Նվեր Հովհաննիսյանի «Անտառապահը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ՌԴ-ում անցկացվող «Սև-սպիտակ ծիածան» («Черно белая радуга») փառատոնում:
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/01/80802597_2179350845501367_7658317835734614016_o.jpg)
«Անտառապահը» վավերագրական ֆիլմը (2018 թ.) նկարահանվել է Դիլիջանի պետական արգելոցում: Անտառապահը պահպանում է բնությունը, բնությունը պահպանում, ապաքինում, ապրեցնում է անտառապահին: Մարդու և բնության անքակտելի կապը երբեմն խզվում է ծառահատումների տեսարանով:
«Անտառապահը» մասնակցել է յոթ տասնյակից ավելի փառատոների Հայաստանում և արտերկրում:
Թե՛ անտառապահի պատմությունը, թե՛ Դիլիջանի բնաշխարհը անտարբեր չեն թողնում օտարերկրյա կինոդիտողին ու բնասերներին: «Եթե «Անտառապահը» դիտելուց հետո թեկուզ մեկը ցանկանա գալ Հայաստան, տեսնել ֆիլմում պատկերված բնությունը, ես աշխատանքս հաջողված կհամարեմ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է ռեժիսորը:
Արձագանքը չի ուշացել, ռուս պրոդյուսեր Ալեքսեյ Մատրոսովը ֆիլմը դիտելուց հետո մեկնաբանություն է թողել, որ երջանկություն է նման բնության մեջ ապրելն ու այն պահպանելը, ուզում է այցելել Հայաստան…
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/01/82373148_2431553030439956_8520549859189587968_n-818x1024.jpg)
Նվեր Հովհաննիսյանը հեղինակել է նաև «Մետամորֆոզ», «Ապրելու արվեստ», «Պակասություն», «Մենք կորցնում ենք կյանքը», «Հավերժական շարժում» ֆիլմերը:
Արմինե Սարգսյան
No Comments