Սկիզբն այստեղ՝
Մաս 14
Հրաշքների քննության օրն ամենահամեղն է Թելեթրիփում: Այն կոչվում է Բուֆ-բոնի օր: Այս տոնին շատերն են համեղ բաներ պատրաստում: Ես էլ որոշել էի բուբլու-չումբլու պատրաստել, Երկրում դրանց պարզապես բուլկիներ են ասում: Տատս իբր ուզել էր ինձ օգնել, սակայն նա այնքան մտահոգ էր իր դդմի պատճառով, որ թթխմորը չափազանց շատ էր լցրել: Ու հիմա բուբլու-չումբլուս սարսափելի մեծ էր ստացվել: Մենք նայում էինք դրան ու մտածում՝ ինչպես պիտի այն հրապարակ տանենք: Անգամ մեր տրակտորը քարշ չէր տա այդ հսկային:
-Տատիկ Բուդդա,- հանկարծ մի միտք հղացա:
-Հը՞:
-Միգուցե մեքենա՞ սարքեմ:
Տատս հարցական նայեց ինձ: Ես վազեցի մարագ, որտեղ խելոք կանգնած էր պապիկի տրակատորը: Արագ վրայից հանեցի անիվները: Գլորեցի տուն, դրանք սկսեցի հագցնել, հարմարեցնել մեր բուբլու-չումբլուին: Առաջին անիվը հագցնելիս տատս արհամարհեց, երկրորդի ժամանակ՝ գլուխը թեքեց: Երբ վերջին՝ չորրորդ անիվն էի ամրացնում, նա ուրախացած ծափ տվեց ու ասաց.
-Դե ի՛նչ, ես վազեմ մանուշակագույն ծաղիկներով զգեստս հագնեմ, դիմափոշին քսեմ, մեր դդումը դնենք քո բուբլու-չումբլուի վրա ու շտապենք: Ուռա՜, Էնդա: Դու հրաշք ես:
Ես այնքան էի ուրախացել, որ վերջապես տատիկիս վախերն անհետացան: Տատս զգեստափոխվեց, մենք լայն բացեցինք տան դռներն ու տռտռացնելով միացրինք մեր համեղ մեքենան:
-Մի բայց կա,- ասացի ես:
-Ի՞նչ,- տատիկիս աչքերը վախեցան:
-Մենք ղեկ չունենք: Տրակատորի ղեկը ոչ մի կերպ դուրս չեկավ:
-Ա՜խ,- քրքջաց տատս,- ամենահեշտ լուծվող հարցն է: Ամենամեծ թավայի կափարիչը սրան շատ հարմար կլինի:
Ոնց ասաց, այդպես էլ արեցինք: Ու կարո՞ղ եք պատկերացնել՝ տատ ու թոռ գեղեցկուհիների երթը Թելեթրիփով՝ իրենց անուշաբույր բուբլու-չումբլուով: Մեր տռտռոցի վրա տներց դուրս էին թափել բոլոր-բոլորը: Գալիս էին, ողջունում մեզ, հիացական ձայներ արձակում: Իսկ մենք էլ, որ տոնն ավելի կատարյալ դառնա, հենց ճանապարհին բոլորին հյուրասիրում էինք մեր մեքենայից: Առաջին մեծ պատառը բաժին հանեցինք ընկերոջս՝ Տուկանին: Հետո պարոն Սեդրակին, հետո շուկայի տիրոջը: Հետո կռկռալով գորտերը եկան: Մեր բուբլու–չումբլուն ավելի փոքրանում էր, ու ավելի արագ էր ընթանում: Երբ հասանք հրապարակ… պարզվեց, որ իմ խոհարարական ստեղծագործությունից մնացել է ընդամենը մի պատառ՝ քունջութի հատիկը վրան, տրակտորի չորս անիվ և թավայի մեծ կափարիչ: Մենք քարացանք: Հասել ենք հրապարակ՝ առանց որևէ բանի… Ու եթե մինչ այդ ես էի տատիկիս հուսադրում, հիմա ինքս էի գլուխս դրել նրա ուսին ու լաց էի լինում:
-Այս տարվա Բուֆ-բոնի օրը դեռ երկար կհիշենք, անուշիկս,- ասաց տատիկը:
-Կհիշենք, բա ո՜նց, համն էլ կմնա բոլորի բերանում, տատիկ,- արցունքներս էի մաքրում ես:
Տատս ինձ ժպտաց, ինքն էլ իր արցունքները մաքրեց, ու այդպես էլ տոնին չսպասեցինք, անիվները գլորելով՝ եկանք տուն: Տան մոտ՝ պատի տակ, նստած էր սարսափելի խոժոռ դեմքով պապս:
-Այսպես, հա՞,- ասաց նա,- ես իմանում եմ, որ իմ չքնաղ կինը և հրաշք թոռնուհին քանդել են տրակտորի անիվները, ինչ-որ բուբլու-չումբլուի հարմարեցրել, դրանով հասել հրապարակ: Ի՛նչ է ստացվում… գալիս եմ տուն, որ մի պատառ այդ համեղագույն ստեղծագործությունից փորձեմ, տրակտորի կմախքից բացի, ոչինչ չեմ գտնում:
-Տա-տա-տա՜մ,- ներքևի շրթունքը կծեց տատս:
-Տա-տա-տա՜մ,- վերևի շրթունքս կծեցի ես:
-Տա-տա-տա՛մ,- հաստատեց պապս, բայց շրթունքները չկծեց, միայն սոված լպստեց:
Ու հենց այդ պահին լսում ենք:
-Սիրելի՛ պարոն Գուդդա, թույլ տվեք ձեզ հյուրասիրել այս հրաշալի բալով կարկանդակները: Իհարկե, դրանք այնքան համեղ չեն, որքան ձեր կնոջ բուբլու-չումբլուն էր, բայց…
Օ՜… պատուհանի մոտ մեր հարևան Սեդրակի կինն էր՝ անմահական կարկանդակները ձեռքին:
-Սիրելի՛ պարոն Գուդդա, թույլ տվեք այս կականակազայի բլիթները՝ հապալասի անուշ սոուսով համեմած, ձեզ հյուրասիրենք…
Սա էլ պարոն Վեռնն էր պատուհանի գոգին դնում իր անուշաբույր բլիթները:
-Պարոն Գուդդա, դուք անապայման պիտի փորձեք մեր ծիրանի կորիզներով ու զանգակածաղկով պատրաստած մուրաբան:
Տիկին Ապոլիները, այս ասելով, պատուհանագոգին ազատ տեղ էր փնտրում…
Ու այդպես, մեկը մեկին հերթ չտալով, ողջ գյուղը հավաքվեց մեր տան մոտ: Բոլոր գյուղացիները բերել էին իրենց պատրաստածներից ինչ-որ բան: Շուտով պարզվեց, որ մեր այգում պարզապես հնարավոր չի լինի դրանք տեղավորել: Ու այդ ժամանակ պապս բացականչեց:
-Գիտե՞ք, սիրելիներ, այսօր թոռնուհիս քանդել է իմ հրաշալի տրակատորի անիվները: Հիմա ես դրանք արագ կտեղավորեմ, մենք կբարձենք մեր տրակտորն ու կգնանք հրապարակ՝ տոնը շարունակելու:
Բոլորը ծափողջույններով ընդունեցին առաջարկը: Պապիկն արագ ամրացրեց անիվները: Բարձեց բոլոր ուտելիքները, ու բոլորը շարժվեցին դեպի հրապարակ: Դարձավ կրկնակի տոն: Բոլորը վայելում էին համեղագույն ուտելիքներ ու խմիչքներ, երեխաները լողում էին շատրվանի ջրերում, մենք էլ երգեր էինք երգում…
-Ինչ լավ էր, որ ես թթխմորն ավել էի լցրել,- ականջիս ասաց տատս:
-Մյուս գարուն էլ այդպես կանես,- փաթաթվեցի նրան:
Մաս 15
Հրաշքների օրն այդպես չի վերջանում: Դրանից ուղիղ երկու օր հետո բոլորս հավաքվում ենք հրապարակում, որպեսզի ներկայացնենք քննությանը գրանցած ամենատարբեր հրաշքները: Բացի դա, այդ օրը քննարկվում են շատ հարցեր: Դրանց պատասխանները կարևոր են: Բոլորը միասին փորձում են գտնել դրանց լուծումը: Ամեն տարի մեկը ներկայացնում է հրապարակում քննարկվող հրաշքները: Այս տարի պիտի իմ ընկեր Տուկանը ամեն ինչ ղեկավարեր: Նա շատ էր հուզվում: Հեշտ բան չկարծեք մոլորակում հավաքված բոլորի մոտ ելույթ ունենալը, հրաշքներ ներկայացնելը: Դրանից մեկ օր առաջ՝ երեկոյան, նա եկել էր մեր տուն՝ անանուխով թեյ խմելու և վարդի թերթիկներով կարկանդակ ուտելու: Տատս նրան լավ խորհուրդ էր տվել: «Հենց զգաս՝ շատ ես հուզվում, պարզապես բռնիր քիթդ»: «Ինչո՞ւ հենց քիթս,- զարմացել էր ընկերս»: «Ինչո՞ւ,- իր հերթին զարմացել էր տատս,- որովհետև քո ամենաարտահայտիչ մասը հենց քիթն է: Ու եթե դրանից հաճախ բռնվես, ամե՛ն ինչդ արտահայտիչ կդառնա, անգամ՝ խոսքդ»: Ու երբ նկատել էր, որ Տուկանը կասկածանքով է նայում, տատս համոզել էր նրան. «Այո՛, այո՛, վստահիր ինձ, ես միշտ այդպես եմ անում: Հենց հուզվում եմ, ձեռքերս դնում եմ ճիշտ այն տեղիս, որն ինձ մոտ ամենաարտահայտիչն է…»: Տուկանը երկար նայել էր տատիկիս: Ու քանի որ այդ պահին տատիկիս… հետույքը մի՜ քիչ մեծ էր թվացել, համեստորեն լռել էր: «Ի՞նչ իմանաս, ինչ նկատի ունի տատը»,- հաստատ մտածել էր նա, բայց բարձրաձայն ասել.
-Շատ լավ, տիկին Բուդդա, ես այդպես էլ կանեմ:
-Շա՛տ ապրես,- հանգստացած հոգոց էր քաշել տատիկս,- դե ուրեմն, թեյ խմելու ճիշտ ժամանակն է:
Հաջորդ օրը, երբ գնացի հրապարակ, Տուկանն արդեն այնտեղ էր: Եվ, բնականաբար, իր փետուրներով, այո՛, շոյում էր քիթը:
-Հը, ինչպես ե՞ս,- հարցրի նրան՝ցանկանալով մի քիչ ոգևորել…
-Օ՜, շատ լավ, շատ: Վա՜յ, գալիս են, գալիս, ի՜նչ շատ են…
Օ, այո՜, թելեթրիփցիները հասնում էին հրապարակ: Վերևում արևն էր, ներքում՝ հրապարակը: Ու այնտեղ էին մտնում սկզբում թելեթրիփցիների ստվերները, ապա և՝ հենց իրենք: Երբ բոլորը հավաքվեցին, Տուկանը բարձրացավ, կանգնեց հեռագրասյան վրա և սկսեց իր խոսքը…
-Սիրելի՛ թելեթրիփցիներ, այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև պիտի քննենք շատ կարևոր հարցեր: Անչափ կարևոր: Ես պիտի անսահման տխուր լուրով սկսեմ իմ ելույթը: Մինչ մենք այստեղ հրաշքներ էինք պատրաստում, Երկիր մոլորակի վրա մի քանի օր առաջ մահացավ ամենավերջին սպիտակ ռնգեղջյուրը…
Այս խոսքի վրա մի մեծ հառաչ բարձրացավ: Թվաց, թե թելեթրիփցիների ստվերները ցնցվեցին:
-Այո՛, սիրելիներ: Դա շատ տխուր է: Քանի դեռ մենք մեր մոլորակում հրաշքներ ենք պատրաստում, այնտեղ՝ հեռավոր Երկիր մոլորակում, վերացավ մի չքնաղ արարած: Տիեզեքո՛ւմ վերացավ այդ հրաշքը… Եվ սա մեծ ողբերգություն է Տիեզերքի համար… Երբ Երկիր մոլորակում կամ տիեզերքի մի կամ մի քանի կետում նման ողբերգություններ են կատարվում, ասենք աստղ է հանգչում, կամ մի կենդանու տեսակ է վերանում, խախտվում է տիեզերական ներդաշնակությունը… Մենք՝ թելեթրիփցիներս, դա անմիջապես մեր սրտերում զգում ենք… Տխուր է: Եկեք հարգենք այդ սպիտակ ռնգեղջյուրի հիշատակը ճիշտ այնպես, ինչպես հիշատակ հարգելն ընդունված է իր հայրենքում՝ Երկիր մոլորակում՝ մեկ րոպե լռությամբ…
Բոլորը քարացան ու լռեցին: Մեկ րոպե ոչ ոք ոչինչ չէր խոսում… երբեմն մեկ րոպեն էլ է բավական՝ ողբերգությունն իմաստավորելու համար: Ու այդ րոպեն կարող է երկա՜ր-երկար ձգվել… Երբ, ի վերջո, ժամանակը լրացրեց րոպեն, Տուկանը գլուխը բարձրացրեց ու դիմեց մեզ.
-Իսկ հիմա շարունակենք մեր հավաքը: Այսօր մենք գրանցում ենք մեր հրաշքները: Դուք բոլորդ համտեսեցիք Էնդայի անսահման համեղ բուբլու-չումբլուն: Բայց կուզեմ իմանաք, որ այս աղջնակը մի հրաշք էլ ունի: Այս տարի Էնդան իրենց խոհանոցի պատուհանագոգին աճեցրել է լոբու սածիլ: Փոքրիկ կարմիր լոբին շատ բարեհաջող աճեց, մեծացավ: Սիրելի Էնդա, շնորհավորում ենք: Դու մեկ հատիկ լոբուց ստացար լոբու տասներկու պատիճ: Բռավո՜…
Բոլորը ծափահարեցին: Ես երջանկությունից գլուխս կորցրել էի:
-Երկրորդ հիշարժան հրաշքը Պարոն Կոպեռնիկոսն է հայտնագործել: Ամռան գիշերներին, երբ Թելեթրիփի երկնքում միացնում ենք աստղերը, երբ իրիկնամուտը գրկում է բոլոր տները, տաքուկ փոքրիկ քամին շրջում է մեր մոլորակի փոքրիկ փողոցներով: Ահա այդ ժամանակ իջնում է երանելի լռություն: Այդ խաղաղությունից անբացատրելի հուզում կարող է առաջանալ: Պարոն Կոպեռնիկոսը հավաստիացնում է, ու մեր քննող հանձնախումբը դա նույնպես վերահաստատեց, որ այդ պատկերը կարող է… արցունքներ առաջացնել: Բայց դրանք չեն տխրեցնում… դրանք զմայլանքի արցունքներ են: Այս… հուզի՛չ հրաշքը բացահայտելու համար շնորհավորում ենք: Բռավո՜, պարոն Կոպեռնիկոս:
Բոլորը նորից խանդավառ ծափահարեցին: Հիմա էլ պարոն Կոպեռնիկոսն էր երջանկությունից գլուխը կորցրել:
-Երրորդ հրաշքը՝ կապույտ երկինք, հայտնագործել է Թելեթրիփում ապրող միակ երկրացին՝ մեր հայաստանցի հյուրը: Նա հասկացել է, որ կապույտ երկինքը լավ տրամադրության ամենալավ վկայություններից է: Բռավո՜: Շնորհավորում ենք:
Հայաստանցու աչքերը փայլում էին: Ինձ մի պահ թվաց, թե նրա աչքերի կապույտը հենց երկինքն է արտացոլում:
-Չորրորդ հրաշք: Այս տարի մեր Չեխով տատիկը կարել է յոթ հարյուր քառասունութ թևիկ: Այն փոքրիկը, որը կգնա Երկիր մոլորակ, այս անտեսանելի թևիկները կհագցնի երկրագնդի երեք հարյուր յոթանասունչորս շնիկների ու կատվիկների: Ճիշտ այդքան թվով տուն չունեցող շնիկներ ու կատվիկներ Երկրագնդում պաշտպանված կլինեն հազար ու մի փորձանքից: Շնորհակալ ենք, տիկին Չեխով: Բռավո՜:
Իմ տատիկը ամուր գրկել էր Չեխով տատիկի ուսերը, ու նրանք ուրախացած սրբում էին իրենց արցունքները: Տուկանը հուզված տրորում էր քիթը: Այնքան էր տրորել, որ քիթն արդեն հայելու պես փայլում էր:
-Հինգերորդ հրաշք: Մեր մոլորակի ամենափոքրիկ թելեթրիփցին՝ ճստլիկ Գարգանտյուան, օգնել է իր Պանտագրյուել պապիկին դասավորել ձմեռվա փայտը… Գարգանտյուա… դու հրաշք ես, ի՞նչ կարող ենք ասել:
Գարգանտյուան ուրախությունից թռչկոտում էր: Ես վստահ եմ, որ փայտը դասավորելիս նա անգամ չի պատկերացրել, որ հրաշք է գործում: Եվ դա , անկասկած, ավելի էր արժևորում իր արածը:
-Եվս մեկ հրաշք՝ գրանցված մեր մատյանում: Երեք գարուն, մեկ աշուն և յոթ ձմեռ հետո մեր անծայրածիր տիեզերքի Արտադրյալի Նվազեցման համաստեղությունում նոր մոլորակ է հայտնաբերվելու: Այս անսահման կարևոր հրաշքը գտել է պարոն Ստրադիվարիուսը: Եթե թույլ կտաք, այս արժեքավոր գյուտի մանրամասների մասին կխոսի հենց ինքը՝ պարոն Ստրադիվարիուսը: Դա մեր հանդիսության եզարափակիչ ելույթն է: Սա այնքան կարևոր է, որ այդ մասին պիտի խոսի ինքը՝ գյուտարարը:
Բոլորը լռեցին: Պարոն Ստրադիվարիուսը՝ իր գեղեցիկ, շքեղ սև ֆրակով, օսլայած սպիտակ վերնաշապիկով, իսկական թիթեռնիկը պարանոցին, բարձրացավ հեռագրասյան վրա: Նա այնքան հուզված էր, որ պարանոցին նստած թիթեռնիկը մի քանի անգամ թռավ նրա գլխավերևով, ապա, ի վերջո, նստեց վերնաշապիկի վերջին կոճակին, որպեսզի գյուտարարը սկսի իր ելույթը:
-Սիրելինե՜ր,- վերջապես իր խոսքն սկսեց պարոն Ստրադիվարիուսը,- ես այսօր անչափ երջանիկ եմ: Մենք՝ թելեթրիփցիներս, այսօր կիսեցինք համընդհանուր տիեզերական մի ողբերգություն. Երկիր մոլորակի վրա վերացել էր մի հրաշալի կենդանատեսակ՝ սպիտակ ռնգեղջյուրը… դա անասելի ցավալի է անգամ անծայրածիր տիեզերքի համար: Իսկ հիմա էլ ուզում եմ, որ մենք կիսենք մեկ այլ՝ շա՛տ նշանակալի ուրախություն: Ուղիղ երեք գարուն, մեկ աշուն և յոթ ձմեռ հետո մեր անծայրածիր տիեզերքի Արտադրյալի Նվազեցման համաստեղությունում նոր մոլորակ է գոյանալու: Անսահման գեղեցիկ մի մոլորակ: Արտառոց մի մոլորակ: Այս մոլորակում արձագանքվելու է մեկ այլ համաստեղության՝ Արեգակնային համաստեղության, Երկիր մոլորակի վրա հնչող ջութակի կոնցերտները: Դա ոչ միայն գեղեցիկ երևույթ է, նաև անսահման կարևո՛ր իրադարձություն է: Այսպես ապացուցվում է անսահմաներորդ անգամ, որ տիեզերքում ամեն-ամեն ինչ գտնվում է փոխկապակցման մեջ: Ջութակի կոնցերտները կարձագանքեն մի ուրիշ մոլորակի վրա՝ ուրիշ համաստեղության մեջ: Սա կարվի, որպեսզի ապացուցվի՝ տիեզերքը շարունակում է գոյություն ունենալ միայն ներդաշնակության մեջ: Գեղեցիկը արձագանքում է, սիրելիներ, ճիշտ այնպես, ինչպես արձագանքում են տիեզերքում մեր այսօր գրանցած բոլոր-բոլոր հրաշքները…
Պարոն Ստրադիվարիուսը լռեց: Բոլորը լուռ էին: Նրա ասածն այնքան հուզիչ էր, որ ներկաները քարացել էին: Այս լռության մեջ միայն Տուկանի քիթն էր արևից պսպղում: Ի վերջո, փոքրիկ Գարգանտյուան չդիմացավ, բացականչեց՝ ուռա՜: Ու բոլորն անմիջապես արձագանքեցին:
-Ուռա՜, ուռա՜,- լսվում էր ամեն կողմից:
Մենք բոլորս երջանիկ էինք: Հրաշքների հանդիսությունը ցնծում էր տիեզերական ուրախությամբ:
Շարունակելի
Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան
No Comments