ՕրԸնթաց

Հաղթանակի և հիշատակի ծառը համալրեց արահետը

08.05.2021


Մայիսի 8-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ հիշատակաց» ծառատունկ-ցերեկույթը: Այն թվով 5-րդն էր` արահետի հիմնադրման օրից: Չնայաց պատմական ներկայի բարդ իրականությանը, ցերեկույթի նախաձեռնողները, այնուամենայնիվ, նվիրել էին այն տարիներ շարունակ նշվող մայիսյան Եռատոնին:



Պատվավոր հյուրերն էին` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վետերան, կապավոր Ռոզալիա Աբգարյանը (1923թ.), Հայրենական Մեծ պատերազմի վետերան, կարմիրնավատորմային, Նովոռոսիսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից Ներսես Սիմոնյանը (ծնվ.1923թ), Արցախյան պատերազմի (1992-94թթ) օպերատոր-վավերագրող Շավարշ Վարդանյանը:

Ներկայացնելով իրենց անցած մարտական ուղին, Ներսես Սիմոնյանն ու Ռոզալիա Աբգարյանը մաղթեցին երիտասարդ սերնդին դառնալ Հայրենիքի արժանավոր զավակներ և ապրել խաղաղ երկնքի տակ:

«Ծառը երկարակեցության սիմվոլ է: Տնկելով խորհրդանշական «Ծառ հիշատակացը» մենք փոխանցում ենք գալիք սերունդներին ոչ միայն կանաչ գոտիներ, այլև մեր ժողովրդի պատմությունը»,- իր խոսքում ընդգծեց Ռոզալիա Աբգարյանը:

Վավերագիր-օպերատոր Շավարշ Վարդանյանի խոսքով ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ մեր ժողովրդի հաղթանակները։ «Վավերագիր-օպերատորների պարտնքն է ներկայացնել երիտասարդ սերնդին իրականությունը, որ նրանք իմանան ինչպես պարտությունների, այնպես էլ հաղթանակների մասին: Իսկ նոր հաղթանակներն ընդամենը ժամանակի հարց են»,- հաստատակամ վստահեցրեց Արցախյան պատերազմը վավեագրողը: Ամփոփելով ցերեկույթը, նախաձեռնության կազմակերպիչ Սամվել Բաղդասարյանն իր խոսքում ընդգծեց յուրաքանչյուրիս պարտավորությունը նվիրյալ հոգիների և գալիք սերունդների առջև` հայի շարունակական ընթացքը ապահովելու համար: Երևանի բուսաբանության ինստիտուտի, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր:

Երաժշտական կատարումներով`ռազմահայրենասիրական երգերով ցերեկույթին մասնակցեցին` երգիչ Ռուբեն Եղոյանը և բարդ Ռուբեն Քամալյանը: Համընդհանուր ուժերով «Անկախության արահետ»-ը համալրվեց ևս մեկ ծառով` «Ծառ հիշատակաց» խորհրդանշական անվանմամբ: Շաբաթօրյակի շրջանակներում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Ավան համայնքի թիվ 104 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը:

Հ.Գ. Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Տեղեկանք: Մայիս ամսվա ընթացքում տնկված 106 ծառերի մեքենաներով ջրման գործընթացին կաջակցեն Նոր-Նորքի, Ավան և Զեյթուն համայնքների թաղապետարանները: Իսկ հունիս ամսից շահագործման կհանձնվի ջրային խողովակների լոկալ համակարգը` Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ:

No Comments

Leave a Reply