Արթնանալ՝ մտքում համառող, մի քանի անգամ կրկնվող մի ֆրազով, որ ավելի շուտ տպավորություն է, քան միտք: Վերջին շաբաթներին տեղեկատվական պատիր խրախճահանդեսներում ներսն ու դուրսն այնքան են պրկվել, խառնվել, որ դժվար է ասել՝ քո՞նն է, թե՞ գալիս է արտաքին մի լսափողից:
…Երրորդ համաշխարհային պատերազմի արշալույսին, գուցեև՝ պատերազմից խուսափելու նպատակով, նախապես և սառնասրտորեն, մի ամբողջ նրբակիրթ բալետի միրաժային բեմականացմամբ՝ բաղկացած մի քանի արարից, որոշվեց զոհաբերել փոքրիկ և զարմանալիորեն տոկուն մի երկիր: Եվ մինչ միջազգային հանրության բարձրաբարձր ամբիոններից մարդու հիմնարար իրավունքներն ու իրավահավասարությունը տարփողող պաշտոնական հայտարարություններն ու բանաձևերը հետևում էին իրար, ընկնում էին երիտասարդներ, խեղվում էին մարմիններ և ճակատագրեր, դատարկվում էին տներ և այգիներ: Մատաղ արեգակը փակում էր աչքերը: Հեռացողների այս երթն ուղեկցվում էր 2020-ի հոկտեմբերի, ապա նոյեմբերի բացառիկ պայծառությամբ:
«Քնքուշ» մի համաձայնություն, որ կնքվեց բամբակե մի աշխարհում՝ մեղմ ու անաղմուկ: Աշունը հազիվ հասցրեց աչքը թարթել: Բնությունը մի պահ շունչը պահեց: Աշխարհի տարբեր կողմերից քաղաքական այրերը չհապաղեցին շնորհավորանքներ հղել իրար: Առիթ կար: Հերթական անգամ հաջողվել էր իրար չնեղացնել և չոր դուրս գալ ջրից՝ մի քանի անգամ փոխադարձաբար իրար հոգեկան հիվանդ և խելագար հռչակելով, սպառնալով և ամենակարևորը՝ հորդորելով: Եվ աննկուն պայծառության վերջին ու այնքան թանկ հանգրվաններից մեկը, որ մինչ այդ անբացատրելի մի հրաշքով դիմակայում էր համաեվրոպական դեմագոգիայի շքեղ հրավառություններին, որոշվեց հանձնել վայրագության հաղթարշավին: Աշունը լռում էր: Ինչ-որ մեկն անջատել էր համաշխարհային տագնապի ազդանշանները, խլացրել էր ահազանգերը: Ու ինչ-որ տեղ՝ հետնաբեմում, քաղաքակիրթ ծամածռությունների, ավելի ու ավելի պրկվող, իրենց սպառած դիմակների զգացողությունը, որոնք ուր որ է՝ կպատռվեն:
Ինձ վաղուց է ուղեկցում այն զգացողությունը, որ աշխարհը կանգնած է կործանման եզրին: Կործանում, որ վաղուց ի վեր բարոյական դաշտից տեղափոխվել է իրական, առարկայական՝ տնտեսության, բնապահպանության, քաղաքականության, առողջապահության ոլորտ… Կործանում, որ սկսվում է անհատի, ազգային անկրկնելի դիմագծի աննկատ, բայց հետևողական կողոպուտից, դիմագիծ, որին փոխարինում են պատրաստի համա-կաղապարներ, համա-կոնցեպտներ, համա-հավասարումներ՝ պարզ և մատչելի, որ կարելի է գնել արհեստական փոխարինիչների շուկայում, համատարած պարզեցման, համահարթեցման կարգախոսներ, որ ներխուժում են մասնագիտական կյանք և կենցաղ, ամենակարևորը՝ անհատի ներաշխարհ և գիտակցություն, գծում նոր, համաեվրոպական մի ճամբարի կեղեքող քարտեզը:
Բայց ահա աղոտ այդ տպավորությունը, որ ծնվեց պատերազմի առաջին օրերին, երբ պարզ դարձավ, որ 18-19 տարեկան տղաները պատերազմում են ոչ միայն պաշտոնական թշնամու, այլև մահվան մեքենայացված գործիքների՝ վարձկանների և ահաբեկիչների դեմ, որ մեզ և նրանց վերցրել են չգոյության մահասփյուռ շուրջկալի մեջ… Տպավորություն, զգացողություն, որ սա բացառիկ հնարավորություն է՝ տրված աշխարհի առաջադեմ պետություններին՝ ճակատագրական ընտրության, ինքնափրկության: Բացառիկ մի պայծառացմամբ՝ աշխարհը հանկարծ պիտի զարթներ իր թմբիրից, որսար բարձր հորիզոններում սավառնող ահազանգի հավքերին, գիտակցեր, որ եթե վտանգված է իր մենավոր լեռներին ապավինող, երկնքին այնքան մոտիկ այդ երկիրը, որի գոյատևումն իսկ աշխարհաքաղաքական տուրևառության հարափոփոխ քարտեզում հավասարազոր է հրաշքի, ապա դա… իրենց վերջին հնարավորությունն է, իսկապես: Ու ճառերը մի պահ կլռեին, աշխարհը կհասկանար, որ պիտի փրկեր, փրկեր միահամուռ, փրկեր ամեն գնով անգին մարգարիտը ոչնչացման ամենակուլ բոցերից: Կանգնած այդտեղ՝ հոգեզրկման երերուն սահմանին, աշխարհը հանկարծ կգիտակցեր, որ այդ մարգարիտն իրենց սեփական դիմագիծն է, հոգին, որ իրենք պահ են տալու լռող խեցուն, կհռչակեր հպարտ լեռների ազատությունը, ու լեռները կխնդային… Գուցե ծիծաղելի է, բայց աղոտ այդ տպավորությունը, որ ստացել էի առաջին շաբաթներին հնչած որոշ արձագանքներից, օրեր շարունակ ինձ չէր լքում: Գուցե աշունն էր մեղավոր՝ լուսավոր, աննենգ իր ժպիտով, որ գրկել էր աշխարհն ու մեզ, փարվել էր մահը ժխտող զինվորների երիտասարդ, փխրուն մարմիններին: Բայց արևը գիտեր, արևը չէր ստում, ու դրանից էր, հավանաբար, անկարելի, անհնարին այդ պայծառությունը՝ որպես հավատարիմ վկա, որպես տիեզերական մի գրկախառնություն:
Բայց այդպես չեղավ: Աշխարհը որոշեց կամ նախապես որոշել էր մոռանալ անագե տոկուն զինվորիկներին: Բավարարվել բանաձևերով ու բազմանշանակ հորդորներով:
Այս տողերը չեմ գրում՝ դառնացած կամ հուսահատված: Աշխարհի, համենայն դեպս՝ ներկա քաղաքակրթության կործանման սպառնալիքի զգացողությունն ունեցել եմ դեռևս պատերազմից շատ առաջ, մինչև իսկ՝ համաշխարհային մակարդակով մարդուն և մարդկայինը դիմակավորող, տեղորոշող, բացարձակ վերահսկողության տակ առնող, զարմանալիորեն և այնքան արդյունավետորեն վերաթողարկվող «Կորոնա» վիրուսից շատ առաջ:
Ու ոչ էլ զբաղված եմ սեփական երկիրս իդեալականացնելով: Իհարկե, ցանկացած երկիր նույնքան բազմադեմ է, որքան իր ազգաբնակչությունը, հասարակությունը… Երկու օր առաջ՝ պատերազմի զոհերի ոգեկոչման օրը, երբ հեռանում էի Ազատության հրապարակից, սրճարաններից մեկի ապակիների հետևում 20-21 տարեկան երեք հայ տղա նարգիլե էին ծխում, ու իրենց լուսավոր ցուցափեղկերի հետևում նրանք չեն իմանա երբե՛ք, որ իրենց կյանքով պարտական են համեստ ժպիտներով իրենց տարեկիցներին: Այո, եթե անկեղծ լինեմ, այսօր միշտ չէ, որ իմ և ինձ շրջապատող մարդկանց հայրենիքները համընկնում են: Փողոցում հնչող «Կարգին»-ական՝ ծամածռվող և խեղված, հայհոյախոս հայերենը համառորեն հուշում է, որ գուցե քիչ են մարդիկ, որոնց հայրենիքը սկսվում է լեզվից… Փոխվում են ժամանակները, միտումները… Բայց ճյուղավորվող, հարաշարժ հյուսվածքի խորքում՝ ամենահատակին, կա մշտարթուն, անհանգիստ այդ հոգին՝ հյուսված յուրաքանչյուր ժողովրդի թափառիկ ասքերից ու հուրհրատող երազանքերից, հերոսական սխրանքներից ու տիեզերական, անչափելի կարոտներից, իր պատմության, իր ստեղծած արվեստի ու մտքի հրեղեն հավքերից: Եվ Նա՛ է մեզ հուշում այսօր, նույնիսկ այսօր, որ մենք դեռ շատ մոտիկ ենք «ձյունապատ լեռների» ու «կապույտ լճերի» սրբազան անուրջին: Հատկապես այսօր, երբ նայում ենք դեպի մահ գնացող տղաներին, որ ժպտում են մեզ էկրանից և որոշել են, որ պայծառության իրենց երազը պիտի հաղթի՛՝ ի հեճուկս բոլոր հաշվարկների և նենգ առևտուրների:
Նոյեմբերի տասին՝ արևոտ մի օր, աշխարհն արթնացավ, ինչպես միշտ ՝ հայացքն աշնան սակավող և թանկ արևին, ու գուցե ինքն էլ չգիտեր՝ ինչու էր այդքան տխուր: Ինչո՞ւ, որտեղից էր անծայրածիր այդ լռությունը, այդ դադարը… Ընդամենը մի քանի ժամ առաջ գիշերվա ծանրացած, դավադիր լռության մեջ ճանապարհ ընկնող տանկերի շարասյունը պաշտոնապես հռչակել էր, որ «վերջին հնարավորությունը» պատրանք էր: Որոշված էր՝ լույսի աշտարակը պիտի տապալվեր:
15. 11. 2020
Շուշանիկ Թամրազյան
Հ. Գ.— Դեռևս համավարակի տարածման առաջին շաբաթներին մի քանի անգամ տարբեր առիթներով, տարբեր ամբիոններից հնչել է մեր աչքի առջև կործանվող հին աշխարհի և նոր աշխարհի կառուցման տեսլականը, որն անձամբ ինձ համար հնչում էր որպես վերծանման ենթակա թաքնված մի սպառնալիք: Վերջին օրերին հաճախ է էկրաններից հնչել տարածաշրջանային հարաբերությունների և գործընթացների նոր փուլի, նոր որակի մասին, մեր հայրենիքի, որ գաղտագողի ստորագրված ապաշնորհ մի պայմանագրով թևակոխել է իբրև տարածաշրջանային գործընթացների նոր շրջափուլ՝ նոր կարգավիճակով, նոր հեռանկարներով. փոփոխություններ, որոնք ոչ միայն քաղաքական են, այլև գաղափարական, հիմնարար և չեն կարող արվել՝ ի հեճուկս երկրի քաղաքացիների կամ առանց նրանց գիտության: Մի բան պարզ է. նման «փրկչական», «հեռանկարային» վերաձևումները ոչ մի արժեք չունեն, եթե այդ նոր կարգավիճակի, նոր փոխհարաբերությունների արդյունքում, նոր հաղորդակցական միջանցքների և վերաձևվող քարտեզների մղձավանջում ոմանք (անգամ փոքրամասնությունը) փնտրելու են և չեն գտնելու իրենց հայրենիքը, այն, ինչին իրենք ասում են Հայաստան:
No Comments