Լեզվում կան ոչ միայն տարածված սխալներ, այլև տարածված դեպքեր, երբ իրականում սխալ առկա չէ, բայց շատերը կարծում են, թե տվյալ ձևը սխալ է, և շարունակ հորդորում են այն «ուղղել»։ Ահա՛ այդպիսի մի քանի օրինակ․
1․ Սխալ չէ՝ ասել «շնորհակալ եմ այսինչից» (թեպետ անձամբ մենք նախընտրում ենք տրականով տարբերակը՝ «շնորհակալ եմ այսինչին»)։ Եթե վերլուծենք «շնորհակալ» բառի բաղադրիչների ներքին շարահյուսական կապը, կարելի է նկատել «շնորհով բռնված/կախված լինել» իմաստը, այստեղից էլ անջատման անուղղակի խնդիրը․ «ինձ տրված շնորհով կախված եմ այսինչից»։
2․ Սխալ չէ՝ ասել «ընդհուպ մինչև». բառացի այս կապակցությունը նշանակում է «հպվելով մինչև», և տրամաբանորեն այսպես նույնիսկ ավելի ճիշտ է, քան պարզապես «ընդհուպ» ասելը, որը ոչ թե կապ է, այլ ձևի մակբայ․ «Նա քայլում էր ընկերոջն ընդհուպ (կիպ, մոտ)»։
3․ Սխալ չէ՝ ասել «տարեդարձի կապակցությամբ». թյուր է կարծիքը, թե «կապակցությամբ» բառն օգտագործվում է միայն տխուր առիթների դեպքում։
4․ Սխալ չէ՝ ասել «խորհրդանիշներ», «դրոշմանիշներ», ինչպես նաև «մարզպետներ», «վարչապետներ». այսօրինակ բառերում «նիշ» և«պետ» բաղադրիչները գրեթե կորցրել են իրենց արմատական կշիռը և ստացել վերջածանցի արժեք։
5․ Սխալ չէ՝ ասել«մարդիկ, որոնք», քանի որ «որ/որոնք» հարաբերական դերանվամբ կարող է կապակցվել ցանկացած որոշիչ երկրորդական նախադասություն՝ անկախ նրանից՝ որոշյալը անձնանի՞շ բառ է, թե՞ իրանիշ․ «Եկան մարդիկ, որոնք ինձ անծանոթ էին»․ ինչպիսի՞ մարդիկ եկան․ ինձ անծանոթ մարդիկ։ Իսկ «ով/ովքեր» դերանվամբ կապակցվում է բացահայտիչ կամ ենթակա երկրորդական նախադասությունը․ «նա, ով», «մեկը, ով» և այլն․ «Նա, ով դրսում էր կանգնած, ներս մտավ»․ ո՞վ ներս մտավ․ դրսում կանգնածը։
Նշան Աբասյան