***
«Իսկ ինչ է ժանտախտը, — հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, — դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:
***
«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:
Ֆրանսիայում, կորոնավիրուսի բռնկման համապատկերին, աճում է Ալբերտ Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն՝ որպես աղբյուր նշելով BFM հեռուստաընկերությունը և վկայակոչելով Edistats-ի տվյալները: Վաճառքի աճ է նկատվել սկզբում Չինաստանում, այնուհետև ամբողջ աշխարհում: Մասնավորապես, փետրվարի վերջին շաբաթում «Folio» հրատարակչության լույս ընծայած վեպի օրինակներից վաճառվել է 1700-ը: Համեմատության համար նշվում է, որ 2019-ի նույն ժամանակահատվածում վաճառվել է գրքի 450 օրինակ: Իտալիայում, ըստ Actualitte.com- ի, վեպի վաճառքը եռապատկվել է, իսկ ibs.it առցանց գրախանութում «Ժանտախտը», վաճառքի ցուցանիշով, վեցերորդ տեղում է:
Փորձեցինք ճշտել՝ ինչպիսի՞ պատկեր է հայաստանյան գրաշուկայում: «Բուկինիստ» գրախանութի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ գիրքը առկա է գրախանութում: Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Արժեքը 5990 դրամ է: Ուշագրավ ցուցանիշ. 2020-ի փետրվարին գիրքը վաճառվել է 9 օրինակ: 2019-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը չի փոխվել:
Արմինե Սարգսյան
No Comments