Գայանե Եգանյան ՄարզաԴիտակ

Կեսդարյա թանգարանի անցյալն ու ներկան

29.01.2020

1960-ականների գարնանային մի գեղեցիկ օր Կողբի Կուլտուրայի տան տնօրեն Սուրեն Աբովյանը, իր այգում վարուցանքի ժամանակ, մի կավե սափոր գտավ: Երկար տնտղեց, զննեց այն՝ փորձելով գնահատել անգին գտածոյի վաղեմությունը: Հենց այդ սափորն էլ դարձավ հիմնաքարը, առաջին ցուցանմուշը պատմահայրենագիտական թանգարանի, որ նրա ջանքերով պիտի բացվեր 1970-ին, Կողբ գյուղում:

Աստիճանաբար անհետացող պատմամշակութային արժեքավոր իրերը, գտածոները անհայտությունից փրկելու մտահոգությամբ Սուրեն Աբովյանը տարիներ շարունակ, համագյուղացիների օգնությամբ, հավաքագրեց գյուղի պատմությանը, մշակույթին, կենցաղին առնչվող հարյուրավոր ցուցանմուշներ: Այսօր նրա գործը շարունակում է Կողբի մշակույթի կենտրոնի երիտասարդ տնօրեն Սասուն Մուրադյանը, որի ջանքերով տարեցտարի ավելանում է ցուցանմուշների թիվը, թանգարանն այցելուներին է ներկայանում նոր որակով ու ցուցադրության նոր ծավալներով:  

Այսօր Կողբի թանգարանը իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Կեսդարյա թանգարանում պահվում է  շուրջ 1000 ցուցանմուշ  (ներառյալ՝ լուսանկարներ և որոշ փաստաթղթերի պատճեներ)՝ ներկայացնելով գյուղի պատմությունը, կենցաղը: Ամբողջ  ֆոնդը ցուցադրված  է մեկ ընդարձակ սրահում և հնարավորինս  դասավորված է ըստ բաժինների` ազգագրական, հնագիտական, փաստագրական: Սրահում առկա են ցուցանմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից, որոնք գտնվել են պեղումների, գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների արդյունքում: Ամենավերջին ցուցանմուշը 2019-ի սեպտեմբերին  նվիրաբերված պղնձաձույլ  ծակոտկեն մեծ գդալն է (քափկիրը): Յուրաքանչյուր ցուցանմուշ, իր ժամանակին համապատասխան, ներկայացնում է հետաքրքրություն և ունի նախկինում կիրառման յուրովի պատմություն: Սակայն կան նշանակալի ցուցանմուշներ, որոնք ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում: Դրանց մեջ կան այնպիսիք, որ ըստ Ս. Մուրադյանի՝ մեր թվագրությունից առաջվան են վերագրվում, օրինակ՝  մ.թ.ա. X-IX  դարերի երկմետաղյա թուրը, մ.թ.ա. XVII-XVI դարերի Թռեղկյան մշակույթի նմուշ սափորը, որը հայտնաբերվել է փշրված բեկորների տեսքով և այժմ ներկայացված է հնարավորինս վերականգնված վիճակում:

Թանգարանում պահպանվում են կավե ամաններ, որոնք շուրջ 3700 տարվա վաղեմություն ունեն: Ցուցադրված են տարբեր ժամանակների մետաղադրամներ, գյուղի եկեղեցիների մանրակերտներ, քանդակներ, ձեռագործ և կենցաղային նմուշներ: Առանձին բաժնով ներկայացված են Մեծ հայրենականի տարիներին զոհված, անհետ կորած և բռնադատված կողբեցիների լուսանկարները, նամակներն ու «սև» թղթերը: Հետաքրքիր ու յուրօրինակ է նաև գյուղի անվանի մարդկանց նվիրված անկյունը, կողբեցիներ, որոնք իրենց անգնահատելի դերն են ունեցել և ունեն բժշկության, մանկավարժության, գիտության, արվեստի, գրականության, սպորտի, քաղաքականության և այլ բնագավառերում:

Թանգարանի այցելուները կողբեցիներն են, գյուղ ժամանած հյուրերը, զբոսաշրջիկներ և գյուղի պատմությամբ հետաքրքրված անձինք, որոնց  թիվը տարեցտարի ավելանում է:  Պարբերաբար կազմակերպվում են ճանաչողական էքսկուրսիաներ գյուղի, տարածաշրջանի դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների սաների համար, ինչը  նպաստում է աշակերտների գեղագիտական ճաշակի զարգացմանն ու  ազգային ոգու բարձրացմանը:

-Այցելուների մուտքը թանգարան անվճար է, և մեր դռները բաց են բոլորի առջև: Այցելուները  իրենց կարծիքները  գրի են առնում տպավորությունների մատյանում: Յուրաքանչյուր  գրառում՝  գովասանքի, ակնարկի և առաջարկի ձևով,  տպավորիչ  և ընդունելի են մեզ համար,- ասում է Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը:

Իր հարուստ բովանդակությամբ հանդերձ՝ քանգարանը նաև բազմաթիվ խնդիրներ ունի: Ամենամեծը, թերևս, Կողբի մշակույթի կենտրոնի, այդ թվում և՝ դրա ենթակայությամբ գործող թանգարանի տարածքի նորոգման խնդիրն է: Անմխիթար վիճակում են հատկապես տանիքը, դռները, լուսամուտները: Կողբի խնդիրները, Սասուն Մուրադյանի հավաստմամբ, մշտապես գտնվել են Կողբի համայնքապետարանի և անձամբ համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուշադրության կենտրոնում: Մուրադյանը լիահույս է, որ համայնքապետարանի աջակցությամբ նշված խնդիրը նույնպես առաջիկայում լուծում կստանա:  

Թանգարանը նաև  նախանշված  ծրագիր  և նպատակ ունի՝ թանգարանային ցուցանմուշների ֆոնդի ցուցադրումը էլ ավելի հետաքրքիր դարձնել, ցուցանմուշների քանակը ավելացնել և դրանք ճշգրտորեն սերունդներին ներկայացնել:

Գայանե Եգանյան
Երևան-Կողբ-Երևան


No Comments

Leave a Reply