ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան. Տիպանգո (վիպակ)-3

22.05.2020


Սկիզբը՝ այստեղ

Կեցցեն այն մարդիկ,
Որոնք ձգտում են
Դեպի Տիպանգոն՝
Արևի հոգին

Սիկաու, Հատ. 1-ին գիրք

Սպիտակամորթը որոշեց անթափանց սաղարթի միջով կրկին փնտրել  արևը: Գլուխը ետ գցեց ու նայեց վեր: Աչքերի առջև սևացավ, օրորվեց տեղում ու քիթ-բերանի վրա շրմփաց ցեխի մեջ:

Արահետը վաղուց էր կորցրել, իսկ գտնելու մասին խոսք լինել չէր կարող:  Դա դեզի մեջ ասեղ փնտրել չէր, դա նշանակում էր ջրի մի ուրույն կաթիլ որոնել ծովում: Անծայր տարածությունը, որտեղ նա թափառում էր արդեն հազարամյակներ, քարտեզներում սպիտակով էր նշված: Գետի հոսանքը կտանի ծով, բայց որտե՞ղ է գետը, կամ որքա՞ն է հեռու ծովը, գուցե՝ ամիսների ճամփա: Նա հիշեց, որ ինչ-որ ժամանակ՝ հեռավոր անցյալում՝ երեք, թե չորս հազար տարի առաջ, կարմրամորթ ուղեկիցները գիշերով փախան: Հետո էլ տենդը սկսեց ցնցել…

Սպիտակամորթը, ճիգ գործադրելով, շրջվեց մեջքի, մի դանդաղ, բայց ծանր հարվածով սպանեց բաճկոնի միջով արյունը ծծող միջատին ու հայացքը ուղղեց դեպի սաղարթը:
Գոլ, բլբլթացող ճահճաջուրը չէր զովացնում տոթից հյուծված մարմինը, հակառակը՝ բորբոքում էր ավելի: Նա ուժ գտավ ոտքի կանգնելու, երեսուն գրամ խինին փաթաթեց թղթի մեջ, երեք անգամ դողացող ձեռքերից գցեց այն և ի վերջո, կուլ տվեց ճահճաջրի մեջ լխկած վիճակում: Հետո մի փոքր չոր տեղ գտավ, ուսապարկը դրեց գլխի տակ ու սկսեց ցնցվել ամբողջ մարմնով, կափկափել ատամներով ու սվսվոցով շնչել:
Արթնացավ տաք շնչառությունից: Բացեց աչքերն ու վախեցած մի կողմ քաշվեց: Շնագայլի հետաքրքրասեր ձագը փախավ ու զարմացկոտ աչքերը հեռվից չռեց այդ տարօրինակ արարածի վրա: Սպիտակամորթը ծիծաղեց ու ոտքը խփեց գետնին: Փոքրիկ շնագայլը փախուստի դիմեց:

«Այս կողմերում գետ չկա»,- մտածեց սպիտակամորթը ու ետ դարձավ՝ փնտրելով իր հետադարձի նշանները ծառերի վրա: Թուլությունից աչքերը մեգոտում էին: Խաչ նշանին հասնելով՝ նա երկար սուլոց արձակեց: Ուրախ կլանչը պատասխանեց նրան: Սպիտակամորթը շուրջը նայեց: Կարմիր թռչունը դիմացի ճյուղից զարմացած նայում էր նրան: Մարդը նշան բռնեց ու կրակեց: Թռչունը թափահարեց թևերը, վեր բարձրացավ, հետո քարի պես ընկավ ցած: Շան կլանչը ստիպեց արագացնել քայլերը: Ծղոտե հյուղակի մոտ պառկած շունը դժվարությամբ բարձրացավ ու պոչը շարժելով՝ օրորվեց տեղում:
— Հը՞, Սեն,- ուրախացավ սպիտակամորթը,- արդեն քայլելու փորձե՞ր ես անում:
Շունն ավելի աշխույժ շարժեց պոչը, հետո հոտոտեց ու դարձյալ ընկավ:
— Կե՛ր, քեզ համար եմ բերել,- մարդը թռչունը գցեց շան առաջ: Մտավ հյուղակ ու փռվեց ծղոտե մահճակալին:
«Օրերը դժվար են անցնում,- մտածեց նա՝ պահամանից խմելով գաղջ ջուրը,- Սենը լավանա, ճանապարհ եմ ընկնելու: Այդ ընթացքում նզովյալ անձրևներն էլ կվերջանան: Ճահիճը կչորանա…»:
Չիմացավ էլ, թե ինչպես քնեց: Երազում դարձյալ տեսավ ահագին հովազին, որ ծառից ցատկել էր վրան: Նորից տեսավ, թե ինչպես էր Սենը բռնել վիրավոր հովազի կոկորդից, ինչպես էր սողում դեպի ինքը՝ ատամներով քարշ տալով դիակը:
…Սպիտամորթն այնքան էր թուլացել, որ օրերով քնում էր: Բավական է պառկեր, քունը վրա էր հասնում: Չնայած դրան՝ նա և շունը արագորեն կազդուրվում էին: Օրերն անցնում էին դժվար, միապաղաղ ու ձանձրալի: Բայց այնքան էլ սոսկալի չէր ճանապարհը շարունակելու միտքը, բացատը թողնելու, նորից սոսկալի ջունգլիները թափանցելու… Նրա հոգին հանգիստ էր և լի վստահությամբ, թեև մարմինը հանգստի պահանջ էր զգում:
Շուտով Սենն սկսեց քայլել, ինքն էլ տենդի նոպա չունեցավ: Մեջքի վերքը վաղուց էր փակվել, միայն տնքում էր բութ: Վաղուց էր, դրան ուշադրություն չէր դարձնում: Շան կոտրված կողոսկրերն էլ էին կպել, և նա արդեն երեք-չորս մետր օրական քայլում էր:

Բացատը, որտեղ նա իր հյուղակն էր շինել, այդ անծայրածիր ջունգլիներում հնարավորություն էր տալիս ժամերով պառկել արևի տակ, իսկ անձրև օրերն էլ սառը ջուր էին ապահովում:
— Դեն, Դեն,- մի քանի օր անց ասաց նա ինքն իրեն,- առաջ շարժվելու ժամանակն է:
Հետո սկսեց փիլիսոփայել:
— Իսկ ո՞րն է առաջը:
Կողմնացուցը կորել էր, ուստի բոլոր կողմերն էլ կարելի էր առաջ համարել: Որքան ժամանակ էր, նա մարդ չէր տեսել, սովորել էր խոսել ինքն իր և մեկ էլ շան հետ: Ջունգլիներում կորած և կանգ առած մարդիկ անուն չեն ունենում: Այսօր, երբ որոշեց առաջ շարժվել, առաջին անգամ ինքն իրեն անունով կոչեց՝ Դեն Ալարոդ: Մինչև այն օրը, երբ նավակից ափ ցատկեց և առանց հետ նայելու անհետացավ ջունգիներում, միշտ իրեն ուժեղ մարդ էր ներկայացրել՝ ունենալով սակայն ներքին այն համոզումը, որ շատ թույլ է պայքարի համար: Բայց այստեղ՝ ջունգլիներում, նա ճշտում մտցրեց այդ համոզման մեջ. «Նայած՝ ինչ պայքարի»: Ջունգլին բացահայտեց նրանում նստած համառության դևին, և դա շատ հաճելի էր: Այն րոպեին, երբ որոշում էր ուղղությունը՝ դեպի քաղաքկիրթ աշխարհ, թե դեպի անհայտ նպատակը, հոգու խորքում ոռնաց դևը, և Դեն Ալարոդը վերադառնալու մտքի համար հակակրություն զգաց ինքն իր նկատմամբ:
— Առաջ, մինչև վերջ,- փնփնթաց նա ու սուլեց շանը:
Նա չնայեց անգամ իր ծղոտե հյուղակին: Գնաց:
Եվ նորից սկսվեցին տանջալից օրերը, բայց տենդն արդեն թույլ էր ցնցում: Դա շատ լավ էր: Դա շատ լավ էր, քանի որ խինինը սպառվելու վրա էր:
Ջունգլիների թափառումներում Դեն Ալարոդը հաճախ էր հիշել կնոջը և ամեն անգամ ցանկացել էր վերադառանալ:
— Առաջ, մինչև վերջ… ՎԵՐՋ…
Կինը շարունակում էր հետապդնել նրան, և միայն շնորհիվ գերմարդկային լարվածության՝ Դենը կարողանում էր աղոտ պահել հոգում կնոջ՝ մագնիսի նման ձգող պատկերը:
Իսկական հնագետ լինելու համար պետք էր ունենալ կամքի ուժ և ռոմանտիկա:
Կա մի յուրատեսակ ռոմանտիկա, որ ոչ մի դրության մեջ չի ցնդում՝ շնորհիվ իր իսկ աճեցրած կամքի ուժի: Դենի ռոմանտիկան պատկանում էր այդ տեսակին:

Մի քանի օր անց Դեն Ալարոդը գլուխը դրեց շան վրա ու հանձվեց դողէրոցքի ամենաթույլ նոպային:
Առայժմ նա անցյալով էր ապրում:

Շարունակելի 

No Comments

Leave a Reply