Լույս է տեսել Զավեն Բեկյանի «Բանաստեղծության ներսն ու դուրսը» ժողովածուն։ Ardi.am-ի հետ զրույցում Զավեն Բեկյանը նշեց, որ գիրքն ունի երեք բաժին՝ խոհագրություններ, հոդվածներ և գրախոսություններ, որոնց զգալի մասը անտիպ է։
-Պարոն Բեկյան, խոհագրությունները ծնվում են բանաստեղծությունների՞ց, թե՞ մեկնաբանում են բանաստեղծությունը։ Ինչո՞ւ «Բանաստեղծության ներսն ու դուրսը»։
-Խոհագրությունները վերաբերում են ոչ միայն բանաստեղծությանը։ Դրանք «ազդվել», ներշնչվել են կյանքիս ընթացքում ստացած իմ տեղեկություններից՝ գիտափիլիսոփայական, գրական-գեղարվեստական և այլն, սեփական կենսափորձի, մտորումների արդյունքում։ Բանաստեղծության «դուրսը» նրա ձևն է, իսկ «ներսը»՝ բովանդակությունը։ Ժողովածուում կա վերնագրին համանուն մի խոհագրություն, որում բանաստեղծության ձևի և բովանդակության փոխհարաբերության հարցերն են շոշափվում։
-Համատարած աղմուկի մեջ լսվո՞ւմ է բանաստեղծի ձայնը։
-Յուրաքանչյուր մարդ, անտառ մտնելով, իր սիրած հավքի գեղգեղանքն է փնտրում, և ոչ մի աղմուկ նրան չի կարող շեղել իր նախասիրածից։ Ամեն մի ընթերցող ինչ փնտրում, այն էլ գտնում է, թեկուզ համացանցում՝ ամե՜ն ինչ կա։ Այլ բան է, որ գրաքննադատների, հրատարակիչների և զանգվածային լրատվամիջոցների սպասարկուների ջանքերով այս կամ այն հեղինակը կարող է հայտնի դառնալ, հանրահռչակվել անկախ իր գրական երկի արժանիքներից, իսկ մի արժանավոր, տաղանդավոր հեղինակ կարող է մնալ անհայտության ստվերում։ Գրապատմությունը նման հիշատակումներ շատ ունի. գերմանացի մեծ պոետ Ֆրիդրիխ Հյոլդեռլինը, որի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել համաշխարհային պոեզիայի վրա, իր կյանքի օրոք անհայտ, արհամարհված է եղել… նույնիսկ մեծն Գյոթեի կողմից և հայտնի է դարձել միայն իր մահից մոտ հարյուր տարի անց։ Բոդլերի գիրքը սկզբում տպագրվել է ընդամենը քառասուն օրինակ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, թեև այժմ այն՝ «ըստ Շեքսպիրի», «դուրս է եկել իր շավղից», «քաոսի քույրն» է, ու դրա հետևանքով շատ տաղանդավոր անուններ ու գործեր կարող են «հավիտյանս հավիտենից սկել, սուզվել և ջրի երես դուրս չգալ»…
-Թեմաները բազմազան են։ Ըստ այդմ՝ գիրքը ընթերցողի լայն շրջանակ է ենթադրում։ Ով ինչ կարող է գտնել այս գրքում։
-Գիրքն ընդգրկում է զանգվածային հետաքրքրություն ներկայացնող զանազան թեմաներ, ավելի շատ՝ գրական։ Բայց այն հասկանալու համար ընթերցողից որոշակի պատրաստականություն՝ «կարդացածություն», «զարգացածություն» է պահանջվում, իմիջիայլոց՝ իմ բանաստեղծությունների համար նույնպես։
—Անդրադառնում եք նաև ընթացիկ գրականությանը։ Ի՞նչ արձագանք է գտնում գրաքննությունը։
-Գրաքննադատություն՝ իր դասական իմաստով, ներկայումս չկա։ Նիցշեն կասեր՝ այն մեռել է՝ ինչպես Աստված ինքը… «Գրական թերթում» և զանազան այլ գրական կայքերում առատորեն տպագրվում են գրախոսություններ, որոնք բաժակաճառեր են հիշեցնում, նույնիսկ այդ «խմիչքի հոտից» կարելի է կռահել, թե հեղինակն ինչքան է ծախսել հոդվածագրին «պատիվ տալու» ժամանակ… Որոշ «գրախոսագիրներ» մենաշնորհի «կարգավ» մասնագիտացել, «օկուպացրել» են թերթի էջերը և լուն ուղտ են դարձնում, իսկ միջակությանը՝ հանճար… Իսկ շատ արժեքներ և անուններ մնում են ստվերում։ Գրականության ինստիտուտը զբաղված է ակադեմիական հրատարակություններով, բայց չէ՞ որ կա նաև ժամանակակից գրականություն, որին համապատասխանող բաժին պիտի՛ որ լինի ինստիտուտում և որը պիտի զբաղվի ներկայումս ստեղծվող գրականությունն արժևորելով, այն «դասդասելով», «թացը չորից ջոկելով» , որպեսզի… միջակության տոնահանդես, «գրական սաբանտույ» չմոլեգնի…
-Ի՞նչ նորություններ են սպասվում՝ գրքի տեսքով։
-Ներկայումս ցանկություն ունեմ մանկական բանաստեղծությունների մի ժողովածու հրատարակել, մանկականի համար ստվար՝ շուրջ քառասուն բանաստեղծություն ներկայացված է դրամաշնորհի մրցույթի, տեսնենք։ Տպագրության պատրաստ է «անտիպոեզիայի» (այս եզրը ես չեմ ընդունում, ուրիշներն այդպես են անվանում) մի ժողովածու- որը «ի հեճուկս» եմ անում, այսինքն՝ ե՛ս էլ կարող եմ այդպիսի բանաստեղծություններ գրել… Նիկոլ Աղբալյանը ժամանակին կշտամբեց Չարենցին «Պոեզոզուռնա» շարքի տիպի բանաստեղծություններ հրատարակելու համար, բայց պարզվեց, որ այդ բանաստեղծությունները ոչ միայն չեն վնասում Չարենցի պոետական «իմիջին», այլև մի նոր դիտակետից են բացահայտում գրողի հզոր տաղանդն ու անձնական կերպարը։
Զրուցեց Արմինե Սարգսյանը