ԳրաԴաշտ Վարդան Ֆերեշեթյան

Վլադիմիր Նաբոկով․ Բառը

07.07.2025

Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

Քշված հովտային գիշերից երազի ոգեշունչ հողմով՝ ես կանգնել էի ճամփեզրին, մաքուր երկնի տակ, ամբողջովին ոսկյա, արտասովոր լեռնային երկրում։ Ես զգում էի, առանց նայելու, վիթխարի խայտանկարավոր ժայռերի փայլը, անկյուններն ու սահմանագծերը, և շլացուցիչ վիհերը, և հայելային շողանքը բազում լճերի, ինչ-որ տեղ վարընկեց, իմ հետևում։ Հոգիս համակված էր աստվածային բազմերանգության, ազատության և բարձունքի զգացողությամբ. ես գիտեի, որ դրախտում էի։ Բայց իմ երկրային հոգում սուր հրով կեցած էր միասնական երկրային միտքը, — և ինչ խանդով, ինչ խստիվ էի պահպանում ես այն ինձ շրջապատած վիթխարի գեղեցկության շնչառությունից… Այդ միտքը, այդ տառապանքի մերկ հուրը, միտքն էր երկրային իմ հայրենիքի մասին՝ բոկոտն ու աղքատ, լեռնային ճանապարհի եզրին ես սպասում էի երկնաբնակներին, բարեգութ և ճաճանչափայլ,- և քամին, ինչպես հրաշքի կանխազգացում, խայտում էր իմ մազերում, բյուրեղապակե գվվոցով էր լցնում ձորերը, ալեկոծելով ծառերի հեքիաթային մետաքսները, ծաղկած ընդմեջ ժայռերի, ճանապարհի երկայնությամբ. բներն ի վեր մագլցում էին երկար խոտերը, ինչպես հրե լեզվակներ. խոշոր ծաղիկները սահուն պոկվում էին շողշողուն ճյուղերից, և ինչպես թռչող գավեր, ծայրեծայր արևով լեցուն, սահում էին օդով, ծածանելով թափանցիկ, կորնթարդ թերթիկները, բույրը նրանց, խոնավ ու քաղցր, հիշեցնում էր ինձ ամենայն լավը, որ ճաշակել էի ես կյանքում։

Եվ հանկարծ ճանապարհը, որի վրա  կանգնած էի, շնչասպառվելով փայլից, լցվեց թևերի մրրիկով… բազմությամբ վերաճելով ինչ-որ շլացուցիչ խորխորատներից, գալիս էին փափագելի հրեշտակները, անկյունով բարձրացնելով ծալած թևերը։ Նրանց քայլքն օդեղեն էր թվում, ասես շարժումը բազմագույն ամպերի, թափանցիկ երեսներն անշարժ էին, լոկ զմայլանքով դողում էին շողշողուն թարթիչները։ Նրանց միջև ճախրում էին փիրուզե թռչունները, երջանիկ կուսական ծիծաղով դայլայլելով, և սուրում էին արտասովոր սև բծերով նարնջագույն գազանները՝ նրանք օդում գալարվում էին, անաղմուկ առաջ էին նետում կերպասե թաթերը, որսում էին թռչող ծաղիկները,- և պտտվելով, և խոյանալով, և աչքերով փայլկտելով, անցնում էին իմ կողքով…

Անցնում էին  բազմությունները նրանց՝ նայելով դեպի վեր։ Ես տեսնում էի աչերը նրանց՝ ցնծալից անդունդներ, նրանց աչերում՝ թռիչքի թալկացումը։ Անցնում էին նրանք սահուն քայլքով, ծաղիկներով ծածկվելով։ Ծաղիկները հընթացս հեղում էին իրենց տամուկ փայլը. խաղում էին, պտտվելով ու խոյանալով, վառ ողորկ գազանները. երանելի զրնգում էին թռչունները, վերսլանալով ու իջնելով,- և ես, կուրացած, դողդոջուն չքավոր, կեցած էի ճամփեզրին, և իմ աղքատ հոգում թոթովում  էր հար միևնույն միտքը՝ պաղատել, պաղատել առ նրանց, պատմել, ա՜խ, պատմել, թե Աստծո աստղերից գեղեցկագույնի վրա կա երկիր՝ իմ երկիրը,- մահացող տանջալի խառնաշփոթում։ Զգում էի, որեթե ես, դե թեկուզ մի բռաչափ ճանկեի այդ թրթռուն ցոլքը,  իմ երկիր այնպիսի բերկրանք կբերեի, որ մարդկային հոգիներն ակնթարթաբար կլուսավորվեին, կպտտվեին վերածնված  գարնան ճողփյունի և ճռթճռթոցի ներքո, արթնացած տաճարների ոսկե որոտի տակ…

Եվ, դողացող ձեռքերը ձգելով, ջանալով խոչընդոտել հրեշտակների ճանապարհը, ես սկսեցի կառչել նրանց պայծառ շուրջառներից, ծալված փետուրների բարկ ծոպերիզներից, սահող իմ մատների միջով, ինչպես փարթամ ծաղիկներ։ Ես հեծում, դեսուդեն էի նետվում, ես մոլուցքի մեջ ողորմություն էի հայցում, բայց հրեշտակները գնում էին առաջ ու առաջ, չնկատելով ինձ, վեր ուղղելով իրենց նրբատաշ երեսները։ Նրանց կաճառները փութում էին դրախտային տոնախմբության, առ անտանելիորեն շողացող լուսաշերտը, ուր քուլա- քուլա ելնում և շնչում էր Աստվածությունը՝ ես չէի համարձակվում մտորել։ Ես տեսնում էի հրե սարդոստայնները, ցայտքերը, նախշերը հսկայական, կարմրատակող, շիկակարմիր, մանուշակագույն թևերի վրա,- և գլխավերևումս անցնում էին  փետրաթեթև շրշյունի ալիքները, հածում էին ծիածանագույն պսակներով  փիրուզե թռչունները, լողում էին ծաղիկները՝ պոկվելով շողշողուն ճյուղերից… «Կանգնի՛ր, լսի՛ր ինձ»,- գոչում էի ես, փորձելով գրկել թեթև հրեշտակային ոտքերը,- բայց նրանց թաթերը՝անզգալի, անկասելի՝ սահում էին իմ մեկնած ձեռքերի միջով, և լայնարձակ թևերի ծայրերը, կողմ փչելով, միայն այրում էին իմ շուրթերը։ Եվ հեռվում ոսկե լուսաշերտը գունեղ ու հստակ փթթած ժայռերի միջև լցվում էր ճղփացող մրրիկով. գնում էին նրանք, գնում էին, սսկվում էր բարձր հուզավառ ծիծաղը դրախտային թռչունների, դադարել էին թռչել ծաղիկները ծառերից. ես թուլացա, լռեցի…

            Եվ այդժամ կատարվեց հրաշքը. հետ մնաց վերջին հրեշտակներից մեկը և շրջվեց ու հանդարտ մոտեցավ ինձ։ Ես տեսա նրա խորունկ, սևեռուն ալմաստե աչերը հոնքերի սրընթաց կամարների տակ։ Փռած թևերի կողերին առկայծում էր հանց եղյամ, իսկ թևերն իրենք մոխրագույն  էին, աննկարագրելի երանգի մոխրագույն,- և յուրաքանչյուր փետուր վերջանում էր արծաթավուն մանգաղով։ Երեսը նրա, հազիվ ժպտացող շուրթերի և ուղիղ, մաքուր ճակատի ուրվագիծն ինձ հիշեցնում էին երկրի երեսին տեսած դիմագծերը։ Թվում էր, միասնական հիասքանչ դիմապատկերում միաձուլվել էին կորագծերը, շողերն ու հիասքանչությունը բոլոր իմ  սիրած դեմքերի՝ դիմագծերը մարդկանց, վաղուց ինձնից հեռացած։ Թվում էր, բոլոր այն ծանոթ ձայները, որ առանձին դիպչում էին ունկիս,- այժմ պարփակված են միասնական կատարյալ եղանակում։

Նա մոտեցավ ինձ, նա ժպտում էր, ես չէի կարողանում նրան նայել։ Բայց, նայելով նրա ոտքերին, ես կապույտ ջղերի ցանց նկատեցի թաթի վրա և մի դժգույն խալ, և այդ ջղերով, և այդ բծիկով՝ ես հասկացա, որ նա դեռ լրիվ երես չէր թեքել երկրից, որ նա կարող է հասկանալ իմ աղոթքը։

Եվ այդժամ, գլուխս հակելով, սեղմելով այրված, վառ կավով կեղտոտված ափերս առ կուրացած աչքերս, ես սկսեցի պատմել իմ ողբը։ Ես կամենում էի բացատրել, թե ինչ հիասքանչ է իմ երկիրը, և ինչ սարսափելի է նրա սևաթույր ուշաթափությունը, բայց պիտանի խոսքեր  չէի գտնում։ Փութալով և կրկնվելով, ես հար թոթովում էի ինչ-որ մանրուքների մասին, ինչ-որ այրված տան մասին, ուր մի ժամանակ հատակի արևափայլն արտացոլվում էր թեք հայելում,- հին գրքերի և հին լորենիների մասին էի թոթովում ես, չնչին բաների մասին, կոբալտե դպրոցական տետրի մեջ իմ առաջին բանաստեղծությունների մասին, ինչ-որ գորշ գլաքարի մասին,  վայրի մորիով աճած, քոսքսուկով ու երիցուկով լեցուն դաշտի մեջ,- բայց ամենակարևորը ես ոչ մի կերպ չէի կարողանում արտաբերել,- խճճվում էի, փաթ ընկնում, և նորից սկսում, և դարձյալ անօգ շուտասելուկով պատմում էի  զովաշունչ ու զրնգուն կալվածքի սենյակների մասին, լորենիների մասին, առաջին սիրո մասին, քոսքսուկների վրա քնած բոռերի մասին… ինձ թվում էր, թե ահա հիմա կհասնեմ ամենագլխավորին, կբացատրեմ իմ հայրենիքի ողջ վիշտը,- բայց, չգիտես ինչու, ես հիշում էի միայն փոքրիկ բաների մասին, լրիվ երկրային, անկարող ոչ խոսելու, ոչ լալու այն խոշոր, այրող, սարսափելի արցունքներով, որոնց մասին ես ուզում էի  և չէի կարողանում պատմել…

Լռեցի ես, գլուխս բարձրացրի։ Հրեշտակը մեղմ, ուշադիր ժպիտով անշարժ նայում էր ինձ իր երկարավուն ալմաստե աչերով,և ես զգացի, որ նա հասկանում է ամեն ինչ։

-Ներիր ինձ,- գոչեցի ես, երկչոտ համբուրելով խալը լուսավոր թաթի վրա,- ներիր, որ ես միայն կարողանում եմ խոսել վաղանցուկի, չնչինի մասին։ Բայց չէ՞ որ դու հասկանում ես… Բարեգութ, մոխրագույն հրեշտակ, դե, պատասխանիր ինձ, օգնիր, ասա ինձ, ի՞նչը իմ երկիրը կփրկի։

Եվ, մի ակնթարթ գրկելով իր աղավնափետուր թևերով, հրեշտակը մրմնջում էր միակ խոսքը,- և նրա ձայնում ես ճանաչեցի բոլոր սիրելի, դադրած ձայները։ Բառը, իր ասած, այնքան հիասքանչ էր, որ ես հոգոցով աչքերս գոցեցի և գլուխս ավելի վար հակեցի։ Հեղվեց այն անուշահոտությամբ և զրնգոցով ողջ իմ ջղերով, արևի պես կեցավ ուղեղումս — և անթիվ ձորերն իմ գիտակցության որսացին, կրկնեցին շողացող ձայնը։ Ես լցվեցի դրանով՝ նրբին հանգույցով խփվում էր այն քունքիս, տամկությամբ էր դողում թարթիչներիս վրա, քաղցր սառնությամբ էր փչում մազերիս միջով, աստվածային ջերմությամբ էր համակվում սիրտս։

Ես ճչացի այն՝ ախորժանք ապրելով յուրաքանչյուր վանկից, ես թափընդհատ աչքերս հառեցի երջանիկ արցունքների շողշողուն ծիածաններին…

Տեր։ Ձմեռային արշալույսը կանաչում է պատուհանում, և ես չեմ հիշում, ինչ ճչացի…

Տնապայը

Ես մտախոհ գրիչով շրջագծումէի թանաքամանի կլոր, դողացող ստվերը։ Հեռավոր սենյակում ժամացույցը զարկեց, իսկ ինձ՝ երազողիս թվաց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը՝ սկզբում կամացուկ, հետո ավելի ու ավելի ուժգին, իրար հետևից տասներկու անգամ և սպասողական սսկվեց։

-Այո, ես այստեղ եմ, մտեք…

Դռան բռնակն ամոթխած ճռռաց, արցունքվող մոմի հուրը հակվեց, և այն կողքանց դուրս պրծավ խավարի ուղղանկյունից՝ ծռված, գորշ, գիշերվա ծաղկափոշով ծածկված, սառնամանիքային ու աստղալից…

Գիտեի ես դեմքը նրա՝ ա՜խ, վաղուց գիտեի։

Աջ աչքը դեռ ստվերում էր, ինչպես ժանգի կետը… Իսկ այդ մամռագորշ փնջիկը քունքին և դալկաարծաթավուն, հազիվ նկատելի հոնքը,- և ծիծաղելի կնճռիկն անբեղ բերանի մոտ- ինչպես էր այդ ամենը բորբոքում, նորոգում աղոտ հիշողությունն իմ։

Ես ելա, նա առաջ քայլեց։

Մաշված վերարկուիկը ինչ-որ այնպես չէր կոճկած՝ կանացիորեն. ձեռքին նա գդակ էր բռնել՝ ոչ, մգագույն, անճոռնի կապոց, իսկ գդակ բնավ չկար էլ…

Այո, իհարկե, ես գիտեի նրա,  նույնիսկ թերևս սիրում էի՝ միայն թե ոչ մի կերպ չէի կարողանում հնարամտել, որտեղ և երբ էինք մենք հանդիպել, իսկ մենքերևի հաճախ էինք հանդիպում, այլապես ես չէի հիշի այդքան հաստատորեն ահա այս հապալասե-կարմիր շուրթերը, սրացից ականջները, զվարճալի ադամախնձորը…

Բարեհամբույր մռթմռթոցով ես սեղմեցի նրա թեթև, պաղ ձեռքը, դիպա հնախարխուլ բազմոցի թիկնակին։ Նա նստեց, ինչպես ագռավը կողճի վրա, և փութանակի խոսեց.

-Այնքան սահմռկելի է փողոցներում։ Դե ես էլ անցա։ Մտա քեզ այցելելու։ Ճանաչո՞ւմ ես։ Չէ՞ որ մենք միասին, պատահում էր, օրը օրին կայտռում էինք միասին, ձայնում էինք միմյանց… Այնտեղ՝ հայրենիքում… Մի՞թե մոռացել ես։

Ձայնը նրա ասես կուրացրեց ինձ, աչքերիս մեջ խայտափայլեց, գլուխս պտտվեց. ես հիշեցի երջանկությունը, թնդաձայն, անսահման, անդառնալի երջանկությունը…

Չէ, չի կարող պատահել։ Ես՝ մենակ եմ…Այս ամենը՝ լոկ քմահաճ զառանցանք է։ Բայց իմ կողքին իսկապես էլ ինչ-որ մեկը նստած էր՝ ոսկրոտ, անհեթեթ, ծանոթ, իսկ բառերը բոլոր այնքան հասարակ էին, մարդկային…

-Դե ահա հիշեցիր…Դե, ես նախկին Անտառապայն եմ, ավյունոտ Տնապայը…Ահա ես էլ ստիպված եղա փախչել…

Նա խոր շունչ քաշեց, և ինձ կրկին երևացին ամպերը երերուն, սաղարթի բարձր ալիքները, կեչու ցոլքերի փրփրացայտքերը, մեկ էլ հավերժական քաղցրալի թնդյունը… Նա հակվեց առ ինձ, մեղմ նայեց աչքերիս.

-Հիշո՞ւմ ես անտառը՝ մեր սևեղևնին, սպիտակ կեչին։ Հատեցին… Ափսոս էր, ինձ համար անտանելի. տեսնեմ՝ կեչիները ճռթճռթում, տապալվում են, իսկ ինչո՞վ կօգնեմ։ Ինձ ճահիճն էին քշել, լալիս էի ես, ոռնում, ջրացլի պես խփվում էի և մեկ էլ պուկ տալով, պուկ տալով մոտակա փշատերև թավուտը։

Կարոտում էի ես այնտեղ, հար չէի կարողանում չհեծկլտալ… Հենց սկսեցի ընտելանալ, տե՛ս, որ թավուտն էլ չկա՝ միայն թխակապույտ այրուքը։ Կրկին ստիպված եղա թափառել։ Ինձ համար մի անտառակ գտա. լավ անտառակ էր՝ թավ, մթին, թարմ՝ բայց հար ինչ-որ այն չէ… պատահում էր, օրուգիշեր ես խաղում էի, սուլում էի մոլեգին, ծափ էի զարկում, անցորդներին էի վախեցնում… Մոլորվել էիր դու մի անգամ իմ մացառուտում՝ դու և սպիտակ հագուստիկը, իսկ ես արահետները հանգույց էի կապել, բներն էի պտտեցնում, թարթում էի սաղարթի միջից՝ ողջ գիշեր հիմարացնում էի… Բայց ես հենց այնպես, կատակի համար, զուր չէ, որ ինձ սևերես էին անում… Իսկ այստեղ ես հանդարտեցի. անուրախ նորաբնակություն էր… Զօրուգիշեր շուրջբոլորը ինչ-որ բան ճարճատում էր։ Սկզբում ես մտածում էի՝ եղբայրն է իմ, անատառապայն է այնտեղ զվարճանում՝ ձայնեցի, ունկ  դրեցի։ Ճարճատում, թնդում է, չէ, մեր ձևով չի ստացվում։ Մի անգամ, երեկոյան կողմ, ես դուրս թռա բացատ, տեսնեմ՝ մարդիկ են պառկած՝ որը մեջքի վրա, որը՝ փորի։ Դե, մտածում եմ, արթնացնեմ նրանց, աշխուժացնեմ։ Սկսեցի ճյուղերով թափահարել, կոներ նետել, սոսափել, բվվալ… Մի ամբողջ ժամ չարաճճիություն արեցի՝ բանի պետք չէր։ Իսկ երբ ավելի մոտիկից նայեցի, էդպես էլ քարացա։ Մեկի գլուխն է մի կարմիր թելից կախված, մյուսի փորի փոխարեն՝ հաստ որդակույտ է… Չդիմացա ես։ Ոռնացի, վեր թռա ու… դե փախիր…

Երկար թափառում էի ես տարբեր անտառներում, և հար կյանք չկա, մահու ձանձրույթ է, մեկ էլ սարսափ  այնպիսի, որ ավելի լավ է չհիշել։ Վերջապես որոշեցի՝ ռամիկ ձևացա, մախաղով թափառական, դե և հեռացա ընդհանրապես, Ռուսաստան։ Դե իսկ էնտեղ եղբայրն իմ, Ջրոգին, աջակցեց։ Նույնպես, խեղճը, փրկվում էր։ Հար զարմանում էր նա՝ էս ինչ ժամանակներ են, ասում է, վրա հասել՝ պարզապես դժբախտություն։ Եվ այն էլ ասեմ՝ նա թեպետ և հնուց ի վեր չարաճճիություն էր անում, մարդկանց էր այնտեղ գայթակղում (դե ինչ-որ շատ հյուրասեր էր), բայց փոխարենը ինչպես էր փայփայում, ինչպես էր փաղաքշում նրանց իր ոսկե հատակում, ինչ երգերով էր դյութում։ Իսկ հիմա, ասում է, հար  միայն մեռյալներ են լողում, ողկույզներով են լողում, անթիվ-անհամար, իսկ գետահեղուկը հանց հանքաքար, հոծ, տաք, մածուցիկ. շնչելու բան չկա… Նա ինձ էլ իր հետ վերցրեց։ Դե, ինքը հեռավոր ծովում է թափառաշրջում, իսկ ինձ  ճամփի վրայի մշուշոտ ափին իջեցրեց՝ գնա, եղբայր, քեզ թփիկ գտիր։ Ոչինչ ես չգտա և ընկա այստեղ, այս օտար, սարսափելի, քարե քաղաքը… Ահա և ես մարդ դարձա, օձիքներ, սապոգներ, ամենը, ինչպես հարկն է, նույնիսկ նրանց նման խոսել սովորեցի…

Նա լռեց։ Աչքերը նրա փայլում էին, ինչպես թաց տերևները, ձեռքերը խաչած էին, և հալչող մոմի արտացոլքում տարօրինակ-տարօրինակ առկայծում էին դժգույն մազերը, դեպի ձախ սանրած։

-Ես գիտեմ, դու նույնպես կարոտում ես,- կրկին զնգաց վառ ձայնը,- բայց քո կարոտը, իմ մոլեգին, հողմային կարոտի համեմատ՝ լոկ քնածի համաչափ շնչառություն է։ Եվ գեթ մտածիր՝ մեր ցեղից ոչ մեկը Ռուսաստանում չմնաց։ Ոմանք մշուշով խոյացան, մյուսները ցրվեցին աշխարհով մեկ, լռում են պատահաբար չհնձած զանգուլակները՝ նախկին կապույտ տավիղները թեթև Դաշտապայի, իմ մրցակցի։ Թավամազ, քնքուշ Պոստենը լքեց, արտասվելով, քո անարգված, թքակոծ տունը, և թոշնեցին անտառակները գորովալից-լուսավոր, կախարդա-մռայլ անտառակները…

Բայց չէ՞ որ մենք քո ներշնչանքն ենք, Ռուսաստան, քո անիմանալի գեղեցկությունը, դարավոր դյութանքը… Եվ մենք բոլորս գնացինք, արտաքսված խենթ հողաչափից։

-Ընկեր, ես շուտով կմահանամ, ինձ ինչ-որ բան ասա, ասա, որ սիրում ես ինձ, անտուն ուրվականին, մոտ նստիր, ձեռքդ տուր…

Թշշալով, մոմը մարեց։ Պաղ մատները դիպան իմ ափին, տրտում, ծանոթ ծիծաղը զրնգաց ու լռեց։

Երբ ես լույսը վառեցի, արդեն ոչ մեկը բազմոցի վրա չկար… ոչ մեկը… Միայն սենյակում հրաշանրբին կեչի էր բուրում, մեկ էլ  տամուկ մամուռ…