ՕրԸնթաց Արմինե Սարգսյան Հրատապ

«Թբիլիսին դուրս թողնել այս տոնակատարությունից ուղղակի հնարավոր չէ»

13.08.2019

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկով Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիների ապրել է Հովհաննես Թումանյանը, կտեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացնեն տեղեկատվություն Թումանյանի մասին:

Մեզ հետ զրույցում Նարինե Խաչատուրյանն ասաց, որ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիան հավանություն է տվել առաջարկին: Որոշ հասցեներ պահպանված չեն, քանդվել են նախկինում եղած շենքերը, և եթե հնարավոր չլինի համապատասխան հուշատախտակներ տեղադրել Թումանյանի հետ կապված բոլոր հասցեներում, ապա գոնե դա կարվի ամենաակնառու հատվածներում՝ ի պաշտոնե:

QR կոդերը մեծ գրողի մասին կպատմեն նաև Երևանում՝ Աբովյան փողոցի 1/1 հասցեում, որտեղ 1921-ի գարնանը շուրջ մեկ ամիս ապրել է  Թումանյանը (Հովհաննես Թումայանի թանգարանի  տնօրինությունը տարիներ առաջ այստեղ տեղադրել է մարմարե հուշաքար), Հայաստանի օգնության կոմիտեի շենքում. ժամանակին Թումանյանը պատվավոր նախագահ է ընտրվել այս կառույցում:

«Իմիջիայլոց, մենք ուզում էինք QR կոդեր տեղադրել ամբողջ աշխարհում՝ այն վայրերում, որտեղ Թումանյանը եղել է. Ջավախքում՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Աբասթումանում (այս գործն ընթացքի մեջ է), ցանկալի է նաև՝ Սանկտ Պետերբուրգում, Պոլսում, բայց հավանաբար բարդություններ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ  «Մեկ օր՝ Թումանյանի Վերնատանը» նախագծի շրջանակներում հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, որն այժմ տուն-գիտամշակութային կենտրոն է:

 Նարինե Խաչատուրյանն ասաց, որ իրականում դա Վերնատունը չէ, բայց մարդկանց մեջ այդպես է տպավորված:  Վերնատուն են կոչել Թումանյանի՝ վերևի հարկում գտնվող բնակարանը, որտեղ ժամանակին հավաքվել են մտավորականները: Հիմա դա, իհարկե, ուրիշ հասցեում է, բայց ավանդույթը կշարունակվի ներկայում գործող կենտրոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց, որ տունը գեղեցիկ պատշգամբ ունի,  որտեղ կկազմակերպվի թեյախմություն, չամչի, լեբելբիի հյուրասիրություն (դրանք միշտ եղել են Թումանյանի սեղանին), ու բնականաբար, շատ հետաքրքիր զրույց կծավալվի: Օրվա ընթացքում   նախատեսվում են նաև գրքերի շնորհանդեսներ: Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինությունը տպագրել է երկու գիրք (վրացերեն): Գրքերից մեկում զետեղված են Թումանյանի հոդվածներն ու բանաստեղծությունները՝ նվիրված Վրաստանին, վրաց մտավորականներին, ինչպես և վրացիների կարծիքներն ու գնահատականները՝ Թումանյանի մասին: Գիրքը տպագարության փուլում է, հրատարակվում է Վիրահայոց թեմի օժանդակությամբ: Մյուսը Թումանյանի տասը հեքիաթները ներառող  ժողովածուն է, որ արդեն լույս է տեսել: Նկարազարդումների հեղինակը Վրաստանի Թբիլիսիի նկարչական ուսումնարանի ուսանողներն են:

Մեծ գրողի հոբելյանական տարում ջանում են ամեն ինչ անել՝ ըստ արժանվույն: Նարինե Խաչատուրյանը նկատում է. «Թբիլիսին դուրս թողնել այս տոնակատարությունից ուղղակի հնարավոր չէ»:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply