Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում։
Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» (16+) ստեղծագործության բեմականացման առաջնախաղը՝ շուտով:
Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծում ընդգրկված են հիմնականում ավագ սերնդի դերասաններ՝ տարբեր թատրոններից: Թեման արդիական է բոլոր ժամանակների համար՝ սերունդների երկխոսություն, տվյալ դեպքում՝ թոռան, պապի ու պապի ընկերների հարաբերություններն են, աշխարհայացքների տարբերությունը:
«Թեթև ժանրի գործ է, դերասանական կազմն էլ հետաքրքիր է այդ ամենը մատուցում: Դժվարությունները, որ կանխատեսում էինք, չեղավ, որովհետև պրոֆեսիոնալների հետ աշխատանքը միայն ավելի հետաքրքիր է դարձնում ստեղծագործական ընթացքը»: Սամսոն Մովսեսյանը վստահեցրեց նաև, որ ձեռագրային տարբերություն չեք տեսնի, որովհետեև դերասանները շատ շուտ են իրար հասկացել, ինչում ևս խոսում է պրոֆեսիոնալիզմը: Բացի այդ, ներկայացումը կամերային դահլիճներում է խաղացվելու՝ մինչև 100 հանդիսատեսի համար: Հանդիսատեսի տեղերը կլինինեն բեմի վրա: «Այս դերասաններից շատերին հանդիսատեսը սովոր է տեսնել մեծ բեմում: Այժմ հնարավորություն կունենա տեսնելու մոտ տարածության վրա: Նաև դրանով է նախագիծը առանձնանանալու»,- ընդգծեց ռեժիսորը, տեղեկացրեց նաև, որ ներկայացման առաջնախաղը կլինի տիկինիկային թատրոնում՝ թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, այնուհետև կցուցադրվի Սունդուկյանի թատրոնի բլեք բոքսում, որից հետո՝ Համազգայինում: 10 ներկայացում կխաղացվի: Սա դեռ նախագծի սկիզբն է. շատերը կցանականան տեսնել սիրված դերասաններին մեկ բեմում»:
Նախագծին միացել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնները:
Դերերում՝ Դավիթ Հակոբյան, Արտաշես Շահվերդյան, Էվելինա Շահիրյան, Հայկուհի Խուդավերդյան, Գեորգի Հովակիմյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան: Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի: Ռեժիսորի օգնական՝ Հրաչյա Գյումբալյան: Ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան:
Արմինե Սարգսյան
No Comments