Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Վիլյամ Սարոյան մեր Արցախը

23.08.2020

Մեզ մոտ՝ Խաչենագետ, ազգականին բարեկամ են ասում, հեռո՜ւ-հեռավորին ասում են.

— Տոնդ շինվի՛, էշը մոխրումը թավուլ ա տըվալ:

Ծառի նման՝ շոշից, սերմից ծիլ տա՝ հասնի երկնքին, բողբոջ, ծաղիկ տրաքի, պտուղ բերի՝ արմատը մտիցն ընկնի:

Մեր Ասյան է (անձնագրով՝ Կարապետյան Հասմիկ Արամովնա)՝ ինձ մեծացրած տատը, ումից մոտը լեզու թրջես, ձեռքի գործը ձգելու է, սրտոտի.

-Վա՜յ-վայ, քոռանամ ես, բա մեզ բարեկամ չէ՞, մենք մի արյուն չե՞նք: Տեսնես ի՜նչ եղան էս զուլում թվին: Մարետը երեք աղջիկ ուներ, տեսնես մարդու տվե՞ց…

Հայաստան-Ազրբեյջան մարդ չկար, որ տատիս ազգական չլիներ, պապս արդեն չէր համբերում, կռիվ-դավան ընկնում էր տունը: Նա ակնոցը հանում էր, Ժուկովի հուշագրությունները կատաղած դեն նետում, պառկած տեղից բազմոցին նստում, լուրջ հերսոտում.

— Ախչի՜, էս երգիրը քոնո՞նք են մենակ, ումից խոսենք՝ Քոլունց խալխից են, ում անուն տանք՝ Խոյլու են, Մանուչարանց ազգից են: Մի անգամ չտեսանք՝ մինը դուռդ բացի, ասի՝ Արամիկի՛ աղջիկ, սա՞ղ ես, թե՝ մեռած: Հերիք ա, էլի՛…

— Ադա՛, քար ու քոս ուտես դու, սո՞ւտ ա, որ Մամունց Սամվելը մեր բարեկամն ա, սո՞ւտ ա, որ Կիչանի Երվանդը իմ հոր հրաքվոր տղան ա, սո՞ւտ ա, որ Աբովյանի գլավվրաչը մեր երեխան ա: Լավ, բա որ երևում են, ինչի՞ ես մեծ-մեծ սարսաղություն անում՝ թե ձեր փեսան եմ, էէէ՜, իմ աներն եք, հը՞, տասը երեսանի անունդ վերանա…

— Հա՛, Մեծ Շենը ձերոնք են, ումից բռնացնենք՝ Սարգիսի գերդաստանից են, մենք էլ աշխարհի եթիմ-անտերն ենք, մեզ ազգուտակ չունենք: Գլխիդ ձյուն գա, Կարապետանց Հուռում…

Բարեկամասեր մարդն ուրիշ է, մանավանդ մեր մեջ՝ ազգականներին պաշտելը բնավորություն է, հանձն առնենք ասել նույնիսկ՝ արյունակիցներին սիրելը եզակի տաղանդ է: Իր համար՝ շոշից ծառը, այո՛, ծիլ է տալիս, տանիքից էլ վեր՝ երկնաքեր դառնում: Ջիղն է նույնը մնում, ուղիները իրար են խառնվում, անթիվ ճղներ են բարձրանում. որը՝ ո՛ր կողմի վրա, որը՝ Երևան, որը՝ Մոսկվա-Թիֆլիս-Բեռլին. իրար կորցնում, օտար են դառնում… բայց մի տատուպապ ունենալը բնության օրենք է, մնացածը ժամանակի սելավը քշում-տանում է: Տատի մեյնսթրիմը, մանավանդ, անմեռ է:

Երեխա էինք ես ու եղբայրս, մորս ծանր վիրահատությունից տուն էին բերել: Հարևան-բարեկամ իրար ետևից, մի-մի համեղ բանով գալիս են տեսակցելու: Իրիկնադեմին տատուպապիկ էլ եկան: Պանիր-մածուն էին բերել, մի դույլ սերկևիլ, մուշկեթ խաղող:

Տատս նստեց բազմոցին, հոգոց հանեց ու զգուշացրեց.

— Մածունը դեռ բերանիդ չդնես, իսկ պանիրը երեկվա դրած ա, անալի, կե՛ր, կալցին առողջարար ա, քոռանա՜մ ես, քեզ ուտելն ա լավացնելու:

— Բժիշկս, բա չես ասի, ա՛յ մեր, Մեծ Շենից էր, — վեհերոտ ուրախությունը երեսին, պապիկին նայելով՝ ասաց մայրս:

Պապս հանդից խոտ բերելու համար հորս հետ պայմանավորվում էր, Մեծ Շեն լսելով՝ շրջվեց.

— Պա՛հ, ախչի՛, վայ թե էլի մորդ բարեկամ ես գտել Հայաստան, դու դե՛ս նայի մի:

Ասյա տատին տնազը հետաքրքիր չէր, մարդուն արհամարհելով՝ լուրջ-լուրջ վրա բերեց.

— Քոռանամ ես, Աբովյան, Մեծ Շեն, հո մեր Դալտոնը չէ՞ր խիրուրգդ: Անիկն ու Աշոտը լավ են ճանաչում, մեր բարեկամը չի՞ բա, Արամ պապի հրաքվորը տղան չի՞ բա…

— Է՜ն աստվածը, սրա խելքը պակաս ա,- ասաց պապս:

Արդեն բոլորը միասին ծիծաղում էին: Պապը չէր հավատում. «Ասյան ա, էլի, իր գծի վրա, խասյա՛թդ կտրվի, խասյա՛թդ…»:

— Հա՛, լոխ մերոնք են, քո նման Սեյդիշենից եկած օվշառի ցեղ չենք, հո, վերանա սերմդ,- տատը խայթեց ու երեսի խինդը չկարողացավ պահել:

Տատս ու պապս հիմա էլ են իրար կողքի. ամբողջ կյանքն իրար հետ, իրար նյարդեր ուտելով՝ յոթ երեխա են տվել նախկին խորհրդային երկրին: Հիմա գերեզմանաքարից երկուսով անթարթ քեզ են նայում: Ո՜ր կողմից աչքդ գցես, նրանց դալուկ, սեպագիր նկարներն էլ ձայն չեն հանում հեռու ազգականի համար, քարից ուղիղ երեսիդ են նայում: Նրանք քարից հետդ խոսել են ուզում, նորից պատմել անցած-գնացածից, նրանք քարի վրա, կարծես, էլի նոր են կռվել ու հաշտվել:

Տատիս թողած հետքն է, երևի. մի օր Ստեփանակերտից եկա տուն, ուսապարկը թևիս՝ ձեռքս դարպասի սողնակին մեկնեցի, երկրորդ հարկի բացօթյա, մուշկեթի վազերին խտիտ տված մեր պատշգամբում, սովորականի պես, հացկերույթի մեր հյուրասեղանի շուրջ, դուրեկան իրարանցում էր շուռ տալիս: Կռիվը կանգնել է, անհավատալի է, մորս «խիրուրգի»՝ տատիս իսկական ազգականի մասին երեխա ժամանակ էի լսել: Հետո՝ հայրս. զուլում ամիսներին, երբ թուրքերը գետի վրա անթիվ զորքով հարձակվել էին, երեկոյան դիրքից եկավ զորանոց, երեսի անթաքույց գոհունակությունը մատնել տվեց, որ լուր ունի մեզ համար:

— Հոսպիտալը, ուրեմն, իջել է Ցեխծյոր,- ասաց,- Մարտունուց մի տանկ է իր անձնակազմով եկել դեպի մեզ, ասում են՝ շատ ուստա տղերք են, թուրքից են վերցրել տանկը, հաշիվ-հաշվառք չկա՝ թե քանի տեխնիկա են շարքից հանել:  Էդ էլ՝ հեչ, հոսպիտալում գիտե՞ք՝ ով ա դոխտրների մեջ:

— Արշակը՞, Սրխավենդի բոյից հետո կորել ա Արշակը, վայ թե՞…- արձագանքեցին տղերքը:

— Չէ՛, մեր Դալտոնն ա Աբովյանից՝ Արցախը, անունով մասնագետ ա: Էստեղից էսուէն փախչում են, միամիտ մարդն իր տարիքին վեր ա կացել, եկել ֆրոնտ: Դալտոնի հետ իր տանը նստել ենք Բրեժնևի թվերին, զոքանչիս բարեկամն ա:

Արցախ Բունիաթյանն էր այդ օրը հյուր մեր երկրորդ հարկի մեծ հյուրասեղանին, կռիվն արդեն համարյա լռվել էր, հայրս՝ ուրախ, իսկ մայրս հոնի օղի էր հանել շուտ-շուտ, չգիտես թե որտեղից: Վաստակավոր վիրաբույժի՝ տատիս թանկագին ազգականի անունը առօրեական էր այդ տարիներին, ժամանակը՝ անհույս, զոհը զոհի ետևից, վիրավորներ՝ ամեն օր, Բունիաթյանը, ձեռքերը ծալած, կյանքեր էր փրկում իր զինակիցների հետ: Նա, հավանաբար, պատեհ ժամերին օրագրել է գլխովն անցածը, որովհետև հետագա տարիների նրա գրքերը իսկական, ստույգ տարեգրություն են դարձել:

Արցախ Բունիաթյանը հրեշտականման մարդ է, նկարագրելու, սովորական կաղապարի համար չեմ ասում: Մեծ մեր հյուրասեղանին, երբ առաջին անգամ նրան տեսել եմ այդ աշնան բերկրալի օրը, արդեն միջին տարիքի, բաց գույնի կոստյումը հագին, բարետես, էպիկական երկա՜ր բեղերով մի մարդ էր, իսկը՝ Վիլյամ Սարոյան: Վիրաբույժ Արցախ Բունիաթյանին առաջին անգամ տեսնելուց ինձ թվացել է՝ Վիլյամ Սարոյանն է Ֆրեզնոյից եկել Բիթլիս, անցել Կարս, այնտեղից եկել՝ անպայման Խաչենը տեսնելու, իր աչքերով զգալու, թե ինչ մարտերի մեջ են աննկատ հերոսացել սովորական, խոնարհ տղերքը: Սոս Սարգսյանի պատմած Սարոյանը էպատաժի, մի կինոյի անձեռակերտ կերպար է: Բայց ահա մեր Արցախը՝ ոչ: Իմ տեսած Բունիաթյանը պարկեշտության տիպար է, նրա ձայնն ու խոսքն էլ էին իսկական, անխաթար ու հեզ. զարմանալի է, թե նման ազնվաբարո, մրջյունին անգամ չտրորած անձը ինչպես է արյան, կենդանի-անկենդան, տարերքի հետ զարկվող մարմինների վերքերի հետ գործ ունեցել, հարյուրավոր մարտիկի կրկին կյանք նվիրել, բանաստեղծ եղել, տարեգիր հաստատվել:

Հավանաբար, կարծում եմ, այդ ամեն ցավն էլ կուտակվել է կաթ-կաթ մեր սիրելի, ամենաբարի Արցախի սրտի մեջ, որովհետև նա հոգու նվիրյալ էր, նրա ձեռքերը բնազանցական օրհնություն էին ստացել ժամանակին. իրոք, սրտի թելով, առաջին իսկ օրից, ընտանյոք հանդերձ, նետվել է կռվի, անեղծելի հայրենաշինության նվիրել իրեն: Կրկնում եմ. բառերս թող գրքային լինեն, բայց առնվազն ինձ այդպես է թվում, այդպես եմ տեսել: Որովհետև, երբ Քաշաթաղ նրան վերջին անգամ գլխավոր բժիշկ եմ տեսել, հետո հետաքրքրվել եմ վարչակազմի մի հասարակ աշխատակցուհուց, թե է՞լ ինչ հետաքրքիր տեղ ունեն՝ իմ այցելության համար, ինձ ուղեկցել է քաղաքի նորաստեղծ պատկերասրահ: Քաշաթաղ-պատկերասրահ… պարզվել է՝ պատկերասրահի՝ այդ անհավանականորեն իրար տված ստեղծագործությունների տնօրենը Արցախ Բունիաթյանի տիկինն է:

Իմ մեկնելուց առաջ, նորակառույց եկեղեցու մոտ, Արցախն ասաց.

— Հորդ բարև պիտի տանես, բայց ասա՝ մեզ էլ ունենք հոնի արաղ, թող իմանա, մեկ էլ տեսար՝ ընկավ էս կողմերը…

Վերջին անգամն էի նրան տեսնելու, նոր էին Բերձորի կոկիկ եկեղեցին բացել, քահանան աշխույժ, այտերը կարմիր մարդ էր, նրա ու Արցախի հետ սեղան նստեցինք: Սրտառուչ մի ուրախություն է ուղեկցում միշտ ինձ: Տատիս, հորս, մորս ու ինձ համար Արցախ Բունիաթյան հրեշտականման մարդը սիրելի ազգական է…

Արամ Ալավերդյան

No Comments

Leave a Reply