Հայացք պատերազմին․ Մանասե (բանաստեղծ)
Այս պահին ամենամեծ մեղքը հուսահատությունն է: Ոչ էսպիսի պահերին, երբ խաղաղության մեջ ես, հուսահատությունը գուցե և շատ նորմալ, մարդկային բան է: Բայց երբ դրված է ոչ թե Հայաստանի մի հատվածի, հայ ժողովրդի մի որոշակի զանգվածի, այլ ամբողջ երկրի ու ժողովրդի՝ չէի ասի բնաջնջման, բայց և այնպես ճակատագրական բեկումի խնդիրը, հուսահատվելը իսկապես մեծագույն մեղք է: Այնքան վտանգավոր չէ թշնամին, որքան սահմանային վիճակում գտնվող մարդկանց հուսահատությունը: Մահից անդին ի՞նչ կա: Եթե մեռնել, ուրեմն՝ մեռնել: Բայց ավելի մեծ կամք պիտի ունենաս՝ ապրելու համար: Մեռնելու համար նույնպես կամք է պետք, բայց ապրելու համար ավելի մեծ է լինում կամքը: Քաղաքակրթության պատմության ընթացքում շատ խելացի մարդիկ են գրել այս մասին. ապրելու կամքը միայն անհատի կամքը չէ, յուրաքանչյուր անհատի ապրելու կամքը գումարվում է մյուսինին ու դառնում ազգի ապրելու կամք: Ես միշտ այս առումով դիտարկում եմ հրեաներին: 2000 տարի պետություն չունեցած հրեաների ապրելու կամքը նրանց հասցրեց այսօրվա վիճակին: Կա տարվա մի օր, երբ աշխարհի որ ծայրում էլ լինեն, բոլոր ծագումով հրեաները դադարեցնում են ամեն մի գործ ու Աստվածաշնչից մի տող կարդում: Այս կամքով են ապրել իրենք, Սիոնի երազանքով են ապրել: Մենք պիտի հետևենք նրանց օրինակին այս հարցում: Ճակատագրական պահ ենք ապրում, չպիտի հուսահատվենք:
Ardi.am
No Comments