Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Թե ինչպես Բիկովը չի հանդիպել Բրոդսկուն

11.02.2020

(հատված՝ Դմիտրի Բիկովի  «Պալոլո, կամ ինչպես եմ ես ճանապարհորդել» նորատիպ ժողովածուից)

   Փա՜ռք Աստծո, որ չենք հանդիպել: Գայթակղությունն ինձ հիմա չի ստիպում «Սեգոդնյա» թերթում հետևյալ բովանդակությամբ հուշեր հրապարակել. «Իոսիֆի հետ միասին թափառել ենք Վենետիկի փողոցներում (Նյու Յորքի), նա ինձ համար իր փողով երկու բաժակ սուրճ է գնել, հրաժեշտին էլ ասել. «Ռուսաստանում, Դիմա, երեք բանաստեղծ կա՝ Ռեյնն է, Կուշներն ու դու»: Ասել է ու, ձեռքերը շփելով, ինքնաբավ ժպտացել»:

  Անկախ նրա հանդեպ ունեցած սիրուց կամ չսիրուց՝ Ռուսաստանում դժվար թե բանաստեղծ գտնվի, որը չի երազել հանդիպել Բրոդսկու հետ: «Ու այդտեղ էլ Բրոդսկին ինձ ասաց…» խոսքի համար՝ շատերն իրենց հոգին, իհարկե, չէին ծախի, բայց երիկամը հաստատ կզոհաբերեին: Նոբելյան մրցանակակիրը հրաշալի բանաստեղծություններ գրելու ունակությունն ու «փրոմոուշընի» կազմակերպումը հաջողությամբ համադրել է. այնպես որ, որևէ սկսնակի կարիերայի, ինչպես նաև «գերմանական հաշվի» հարցերում նրա գովասանքը մեծ ու դրական ազդեցություն ուներ:

     (Նյու Յորք այցելած մի աղջիկ լսել է, որ Բրոդսկին հաճախ է լինում «Սամովար» ռեստորանում, նույնիսկ այնտեղ բաժնետեր է: Նա գիշեր ու ցերեկ է անցկացրել այդ ռեստորանում, սակայն այդպես էլ Բրոդսկին աչքով չի ընկել: Վերադառնալով՝ նա ինձ գանգատվել է: «Իսկ չե՞ս հիշում,-հարցրել եմ ես,- այնտեղ՝ անկյունում, շեկ մազերով, ճաղատացող, սրբիչն այսպես ձեռքով կախ գցած մեկին…»: Իմ ասածից հետո աղջիկն ուզում էր լաց լինել):

Բրոդսկու բախտը, կարծում եմ, ռուս այցելուների հարցում չի բերել: Նրա հետ հարցազրույց է անում, օրինակ, «Մոսկովսկիե նովոստիից» Դմիտրի Ռադիշևսկին: Բրոդսկին է նրան հարցնում. «Դուք Շեստով կարդացե՞լ եք»: «Չեմ կարդացել»,- պատասխանում է Ռադիշևսկին: «Ափսոս: «На весах беспочвенности»-ն անպայման կարդացեք»: Ռադիշևսկու խոսքերից եմ պատմում:  

   Բրոդսկին այդպիսի բան չէր կարող ասել: Նույնիսկ հեգնելու մտքով էլ չէր ասի, որովհետև շեստովյան «Апофеоз беспочвенности» և «На весах Иова» գրքերի անվանումների բաղարկությունը պարզապես անթույլատրելի է: Ու առհասարակ, երբեմն մոսկովյան բնակարաններում Բրոդսկու հետ լուսանկարի ես հանդիպում, որի մեջ տանտերն իրեն հայրաբար է պահում նրա կողքին կանգնած (Բրոդսկին միջահասակ էր). վարպետի համար, իհարկե, միևնույն էր, նա ինքն էլ էր իրեն էլ երբեմն արձանի տեղ դնում, կարծում եմ, իսկ արձանն իր հետ լուսանկարվող զբոսաշրջիկի դիմախաղի հանդեպ, ինչպես հայտնի է, անտարբեր է միշտ, դեմքի արտահայտությունը՝ առանձհատուկ, շինծու հոգնատանջ ու գթասիրտ:

  Բայց տանտերի գործն է, գրողի ծոցը, թե ինչ է անում: Ես, ե՛ս կուզեի լինել կադրում, ես լինեի՝ միգուցե բառեր գտնեի այդ ճաղատացող մարդուն ասելու, թե ինչքան է նա կարևոր ինձ համար, հատկապես այն բանով, որ ես իմ ամբողջ կյանքում միշտ ճիգ եմ արել չնմանվել նրան:

   Ես շատ եմ երազել տեսնել Բորդսկուն: Անսահման հետաքրքիր էր ինձ համար, թե ինչպիսին է նա սովորական շփման մեջ: Հո Ռեյնի հետ Վենետիկյան հեռուստաշրջագայության ժամանակ իրար բերան հատապտուղ նետելու տեսարաններից չէի դատելու մարդկանց հետ նրա սովորական շփման մասին: Ինձ այդ Ռեյնը ընդհանրապես նյարդայնացնում է, նա այսօր, թվում է, նույնիսկ «ժամը քանիսն է» հարցին էլ է այսպես պատասխանում. «Ինչպես մի անգամ Իոսիֆն ինձ կասեր՝ հինգից քառորդ է պակաս»:

   Կուշտ եմ առհասարակ իմ լսածներից: Պատմում են, թե փարիզյան մի երեկոյի Բրոդսկու շուրջ բոլորովին նորաթուխ մի էմիգրանտ է սկսել թռվռալ — այ քեզ բան, հազիվ գաղթել է, ահա և քեզ՝ Բրոդսկին — մոտեցել է, թե. «Իոսիֆ Ալեքսանդրովիչ, Ձեր գիրքը (այդտեղ իսկ վաճառվող) առնելու փող չունեմ, չե՞ք ստորագրի ահա այստեղ՝ նոթատետրիս մեջ»: Բրոդսկին, ասում են, սաստիկ կատաղել ու շատ կտրուկ պատասխանել է. «Որ փող չունեք, ո՞ւր եք եկել իմ երեկույթին…»: Ազնիվ խոսք, այնքան էլ չեմ հավատում դրան. միրուքավոր, դալկադեմ ու ցցուն պարանոցով երկրպագուների մի ցեղ ժամանակին նրան պարզապես հոգնեցրել էր: 

Ոմանք, ընդհակառակը, պատմում են, թե նա շատ սիրալիր ու հյուրընկալ մարդ էր: Մի անգամ կենդանի Բրոդսկուն հրաշալի արձակագիր Ալեքսանդր Մելիխովն է տեսել, որին, հենց իր այդ բանավոր նորավեպի համար, է՛լ ավելի շատ եմ սկսել հարգել: Սկանդինավյան ինչ-որ գրքի տոնավաճառում ահա նա կանգնած է, ու Բրոդսկին հանկարծ մոտենում է: Բոլորն իսկույն ձեռքներին եղած գրքերով վազում, շրջապատում են բանաստեղծին, որպեսզի ինքնագիր կորզեն նրանից: Բրոդսկին չի իմացել, թե ուր կորցնի միանգամից գլխին թափված գրքերի հսկայական այդ դեզը: Այդպիսի պահերի համար հատուկ պահված նրբին ժպիտը դեմքին՝ նա սկսել է ինչ-որ կերպ տեղավորել գրքերի այդ կույտը (մտքում՝ երևի այդ ամենը աղբաման նետելու համար)՝ հոգու մեջ, հավանաբար, բոլոր նրանց գրողի ծոցն ուղարկելով: Մելիխովը գլխի է ընկել դա ու տեղից չի շարժվել: Բրոդսկին նկատել է նրան՝ միակ ռուս հեղինակին, որն իր բարեմաղթանքով չի վազել իսկույն դեպի իրեն, ու երկար, հետաքրքրական հայացքով տնտղել է նրան: Իսկ ընդհանրապես, Բրոդսկու հետ իրենց հանդիպումների մասին պատմողները՝ ինձ անհայտ կորած Թոմ Սոյերի փառքին հաղորդակցվել ցանկացող երեխաներ են հիշեցնում, այն դրվագը, երբ մի տղա, կարկամելով, սկսում է մի կերպ հեգել. «Իսկ ինձ Թոմ Սոյերը շան ծեծ է տվել»: Ներկաներից ամեն մեկն էլ կարող էր այդպես ասել…

  Վայլին իմ առաջին զանգը մի առանձնակի չի ոգևորել, ու առհասարակ, ինձ այդ պահին թվացել է, թե զարթնեցրի նրան. այնպես որ, ինքս էլ եմ նույն պահին շատ չոր սկսել առաջադրանքի մասին խոսել ու պայմանավորվել մեկ շաբաթից հետո հանդիպել: Մենք՝ հիմարներս, իհարկե, վստահ ենք, որ ի դեմս մեզ՝ մեր հայրենակիցներն այնտեղ հայրենիքի ողջույնին են միշտ կարոտ: Պետք է դեռ շատ ժամանակ անցնի՝ հասկանալու համար, որ Միացյալ Նահանգներում հայրենիքի մասին արված յուրաքանչյուր ակնարկ կարող է քաղաքակիրթ մարդու տրամադրությունը անդառնալիորեն փչացնել: Վայլի հետ, ճիշտ ժամանակին, մեր հյուրանոցի մոտ գտնվող փոքրիկ սրճարանում հանդիպեցինք, և ես սկսեցի Բրոդսկու պահով նրբանկատորեն նեղել նրան:

-Իսկ Բրոդսկին,- անփույթ վրա տվեցի ես,- չի՞ պատրաստվում գիրք հրատարակել:

-Պատրասվում է: Նա նոր գրած բան շատ ունի,- ասաց Վայլը:- Սքանչելի բանաստեղծություններ, որ ամենևին նման չեն վաղ գործերին:

Այդ բառերն արտաբերելուց հետո Վայլն իմ աչքին առնվազը կեսգլուխ բարձրացավ:

-Իսկ նա առհասարակ …. նա ընդունո՞ւմ է գոնե որևէ մեկին:

-Նա շատ սրտաբաց մարդ է, նրա հետ դժվար չէ հանդիպել:

-Իսկ եթե, ասենք, ուզես բանաստեղծությունների գրքույկ փոխանցել նրան:

-Գրքույկն էլ կարելի է: Նա սովորաբար իրեն ուղարկված ամեն ինչ աչքի է անցկացնում:

-Իսկ ճի՞շտ է, որ նա բարձրից է նայում զրուցակցին …. այսինքն՝ կտրուկ է, անկանխատեսելի և այլն…

-Չէ հա, ի՞նչ եք ասում, ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է լինելու: Ահա, ուր որ է, նա ինձ հյուր կարող է գալ, ես Ձեզ էլ կհրավիրեմ՝ կծանոթանաք:

Երեք օր շլացած էի ման գալիս այդ հեռանկարից: Շփոթահար, որպեսզի Վայլին այլևս չձանձրացնեմ, սկսեցի CIA-ի մի ծրագիր իրականացնել, իր բոլոր հրապուրանքներով հանդերձ՝ կուսակցական կենտրոնակայններ սկսեցի այցելել, պաշտոնաթող քաղաքական գործիչների տուն գնացի, հետաքրքիր միջոցառումներում եղա, առաջադրանքի ուղղությամբ՝ ուղեղս արդեն իսկ գործում էր: Այդ ամենի հետ՝ Նյու Յորքին մեզ ծանոթացնող զբոսաշրջավարը պատկառանքով էր ցույց տալիս Սոհոյում գտնվող Բրոդսկու տունը. «Ճիշտ է, նա արդեն գնացել է այստեղից,-պատմում էր նա,- բայց այս տանը երկար է ապրել, սա քաղաքի ամենահին ու ինտելեկտուալ թաղամասն է»: Եվ ակամա գլխիս մեջ ղողանջում էր. «Նա այստեղ եղել է, դեռ գալիֆե չկար հագին…»

   Բրոդսկու հետ հանդիպման երեք տարբերակ էի պատկերացնում: Առաջին. լավագույնը: Վայլն ինձ հրավիրում է, Բրոդսկին այդ պահին ներս է մտնում, ներկաները զուսպ ախ են քաշում, և երեկույթն ուրիշ հունի մեջ է մտնում… Ընդհանուր զրույց է ծավալվում, Բրոդսկին ինչ-որ նոր բան է ասմունքում, իսկ հետո բարի Վայլն ասում է. «Դե իսկ հիմա էլ թող Բիկովը մի բան կարդա»: Իսկ ինձ «մի բան»-ից ավելին պետք էլ չէ, ես լող եմ տալիս երջանկության մեջ, «ինչ-որ» բան եմ ասմունքում, Բրոդսկին բարեկամաբար ժպտում, ասում է. «Վատ չէ, վատ չէ», իր յուրահատուկ խոսվածքով, «խոսքի մշակի» առաքելության մի քանի տեսական խորհուրդներ է տալիս՝ գործի դնելով իր սիրելի դարձվածքներն, ասենք՝ «ծայրաստիճան նշանակալի…»: Այնուհետև ես, ուրախացած, թևերս բաց սավառնում եմ դեպի իմ «Շերաթոն Մանհեթընը», թաց ափերիս մեջ սեղմելով նրա՝ «Ի հիշատակ՝ հեղինակից» ստորագրությամբ «Ուրանիան» կամ մի այլ բան: Ու, այդքանից հետո, ռուս գրականության մեջ տեղդ ապահովված էր լինելու:

Երկրորդ տարբերակ. հրեշավոր: Բրոդսկին անտրամադիր է: Ասմունքում եմ, նա քարը քարի վրա չի թողնում, իսկ ես, որ ամենսարսափելին է, սովորական իմ պահվածքով եմ արձագանքում նրա քննադատությանը՝ գլխով եմ անում, ժպտում եմ, հլու-հնազանդ համաձայնում: Մեռի՛ր, Դենի՛ս, լավ է՝ չգրես:

Երրորդ տարբերակ. ամենանողկալին. Ընդհանուր զրույց, ես, խորթ կյանքի այդ տոնին, յուրային չեմ. այնուամենայնիվ, քաղաքավարությունից ելնելով, ինձ են առաջարկում ասմունքել, ես սկսում եմ, ջանում ներկաների դեմքին չնայել, կարճ լռություն է տիրում, ինչից հետո զրույցը վերսկսվում է, ու դրանից հետո՝ ես կարծես այդտեղ չկամ էլ: Ես գնում եմ «Շերաթոն Մանհեթըն», իսկ ինը զրո-զրոյից հետո Նյու Յորքում խմիչք առնելը մեծագույն խնդիր է… Չգիտես ինչու, այդ պահին հատկապես խմիչքի հարցն էր ինձ լիովին վհատեցնում:

Ամենատխուրը երրորդ տարբերակն է, մտածում էի ես, որից հետո էլ չէի կարողանա ստիպել ինձ լավ վերաբերվել Բրոդսկու բանաստեղծություններին, որովհետև, կրկնում եմ, մարդը թույլ էակ է. լռություն պահպանելով՝ հոգուս մեջ միշտ միանալու էի այն մարդկանց, որոնք հաստատում էին, թե շեկ մազերովը իրեն սպառել է և որ, իբրև բանաստեղծ, արդեն վերջացել է, հնարավոր է՝ նույնիսկ չի էլ եղել, որ նա ձանձրալի է, սառը, փոխաբերությունների տեղը սահմանումներ է մոգոնում, հույզերի փոխարեն՝ անշունչ ձևակերպումներ: (Ինձ արդարացնելու համար կարող էի արդեն նկատել, որ Բրոդսկին բարձր է գնահատել Նաբոկովին միայն մինչև այն պահը, երբ Նաբովոկովն ինքն է ոչ այնքան ոգևորված խոսել իր մասին — ու այդ ժամանակից ի վեր Բրոդսկին ամենուր Պլատոնովով հալածել է Նաբոկովին, որն արդեն իսկ հաստատ նրա մասին վատ բան ասել էլ չէր կարող, իսկ Սաշա Սոկոլովը, որին Նաբոկովը հենց գովաբանել է, Իոսիֆ Ալեքսանդրովիչի մոտ խոր հակակրանքի էր սկսել արժանանալ):

Այսպիսի ամոթալի մտածումների մեջ եմ անցկացրել նյույորքյան օրերս՝ իմ մասին չհանդգնելով ակնարկել բարեհամբույր Վայլին, հանդիպման զանազան տարբերակներ ենթադրել, բանաստեղծություններ ջոկջոկել՝ Բրոդսկու առաջ ասմունքելու համար: Ես նրա մասին նույնիսկ երազ եմ տեսել. երկուսով քայլում ենք ծովածոցի ափամերձով, սահմռկելի ծակող քամի է փչում, որի նման կտրուկ, ահավոր տոնով էլ Բրոդսկին է ոչնչացրել երբևէ իմ գրած ամեն ինչը, և ես արդեն հասկանում էի, որ գրականությունն իմ տեղը չէ, ու զարթնել եմ սարսափելի ապրումների մեջ, աչքերս էին միայն չորուցամաք մնացել: 

Վայլը վերջապես զանգեց ու ասաց, որ ինձանով ուզում է՝ Մոսկվա ընդհանուր ծանոթի  համեստ մի նվեր ուղարկել, միաժամանակ ինձ համար էլ, որպես հուշ, գիրք գնել, ինչն ինքս իմ ձեռքով կարող էի ընտրել: Իմ մտքում արդեն գիրք կար. մեկնելուց երեք օր առաջ «Շերաթոնից» քիչ հեռու՝ սրճարանի դիմացի գրախանութում, մենք կրկին հանդիպեցինք:

-Իսկ ինչու չե՞ք զանգել,- բարեհամբույր հարցրեց Վայլը,- նախանցյալ օրը Իոսիֆը մեր տանն էր:

Ես ցնցվեցի:

-Հը, ո՞նց էր,- հնարավորինս փնթիաբար հարցրի նրան: Վայլը դրամապանակից  մի լուսանկար հանեց, որում ինքն էր, Բրոդսկին ու ինձ անծանոթ մի անհատ, հաստատ՝ ոչ Գենիսը: Բրոդսկին ուրախ աչքով էր անում նկարի մեջ՝ կարծես ջղայնացնելով տողերիս հեղինակին:

-Կարող եք վերցնել,- ասաց առատաձեռն Վայլը:

-Իսկ ի՞նչ է եղել:

-Դե նա կարդացել է, զրուցել ենք, իսկ հաջորդ օրը Եվրոպա է մեկնել: Շվեդիա:

-Ու հիմա ե՞րբ է վերադառնալու,- բոլորովին ընկճված ձայնով հարցրեցի ես:

-Երկու ամիս հետո…

Երկու ամիս հետո արդեն իմ լուծն էի քաշելու հարազատ մոսկովյան իմ հրատարակչությունում, որտեղ առանց այդ էլ ատում են ինձ՝ ազատ երկրում երկամսյա ձրի զբոսանքիս համար: Ես այնպիսի վշտահար տեսք ունեի, որ Վայլը փորձեց մխիթարել.  

 -Դուք կարող եք ձեր գրքույկը թողնել: Ես կփոխանցեմ նրան:  

Միայն այդ պահին ես հիշեցի, որ վերջին գրքույկն է մնացել, այն էլ՝ վաղօրոք մի էմիգրանտի անունով մակագրված. նա Բրայթոնում էր ապրում, ժամանակին  իր եղկելի ֆելիետոնները «Սոբեսեդնիկ» էր բերում, ու թեև ես դրանք մշտապես մի կողմ էի նետում, բայց Նահանգներում այդ մարդն իմ հանդեպ հիվանդագին բարությամբ էր լցված, իր հաշվին քաղաքում աջուձախ ման է տվել այսքան ժամանակ: Խիղճս մղկտում էր, բայց ես, գրքույկը պայուսակից հանելով, խնամքով պոկեցի տիտղոսաթուղթը («Թանկագին Գրիգորիին՝ ի հիշատակ «Օդեսայի» հրաշալի երեկոյի») ու… երկար մտքերի մեջ ընկա:

-Բա ի՞նչ գրեմ:

Վայլը խորիմաստ ժպտաց: Նա հասկանում էր իմ հոգեվիճակը: Այդտեղ եմ միայն տեղը բերել, թե իրականում ում եմ մակագրում իմ ժողովածուն, որքան եմ այդ հասցեատիրոջը սիրում, ինչքան եմ նրանով ոգեշնչված ու պարուրված, ինչքան հաճախ էի նրա խոսքերով հագենում, ու ինչքան արգահատելի եմ թվալու նրա ձեռքերում իմ այդ՝ իրար տված երկու հարյուր էջի միջոցով. «Թանկագին Իոսիֆ Ալեքսանդրովիչին» — ախր նա ո՜ր օրվա քո թանկագինն է… «Հարգարժան Իոսիֆ Ալեքսանդրովիչին» — ըհը՛, թոշակի անցնելու առթիվ՝ երախտապարտ ծառայակիցներից: «Սիրելի Իոսիֆ Ալեքսանդրովիչին» — այո՛, իհա՛րկե, մի ջերմ համբույր էլ հետը. սիրիր ինձ, ինչպես ես եմ քեզ սիրում, մենք երկուսով իրար արժանի թիթեռնիկներ ենք: Մի կողմ թողնենք այս բառի մակաբերությունը: «Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկուն…»՝ «Խոնարհումով» — ինչպիսի՜ քաղցրահամություն: «Հիացմունքով» — այո՛, արցունքն էլ աչքերիս: Եթե կյանքում նա ինչ-որ բանի կարիք է ունեցել, ապա դա բացառապես իրենով իմ հիացումն է եղել: Հանդիպման հույսով: Նրա աչքերին քուն չի գալու, ամեն ինչ թողած՝ ինձ հետ տեսակցության է սպասելու …. թո՜ւհ, ինչ չնչինն եմ բայց… Ի վերջո, ձեռքս, ինձ համար էլ անսպասելի ու վճռականորեն, շարեց. «Երախտագիտությամբ՝ Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկուն», ինչը, իրականում, լիովին համապատասխանում էր իրականությանը, և Վայլը, վիթխարի իր ձեռամբ, ճմռթվող իմ գիրքը խցկեց իր թիկնոցի գրպանը:

-Դե կփոխանցեք…,- ասացի ես:

-Կփոխանցեմ, ինչ խոսք…

Սուրճը խմեցինք, ինձ համար վաղուց սպասված Հելլերի գրքերից մեկն ընտրեցի, ու Վայլը չքացավ Մեծ խնձորի թավուտներում:

…Այն ժամանակից ի վեր՝ Բրոդսկուն ընդամենը մի անգամ եմ երազում տեսել, մահվանից քիչ անց — տարօրինակ մի հարկի տակ, որը, հավանաբար, պոետի լենինգրադյան բնակարանի մասին լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովի պատմվածքների նկարագրությանն է հարում: Վարից վեր չորս պատերը գրքերով ծածկված՝ ջրհորով սենյակ: Սենյակի միջնամասում՝ ձեռնասանդուղք՝ դարակներից գրքեր հանելու համար: Այս անգամ Բրոդսկին չափազանց բարյացակամ է, թեյ է հյուրասիրում, ինչ-որ ուրախալի, դուրեկան զրույցի ենք բռնվել, հաճելի է նրա հետ, արդեն հեշտ ու հանգիստ կարելի է հարցնել.

«Իոսիֆ Ալեքսանդրովիչ, ձեզ մոտ շատ հաճելի է, հիշո՞ւմ եք. «Ժամանակն անցնում է, իսկ Սեմյոնովը՝ մեկնում», հա՛, հա՛, հա՛»: Ու՝ դժվար չէ այս երազը մեկնաբանել:

Գրողներից մեկը գրել է արդեն, որ Բրոդսկու մահվանից հետո, ինչքան էլ նրան սառն ու ներամփոփ էին կոչում, ինչքան էլ նա օտարոտի թվար, բոլորին մի անձնական կորստի զգացում էր համակել: Ամենօրյա անպաճույճ գիտակցությունը, իմը-քոնը-նրանը, նա վերածել է մեծ գրականության: Բացի այդ, նրա ստեղծագործությունը ամեն գրող մարդու հետ էր առնչվում, բոլորին հետաքրքիր էր, թե ինչ է անում նա այնտեղ՝ իր առաջավոր եզերքում, և ի վերջո, կյանքի վիթխարի մի բաժին է անցել նրա գրածների պատկերի միջով, այնպես որ, բնական է, կենդանության օրոք ահեղ ու անհասանելի լինելով հանդերձ, նա մահվանից հետո գրեթե հարազատ է դարձել:

Սարսափելի է, որ մտածում ես: Դեղին մամուլը մոսկովյան դյուրահավատ ու դռնբաց հրատարակչություններով մեկ այնպիսի հիմարություններ է շաղ տվել, թե իբր Բրոդսկին դոնդող ու սացիվի, նաև ինչ-որ խոտաբույսերի թրմօղի է սիրել: Դա էլ է, իհարկե, «վիթխարի չափով» խորացնում նրա մասին պատկերացումները…

Իսկ անձնապես Բրոդսկուն հանդիպելու տենչը մի անգամ է ինձ պատել, այն էլ՝ ինքնաթիռի մեջ, Ամերիկայից վերադառնալու պահին. արդեն քաջ գիտակցում էի, որ դժվար թե շուտով կրկին հայտնվեմ այնտեղ: Շարժիչների մռնչյունը, ինչպես միշտ, արական խմբերգ է հիշեցնում, ու ինչ-որ թաքուն ձայնի ներդաշնակությամբ ուզում ես վանկարկել.

Родила тебя в пустыне

Я не зря,

Потому что нет в помине

В ней царя.

Սա ուշ Բրոդսկի է՝ իր հասուն ու վաղ տեսակից տարբեր, հանկարծակի ջերմագին, մի պահ դարձի եկած ավանդական բնօրինակին.

Привыкай, сынок, к пустыне,

Как к судьбе.

Где б ты ни был, жить отныне

В ней тебе.

Այդ պահին ես ինձ ահավոր երջանիկ էի զգում, որ չեմ հանդիպել Բրոդսկուն, որովհետև այս բանաստեղծությունն իմ մեջ արդեն անանուն, մաքրամաքուր ու անարատ է մնալու, այն որևէ հեղինակից արդեն ձերբազատ է, որովհետև մարդ արարածն ի զորու չէ այդպիսի տողեր ստեղծել:

Եվ, հարկավ, աստղն ինչպես չփայլի օդանավի պատուհանից անդին, որտեղ, ասում են, հիսուն աստիճան սառնամանիք է.

Словно жжет свечу о сыне

В поздний час

Тот,

Который сам в пустыне

Дольше нас.

11.VI.1996
Иностранец

Ռուսերենից թարգմանեց Արամ Ալավերդյանը

No Comments

Leave a Reply