«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով ներկայացնում է Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» պատմվածքների ժողովածուն։ «Շուշաններ»-ը հեղինակի առաջին գիրքն է։
— Ձեր գիրքը կարդալիս հիշեցի Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպը։ Կյանքի վերջում, գիտակցում ես, որ բաց ես թողել երջանիկ լինելու հնարավորությունը, բայց շարունակում ես վատնել նաև կյանքի մնացորդը։
Ի՞նչ եք կարծում՝ գրական գործը կարո՞ղ է փոխել ընթերցողի կյանքի հունը, առավել ևս, երբ նա գտնում է ինքն իրեն այդ գործերում։
— Գրողը պատմում է իրականության մասին։ Պատմում է իր ձևով, ինչպես որ ինքն է տեսնում ու ընկալում։ Իմ դեպքում հեղինակը բնավ մտադրություն չունի դաստիարակելու, փոխելու, համոզելու։ Ընթերցողը ինքնուրույն է դատում՝ որն է պիտանի, ուսանելի, ճիշտ, օրինակելի։ Համոզված եմ՝ եղել են, կան և կլինեն այնպիսի գրական գործեր, որ շատ ընթերցողների մտորելու, մի պահ կանգ առնելու, վերլուծելու և հետո կյանքն այլ կերպ շարունակելու առիթ և հնարավորություն են տալիս։
— «Ընթերցելով Զոյա Փիրզադ» պատմվածքում ասում եք, որ կարդալով պարսկուհի գրողի պատմվածքները՝ միտք է ծագում նկարագրել առօրյայի մեկ օրը՝ ստանալով նմանատիպ մի պատմվածք։ Փիրզադի գործերում տեսնում ենք պարսիկ կնոջը, թե՞ կնոջն առհասարակ։ Նույնը Ձեր գործերի դեպքում կուզեի հարցնել․․․
— Չնայած հայ և պարսիկ կանանց մշակութային և կրոնական ահռելի տարբերություններին՝ Զոյայի կանանց մոտ տեսա ինձ և մերոնց։ Կանայք թերևս նույնն են ամենուրեք՝ անկախ աշխարհագրական, դասակարգային դիրքից։ Չէ՞ որ մայրական սերը, զավակ ունենալու երազանքն ու նրան պաշտպանելու ինքնաբուխ մղումը, ընտանեկան հարկը լուսավոր պահելու ջանքերը, ընտանիքի անդամներին նվիրաբերվելու կամքը, անտարբեր ամուսիններից երբեմն գանգատվելու, սիրված ու գնահատված լինելու, սեփական կենսատարածք ունենալու պահանջը ազգային, կրոնական, մշակութային տարբերություններ չեն ճանաչում։ Իմ գործերում կան նաև ռուսաստաններ մեկնող և հաճախ չվերադարձող տղամարդկանցից լքված ու մոռացված կանայք, որոնց, անխոս, հայ ընթերցողը ճանաչում է։
— Ձեր պատմությունները շատ բազմազան են, հերոսները՝ տարբեր։ Բայց դրանց միջով կարմիր գծի պես անցնում է «Շուշանը»։ Չորս տարբեր Շուշանները, թերևս, հավաքական կերպարներ են, բայց ինչո՞ւ եք հենց նրանց առանձնացրել։
— Շուշանները տարբեր կանայք են՝ տարբեր իրավիճակներում հայտնված, սակայն չորսն էլ ծանոթ են ընթերցողին, որովհետև իրական կյանքից են առնված։ Կան նաև Մարգարիտ, Աննա, Աշխեն անուններով կերպարներ, որոնք էլ մի տեսակ շուշաններ են՝ ընդհանրական գծերով։
— Տոնածառ չկա, իսկ Ձմեռ պապին նվերներ է բաժանում զոհվածների երեխաներին (ըստ՝ «Տոնածառ չկա» պատմվածքի)։ «Հանուն հայրենիքի ապրելու» ցանկությունը իրատեսակա՞ն է, երբ պատերազմը չգիտես՝ ավարտվե՞լ է, թե՞ չէ։
— Հայրենիքում ապրելն իսկ հանուն հայրենիքի ապրել է։ Հատկապես հիմա, երբ անորոշության ու տագնապի մեջ ապրելով՝ տղա և աղջիկ երեխաներ ես մեծացնում, տուն ես կառուցում, հայոց լեզու և հայ գրականություն ես դասավանդում ու գրելով՝ ուզում ես մի քիչ ավելի լավը դառնալ։
Այո, իրատեսական է, որովհետև եթե իրատեսական չլիներ, նույն կերպ իրատեսական և հնարավոր չէր լինի մեր պապերի համար՝ երազել, պայքարել, մաքառել․․․ ցեղասպանվել, բայց կյանքի գնով ունենալ թեև փոքր, բայց նվիրական հայրենիքը և անկախությունը։
— Ձեր հերոսները հնարո՞վի են, թե՞ մեր շուրջը ապրող իրական մարդիկ են։ Ձեր շրջապատի մարդիկ, օրինակ, կարո՞ղ են իրենք իրենց գտնել այս պատմվածքներում։
— Կերպարները և՛ հորինված են, և՛ հավաքական։ Մի քանի կանանց բնավորության գծերից կարող է միահյուսված լինել մեկ կերպար։ Գրականության մեջ ինձ համար կարևորը պատկերի, ձայնի, դեպքերի իրական արտացոլանքն է, երբեմն՝ լուսանկարչության պես ճշգրիտ ու տեսանելի։ Երկխոսությունները լրիվ իրական են՝ տարբեր բարբառներով, Պոլսի արևմտահայերենով, ժողովրդական բանահյուսությամբ համեմված։
— «Ես և դու» ստեղծագործութամբ ավարտվում է գիրքը։ «Այդժամ ես կհասկանամ, որ սիրուն կյանքի շարունակությունը սիրուն ծերությունն է»։ Կարո՞ղ ենք ասել, որ մեծ հաշվով սիրո մասին է ձեր գիրքը։
— Էս ստեղծագործությունը գրվել է տխուր շարժառիթով։ Ե՛վ ծերանալու անհագ երազանքի մասին է , և՛ հասանելիք տարիները միասին ու գեղեցիկ ապրելու, կյանքում ամեն բան հասցրած լինելու ջանքի, չհասցնելու ու կորստյան վախի, և իհարկե սիրո, որ Պողոս Առաքյալի թղթից գիտենք՝ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. Սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությաբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. Ամեն բանի դիմանում, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»։
— Հաջորդ գրքի ուրվագիծն ունե՞ք արդեն։
— Այո՛։ Ուզում եմ պատմել այն մարդկանց մասին, որոնք, լքելով հայրենիքը, ապրում են ուրիշ երկրներում, ու ոչ հայ են, ոչ հյուրընկալած երկրի քաղաքացի։ Օտար են և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Կարծես մնացել են խաչմերուկում։
— Ձեր գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում։ Ի՞նչ տպավորություն ունեք փառատոնից, մշակութային անցուդարձից։ Գրող-ընթերցող-հրատարակիչ հարաբերությունները գոհացնո՞ղ են։
— Անկեղծ ասած՝ այդքան էլ ակտիվորեն չեմ մասնակցում մշակութային անցուդարձերին․ էությամբ ավելի շատ հետևող եմ, քան իրադարձությունների կիզակետում հայտնվող։ Քանի որ առաջին անգամ եմ գրքով ներկայանում՝ տեսնենք՝ ինչպես կզարգանան գրող-հրատարակիչ-ընթերցող հարաբերությունները։
— Դուք Հայոց լեզու և գրականություն եք դասավանդում դպրոցում։ Ժամանակակից գրականության հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի նոր սերունդը, և ի՞նչ դեր ունեն այստեղ դպրոցը, մանկավարժը և հենց հայոց լեզվի ու գրականության ուսուցիչները։
— Հենց ուսուցչին է վստահված արդի գրականությունը պատանի ընթերցողին հասցնելու կարևորագույն գործը։ Նախ՝ ուսուցիչն ինքը պիտի տեղյակ լինի արդի ստեղծագործողներից, ժամանակակից գրականության զարգացող ուղիներից, ժանրերից։ Մենք ՝ ուսուցիչներս, շատ կարևոր անելիքներ ունենք այստեղ։ Երբ աշակերտն ինձ ասում է ՝ հիմա լավ գրողներ չկան, հետևում է հարցս՝ կոնկրետ ո՞ր գրողի ո՞ր ստեղծագործությունը չես հավանում։ Պատասխան չունի, քանի որ չի կարդացել, պարզապես կրկնում է մեծերից լսած խոսքը։ Իսկ երբ նրանց համար ընթերցում ես Հովհաննես Գրիգորյանի, Հրաչյա Սարուխանի, Նշան Աբասյանի բանաստեղծությունները, Լևոն Խեչոյանի «Խնկի ծառերից» հատված , Հովհաննես Երանյանի «Զավակս» պատմվածքը, մեկեն փոխվում են նրանց պատկերացումները արդի գրականության մասին։
— Ի՞նչ կասեք ընթերցողին վերջում։
— Շա՛տ կարդացեք, հաճախակի՛ աղոթեք և միմյանց մի՛ նեղացրեք։
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments