Արթուր Սարգսյանի հիշատակին
«Փետրագիր» շարքից
Մեկ, մեկուկես, երկհարկանի խարխուլ, կիսախարխուլ, երբեմն էլ արտաքնապես բարվոք տնակներով պատված բլուրի բնակիչները փայտագործին շատ էին սիրում։ Ոչ մեկին ոչինչ մերժած չկար, ոչ մեկի համար ոչ փող, ոչ էլ ժամանակ խնայած չկար։ Ամեն մեկի համար մի լավ խոսք ու խորհուրդ ուներ, քանի որ երեք բուհ էր ավարտել, տիրացու աշխատելու համար քննություն էր հանձնել, պատերազմի ժամանակ կռվել էր, վատ տարիներին հույսի ու լույսի ճանապարհ ցույց տվել։ Երբեք ոչ մեկին չէր բողոքել իր քայքայված առողջությունից, ոչ մեկի տրամադրությունը չէր փչացրել տնքտնքոցով, ոչ մեկին չէր հայհոյել ու, առավել ևս, ոչ մեկից չէր բամբասել կամ դժգոհել։ Ու երբեք չէր մեծամտացել, չնաշխարհիկ նախշեր ու պատկերներ էր փորագրում փայտին՝ շարունակելով ուսումը չորրորդ բուհում։ Իսկ մեր՝ փետուրներիս հանդեպ առանձնահատուկ սեր ուներ։
Էդ օրն իր իսկ դագաղի գլխամասն էր փորագրում․ ոչ մի ավելորդ զարդ, ոչ մի պատահական փոս, միայն էն պատկերները, որ պիտի օգնեին իրեն սահել-լողալով անցնել լայնախոր Լեթեն։
Դուռը ծեծեցին։ Շատ մոտիկները մտնում էին՝ հետո ծեծում։ Փողոցի մյուս ծայրից քիչ թե շատ հաջողակ մի մարդ էր, անունը չէր հիշում․ խնդրեց, շատ խնդրեց, որ մի սեղան պատրաստելու պատվեր վերցնի․․․ Ախր ես փայտագործ եմ, հյուսն չեմ․․․ Չազդեց․ «գալու են աղջկաս ուզեն, գինը կապ չունի, մենակ քո ձեռը կպած լինի՝ երեխեքին երջանկություն կբերի»․․․ Ո՞նց մերժես․․․
Ընկերոջը խնդրեց, որ իր բեռնատարով գնան՝ սեղանի համար փայտ բերեն․ ընկերը բերեց առանց նրա․ գյուղի տան քանդած կտուրից մնացած չոր ու պինդ կաղնեփայտ․․․ Ի՞նչ փող, ի՞նչ բան, թող գործերդ հաջող գնան․․․ Հին, խանութներում վաղուց չճարվող սոսինձներ ու լաքեր էին պետք․ դիմեց ավագ արհեստակիցներին․ տվեցին ու փող չվերցրին․․․ դրանք ծախու արժեք չունեն, դու էլ մեզնից չէիր վերցնի․․․ Առավոտ շուտ ուզում էր գործը սկսեր՝ վաղեմի, արդեն վարպետ դարձած աշակերտներից երկուսը մտան սուրճ խմել, բարև-բարլուս ասելու․․․ ողջ օրը մնացին հետն ու հաճույքով աշխատեցին, բնականաբար, անվարձահատույց։ Սկսեց մրգեր ու ծիծաղող մարդիկ փորագրել․․․ ինքը՝ միայն փայտին էր օգնում․․․ մարդկանց ծիծաղից իմաստություն էր հորդում, մրգերից՝ կյանք ու կյանք ծնող թարմություն․․․ ոչ մի ուղիղ գիծ չկար, ոչ մի հարթ անկյուն՝ ամեն ինչը ինչպես բնության մեջ, բայց դա միայն աչք էր շոյում։ Սեղանի կողքերին՝ էս երկրի բոլոր թռչուններն էին, ամբողջափոր ու թևերը բաց․ թեթև քամուց ծլվլում էին՝ ամեն մեկն իր երգով․․․ Պիտի որ տեսած լինես էդ սեղանը՝ էն չարաբաստիկ օրը․․․
Սեղանն աղջիկուզեքից երեք օր առաջ պատրաստ էր։ Որոշեց իր շնորհակալությունն ասել իրեն օգնողներին ու գյուղից բերած երկու հինգլիտրանոց ոսկեծոր գինու հետ սեղանին, հաց-պանիր-կանաչուց բացի, մի հատ էլ ձուկ դրեց՝ ձկնորսից նվեր ստացած՝ Սևանի իսկական իշխան, որն էնքան հազվադեպ բան էր, որ կշտանալիք չէր․․․ նշխարք էր, թեև՝ մի ողջ թաղ կշտացրեց։
Հազիվ բարովտեսանքն էին խմել՝ դուռը թակեցին․ պատվիրատուն էր, ձեռքին մի մեծ արկղ՝ ուտելիք ու խմիչք․․․ տանը խառն են գործերով, ասեցի՝ գամ՝ սեղանի բացումն անենք․․․ Մի քիչ անհարմար էր՝ առանց սեղանի տիրոջը հարցնելու, իր սեղանին ուտել-խմելը, բայց նա՝ շատ էլ ուրախ էր դրա համար ու մարդիկ իրենց վատ չզգացին։ Ուտելիքն ու խմելիքը շատ էին, ու դուռը բացեցին՝ անցնող դարձող հարևաններին էլ սկսեցին ներս հրավիրել։ Սրանք էլ մի բաժակ խմելուց հետո ասացին՝ հիմա կգանք, ու շուտով վերադարձան՝ մեկը՝ տնից, մյուսը՝ խանութից՝ ուտելիք-խմելիքով։ Տեղը նեղ դառավ ու սենյակը՝ շոգ․ որոշեցին փողոցում շարունակել կերուխումը․ ձեռի հետ էլ՝ սեղանը տեղ կհասցնեին․․․ Մեկ բաժակ բարեմաղթանք էին խմում ու սեղանը տասը քայլ առաջ տանում․․․ Ում դռան մոտ հասնում էին, նույնիսկ ամենաաղքատի՝ տնից մի շիշ ու մի աման ուտելիքով դուրս էին գալիս՝ միանում անսպասելի քեֆչիներին։ Եթե դուռը չբացվեր՝ իրենք էին բացում, ավելորդ ուտելիքից մի մեծ բաժին ներս տանում ու տնեցիներից գոնե մեկին հետները դուրս հանում՝ միացնում իրենց շարքերին։ Ոսկեծոր գինին երգեցնող էր, իսկ կենացները՝ մի-մի ծիածան՝ մարդկանց աչքերը նոր աշխարհով բացող։ Ճնճղուկներն ու ֆրակավորված ագռավներն էլ, ոչ միայն փշրանքներն էին հավաքում մարդկանց հետևից, այլև հենց սեղանից էին օգտվում, որպես լիարժեք հյուրեր․․․ ու ոչ մեկը չծրտեց․․․ միայն սեղանատիրոջ գլխին՝ որպես մեծ հաջողության նշան․․․ Էդպիսի օր էդ թաղում չէր եղել․․․ Մինչև տեղ հասան՝ ոչ բարիքը պակասեց, ոչ էլ սեղանավորները․ ձկից միայն հոտ էին քաշում ու արտաշնչում՝ ահհհ․․․
Էս էլ մեր Արթուրի հիշատակին․․․ մեր, որովհետև ձերոնց մեջ նրա մահն ուզողներ էլ կային․․․ գիտես․․․ հիմարաբար․․․ ինքն էլ՝ երկնքի պատվավոր բնակիչ էր, դեռ կենդանի ժամանակ․․․․
Հ․Գ․ Իսկ սեղանն այրվեց այն օրը, երբ սրիկա-խելապակաս գնդապետը ուզում էր վախեցնի մարդկանց ու լուսաձայնային արկերով էր կրակում խաղաղ ժողովրդի վրա․ դրանցից մեկը սեղանի տակն ընկավ ու այրեց, բայց․․․ քեֆ անողներին սեղան չի պակասի․․․ Հաց բերողի հիշատակն էլ շատերին կկերակրի․․․ էդ օրվա հուշն էլ մարդկանց միշտ իրար գլուխ կհավաքի․․․ երբ քեֆչիներին բանտերից ազատեն․․․
No Comments