Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկմանը: Երկլեզու դրամատիկական արվեստանոցի նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ արվեստանոցի երրորդ թողարկումը կտևի մինչև 2024-ի ապրիլ ամիսը: Իսկ այդ ընթացքում հայ երիտասարդ դերասանների հետ աշխատելու համար Հայաստան կժամանեն հինգ կին արտիստներ: «Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից միտումներին»,- նշեց Սերժ Ավետիքյանը:
Այս տարվանից դրամատիկական արվեստանոցը տեղակայվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այն հաջողված նախագիծ է և ունի կիրառական մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ: Ռեկտորը մանրամասնեց ընթացիկ ու սպասվող ծրագրերը, որոնք ամուր կապված են ֆրանկոֆոնիայի հետ․ «Ֆրանսերենը բուհ բերելը, նաև մեր բուհը դեպի ֆրանկոֆոն երկրների բուհերի շարք տանելը միշտ երազանք է եղել։ Սեպտեմբերից սկսած` ԵԹԿՊԻ-ում ֆրանսերեն է դասավանդվում։ Արդեն հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր Ռումինիա ուղարկել ուսանողների` փորձի փոխանակման համար»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծեց՝ եղբայրական երկիր Ֆրանսիան մշտապես Հայաստանի ու հայերի կողքին է, իսկ նմանօրինակ ծրագրերը ողջունելի են և ավելի սերտ համագործակցության հնարավորություն են ստեղծում․ «Կարևորում եմ, որ արվեստի այս բուհը դառնա եվրոպական կրթական համակարգի մի մասնիկը և բոլոր չափանիշներով համապատասխանի աշխարհի բոլոր լավագույն արվեստի բուհերին»։
Ասուլիսի բանախոսների շարքում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը: Վերջինս ասաց, որ ուրախ է արձանագրելու ֆրանկոֆոնիայի տարեցտարի աճն ու ընդլայնումը․ «Ցանկանում եմ մասնավորապես շեշտել, թե ինչ կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողքին ունենալ ֆրանկոֆոնիայի համար պայքարող գործընկերներ, նաև` հանձինս ձեզ: Ավելորդ կլինի երևի թե վերադառնալ այն ողբերգական հանգամանքներին, որի մեջ այսօր ապրում է ձեր երկիրը։ Եվ ֆրանկոֆոնիան կարող է օգնել մշակութային առումով, որովհետև մեր զենքը մշակույթն է»։
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի գործընկերներից է նաև «Ազնավուր» հիմնադրամը:
«Մենք այս նախագծի կողքին ենք, որովհետև նախագիծը ներկայացնում է Ազնավուրի տարերքներն ու սերերը՝ թատրոնը, երիտասարդությունը, ֆրանսերենը, ու այս ամենը` Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար նույնպես պատիվ է լինել երիտասարդների կողքին»,-ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը:
Նշենք, որ այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine» հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։ Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Լուսանկարները` Սվետլանա Սարգսյանի
No Comments