(1842-1914)
Անգլերենից թարգմանությունը՝ Արմինե Մուրադյանի
— Ես այնքան էլ սնահավատ չեմ, որքան որոշ բժիշկներ, որոնք սիրում են, որ իրենց գիտնականներ անվանեն,- ասաց Հավրը՝ պատասխանելով անհիմն մեղադրանքին,- ձեզանից ոմանք, ավելի ճիշտ քչերդ եք հավատում հոգու անմահությանն ու տեսիլքներին և այդպես էլ ուժ չեք գտնում ձեր մեջ՝ օգտագործելու ուրվական բառը։ Ես համոզված եմ, որ կենդանի մարդիկ երբեմն երևում են այնտեղ, որտեղ չկան, բայց եղել ու երկար ժամանակ, գուցե և նվիրումով ապրել են այդտեղ՝ թողնելով իրենց ազդեցությունը շրջապատող ամեն ինչի վրա։ Ես գիտեմ, որ մարդը կարող է այնպես ներգործել միջավայրի վրա, որ երկար ժամանակ անց վերջինիս պատկերը երևա մեկ ուրիշի աչքին: Մարդը, որը կարողանում է այդ կերպ ազդել, պետք է լինի «ճիշտ» անհատականություն, իսկ նա, որը տեսնում է այդ պատկերը, պետք է ունենա «շիտակ» աչքեր, ինչպես՝ ես։
— Իսկապես, «շիտակ» աչքեր, որոնք սենսացիաներ են հաղորդում «խարդախ» ուղեղին,- ասաց բժիշկ Ֆրեյլին քմծիծաղով:
— Շնորհակալություն: Մարդը սիրում է բավարարել իր սպասումները․ ահա այն պատասխանը, որ ակնկալում էի լսել՝ գոնե քաղաքավարությունից ելնելով:
— Ներեցե՛ք, բայց Դուք եք ասում, որ ինչ-որ բաներ գիտեք: Գուցե դեմ չեք լինի նաև ասել, թե ինչպես եք սովորել:
— Դուք այն հալյուցինացիա կհամարեք,- ասաց Հավրը,- բայց դա էական չէ:
Եվ նա պատմեց մի պատմություն։
— Ինչպես գիտեք, անցյալ տարի՝ ամռան շոգին, փախել էի Մերիդիան քաղաք։ Բարեկամը, որի տանը նախատեսել էի մնալ, հիվանդ էր․ ստիպված եղա այլ օթևան փնտրել: Որոշակի դժվարությամբ, բայց ինձ հաջողվեց վարձակալել մի ազատ բնակարան, որտեղ նախկինում ապրել էր Մենրինգ անունով մի տարօրինակ բժիշկ։ Վերջինս տարիներ առաջ հեռացել էր, և ոչ ոք չգիտեր՝ ուր, անգամ՝ տան գործակալը: Տունը հենց ինքն էր կառուցել և մի ծեր ծառայի հետ շուրջ տասը տարի ապրել այդտեղ: Նա երբեք էլ մասնագիտական լայնածավալ գործունեությամբ չի զբաղվել, իսկ տեղափոխվելուց մի քանի տարի անց ընդհանրապես չի աշխատել։ Որոշ ժամանակ անց լիովին հրաժարվել է հասարակական կյանքից՝ դառնալով մենակյաց։ Գյուղի բժիշկն ինձ պատմեց այն միակ մարդու մասին, որի հետ նա շփվել է, և թե ինչպես է թոշակի տարիքում ինքն իրեն նվիրել բժշկական ինչ-որ ճյուղի հետազոտությանը և արդյունքը շարադրել մի գրքում, որն այդպես էլ չի հանձնել պրոֆեսորների միությանը, որտեղ նրան համարում էին անմեղսունակ։ Ես գիրքը չեմ տեսել և չեմ կարող վերնագիրը մտաբերել, բայց ինձ ասացին, որ այն բացահայտում է բավականին ապշեցուցիչ մի տեսություն։ Նա կարծում էր, որ շատ առողջ մարդու մոտ հնարավոր է ճշգրտորեն կանխատեսել նրա մահը դրանից մի քանի ամիս առաջ: Սահմանը, կարծում եմ, տասնութ ամիսն էր: Տեղի բամբասանքները պնդում էին, որ նա իրապես գործի էր դրել իր կանխատեսման կամ, գուցե կարելի է ասել, ախտորոշման կարողությունները։ Նաև ասեկոսեներ կային, որ ամեն անգամայն անձը, որի ընկերներին նա նախազգուշացնում էր վերահաս մահվան մասին, հանկարծամահ էր լինում նշանակված ժամին՝ առանց որևէ ուշագրավ պատճառի: Այս ամենը, սակայն, ոչ մի կապ չունի իմ ասելիքի հետ։ Ես ուղղակի կարծում էի՝ սա կարող է զվարճալի թվալ ձեզ՝ բժիշկներիդ:
Տան կահավորումը նրա գնալուց ի վեր անփոփոխ էր մնացել։ Բավականին մռայլ բնակավայր էր ինձ նման մեկի համար, որ ո՛չ մենակյաց էր, ո՛չ էլ ինչ-որ ուսումնասիրությամբ էր զբաղվում։ Կահավորումն ինձ թույլ էր տալիս մի փոքր պատկերացում կազմել նախկին տնվորի բնավորության մասին։ Այս ամենի մեջ ես զգացի որոշակի մելանխոլիա, որն իմ խառնվածքին համապատասխան չէր և, թվում է, իմ մենակությունն էր պատճառը: Ես ծառաներ չունեի, որոնք կքնեին իմ տանը, բայց, ինչպես գիտեք, միշտ շատ եմ սիրել իմ ընկերական շրջապատը, տարված եմ ընթերցանությամբ։ Չնայած դրան՝ քիչ բան եմ սովորել: Ինչ էլ որ լիներ պատճառը, հետևանքն ընկճվածությունն էր, վերահաս չարիքի զգացումը, որը հատկապես ընդգծվում էր բժիշկ Մենրինգի աշխատասենյակում։ Պետք է ասեմ, որ այդ սենյակը տան ամենալուսավոր ու ամենալավ օդափոխվող սենյակն էր: Բժշկին հասակով մեկ պատկերող յուղանկարը կախված էր այդ սենյակում և կարծես հսկում էր այն: Նկարի մեջ ոչ մի արտառոց բան չկար․ տղամարդն ակնհայտորեն լավ տեսք ուներ, մոտ հիսուն տարեկան, մուգ մոխրագույն մազերով, հարթ, սափրված դեմքով, սև լուրջ աչքերով: Նկարում ինչ-որ բան միշտ գրավում էր իմ ուշադրությունը: Շուտով տղամարդու տեսքն այնքան հարազատ դարձավ, որ սկսեց հետապնդել ինձ:
Մի երեկո լամպը ձեռքիս (Մերիդիանում վառելանյութ չկար) այդ սենյակի միջով գնում էի իմ ննջասենյակ և սովորականի պես կանգ առա նկարի դիմաց։ Լամպի լույսի տակ դեմքը կարծես այլ, անհասկանալի արտահայտություն էր ստացել, որը հաստատ հաճելիներից չէր։ Այն հետաքրքրեց, բայց չանհանգստացրեց ինձ: Լամպը մի կողմից մյուսը տարա և հետևում էի լույսի փոխակերպող ազդեցությանը նկարի վրա: Այդ կլանված ուսումնասիրության պահին մի ներքին մղմամբ ուզեցի շրջվել։ Շրջվեցի ու սենյակում տեսա ինձ մոտեցող մի տղամարդու։ Հենց տղամարդն այնքան մոտեցավ, որ լամպի լույսը կարողանա դեմքը լուսավորել, տեսա, որ դա հենց ինքը՝ բժիշկ Մենրինգն էր. կարծես նկարը քայլեր:
— Ներողություն եմ խնդրում,- ասացի մի փոքր սառը,- եթե Դուք թակել եք դուռը, ես չեմ լսել:
Նա մի քանի քայլ հեռավորությամբ անցավ կողքովս, բարձրացրեց աջ ցուցամատը, կարծես նախազգուշացնում էր և առանց մի բառ ասելու՝ դուրս եկավ սենյակից։ Նա դուրս եկավ նույնքան աննկատ, որքան մտել էր:
Կարիք չկա ասելու, որ սա հենց այն էր, ինչ դուք կանվանեք հալյուցինացիա, իսկ ես՝ տեսիլք։ Այդ սենյակն ուներ երկու դուռ, որոնցից մեկը կողպված էր, մյուսը տանում էր ննջասենյակ, որտեղից ելք չկար։
Այն, թե ինչ զգացողություններ ունեցա կատարվածը գիտակցելուց հետո, պատմության կարևորագույն մասերից չէ: Անկասկած, սա ձեզ համար ուրվականների մասին մի շատ սովորական պատմություն է՝ հորինված արվեստի հին վարպետների սահմանած դասական ոճով։ Եթե այս պատմությունը այդպիսիններից լիներ, չէի խոսի այդ մասին, նույնիսկ եթե պարզվեր, որ ճիշտ է: Այդ մարդը մահացած չէ․ ես նրան հանդիպել եմ այսօր Յունիոն փողոցում։ Նա ամբոխի մեջ անցավ իմ կողքով։
Երբ Հավրը վերջացրեց իր պատմությունը, երկու տղամարդիկ լուռ էին։ Բժիշկ Ֆրեյլին ցրված՝ մատներով հարվածում էր սեղանին։
— Իսկ այսօր ինչ- որ բան ասա՞ց,- հարցրեց նա,- մի բան, որից դուք եզրակացրիք, որ նա մահացած չէ։
Հավրը ապշած հայացքով նայեց և ոչինչ չասաց։
— Գուցե,- շարունակեց Ֆրեյլին,- նա մի նշան կամ ժեստ արեց, ասենք՝ մատը բարձրացրեց, ինչպես նախազգուշացնում էր: Դա գուցե նրա հնարքն է, սովորությունը՝ լուրջ բան ասելիս, օրինակ՝ ազդարարել իր ախտորոշման արդյունքը:
— Այո՛, նա արեց ճիշտ այնպես, ինչպես իր տեսիլքը: Բայց, Տե՛ր Աստված, Դուք ճանաչո՞ւմ եք նրան։
Հավրը ակնհայտորեն ավելի նյարդային դարձավ։
— Ես ճանաչում էի նրան, անգամ նրա գիրքն եմ կարդացել, ինչպես ցանկացած բժիշկ մի օր, ի վերջո, կարդալու է։ Բժշկության համար այն համարվում է դարի ամենազարմանալի և ամենակարևոր ձեռքբերումներից։ Այո՛, գիտեի։ Անգամ երեք տարի առաջ այցելել եմ նրան, երբ նա դեռ հիվանդ էր։ Նա մահացել է։
Հավրը ակնհայտորեն անհանգստացած ցատկեց աթոռից։ Նա հետ ու առաջ էր անում սենյակի երկայնքով, հետո մոտեցավ իր ընկերոջն ու դողդոջուն ձայնով ասաց.
— Բժի՛շկ, Դուք որևէ բա՞ն ունեք ինձ ասելու՝ որպես բժիշկ:
— Ո՛չ, Հա՛վր, Դուք երբևէ իմ ճանաչած ամենաառողջ մարդն եք, իսկ որպես ընկեր՝ խորհուրդ եմ տալիս գնալ Ձեր սենյակ: Դուք հիանալի եք ջութակ նվագում․ գնացե՛ք և ինչ-որ թեթև ու աշխույժ մի բա՛ն նվագեք: Հանե՛ք ձեր մտքից այս անիծյալ պատմությունը:
Հաջորդ օրը Հավրին գտան իր սենյակում՝ մահացած, ջութակը՝ պարանոցի մոտ, աղեղը՝ լարերի վրա։ Նրա առջև բաց դրված էր Շոպենի «Սգո քայլերգը»:
No Comments