնության հուշարան է, որ գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Արփա գետի կիրճում՝ Ջերմուկ տանող հին ճանապարհին։ «Այս հրաշագեղ հուշարձանն ունի նաև լեգենդային պատմություն: Ասում են, թե 451թ. Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ Վարդանի զոհվելու պահին, այս բեկորը պոկվել է ժայռի գագաթից և գահավիժել ցած: Ճշմարտություն է սա, թե՝ ոչ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ ժողովուրդն իր սրբադասված զորավարին է նմանեցրել այս անձեռակերտ քանդակն ու տվել «Վարդանի քար» անունը»,- ասաց նա:
Մանսակիցների թվում էին նաև Սարդարապատ հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանը՝ ի դեմս փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի, նկարչուհի Անահիտ Գրիգորյանը, Շուշիի երկրագիտական թանգարանը, որի ցուցանմուշները, ցավոք, այս պահին վտանգված են և դատապարտված անորոշ հեռանկարի:
Գայանե Գրիգորյանը «Մարդը և քարը» միջազգային ցուցահանդեսի լավագույն մասնակիցներին հանձնեց հուշամեդալներ՝ պատրաստված Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակի առիթով:
Տաթև Խաչատրյան
No Comments