ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Սամվել Մկրտչյանի հիշատակին

07.12.2024

2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ուղիղ մեկ տասնամյակ առաջ, մահկանացուներիս աշխարհը լքեց գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: Նրա կենսագրության կարևորագույն իրողություններից մեկը, եթե ոչ՝ կարևորագույնը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի թարգմանությունն է: 2011 թ.՝ վեպի լույս ընծայումից կարճ ժամանակ անց, ես հանդիպել եմ Սամվել Մկրտչյանին և զրուցել տիտանական այդ աշխատանքի մանրամասների շուրջ: Այսօր՝ թարգմանչի մահվանից տասը տարի անց, մեր զրույցը արդիական է, ինչպես յուրաքանչյուր իրականորեն մեծ երևույթ գրականության աշխարհում:

Ardi.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցը՝ մասնակի կրճատումներով, և հատվածներ «Ուլիսեսից»՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ:

             «Ուլիսեսի» թարգմանությունը պատիվ է բերում ցանկացած ազգի

-Սամվել, «Ուլիսեսի» կրկնաշապիկի վրա գրված է. «Հայոց պատմության մեջ այս ժամանակաշրջանը կհիշատակվի միայն «Ուլիսեսի» հրատարակումով»: Կարծում ես, որ նյութապաշտության գերակայության այս ժամանակաշրջանին հաջորդելու է այնպիսի մի ժամանակաշրջան, որ հասարակությունը պատմությունն արժևորելու է հոգևո՞ր չափանիշներով:

-Այդ նախադասությունը ես չեմ ասել, այլ նախագծի հեղինակը` Հասմիկ Դանիելյանը: Հումորով է ասված, բայց Հասմիկն այդ խոսքին հավատում է և կարծում, որ այս ժամանակաշրջանն իսկապես «Ուլիսեսով» կհիշվի: Եթե կատակով շարունակեմ՝ հուսանք, որ ո՛չ միայն «Ուլիսեսով» կհիշվի, թեպետ, դատելով այս նախնադարյան քարոզչամեքենայի թափից, Հասմիկը կարող է և  հետագայում մարգարե համարվել: Բայց ես համոզված եմ՝ այո՛, կգա ժամանակ, երբ Հայաստանում հոգևորը կլինի չափորոշիչը: 

-Ժակ Դերիդան ասում է. «Անխոհեմություն մի՛ թույլ տուր ասելու` ես կարդացել եմ Ջոյս, որովհետև մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին»: Իսկ որտե՞ղ է գտնվում թարգմանիչը:

-Թարգմանի՞չը… Չգիտեմ, շատ դժվար է ասել: Երևի թե թարգմանիչը ամեն տեղ է: Ես միայն կարող եմ հիշել հաճելի  դժվարությունները: Մարկեսը մի լավ խոսք ունի, որն ինքը մի անգամ է ասել, ես՝ ամեն անգամ. «Գիրքը կարդալու լավագույն միջոցն այն թարգմանելն է»: Ես «Ուլիսեսը» մանրամասն կարդացել եմ:

-Գրել ես. «Վերջին հաշվով «Ուլիսեսի» նման համապարփակ վեպի թարգմանությունն ինքնին հրաշալի առիթ է` լիովին օգտագործելու հայերենը, որը, ի հեճուկս այն ուրացողների, հնարավորություն է տալիս նույնիսկ ամենախրթին աղբյուրից արժանապատվորեն փոխանցելու աներևակայելի թվացող լեզվական հնարքները և բազմաթիվ լեզուների համար անթարգմանելի ոճավորված տեքստը»: «Ուլիսեսը» կարո՞ղ է դառնալ հայերենն ուրացողների թիվը պակասեցնելու, մեր լեզուն ճիշտ արժևորելու գործոն:

-Հայերենը սիրողների թիվը «Ուլիսեսի» շնորհիվ կավելանա: Կպակասի ռուսամետների թիվը` ի հաշիվ հայոց լեզվի իսկական ջատագովների, հետևորդների: Ժամանակն է, մայրենին ուրացողներին հակադրվելով, ասել, որ մենք աստվածային լեզու ունենք: Եթե մեզ չեն հավատում, գոնե թող օտարներին հավատան, Բայրոնին, օրինակ, ով ասել է. «Հայերենը Աստծո հետ խոսելու լեզու է»: Այսօր իսկապես վտանգված է հայերենը: Այնինչ, հայերենն այն բացառիկ լեզուներից մեկն է, որով հնարավոր էր հաղթահարել «Ուլիսես» թարգմանելու դժվարությունը: Աշխարհում ընդամենը 21-22 լեզվով են ի վիճակի եղել հաղթահարելու «Ուլիսեսի» լեզվական խութերը: Ես խոսում եմ ոչ թե թարգմանչի, այլ լեզվի զորու լինելու մասին: Այնպես որ, այդ երկի թարգմանությունը պատիվ է բերում ցանկացած ազգի և վկայում այդ ազգի` հարուստ լեզու ունենալու մասին:

-Ի դեպ, ինչո՞ւ է «Ուլիսեսի» տպագրության տարեթիվ նշված 2012 թվականը:

-Ես թարգմանությունը կատարել եմ «Ուլիսեսի» 1922 թվականի տեքստից, որի նկատմամբ հեղինակային իրավունքն ավարտվում է 2012 թվականին: Այդ իրավունքը պատկանում է Ջոյսի թոռանը, որին դիմել եմ թարգմանության թույլտվություն ստանալու համար և մերժվել: Քանի որ 2012 թվականից սկսած` որևէ հեղինակային իրավունք «Ուլիսեսի»` 1922 թ. տեքստի վերաբերյալ չի գործելու այլևս, գրքի տպագրության տարեթիվ նշելով 2012-ը` ես ոչ մի խախտում թույլ չեմ տալիս:

-Համաձայն տարածված տեսակետի` Իռլանդիան չպահեց Ջոյսին, բայց այսօր Ջոյսը պահում է Իռլանդիան: Ջոյսն այս առումով բացառություն չէր: Նույնը կարելի է ասել շատ հանճարների մասին` Մոցարտ, Մոդիլիանի, Չարենց, Փարաջանով… թվարկել կարելի է երկար: Սա հանճարի ճակատագի՞րն է: Անխուսափելի՞ է նրանց մերժվածությունը ժամանակի, հասարակության, առհասարակ երկիր մոլորակի կողմից: 

  -Այո՛: Երևի թե սա է հանճարի ճակատագիրը: Ցավոք, ժամանակին չեն կարողանում գնահատել իրենց արվեստագետին: Ես Ջոյսին մեռած չեմ համարում, նա ուղղակի հեռվից է դիտում աշխարհն ու մարդկանց: Եվ Ջոյսի հեռացումից հետո նրա գործերում ապրում է Դուբլինը: Նրա բոլոր կերպարները դուբլինցիներ են, ստեղծագործություններում նկարագրվող բոլոր դեպքերը կատարվում են Դուբլինում: Փաստորեն, նա պահում է իրեն չպահած քաղաքը:

-Ի՞նչ ասել է երջանկություն, բավարարվածություն Ջոյսի նման մարդկանց համար: Արդյոք դա ասոցացվո՞ւմ է շքեղ առանձնատների, թանկարժեք ավտոմեքենաների, սիրուհիների և ճոխ սեղանների շուրջ բաժակաճառողների առատության հետ:

-Չեմ կարծում, թե այդպիսի կյանքով ապրելու դեպքում նա իրեն բավարարված կզգար: Արվեստագետը, գրողը, Ջոյսի նման գրողը` հատկապես, չի կարող երջանիկ և բավարարված լինել ճոխ սեղանների մոտ: Երբ մահացավ Ջոյսը, նրա ընտանեկան բյուջեն կազմում էր ընդամենը 10 դոլար: Արվեստագետի համար երջանկությունը գրելու, ստեղծագործելու հնարավորություն ունենալն է, լավ գործ ստեղծելը, մի ստեղծագործությունից մյուսին անցնելը, իր ասելիքը թղթին հանձնելը: Ստեղծագործելու համար բոլորովին պարտադիր չէ հարուստ կամ աղքատ լինել: Ինձ շատ է դուր գալիս Ֆոլքների բնորուշումը. «Յուրաքանչյուր հաջողված վեպ պարտություն է»: Եվ ինքն իր ամենագեղեցիկ «պարտությունը» համարում էր «Շառաչ և ցասումը»: Ամեն անգամ գրելիս «պարտվում ես» և ձգտում դեպի նոր հաղթանակ` հերթակնա «պարտություն»: Ջոյսն ուներ յուրահատուկ, իռլանդացուն բնորոշ ամբարտավանություն. երբ նախաձեռնում էր գրել «Ուլիսեսը», չէր էլ թաքցնում, որ գրում է բոլոր ժամանակների լավագույն վեպը, որից հետո վեպ գրելը կարող է նույնիսկ ծիծաղելի թվալ: Այդ նախատրամադրվածությամբ էր գրում «Ուլիսեսը» և ինչ ուներ իր գլխում ու սրտում ՝ տվեց գրականությանը:

-Արտառոց է Սուրբ Հաղորդության ջոյսյան մեկնաբանությունը. «Տարօրինակ գաղափար. մի պատառ ուտել դիակից: Ահա ինչու են մարդակերները կապվում դրան»: Այս համատեքստում հիշեմ քո` «Ավետարան ըստ Հուդայի» վիպակը: Սրանք բաբելոնյան աշտարակաշինության յուրօրինակ դրսևորումնե՞ր են, աստվածաշնչյան ճշմարտությունները վերանայելու հավակնությո՞ւն:

-Իմ դեպքում` արկածախնդրություն: Ջոյսի դեպքում կարող եմ ասել` այո՛: Ջոյսը դեռևս ուսանողական տարիներից իր համար ընտրել էր նշանաբան. «Չեմ ծառայի» (լատիներեն` Non serviam): Նա շուտ հեռացավ Իռլանդիայից, որովհետև չէր ուզում ծառայել Անգլիայի գաղութին, գաղութատիրական Անգլիային, կաթոլիկ եկեղեցուն` համարելով, որ այդ եկեղեցու խիստ կանոններն իր համար սահմանափակումներ են: Բոլոր հարցերում է Ջոյսն ունեցել ուրույն կարծիք, և վստահ եմ, որ ոչ ոքի չէր հաջողվի նրան կաշառել, գնել, հետ պահել սեփական տեսակետից:

-Ջոյսի հերոսների մեջ կան այնպիսիք, որ դեմ են Իռլանդիայի ազատագրմանը Անգլիայի գաղութատիրական ռեժիմից: Զուգահեռներ տեսնո՞ւմ ես նրանց և մեր հասարակության այն շերտի միջև, որ մինչ օրս նոստալգիկ զգացողություններ ունի խորհրդային ժամանակաշրջանի նկատմամբ:

-Այո, զուգահեռներն ակնհայտ են: Զարմանալի է, որ հենց թարգմանելիս էի այդ զուգահեռները տեսնում: Դա վերաբերում է և՛ կերպարներին, և՛ իրավիճակներին: Աղերսները շատ են: Ինչպես Ջոյսի մոտ կան դատարկ ազգայնամոլներ կամ իսկական ազգայնականներ, այդպես էլ՝ մեզանում: Նույն կերպ Ջոյսն ստեղծել է ծախու արարածների կերպարներ, որոնք այսօր վխտում են Հայաստանում: Ընդհանրապես, իռլանդացիների և հայերի միջև շատ նմանություններ կարելի է տեսնել:

-«Ուլիսեսում» պարզ ճշմարտություններից փիլիսոփայություն կերտելու իրողությունը օրինաչափ է: Այդպիսի մի օրինակ է հետևյալ նախադասությունը. «Ամեն ուրբաթ մի հինգշաբթի է թաղում»: Ի՞նչ կստացվի, եթե փորձենք բացել ասվածի փակագծերը:

-Դա բառախաղ է` Ռոբինզոնի և Ուրբաթի պատմության մոտիվներով: Այստեղ և՛ տեքստի հետ է խաղում Ջոյսը, և՛ ընդգծում այն միտքը, որ մենք ամեն օր մի բան ենք թաղում: Առանց դրա՝ կյանքն առաջ չի գնա: Իմ կարծիքով յուրաքանչյուր գիտակից մարդու համար ամեն մի օրն ապրել-ավարտելը հերթական կորուստ է, մի քայլ է դեպի իր մահը, որը չգիտենք, թե ինչ է. լա՞վ է, թե՞ վատ, շարունակություն ունի՞, թե՞ ոչ…

-Այս հարցի պատասխաններից մեկը տվել է հենց Ջոյսը: Նրա գլխավոր հերոսը` Բլումը, ընկերոջ` Փաթրիք Դիգնմի հուղարկավորության ժամանակ հետևյալ դատողություններն է անում. «Արդեն փափուկ հողն էին լցնում: Մոռանալն սկսվեց: Չես տեսնում` չես հիշում»:

-Զուտ հոգեբանական պահ է սա: Այսպիսի պահերով լի է «Ուլիսեսը»: «Մոռանալն սկսվեց». սա տիպիկ «գերեզմանոցային փիլիսոփայություն» է: Երբ մահացածին դեռ չեն թաղել, մարդիկ մի տեսակ կաշկանդված են:

Հանգուցյալի ներկայությունի՞ց:

-Երևի: Երբ արդեն հանգուցյալը հողի տակ է, բոլորն իրենց ազատ են զգում, իսկ Հայաստնում թաղումների առնվազն կեսին հաջորդող հոգեհացը կերուխումի է վերածվում: Այդ փիլիսոփայությունն է. «Մոռանալն սկսվեց»:

-Եվս մի դիտարկում. «Հաջողությունը մեզ համար մտքի և երևակայության մահն է»: Հաջողակները զո՞ւրկ են մտքից ու երևակայությունից:

-Չէի ասի: Դա պարտադիր չէ: Մարդ կարող է հաջողակ լինել կյանքում, բայց և ունենալ միտք, երևակայություն: Ուղղակի համատեքստում ասված խոսք է:

-«Ուլիսեսի» տպաքանակը որոշվել է՝ ըստ պահանջարկի: Ի՞նչ պատկեր ունի այդ պահանջարկը:

-Գնորդների թվով եթե դատենք, 150-ից ավելին է: Եվ ես հաճելիորեն զարմացած եմ: Սիրով ավելի շատ կտպեի` հատկապես երիտասարդ սերնդի համար: Դա անկախության սերունդն է, որ Սովետ չի տեսել: Նրանց մեջքը հնարավոր չէ կոտրել: Մի առողջ սերունդ է գալիս, որը կարող է թեքել կյանքի ընթացքը: Կարող է ամեն ինչ վերցնել իր ձեռքը և փրկել երկիրը: Նրա՛նց համար արժի, որ  «Ուլիսեսը» վերահրատարակվի: Թող իր գրասեղանի առաջ նստած գրողը գրի իր գիրքը, նկարիչը նկարի իր կտավը, կոմպոզիտորը հորինի իր երաժշտությունը: Այդ հատուկենտ մարդիկ իրենց գործն անում են` հաստատ իմանալով, որ կենդանության օրոք երբեք չեն գնահատվի: Նրա՛նք են իսկական մշակները և մեր երեխաների համար են դա անում: Գողերն իրենց երեխաների համար շքեղ առանձնատներ, մեքենաներ են ստեղծում և այդպիսով կործանման տանում նրանց՝ չտալով ոչինչ հոգևոր: Այդպես էլ պիտի լինի. հիմարը պիտի ոչնչանա: Իսկ տաղանդավորը կրթում է ապագա սերունդը: Եվ այդ ապագա սերունդն արդեն փոքրիկ հաղթանակներ է տանում, որոնք գումարվելով` կարող են մեծ հաղթանակի հանգեցնել: Դա է մեր միակ հույսն այս համատարած բարոյազրկության մեջ:

Կարինե Ռաֆայելյան

Ջեյմս Ջոյս, Ուլիսես

Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ

Անելանելի վիճակում հայտնված գեղեցիկ երազող, ով վշտով պիտի դիմակայի դաժան փաստերը: Միշտ այնպիսի զգացում ունես, որ Գյոթեի դատողությունները բացարձակ ճշմարիտ են: Ճշմարիտ` առավել տարողունակ վերլուծության մեջ:

***

Անձև հոգևոր: Հայր, Բան և Սուրբ Ոգի: Ամենահայր, երկնային այր: Հիեսոս Խրիստոս, գեղեցիկ հրաշագործ: Բան, որ ամեն վայրկյան տառապում է մեր մեջ: Ճշմարիտ է սա: Ես կրակն եմ զոհասեղանի վրա: Ես զոհաբերության յուղն եմ:

***

Նե մահացավ իր ծնունդից վաթսունյոթ տարի անց: Նա տեսավ, թե ինչպես Շեյքսփիրն այս աշխարհ եկավ ու գնաց այս աշխարհից: Նե առաջինն էր, ում պատանին գրկեց: Նե ծնեց նրա երեխաներին ու մետաղադրամներ դրեց նրա աչքերին` կոպերը փակ պահելու համար, երբ նա պառկեց մահվան մահճում:

***

Մոր մահվան մահիճ: Մոմ: Սավանով ծածկված հայելի: Նե, ով ինձ այս աշխարհ բերեց, պառկած է այնտեղ, բրոնզե կոպերով, մի քանի էժանագին ծաղիկների տակ .… Ես լալիս էի մենակ…

***

…Նա, Ով ծնեց Ինքնիրեն, Սուրբ Հոգու միջնորդությամբ, և Իրեն ուղարկեց Ինքնիրեն` որպես քավիչ Իր և ուրիշների միջև, Ում մատնեցին Իր չարակամները, մերկացրին ու մտրակեցին, չղջիկի նման մեխեցին խորդանոցի դռանն ու սովի մատնեցին խաչի վրա, Ով թույլ տվեց, որ թաղեն Իրեն, ոտքի կանգնեց, տակնուվրա արեց ամեն ինչ, երկինք ճանապարհվեց ու արդեն հազար ինը հարյուր տարի նստած է Իր աջ կողքին և այդուհանդերձ վերադառնալու է վերջին օրը` դատելու բոլոր ողջերին ու մեռյալներին, երբ բոլոր ողջերն արդեն մեռած կլինեն:

***

Աֆրիկացի Սաբելիոսը` ամենախորամանկ հերետիկիարքը բոլոր դաշտային գազանների միջից, գտնում էր, որ Հայրն Ինքը Իր հարազատ Որդին է: Աքվինացի Թովման, ով ամեն բառի համար պատասխան ունի, հերքեց նրան: Լավ. եթե հայրը, ով որդի չունի, արդեն հայր չէ, կարո՞ղ է որդին, ով հայր չունի, որդի լինի .… մեկ ուրիշ բանաստեղծ գրեց. «Համլետը միայն իր հարազատ որդու հայրը չէր, այլ, այլևս որդի չլինելով, նա է՛ր և զգում էր իրեն իր ամբողջ տոհմի հայրը, իր հարազատ պապի հայրը, նաև` իր չծնված թոռի, ով ի դեպ, երբեք չծնվեց, քանզի բնությունը խորշում է կատարելությունից»:

***

Ի՞նչ կա անվան մեջ: Այս ենք մենք մանուկ ժամանակ հարցնում ինքներս մեզ: Աստղ, այդ թվում, ցերեկային…

***

… Դա նրա կտակում` վերջին գրած տողերի արանքում խցկած նախադասությունն է. այն հավերժացած է տապանաքարի վրա, որի տակ ներա չորս ոսկորները երբեք չեն հանգչելու: Ժամանակից մեղքը չի թորշոմել: Գեղեցկությունն ու անդորրը չեն կարողացել սպանել մեղքը: Այն ամենուր է աշխարհում, բովանդակ անվերջանալի զանազանության մեջ…

***

Նա արտաքին աշխարհում գտավ այն Խաղացյալը, ինչն իր ներքնաշխարհում առաջ Թվացյալ էր… Մետերլինքն ասում է. եթե Սոկրատեսն այսօր դուրս գա իր տնից, նա իմաստունին (ինքն իրեն) կտեսնի` իր շեմին նստած: Եթե այս գիշեր Հուդան ճամփա ընկնի, նրա ոտքերը նրան դեպի Հուդան կտանեն: Յուրաքանչյուր կյանք օրերից է բաղկացած, հատ-հատ: Մենք քայլում ենք ինքներս մեր միջով` հանդիպելով թալանչիների, աժդահաների, ուրվականների, ծերունիների, ջահելների, կանանց, այրիների, հոգևոր եղբայրների, սակայն ամեն անգամ` ինքներս մեզ:

***

Դռնից անցնելուց հետո նա հետևում զգաց ինչ-որ մեկի ներկայությունն ու մի կողմ կանգնեց: Բաժանում: Հիմա ճիշտ պահն է: Բայց ո՞ւր: Եթե Սոկրատեսն այսօր դուրս գա տնից, եթե Հուդան հեռանա այս երեկո: Ինչո՞ւ: Նույն տարածությունն է, ուր ես ժամանակին պիտի նորից գամ անխուսափելիորեն: Իմ կամքը, նրա կամքը, որն առաջնորդում է ինձ: Արանքում` սարեր: